RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-09-26 23:47:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1704, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Սեպտեմբերի 23-ին Մոսկվայի Մեծ թատրոնի հարեւանությամբ գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը տիկնոջՙ դաշնակահարուհի եւ արվեստաբան Մերի Տողանյանի հետ, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, ՌԴ հասարակական եւ մշակութային ոլորտի անվանի գործիչներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակական եւ գիտական ոլորտի անվանի հայ գործիչներ:

Ելույթ ունենալով ընդունելության ժամանակ, Ռուսաստանում Հայաստանի դեսպանը ներկաներին շնորհավորեց հանրապետության պետական տոնի կապակցությամբ. «Անկախ պետականություն ունենալու ձգտումը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդների մեծագույն նպատակը: Մեր համազգային հիշողությունը լի է բազմադարյա պատմության փառավոր իրադարձություններով եւ տարեթվերով: Այդուհանդերձ, 1991թվականի սեպտեմբերի 21-ը առանձնահատուկ կարեւորություն ունիՙ որպես ազգային վերածննդի եւ հայոց պետականության վերակերտման ձգտումների խորհրդանիշ, իսկ 2018-ին մենք եւս մեկ կարեւոր պատմական նշանակության հաղթանակ տարանք, այս անգամ արդեն հանուն ժողովրդավարության եւ օրենքի գերակայության համար մղված մեր պայքարում»:

Իր խոսքում Վարդան Տողանյանը հատուկ անդրադարձ կատարեց նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պատմությանն ու ներկա փուլին, եւ, մասնավորապես, նշեց երկկողմ հարաբերությունների կայուն աճը փոխգործակցության բոլոր ոլորտներում. ,Շատ կարճ ժամանակահատվածում մենք իրական քայլեր ենք ձեռնարկել հայ-ռուսական հարաբերությունները երկկողմանի մակարդակով առաջ տանելու ուղղությամբ, մենք նաեւ մեծ աշխատանք ենք տարել ինտեգրացիոն միավորումների եւ, առաջին հերթին, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, այն ռազմավարական հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ ունենք լիարժեք փոխըմբռնում եւ միասնություն: Դա վկայում է մեր օրակարգի ամբողջականության եւ քննարկված հարցերի լայն շրջանակի մասին: Ես ընդամենը մեկ օրինակ բերեմ. 2019-ի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է ավելի քան 20 տոկոսով, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համարՙ անկախացումից ի վերե:

Տողանյանը նաեւ իր երախտագիտությունը հայտնեց Ռուսաստանի հայ համայնքինՙ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակտիվ դերակատարության համար:

ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորական ելույթով հանդես է եկել նաեւ ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, որը անդրադարձել է երկու պետությունների փոխգործակցությանըՙ ընդգծելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը շարունակում է ընդլայնվել փոխադարձ վստահության մթնոլորտում. ,Ռուսաստանն ու Հայաստանը վստահորեն շարժվում են բազմակողմանի դաշինքի ամրապնդման ուղղությամբ: Ինտենսիվ քաղաքական երկխոսությունը պահպանվում է կայուն, ինտենսիվ եւ բարձր մակարդակի վրա: Կարծում եմ, այս իրողությունը կհավաստի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով մի քանի օր հետոՙ հոկտեմբերի 1-ին, կայցելի Երեւանՙ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստինե:

Անդրադառնալով քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային բնագավառներում երկու պետությունների փոխգործակցության լայն շրջանակներին` մյուս ելույթ ունեցողները նույնպես վստահություն հայտնեցին, որ հետագայում եւս հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները կշարունակվեն բարձր արդյունավետությամբ եւ համագործակցության խորացմանն ուղղված ինտեգրացիոն նոր ձեւաչափերում:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանի մեծ ջանքերով եւ բարձր մակարդակով կազմակերպված տոնական միջոցառումն ուղեկցվում էր հայկական երգ ու պարով, որոնց կատարումներով հանդես եկան ազգային տարազներ հագած անհատ կատարողներ եւ պարային համույթներ: Ներկաներրն մեծ բավականություն պատճառեց հատկապես վառ գույներով, համերաշխ ու խրոխտ շարժումներով առլեցուն շուրջպարը, որը կազմակերպել էր Վարդան Տողանյանի տիկին Մերի Տողանյանը, եւ որը նորություն էր համանման միջոցառումների անցկացման պատմության մեջ:

Շնորհավոր անկախությունդ, հայ ժողովուրդ, շնորհավոր տոնդ, Մայր Հայաստան...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ