RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



ՆԵՐՔԻՆ

Տեղադրվել է` 2019-09-19 23:33:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 397, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՎԱՆԻ ԼԵԶՎԱԲԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՈՒՄԸ

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Սեպտեմբերի 17-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ճեմասրահում տեղի ունեցավ անվանի լեզվաբան, բ.գ.դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր, բառարանագիր Հովհաննես Բարսեղյանի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, Բարսեղյանի հարազատներն ու բարեկամները, ուսանողներ:

Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկան ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը , Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը , նույն ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանը , Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռուբեն Սաքապետոյանը եւ այլք:

«Հովհաննես Բարսեղյանն այս ֆակուլտետի սյուներից մեկն է, նա մեծ անվանդ ունի այս ֆակուլտետի կայացման գործում», շեշտեց Արծրուն Ավագյանը:

Հովհաննես Խաչատուրի Բարսեղյանը (1920, հոկտեմբերի 25, գ. Մաստարա- - օգոստոսի 2, 2014, Երեւան) ավարտել է Մաստարայի յոթնամյա եւ Թալինի միջնակարգ դպրոցները: 1938 թ. ընդունվել է ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետ: 1941 թ. 4-րդ կուրսից զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին: Երրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո 1943 թ. զորացրվել է, շարունակել ուսումնառությունը եւ 1944 թ. ավարտել համալսարանը: 1945-1948 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1952 թ. պաշտպանել է թեկնածուական, 1981 թ.ՙ դոկտորական ատենախոսություն: 1955 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 1984 թ.ՙ պրոֆեսորի կոչում: 1946-1948 թթ. Հովհաննես Բարսեղյանը եղել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի, այնուհետեւՙ մինչեւ 1958 թվականը, Երեւանի հեռակա պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի դասախոս: 1958 թ. նա կրկին տեղափոխվել է ԵՊՀ եւ 1969 թ. ընտրվել հայոց լեզվի ամբիոնի վարիչ: 1977-1985 թթ. եղել է բանասիրության ֆակուլտետի դեկան, 1985-1990 թթ.ՙ հայոց լեզվի պատմության ամբիոնի հիմնադիր-վարիչ:

Բարսեղյանը հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, ավելի քան 20 մենագրության, այդ թվումՙ «Արդի հայերենի բայի եւ խոնարհման տեսություն» (Երեւան, 1953), «Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը եւ նրա հին ու նոր քննադատությունները» (Երեւան, 1967), «Հայերենի խոսքի մասերի տարբերակման տեսությունները» (Երեւան, 1975), «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը» (Երեւան, 1980): Սկսած 1964 թ. նրա խմբագրությամբ, լրացումներով ու մեկնություններով պարբերաբար լույս է տեսնում «Տերմինաբանական ուղեցույցը» (վերջինըՙ Երեւան, 2006):

Ականավոր գիտնականը եւ դասախոսը պրոֆեսորներ պատմաշխարհագետ, պատմական գիտությունների դոկտոր, Թադեւոս Խաչատուրի Հակոբյանի եւ պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի հետ համահեղինակ է «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատության (Երեւան, 1986-2001), որը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է: Գործընկերների վախճանվելուց հետո պրոֆեսոր Բարսեղյանն է խմբագրել ու հրատարակության պատրաստել հիշյալ բառարանի վերջին երկու ստվարածավալ հատորները: 2003 թ. այդ եզակի բառարանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, նաեւՙ Թեքեյան մշակութային միության մրցանակի:

Հովհ. Բարսեղյանի համահեղինակությամբ են կազմվել հանրակրթական դպրոցի 4-րդ (Երեւան, 1970) եւ 5-7-րդ (Երեւան, 1965) դասարանների «Հայոց լեզու» դասագրքերը:

Բարսեղյանը 1969-1972 թթ. եղել է ԵՊՀ կուսկոմիտեի առաջին քարտուղար: 1955 թվականից նա կատարել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի, իսկ 1992 թվականից ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի գիտքարտուղարի պարտականությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ