RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-10-04 14:56:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1035, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈՒ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԵՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Պայմանավորվածության համաձայն ՌԱԿ հերթական համագումարը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 29-ին, սակայն այն ՌԱԿ կենտրոնական վարչության որոշումով 40 օրով հետաձգվեց: Ինչո՞ւ:

Սովորաբար նման դեպքերում սենսացիաների ու բամբասանքների սիրահար մեր ԶԼՄ-ները միմյանց հերթ չտալով սկսում են գունավոր ենթադրություններ անել, վկայակոչել գոյություն ունեցող ու չունեցող «իրազեկ» աղբյուրներ եւ հեղինակավոր ու վիճարկման ոչ ենթակա եզրակացությունների հանգել: Կանխելով վերջիններիս եւ զրկելով նրանց ամեն ինչից «քաջատեղյակ լինելու» եւ վերջնարդյունքները կանխատեսելու հաճույքից, որոշեցի ինքս ներկայացնել ստեղծված ոչ այնքան ցանկալի իրավիճակը եւ համագումարի հետաձգման պատճառները:

Հետո էլ ինֆորմացիայի հասանելիության ներկայիս պայմաններում մեր կուսակցությունը շատ լավ է գիտակցում որեւէ բան հասարակությունից գաղտնի պահելու անիրական լինելը: Իսկ ավելի անկեղծ` ՌԱԿ-ը միշտ էլ հասարակությանը ներկայացրել ու այսուհետեւ եւս պիտի ներկայանա բաց ու թափանցիկ գործելաձեւերով: Այսպիսով համագումարը հետաձգվեց, քանի որ`

1. Անուշադրության հետեւանքով տեխնիկական անհամապատասխանություն էր առաջացել Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի, ՌԱԿ ծրագիր-կանոնագրի եւ համագումարի կազմակերպման ու անցկացման որոշ դրույթների միջեւ: Դրանք, ի դեպ, օրերս մանրամասն ուսումնասիրվել են եւ արվում է ամեն ինչ շատ կարճ ժամանակում այդ զուտ տեխնիկական խնդիրները օրենքի տառին համապատասխան լուծելու ուղղությամբ:

2. Ինչպես սովորաբար լինում է, մեր կուսակցության դեպքում էլ, կարեւորագույն իրադարձությունից առաջ (կուսակցության բարձրագույն մարմնիՙ համագումարի կայացումը, ամենակարեւոր իրադարձությունն է) ստուգվում, ամփոփվում, ի մի են բերվում բոլոր` կենտրոնական, մարզային եւ տեղական կառույցների տնտեսությունները, անդամացուցակները, համագումարի պատգամավորների ընտրության եւ այլ գործառույթների օրինականությունն ու ՌԱԿ ծրագիր-կանոնագրի նորմերին ամբողջովին համապատասխանությունը: Ցավոք, պարզվեց, որ այս ասպարեզում կուսակցության որոշ կառույցներում առերեւույթ անճշտություններ կան, որոնք լրացուցիչ ուսումնասիրության եւ վերջնական ճշգրտման կարիք են զգում:

3. ՌԱԿ ղեկավարության կողմից երկրում ընթացող բուռն քաղաքական գործընթացների նկատմամբ երբեմն ոչ հստակ բանաձեւումների, կուսակցության միասնական տեսակետների ոչ իրատեսական, երբեմն էլ մշուշապատ ներկայացման, որոշ գործնական թերացումների ու բացթողումների արդյունքում կուսակցության ներսում առաջացել են տարակարծություններ քաղաքական գործընթացների, գործող իշխանությունների, ընդդիմության եւ տարբեր ատյաններում ընթացող դատաիրավական գործընթացների վերաբերյալ: Այս դեպքում, իհարկե, արջի ծառայության իր դերակատարությունն ունի նաեւ կուսակցության հիմնարար սկզբունքներից մեկը` ազատականությունը: Սակայն վերջին օրերին տեղի ունեցած մի քանի հանդիպումների եւ քննարկումների արդյունքում աստիճանաբար ստեղծվեց փոխըմբռնման ու կողմերի տեսակետների նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտ, ներհայաստանյան իրողությանը զուտ քաղաքական գնահատական տալու, ընդսմինՙ դրանց նկատմամբ կուսակցական դիրքորոշում որդեգրելու համախոհություն: Այսինքն` առկա խնդիրների նկատմամբ միասնական մոտեցումներն արդեն կատարված իրողություններ են:

4. Նախահամագումարյան շրջանում ակներեւ դարձավ նաեւ, որ թույլ է եղել կուսակցության կենտրանական եւ տեղական մարմինների միջեւ կապը, որոնք էլ իրենց հերթին բացասաբար են անդրադարձել վերեւից-ներքեւ եւ հակառակ ուղղությամբ հարաբերությունների լիակատար փոխըմբռնմանը: Խնդիր, որը թեեւ հիմնականում հաղթահարված է, սակայն ապագա նորընտիր կենտրոնական վարչության ուշադրության կենտրոնում պետք է լինի մշտապես:

5. Համագումարը հետաձգվեց նաեւ այն պատճառով, որ որոշ կուսակցականների մոտ նկատվեց շատ դեպքերում չպատճառաբանված սեփական հնարավորությունների գերագնահատման երեւույթներ: Անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի մինչեւ համագումաը դրանք եւս հարթվեն եւ առողջ ու կառուցողական մթնոլորտում կազմակերպվի համագումարը, գլխավոր պաշտոնների համար մրցակցային առողջ պայքարի մթնոլորտում:

6. Պատճառներից էր նաեւ այն խիստ կարեւոր իրողությունը, որ այս համագումարը հիրավի պետք է լինի շրջադարձային բոլոր առումներով: Այսինքն` պետք է առաջադրվեն բացառապես իրատեսական ու գործնական խնդիրներ եւ արվեն նպատակաուղղված գործողություններ դրանք կյանքում իրագործելու համար: Հստակ է, որ շարքային կուսակցականից ու համակիրից սկսած մինչեւ ամենաբարձր ղեկավարություն գիտակցում են, որ ՌԱԿ-ն այն կուսակցությունը չէ, որ տարիներ շարունակ հայտնվել ու գոյատեւել է քաղաքական լուսանցքում ծվարած վիճակում, որ հեռու չէ այն լուսավոր օրը, երբ կուսակցությունն ամբողջ թափով կներգրավվի երկրիս քաղաքական գործընթացներում եւ կվերականգնի ոչ միայն իր երբեմնի բարի անունն ու ազգաշահ փառքը, այլեւ ամենաակտիվ մասնակցությունը կունենա հանրապետության օրենսդիր ու գործադիր կառույցներին: ՌԱԿ-ն իր համաշխարհային ցանցային կառույցներով, շուրջ մեկդարյա փառքով եւ հայ գաղափարախոսական իրականության մեջ անարատ բրենդով լիարժեք վաստակել է այդ իրավունքը եւ միանգամայն արժանի է դրան:

Ահա նշված եւ մի քանի ոչ էական պատճառներով հետաձգվեց համագումարը: Հետաձգվեց բացառապես նոր ու նորովի քաղաքական ասպարեզում իր վճռական խոսքն ու գործը բերելու հաստատ վճռականությամբ:

Բարի երթ համագումարին եւ նորանոր ձեռքբերումներ կուսակցությանս բոլոր ասպարեզներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ