RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019



ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Տեղադրվել է` 2019-09-26 23:47:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2002, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԱՃԻ ՏԵՄՊՆ ԸՆԿԵԼ Է

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Խոստացված զբոսաշրջային «բումը» դեռեւս տեղի չի ունենում

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած 2019 թ.-ի «Համաշխարհային զբոսաշրջության զեկույցում» Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանը 5 կետով առաջընթաց է ունեցել եւ հիշեցրել, որ 2017 թ.-ի զեկույցում Հայաստանը 84-րդ տեղում էր: Իմիջիայլոց նշենք, որ դրան նախորդողՙ 2015 թ.-ի զեկույցում Հայաստանը 89-րդն է եղել եւ դրանից երկու տարի անց 2017 թ.-ինՙ եւս 5 կետով առաջընթաց էր ունեցել: Հետեւաբար, այս անգամ եւս վարչապետը չի կարող խոսել թռիչքաձեւ տնտեսական աճի, իր խոստացած զբոսաշրջային բումի մասին, նրա «հայտնաբերած»ՙ Հայաստան զբոսաշրջիկների այցելելու զավեշտալի մոտիվացիայի մասին: Խոսքը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին է, թե ամբողջ աշխարհում Հայաստանը հայտնի է դարձել որպես «թավշյա հեղափոխության» երկիր, եւ դրա շնորհիվ շատերի մոտ ցանկություն կլինի գալ Հայաստան եւ տեսնել, թե «դա ի՞նչ երկիր է, որ նման հեղափոխություն է արել»: Այն, որ հեղափոխությունն ու զբոսաշրջությունը հակառակ բեւեռներում են, բոլորին է հայտնի, բացի, թերեւս, վերոնշյալ հայտարարության հեղինակից եւ նրան դեռեւս կուրորեն հավատացողներից:

Այժմ կոնկրետ ցուցանիշներով ներկայացնենք, թե Հայաստանում զբոսաշրջությունն ի՞նչ աճ է ունեցել անցած երկու տարիներին, ինչո՞ւ է այդ աճի տեմպը նվազել, ի՞նչն է պատճառը, որ աճի տեմպը ավելի շատ չի նվազել կամ անկում տեղի չի ունեցել եւ ի՞նչ կապ ունի դրա հետ ներկայիս «թավշյա» վարչապետն ու նրա կառավարությունը:

Զբոսաշրջության աճի տեմպը սկսեց նվազել 2018 թ.-ի ապրիլ-մայիսից

Նախ հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության զբոսաշրջիկ է համարվում որեւէ անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում համ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում:

2018 թ.-ին Հայաստան են այցելել շուրջ 1 մլն 651 հազար զբոսաշրջիկ, որը 10,5 տոկոսով կամ շուրջ 156 հազարով ավելի է, քան 2017 թ.-ին: Պատկերացում կազմելու համար դա շատ է, թե՞ քիչ, համեմատենք այն նախորդ տարիների հետ:

2017 թ.-ի հետ համեմատությունն 2018 թ.-ի օգտին չէ: Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը 2017 թ.-ին կտրուկ է եղելՙ 18,7 տոկոսով կամ 235 հազարով ավելի 2016 թ.-ի համեմատ, կազմելով 1 մլն 494 հազար զբոսաշրջիկ: Այսինքն, ակնհայտ է, որ թե՛ թվային, թե՛ տոկոսային առումով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն անհամեմատ ավելի շատ է աճել 2017 թ.-ին, երբ ոչ ոք «բում»-ի մասին չէր խոսում, բայց լուրջ աշխատանք էր տարվում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ :

Զբոսաշրջության աճի բարձր տեմպը շարունակվում էր նաեւ 2018 թ.-ի առաջին երեք ամիսներին, երբ Հայաստան էր այցելել մոտ 346 հազար զբոսաշրջիկ, որը 16,1 տոկոսով ավելի էր 2017 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ: Սակայն, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում, այնպես էլ զբոսաշրջությունում աճի տեմպն ապրիլ-մայիսից սկսեց նվազել: 2-րդ եռամսյակումՙ ապրիլ-հուլիս ամիսներին անկում գրանցվեցՙ Հայաստան եկավ 6 հազարով կամ 2 տոկոսով ավելի քիչ զբոսաշրջիկ, քան նախորդ եռամսյակինՙ հունվար-մարտին: Տարվա վերջին եռամսյակում էլ զբոսաշրջիկների այցելությունների որոշակի աճ եղավ կապված երկու խոշոր միջոցառումներիՙ Երեւանում անցկացվող Ֆրանակոֆոնիայի գագաթաժողովի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի հետ, որոնք «թավշյա» կառավարությունը հաճելի ժառանգություն էր ստացել նախորդ իշխանությունից:

Երեք հակասական տվյալ 2019 թ.-ի առաջին կեսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի մասին

Այժմ անդրադառնանք 2019 թ.-ի առաջին կեսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների մասին տեղեկատվությանը: Վերստին մեջբերենք վարչապետի գրառումներին այս տարվա հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների մասին: Գրառումներ, որոնցում նշված թվերը հակասում են միմյանց :

Այսպես, այս տարվա հուլիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը գրել է.

«Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներովՙ 14.4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին:

Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում»:

Օգոստոսի 8-ի գրառման մեջ 14,4 տոկոսը աննկատ փոխվել է եւ դարձել 12,8 տոկոս: Այդ գրառման մեջ հետեւյալն է նշվել.

«Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ»:

Թե ինչպե՞ս է պատահել, որ 14,4 տոկոսը «հանկարծ» դարձել է 12,8 տոկոս, թերեւս միայն գրառման հեղինակին եւ վիճակագրական կոմիտեին է հայտնի: Սակայն, սա էլ դեռ վերջը չէ :

Վիճակագրական կոմիտեի հրապարակումից պարզ է դառնում, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է ոչ թե 14,4 կամ 12,8 տոկոսով, այլ... 12,3 տոկոսով:

Ընդ որում, 12,3 տոկոս աճն էապես ցածր տեմպ է նախորդ տարվա առաջին կիսամյակի աճի համեմատ: Այսպես, թվային առումով այս տարվա առաջին կեսին 84 հազարով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, իսկ 2017 թ.-ի առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվն Հայաստանում ավելացել էր 121 հազարով կամ 24,2 տոկոսով, նախորդՙ 2016 թ.-ի առաջին կիսամյակի համեմատ:

Դարձյալ նախորդ իշխանությունից ստացած հաճելի «ժառանգության» մասին

Ինչպես արդեն նշեցինք, 2018 թ.-ը սկսվել էր զբոսաշրջության սրընթաց աճով, որը սակայն կտրուկ նվազեց ապրիլից սկսած, երբ Հայաստանի «հպարտ» քաղաքացիները «դուխով» գլխարկները հագած «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխություն էին անում: Երկիրը ցնցվում էր հեղափոխականների կողմից փողոցների եւ ճանապարհների փակելու, օրուգիշեր մեքենաների ձայնային ազդանշանների հետեւանքով: Բնականաբար, ոչ մի զբոսաշրջիկ չէր երազում հայտնվել նման երկրում եւ հանգստի փոխարեն ընկնել տհաճ արկածների մեջՙ օդանավակայանից չկարողանալով հասնել հյուրանոց կամ հյուրանոցից որեւէ տեսարժան վայրՙ մայրաքաղաքում կամ դրանից դուրս: Այդ օրերին զբոսաշրջային խմբեր եղան, որոնք տեղեկանալով օդանավակայանի ճանապարհը փակ լինելու մասին, անմիջապես տոմսեր գնեցին եւ վերադարձան իրենց երկիրՙ իհարկե ոչ հաճելի տպավորություններով եւ կրկնակի ու անիմաստ ծախսերով: Այսինքն, 2017-2018թ.-ի առաջին եռամսյակում սրընթաց աճող զբոսաշրջության աճի տեմպի կտրուկ նվազման պատճառը հենց այս ամենն էր:

Այդուհանդերձ, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի անկում տեղի չունեցավ, ինչը նախորդՙ Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյան կառավարությունների օրոք ընդունված որոշման շնորհիվ էր: Խոսքը Ռուսաստանից առանց օտարերկրյա անձնագրերի Հայաստան այցելելու մասին է, որի վերաբերյալ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր կնքեցին: Դա էապես ավելացերց Ռուսաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների հոսքը:

Ինչպես հայտնի է, մեր երկիր հիմնական զբոսաշրջային հոսքերը գալիս են երկու երկրիցՙ Ռուսաստանից եւ Իրանից: Իրանից այս տարի հոսքը կտրուկ կրճատվել էր ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով այդ երկրի տնտեսական կացության վատթարացման պատճառով:

Ռուսաստանից այդ հոսքն անցյալ տարվա համեմատ բացարձակ թվով աճել է ավելի քան 60 տոկոսովՙ մեծապես պայմանավորելով զբոսաշրջության ոլորտում ընդհանուր աճը, քանի որ Ռուսաստանից Հայաստան են այցելում զբոսաշրջիկների ընդհանուր թվի մոտ 24 տոկոսը:

Հենց այս ժառանգությունն է ստացել Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությունից, բայց խոսելով զբոսաշրջության ցուցանիշի մասին, նա ոչ միայն երբեւէ չի հիշատակում, թե ինչի շնորհիվ է դա տեղի ունենում, այլեւ իրեն բնորոշ ոճով ուրիշի արածը ներկայացնում է որպես իր ձեռքբերում: Մինչդեռ, դատելով 2017 թ.-ին սկսված եւ 2018 թ.-ին առաջին ամիսներին շարունակվող զբոսաշրջության աճի բուռն տեմպից, կարելի էր ենթադրել, որ այն կպահպանվեր նույն բարձր տեմպով, եթե չլինեին ապրիլ-մայիսյան դեպքերը Հայաստանում եւ եթե «հպարտ քաղաքացիները» իրական տնտեսական զարգացման փոխարեն չնախընտրեին ոչ իրատեսական եւ պոպուլիստական խոստումներն ու խոստացողին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ