RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-10-04 14:56:42 (GMT +04:00)

ԵԱՏՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Սիմվոլի՞զմ, թե՞ իրական բիզնես

Բարեբախտաբար չիրականացավ որոշ գուժկանների նախատեսությունը, ավելի ճիշտՙ ցանկատեսությունը. ԵԱՏՄ վեհաժողովը Երեւանում կայացավ առանց էական անհարթությունների, եւ մեր մայրաքաղաքը մեկ օրով դարձավ համաշխարհային ուշադրության կենտրոն, մանավանդ որ այս անգամվանը հերթական չէր, այլ ընդլայնվածՙ հյուրի կամ դիտորդի կարգավիճակով դրան մասնակցում էին նաեւ ամերիկյան պատժամիջոցների տակ ճկռող Իրանը, Ռուսաստանի հետ լրջագույն խնդիրներ ունեցող Մոլդովան, տնտեսական հրաշքի երկիր Սինգապուրըՙ բոլորն էլ իրենց առաջին դեմքերով: Չիրականացավ մանավանդ ոմանց ակնկալությունը, թե Ռուսաստանի նախագահը առիթը ձեռքից բաց չի թողնի մի լավ դաս տալու հայկական իշխանությանըՙ իր բարեկամինՙ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անմիտ կալանավորման տակ պահելու եւ որոշ շրջանակների հակառուսական տխմար ցուցարարությունների, անգամ իր նկատմամբ արարողակարգային կոպիտ վրիպումի համար: Ընդհակառակը, նախագահ Պուտինը, որ բնականաբար թելադրող դեմքն էր վեհաժողովի, սկզբում ակնհայտորեն ջղային-հոգնած (նա վերադառնում էր Փարիզում Ժակ Շիրակի հուղարկավորությունից), հետզհետե վերագտավ իր զուսպ-կայտառ տրամադրությունը, եւ վերադարձին, օդանավակայանում արդեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ընթացքում ոչ միայն շնորհավորեց նրան վեհաժողովի բարեհաջող անցկացման համար, այլեւ շնորհակալություն հայտնեց ի գործ դրած անձնական ջանքերի առթիվ:

Վեհաժողովը բոլորովին նման չէր նախկիններին թե՛ իր տարողությամբ, թե՛ երկկողմ ու բազմակողմ հանդիպումներում արծարծված խորքային հարցերի շրջանակով: ԵԱՏՄ անդամ երկրները միասնաբար, կարծես լռելյայն, ապահովեցին վեհաժողովի գրավչությունը հյուրի կարգավիճակով մասնակցող եւ, անգամ, չմասնակցող երկրների համար: Եվ լավ է որ, հանգամանքների բերումով, հոկտեմբերի 1-ին Երեւա՛նը դարձավ այդ գրավչության կենտրոնը: Հանգամանքներՙ որոնցից գլխավորը Հայաստանիՙ փոքր եւ, այսպես կոչված, «անվնաս» երկիր լինելու կերպարն էր, նաեւ Արեւմուտքի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ նրա ձգտումըՙ ծայրամասային, տրանսպորտային միջազգային ուղիներից հեռու, դրանցից զրկված ու շրջափակված լինելու վիճակից դուրս գալու:

Այո, վեհաժողովին մասնակից երկրներից ամենաշատը Հայաստանին է պետք հաղորդակցական ուղիների ու ելքերի հայթայթումը, ոչ միայն այսօր, երբ, հեգնականորեն, Լարսի միջանցքում հայկական հազարավոր բեռնատարներ են անշարժացած, այլեւ ընդմիշտՙ որպես ցամաքապատ (land locked) երկիր: Եվ այս առումով, տարանցիկ առեւտրատրանսպորտային ուղիների ընդլայնման իմաստով, ամենահատկանշական ելույթը նախագահ Պուտինինն էրՙ Եվրասիական երկրներից մինչեւ... Իսրայել, Եգիպտոս եւ անգամ աֆրիկյան այլ պետություններ ընդգրկող իր տեսլականով: Եվ այդ ֆոնին էր մանավանդ, որ վեհաժողովում ընդգծվեց Չինաստանի բացակայությունը, որի հեռագնա ծրագրերըՙ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», «Մետաքսի ճանապարհ» անուններով հայտնի են բոլորին, որոնց կպնում-հասնում-միանում են ԵԱՏՄ-ի ձգտումները: Ու թեեւ Վլադիմիր Պուտինն այդ բացակայությունը պատճառաբանեց ՉԺՀ 70-ամյակի տոնակատարություններով, սակայն հետագայում գուցե ավելի պարզ դառնա դրա իսկական պատճառը:

Շատ հատկանշական էր նախկին վարչապետ, ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթը, հնարավորինս կոշտ-ինքնաքննադատական: Կրկին հաստատելով, որ Եվրասիական տնտեսական միությունը ունի տարանցիկ առեւտրաշրջանառության մեծ ներուժ, չունի սակայն, ինչպես շեշտեց նա, որոշումների կայացման եւ գործադրման արագ եւ արդյունավետ մեխանիզմներ: Կնշանակի, որ անարդյունավետությունը վերաբերում է ոչ միայն Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությանը, այլեւ անդամ մյուս երկրների տնտեսական հարաբերություններին:

Առանձին անդրադարձի կարիք ունի նաեւ վեհաժողովում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթը, որի երկրի համար կենսական նշանակություն ունի իրեն պարտադրված սեղմումներից դուրս այլընտրանքային համապարփակ, տնտեսական-քաղաքական դաշինքի մաս կազմելը: Ավելի խորը դիտարկումների կարիք ունի հատկապես Հայաստանի նկատմամբ այդ երկրի պատրաստակամության հարցըՙ համագործակցելու էներգետիկ, ազատ առեւտրական գոտու եւ այլ բնագավառներում:

Տպավորությունս այն է, որ մեզնից շատերը դեռեւս չեն պատկերացնում երեւանյան վեհաժողովի նշանակությունը: Մեզնից շատերի փոխարեն դա լավ, շատ լավ ըմբռնեցին մեր ոխերիմ զույգ հարեւանները, որոնք հավանաբար հասկացան, որ ակամա հայտնվել են «խաղից դուրս» վիճակում: Ահա թե ինչու վեհաժողովից անմիջապես հետո Էրդողանը փեշերը հավաքելով թռավ Բաքուՙ խորը խորհրդածելու իր «կրտսեր եղբոր» հետ:

Իսկապես այս համաժողովում շատ էր սիմվոլիզմըՙ ԵԱՏՄ-ին նոր շունչ տալու, շահագրգիռ կողմերի համար նրա գրավչությունը շեշտելու ուղղությամբ: Մնում է միության գործունեության գործնականացումը, դրանում բիզնես մտայնություն, մթնոլորտ, փոխադարձ շահ եւ գործնական հարաբերություններ ներդնելու խնդիրը: Եվ դրանում առաջին շահագրգիռ կողմերից մեկը Հայաստանն է, անկասկած:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ