RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019



28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-09-26 23:47:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1580, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՍ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Այս Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնի գլխավոր միջոցառումները հանրապետության երկրորդ քաղաքում անցկացնելը եւ հետագա տարիներին էլ երկրի տարբեր քաղաքային բնակավայրերում կազմակերպելու կառավարության խոստումը մի պարզ, բայց կարեւոր իմաստ եւ ուղերձ ունեն: Այն պարզ ձեւակերպվեց նաեւ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքում. մեր հայրենիքը միայն Երեւանը չէ:

Այդ օրը Կումայրի-Գյումրին ուրիշ կերպ էր շնչում, ուրիշ ոգով ապրում, այդ օրը քաղաքիս օդն իսկ ուրիշ էր: Անկախության 28-ամյակի օրը Հայաստանը եւ դեռ ավելին Գյումրիում էր կամ Գյումրին հենց Հայաստանն էր: Ըստ տարբեր գնահատումների, տեղի բնակիչներից բացի մեր հայրենիքի ամեն կողմերից, Սփյուռքից ու աշխարհի այլ երկրներից 10 կամ 15 հազարից ավելի հյուր էր եկել ու մասնակցում տոնին, ներառյալ հանրապետության կառավարական եւ այլ պատվիրակությունների անդամները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, օտարերկրացի զբոսաշրջիկներն ու հետաքրքրասերները: Քայլում էիր քաղաքի կենտրոնի նորոգված-նորացված եռուզեռաշատ փողոցներով, լսում բազմաթիվ հարթակներում հնչող տարբեր ոճի եւ ճաշակի բարձր երաժշտությունն ու տեսնում դհոլ-զուռնի նվագի տակ ազգային տարազներով տղա-աղջիկների սրտաթունդ շուրջպար-թռնոցին, նայում էիր մարդկանց, դրոշակավոր մանուկների ժպտացող դեմքերին, այդ լիաթոք տոնի բույրն առնում, ու սիրտդ բացվում էր... Նայում էիր արհեստի, արվեստի գործերի, Շիրակի տարբեր համայնքների եւ Հայաստանի բոլոր մարզերի, նաեւ Արցախի, քաղաքամայր Երեւանի բազմաբովանդակ տաղավարներին, խոսք փոխանակում դրանք շնորհքով ներկայացնող ազգակցիդ հետ եւ հայրենիքիդ համաբույր համ ու դամն առնում, քեզ հպարտ, ուժեղ զգում: Զգում իրապես Հայաստանիդ մասնիկ:

Այս քաղաքի մարդիկ, մեր բոլոր վայրերի մարդիկ արժանի են դրան ու պետք է առիթից առիթ իրենց քաղաքում, իրենց դռանը լավ կազմակերպված նման տոն, նման զգացողություններ տեսնեն, ապրեն:

Այսօր Գյումրու հանդեպ զգացվող ընդհանուր աճած հետաքրքրությունը, որի մի վկայություն է հենց թեկուզ զբոսաշրջության նկատվող շարժը, ուղղակի հետեւանք է քաղաքի կենտրոնի վերը նշված արդեն նոր որակի որոշ փողոցների առկայության եւ երկրի ներկա առաջին դեմքերի կողմից նրա գրավչությունների հետեւողական քարոզչության:

Հայտնի բան է, որ հայրենիքը ճշմարտապես սիրելը սկսվում է այն ճանաչելուց: Մեր երկրի ամեն քաղաք, ամեն բնակավայր իր չափով իր գրավչությունը, իր գույնն ու բույրն ունի: Հանրապետության այս ամենամեծ տոնը փոխնիփոխ մեր տարբեր քաղաքներում անցկացնելը ամեն ինչից բացի նաեւ կարող է նպաստել հայրենաճանաչությանն ու ներքին զբոսաշրջության զարգացմանը: Եվ ոչ միայն ներքին: Կոնկրետ Գյումրու պարագայում հայ եւ այլազգի շատերը ծանոթացան քաղաքին ու սիրեցին այն, իսկ եկած երեւի ամեն 8-10 հյուրից մեկը մեկ կամ երկու օր գիշերեց այստեղ, օգտվեց առաջարկվող հյուրանոցային, տնային գիշերակացի, սննդի եւ այլ ծառայություններից, որոշակի վճար թողնելով:

Այս սեպտեմբերքսանմեկյան տոնի մյուս կարեւոր ուղերձը դրված էր տոնական միջոցառումներից առաջինիՙ կառավարության կազմակերպած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հիմքում: Այն ձեւակերպվում է այսպես. «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես»: Անշուշտ, սա բառացի առումով չի ասված, այլ իր հասկանալի իմաստն ունի: Եվ խորհրդանշական էր, որ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակը, որն այդ օրը հանձնվեց 13 մարդու, որոշակի ձեւավորումով հայելի էր, այնտեղ ամեն մեկս կարող ենք տեսնել ինքներս մեզ:

Թվում էՙ որոշակի ուղերձ ուներ նաեւ մրցանակակիրների կատարված ընտրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մրցանակաբաշխության ժամանակ անդրադարձ կատարելով այն հարցին, թե ով է այսօր Հայաստանում հերոսը, այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները, մասնավորապես ասաց. «Աներկբա է, որ առաջին ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, որոնք կանգնած են սահմանին, եւ սպաները, մեր զինված ուժերը, մեր գեներալները: Երեկ Հանրապետության նախագահը կոչումներ եւ մեդալներ շնորհեց մեր բազմաթիվ զինվորականների: Աներկբա է, որ մեր ժամանակների եւ բոլոր ժամանակների հերոսներ են մեր ժողովրդի արվեստը եւ մշակույթը ստեղծած մարդիկ, ...մեր գիտնականները, մեր բազմաթիվ պետական եւ քաղաքական գործիչները: Բայց նոր Հայաստանի կերպարն ամբողջացնելու համար հարկավոր է նաեւ հերոսական այդ համապատկերի եւս մի կարեւոր շտրիխ ավելացնել: Դա աշխատող եւ արարող մարդու կերպարն է: Դրանք այն մարդիկ են, որոնք ունեն համարձակությունՙ տնօրինելու իրենց ճակատագիրը..., իրենց ձեռքը վերցնելու իրենց եւ իրենց հայրենիքի ճակատագիրը..., կառուցելով իրենց ընտանիքների եւ ուրիշների բարեկեցությունը, հայրենիքի բարեկեցությունը»: Խոսքն, այս անգամ, ինչ-որ բան ստեղծող միջին բիզնեսի ներկայացուցիչների մասին էր, որոնց էլ ամեն մեկին հանձնվեց մեր ժամանակի հերոսի մրցանակը: Նրանցից ամեն մեկին առաջնորդողը, եթե ընդհանրացնելու լինենք, կարելի է ամփոփել կարծեմ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասած երեք բառովՙ նախաձեռնողություն, աշխատասիրություն եւ հավատ ապագայի հանդեպ:(*)

Այս սեպտեմբերի 21-ին իրոք, լավ կազմակերպված եւ օրվա խորհրդին արժանի գեղեցիկ տոն պարգեւվեց Գյումրուն ու նրա բամահազար հյուրերին, չնայած օրվա որոշակի ժամի Գագիկ Սուրենյանի խոստացած ուժեղ քամին ու ցուրտը նաեւ խանգարեցին: Ի դեպ, այս կապակցությամբ Դիմատետրում (Ֆեյսբուք) դրա հետ կապված կարդացինք, օրինակ, օրվա մի հյուրի այսպիսի արձագանք. «Ցուրտը չթողեց լիարժեք վայելեինք, գոնե մի բերան ասեիք, որ հունվարի 10-ի շորերով գանք»: Ինչին տեղացի օգտատերերից մեկի պատասխանն էլ չուշացավ. «Ասինք կոնդիցիոները միացնենք, երեւանյան շոգերից հետո քիչըմ հովնայիք, էն էլ դոզան շատ ենք տվել վայթեմ...»:

Եվ վերջինը, որ կուզենայինք ասել: Մայրաքաղաքից դուրս այս կարգի ողջունելի տոնակատարությունը հետագայում շարունակվելու դեպքում էլ մեկ քայլ է կառավարության ապակենտրոնացման քաղաքականության անցնելու ճանապարհին: Այդ քաղաքականությունը կատարված իրողություն դարձնելու եւ երկրի համաչափ զարգացում ապահովելու համար հանրապետության իշխանություններից օրենսդրական, կազմակերպչական լուրջ փոփոխություններ ու գործնական երկարատեւ, հետեւողական ջանքեր կպահանջվեն: Այլապես... Այս տոնակատարության օրվա վաղ առավոտյան եւ հաջորդ օրվա առավոտյան քաղաքի երկնքում օդապարիկներ էին շարժվում: Եթե դրանք չնշանակեն թռիչք ու բարձունք, կարող են լինել ընդամենը գեղեցիկ փուչիկ:

Ուզում ենք լավատես լինել:

(*) Ի դեպ, այդ հերոսներից մեկը ՌԱԿ հնագույն անդամ, դեռեւս երիտասարդ ձեռներեց Արտակ Բոջիկյանն է, որ կիսաթանկարժեք քարերի արտադրամաս է ստեղծել իր հարազատ Դիլիջանում եւ ցուցահանդես-վաճառքի սրահՙ Երեւանի Նալբանդյան փողոցի վրա: Նա նույնպես արժանացավ մրցանակի: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ