RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-09-26 23:47:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2186, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՆԼՈՒՐ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ապրիլյան ընդվզման բուռն օրերն էին. երիտասարդները փակել էին մայրաքաղաքի կենտրոնական ու հարակից փողոցները. ավտոմեքենաների երթեւեկը դադարել էր ի սպառ: Նորքից իջնող ուսանող ցուցարարների մի հոծ խմբի միացածՙ զրուցելով անցանք գրեթե ողջ ճանապարհը մինչեւ համալսարանական թաղամաս: Նրանց թողնելով Պետհամալսարանի առջեւՙ թեքվեցի դեպի Թումանյան, ապաՙ Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոց: Այստեղ, հենց խաչմերուկի վրա, զվարթ տեսարան էր. տղաներն ու աղջիկները վոլեյբոլ էին խաղում փողոցներում ուրախ բացականչություններով, մինչ պատանիները ճարպիկ քշվածքով իրենց հեծանիվներով զիգզագում էին փողոցն ու մայթերը: Իսկ քիչ անդին գտնվող կրպակի տերը հենց մայթի վրա խորոված էր սարքել եւ հյուրասիրում էր ցանկացողներին: Հանկարծ ուշադրությունս գրավեց դիմացի մայթին կանգնած միջին տարիքի մի մարդՙ ինտելիգենտի հագուկապով: Սեւեռուն ուշադրությամբ նայում էր դիմացի լուսացույցինՙ սպասելով կանաչ լույսինՙ ճանապարհն անցնելու համար: Ակնհայտ էրՙ այդ մարդը ուզում էր ցույց տալ, որ ինքը անմասն է շուրջբոլորը կատարվող իրադարձություններից, գուցեեւՙ դժգոհ է իրերի նման ընթացքից եւ ցանկանում է, լռելյայն, որպես կարգապահ ու օրինապահ քաղաքացիՙ այդպես արտահայտել իր տեսակետըՙ այսպես կոչված հեղափոխության նկատմամբ:

Այդ անծանոթ քաղաքացին իմ մտապատկերում խորհրդանշում է Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, հակառակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մեծադղորդ հոխորտանքներին, թե «հեղափոխությունը» համաժողովրդային էր, թե ամբողջ ժողովուրդն էր մասնակցում շարժմանը, աջակցում իրենց: Միչդեռ քաղաքացիների մի հոծ զանգվածՙ այսպես կոչված ոչ նիկոլական էր, ոչ էլ սերժական կամ քոչարյանական: Նրանց մեծամասնությունը, առնվազն գիտակից զանգվածը նրա, ցանկանում էր, ցանկանո՛ւմ է խաղաղ, հանգիստ, բարգավաճ Հայաստանում ապրել: Ընդամենը:

Մեծամասնություն կոչելով այդ քաղաքացիներինՙ ես բնավ չեմ չափազանցում: Վերցնելով ՀՀ ԱԺ Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 դեկտ. 9-ի արձանագրությունը, տեսնում ենք, որ ընտրողների ընդհանուր թիվը 2,5936,140 էր, իսկ քվեարկությանը մասնակցածներինըՙ 1,261,105: Տարբերությունը կազմում է 1332035 ձայն, այսինքնՙ շուրջ 125000 ձայնով ավելիՙ քան քվեարկածները: Հետեւաբար ոչ ոքի իրավունք չի վերապահված խոսելու եւ ներկայանալու ամբողջ ժողովրդի անունից: Նման մեծամասնությունը ընդունված է անվանել, պայմանականորեն, լուռ մեծամասնություն: Քանզի այդ մեծամասնությունը աղմկարար չէ, ոչ էլ կռվարար: Ընդհանրապես պահպանողական է, երբեմն նաեւՙ խիստ վերապահ, երբեմն էլՙ ցինիկ: Սակայն ոչ ոք չի կարող անտեսել նրանց, նրանք հանդիսանում են հասարակության ողնաշարը: Արեւմտյան քաղաքագետներն ու հասարակագետները լավ գիտեն դա եւ իրենց հաշվարկումների ու կանխատեսումների ժամանակ խիստ կարեւորում են նրանց, երկրի ներքին կայունության տեսակետից կարեւորագույն այդ խավի կարծիքը, առաջինը նրա՛նց շրջանակում են անցկացնում հարցախույզները կարեւորագույն հարցերում, քանզի նրանց կարծիքը հարափոփոխ չէ մյուսների նման:

Տարբեր զրույցներից ստացածս տպավորությամբ հենց այս խավն է, որ զզվանք է ապրում ներկայիս մեր երկրում տեղի ունեցող արտառոց երեւույթներից, բռնության ու վրեժխնդրական կոչերից, ցուցամոլությունից, ղժղժան ճառախոսություններից, հաշվեհարդար տեսնելու մոլուցքից, հատկապեսՙ ինքնագովեստի խոսքերից: Նրանք չեն հայհոյում սոցցանցերում, բողոքի ցույցերին ու քաղաքականՙ այսպես կոչված ակցիաներին չեն մասնակցում ու, վերջապես, չեն տառապում ինքնադրսեւորման ախտով: Նրանք պետք չունեն դրան, որովհետեւ իրենք են կազմում բազիսային այն հիմքը, որի վրա հիմնվում է պետությունը: Նրանք կառավարություն չեն, այլՙ պետություն, կարգապահ, համբերատար, դիմացկուն: Նման այն անծանոթ մարդուն, ապրիլյան այն օրը, Թումանյան-Հանրապետության փողոցների խաչմերուկում, որը սպասում էր կանաչ լույսինՙ աներթեւեկ փողոցը հատելու համար, միշտ «զեբրի» վրայով:

Հետեւաբար ոչ ոք իրավունք չունի արհամարհելու կամ անտեսելու նրանց, ձերբակալությունների, դատական գործերի հարուցմամբ, սպանությունների, ինքնասպանությունների, փոխադարձ ամբաստանությունների, կասկածամտության, սպառնալիքների հեղեղի տակ պահելու նրանց, ստրեսային վիճակներում պահելու այդ մարդկանցՙ արդեն մեկուկես տարի: Ոչ ոք իրավունք չունի, նույնիսկ եւ հատկապես երկրի վարչապետը, ամենուր հոխորտալու, նույնիսկ արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ, թե ո՛ւմ են փակի տակ պահում, ո՛ւմ նկատմամբ գործ է հարուցված, ո՛վ է փախած երկրից եւ ձերբակալելուց հետո ո՛նց են նրանց հախից գալու: Դրանք հոխորտալու թեմաներ չեն, պետական ոչ մի գործիչ արտասահմաններում հատկապես չի հպարտանում նման գործողություններով: Իրենց երկրների համար դա լավ վկայություն չէ: Նույնիսկ շա՛տ վատ է ու մտահոգիչ:

Հ.Գ.- Մեր ներկա համարում, առանց նախնական որեւէ համաձայնության ու հրահանգի, տվյալ թեմայի շուրջ տպագրվող երեք նյութերը վկայում են, որ խնդիրը այժմեական է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ