RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019



Տեղադրվել է` 2019-09-26 23:47:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2225, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱԿԵԼ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերջին տարիներին հայեցողին չի լքում այն զգացողությունը, որ մենք ինչ-որ մոդելավորողի հորինած խաղի շարքային խաղացողներ ենք, չցիտակցելով` ինչ-որ համակարգչային խաղի ֆիգուրներ ենք դարձել, եւ ինչպես համակարգչային խաղում հերոսերը կառավարվում են, այնպես էլ մեզ մեկն աննկատ հրում է այսուայն հուն, այնպիսի գործողությունների շրջապտույտի մեջ, որն իրեն է պետք: Անհանգստացնող ու հոգի կրծող այդ զցացումը մենք այդպես էլ չենք կարողանում նույնականացնել-համադրել մի ինչ- որ կուռ եզրահանգման հետ, ճանաչել այդ խաղը, փակել այն ու դուրս գալ «մատրիցայից», որն աստիճանաբար վտանգավոր է դառնում: Այդ զգացումն առարկայանում է ամենօրյա մեր կյանքում, որն այնքան խիտ է դարձել, այնքան հագեցել իրարամերժ կարծիքների եւ իրադարձությունների հարահոսով, որ երբեմն շունը տիրոջից գլուխ չի հանում: Ամեն օր տեղի են ունենում նոր ու անսպասելի իրադարձություններ, որոնք նոր կրքեր են բորբոքում, մոռացնում մեկ-երկու օրվա հնության կրքերն անգամ, թուլացնում պատճառահետեւանքային թարմ կապով ճիշտ ուղու վրա ընկնելու հանրության հոտառությունը, նրան տանելով կեղծ հետքերով, ավելի ու ավելի հեռացնելով առողջ որոշումներից:

Հապա հիշեք` ինչն էր այժմեական Վանեցյանի հրաժարականից առաջ եւ այդ առթիվ հնչած բառահեղեղից հետո, հիշեք`ընդամենը կես օր տեւած անկախության օրվա այժմեականությունն ինչպես անմիջապես իր տեղը զիջեց վարչապետի ամերիկյան առաջին հանդիպումների շուքին, բայց դա էլ անմիջապես երկրորդ պլան մղվեց նախկին ոստիկանապետ եւ մարտի 1-ի նախաքննվող գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանի ինքնասպանությամբ, թե սպանությամբ (երբ ապացուցված վճիռ լինի` դրանցից մեկը կպնդենք):

Սրան զուգահեռ` Ադրբեջանն էր սահմանային սադրանք կազմակերպում (առանց մոդելավորողի` ռիսկն ինչ էր ապրիլյանից հետո), մերոնք կասեցնում էին, հետն ել` դրոն խփում: Ու դա էլ քիչ էր` իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների մոտ լրագրողների ակտիվ մասնակցությամբ նոր հակադրություններ պեղվեցին` Սասուն Միքայելյանը հակադարձում է վարչապետ Փաշինյանին ու Վանեցյանին իր ընկերը համարում, պաշտպանության նախարարը մտահոգված է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով: Էս բոլորին էլ գումարած` Վահե Ավետյանի սպանության նման մի նոր դեպք տեղի ունեցավ Վայոց ձորի մարզպետի շրջապատի, թե հենց իր մասնակցությամբ, չգիտենք, սա էլ քննության պարզելու բան է, բանակի սպային ծեծելով մահվան դուռն են հասցրել, ու սրա վերաբերյալ զինվորականության ու հանրային զայրույթը շատ մեծ էր:

Հայտնի բան է, որ լրահոսի կառուցումը` ցանկալի նպատակակետով, մասնագիտություն է, դե պատկերացրեք` ինչպիսի մասնագիտություն կարող է լինել իրադարձությունների հերթագայության մոդելավորումը: Եթե քարտեզին գցված հայացքն ու մեր դիրքն այդ քարտեզում կարող են առարկայորեն վկայել մոդելավորողների առկայությունը, Ազգային անվտանգության ծառայության առաջին խնդիրը պետք է լինի դրա բացահայտումը նախ... Մինչդեռ ԱԱԾ նախկին պետի գրառումներից ու կարծիքարտահայտումներից հնարավոր չէ այդպիսի եզրակացության գալ, բացի այդ` վերջին շրջանում ակնառու ի ցույց էր դրվում, որ ԱԱԾ-ն այնքան էր խրվել կոռուպցիոներ բռնելու գործի մեջ, որ իր հիմնական պարտականությունը երեւի ժամանակ առ ժամանակ հազիվ էր հիշում, այլապես Հայկ Հարությունյանի (ինքնա)սպանության վարկածները երկրի համար այդ աստիճանի նվաստացնող չէին լինի: Եւ հիմա բոլորն ահանգստացած չէին լինի մարտի 1-ի, ինչու չէ, նաեւ հոկտեմբերի 27-ի` դեռեւս մնացած կենտ վկաների անվտանգությամբ:

Մայիսի հինգին դեռ, երբ Ռոբերտ Քոչարյաին խափանման միջոցի հիմնավորվածություն էր վիճարկվում դատարանում, «Գլխավորը որոշող մանրուքները» հրապարակման մեջ, նկատի ունենալով արտաքին մոդելավորողների հնարավոր շահառությունը մեր ներքին ինդիրներին, գրել էինք. «Ի՞նչ` եթե պարզվի, փաստերով ապացուցվի, որ մեր բարեկամ հայտնի պետությունն է առանց ձեւականությունների խառնվել մեր ներքին գործերին, ինչպես տասնամյակներով սովոր է եղել»: Հիմա որ հետեւում ես ե՛ւ դատավարություններին, ե՛ւ մեր ներսի քաղաքական տարբեր շերտերի պահվածքին, ավելի ու ավելի ես նկատում տարբեր ուրվականների: Իսկ դա վտանգավոր է` մեր երկրի բացության, տուրիստի անվան տակ ամեն տեսակի մարդու ներս առնելու, ի վերջո` ատոմակայան ունենալու պարագայում: Մինչդեռ ԱԱԾ նախկին տնօրենը, պարզվում է, ոչ այնքան այս կարգի հարցերով էր հետաքրքվում, որքան քաղաքականությամբ ու ֆուտբոլով...

Քարտեզին նայեք եւ մտածեք ուժեղ ու չքաղաքականացված ԱԱԾ ունենալու մասին: Առհասարակ թվում է, թե մենք բոլորս` իշխանություն, հանրություն, ԶԼՄ-ներՙ չենք զբաղվում հատկապես նրանով, ինչով պետք է զբաղվենք` նպատակայնությունը նկատի ունեմ:

Ես կառաջարկեի ներկա իշխանությանը` հանրությանն այսքան չծանրաբեռնել-չճզմել թալանի, թալանածի, անհաշիվ կոռուպցիոներների մասին ամենօրյա տեղեկությունների հոսքով, դրանով չկերակրել նրան, կրքերը բորբոքված չպահել, քանի որ արհեստականորեն գրգռված հանրությունը միշտ էլ տարբեր վտանգներ է թաքցնում իր մեջ: Առհասարակ` մի պահ պետք է դադար անել կոռուպցիայի ցուցադրական բացահայտման էպոպեայից, քանի որ անցյալի համակարգը բուրգի ձեւով վերից վար կոռումպացված է եղել, ով կոռուպցիայի մեջ իր սրբազան բաժինը չի ապահովելՙ տեղ չի ունեցել համակարգում: Այդ մարդկանց մեծ մասն այսօր էլ աշխատում է, եւ քանի որ մենք շատ փոքրիկ երկիր ունենք` շատ բնական է , որ պարզվի, ասենք, Վանեցյանը Սեդրակ Քոչարյանի բիզնես- գործընկերն է եղել, «հեղափոխականներից» շատերը «հակահեղափոխականների» սանիկ-քավոր, հորեղբայր-մորեղբայր-քենի-բաջանաղ են կամ նրանց փողերով են աճել-մեծացել: Դե առաջ էլ, հիմա էլ խնամիանում ու բարեկամանում են ոչ պետության ղեկավարների թելադրանքով կամ ցանկությամբ: Ես մի մարդու գիտեմ, որ Հայաստանում կառավարած բացառապես բոլոր իշխանությունների բարձր ներկայացուցիչների խնամին է, ու ո՛ր իշխանությունն էլ փորձեր նրան դատել` նա չոր էր դուրս գալու ջրից: Հիմա ինչ, ազգի ներսում մարդկանց միմյանց հետ թշնամացնելու ե՞նք: 1937-ին, երբ աքսորում էին պապիս, նրա ու մյուս աքսորված-գնդակահարվածների վերաբերյալ «դանոսները» գրվում էին պետության շահի պատճառաբանությամբ: Քանի~ տարի պետք եղավ` երկրի ներսում բուծված թշնամանքի սածիլները չորացնելու համար, ես մինչեւ հիմա չեմ ներել պապիս վրա «դանոս» գրող Հախվերդյաններին:

Ես չեմ առաջարկում ներել կոռուպցիոներներին ու գողերին: Եկեք ուղղակի խնդրին մոտենանք մի այլ ծայրից ու այս աստիճանի թշնամանք ու պայթյունավտանգ ականներ չդնենք հանրության խորքերում: Առաջարկս է ժամանակավորապես, ասենք` մի երկու տարով, ընդունել համատարած հայտարարագրման մասին օրենք` նվազագույն շեմեր սահմանելով: Նվազագույն շեմերը կհաշվարկեն մասնագետները` ասենք 100 միլիոն դրամից ավելի եւ որոշակի դրամական արժեքի սահմանից ավելի արժեքով անշարժ գույք ունեցողները բոլորը պետք է հայտարարագիր ներկայացնեն եւ հիմնավորեն դրանց` օրինական ճանապարհով ձեռքբերումը: Այ որ չկարողանան հիմնավորել, եւ պետությունը կոռուպցիոն հետք գտնի նրանց ունեցվածքում, թող այդ ունեցվածքն ու դրամը անցնի պետբյուջե: Այդպիսով ընդամենը երկու-երեք տարում, առանց ցավագին դատական քաշքշուկի եւ հանրության ականջն ու հոգին սղոցելու կպարզվեն ե՛ւ պաշտոնյաների ձախ եկամուտները, ե՛ւ գործարար-պաշտոնյա կապերը, ամեն ինչ տեղը կընկնի, համակարգային խնդիրները գոնե կիսով չափ կլուծվեն, հիմք կդրվի մինչեւ այժմ էլ պահպանված կոռուպցիոն կառավարման համակարգի մաքրմանը: Թե չէ վարչապետը, եթե հենց հիմա էլ նայի իր մոտիկ շրջապատին` լիքը կոռուպցիոն ռիսկ ու կոռուպցիոներ, իսկ մեր թանկարժեք ընդդիմությունն էլ` քաղաքական հետք է տեսնելու կոռուպցիայի բացահայտմանն ուղղված քայլերում: Պետությունն էլ մի պահ հակակոռուպցիոն աղմուկից անհրաժեշտ եւ օգտակար դադարի մեջ հայտնվելով` կհասցնի արտաքին մոդելավորողներին սպասարկող ներքին տրոյական ձիերին տեսնել, արտաքին վտանգներն առարկայորեն դասդասել: Թե չէ անվերջ բացահայտումների էյֆորիայով տարված` դժվար է արտաքին մոդելավորողների հյուսած սարդոստայնը նկատել` աղմուկը խանգարում է սարդերի համարյա անձայն գուծունեուությունը լսել ու տեսնել:

Հ.Գ.- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է` «Եթե ցանկանում եք ազատություն` հպարտացեք ձեր երկրով, եթե ցանկանում եք ժողովրդավարություն` պահպանեք ձեր ինքնիշխանությունը, եթե ցանկանում եք խաղաղություն`սիրեք ձեր ազգը...

...Ապագան չի պատկանում գլոբալիստներին, ապագան պատկանում է հայրենասերներին»:

Ահա այսպիսի ժողովրդավարություն, որ նախ ու հատկապես մեզ է պետք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ