RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 889, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉՄՇԱԿՈՒՅԹԸՙ ՄՇԱԿՈՒՅԹ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայաստանը 50 երկրների շարքում մասնակցում է Եվրոպական ժառանգության օրերին: Միջազգային այս նախագիծն ամեն տարի անց է կացվում տարբեր խորագրերի ներքո. այս անգամ ընտրվել էր «Արվեստ եւ ժամանց» կարգախոսը: Հայաստանյան մշակութային 100 վայրերումՙ թանգարաններում, պատմամշակութային հուշարձանների շրջակայքում, թատրոններում, արվեստն ու ժամանացը համադրել էին այնպես, որ այցելուները նաեւ մի քիչ լիցքաթափվեին, իրենք եւս մասնակցեին հանդիսություններին: Այսինքնՙ նպատակն այն էր, որ մշակութային վայրերում անմիջական, անկաշկանդ մթնոլորտ ու տրամադրություն ստեղծվեր: Եվրոպական ժառանգության օրերին նվիրված բոլոր միջոցառումները նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Ամբերդ ամրոցը տարվա ոչ մի եղանակի զբոսաշրջիկների ու այցելուների պակաս չունի: Թեեւ այնտեղ եւս Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում տոնական արարողություն էր նախատեսված, բայց այցելուների մեծ մասը դրա համար չէր եկել Ամբերդ. պարզապես նրանք ակամայից հատուկ կազմակերպված հանդիսության ականատեսը դարձան: Վաղ առավոտից Ամբերդում բոլոր շարժերը վերահսկվում էին, որովհետեւ Եվրոպական ժառանգության օրերին նվիրված արարողությանը պետք է մասնակցեին Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը ժամանեց նախատեսվածից ուշ. պատճառը վատ ճանապարհներն էինՙ ասաց: Անդրեա Վիկտորինը մինչ դեսպան դառնալը Հայաստանում եղել է. մեր այցեքարտային կոթողներինՙ Գառնի-Գեղարդին, Էջմիածնին քաջ ծանոթ է: Ոգեւորված ասաց, որ հիացած է մեր երգ ու պարով, ավանդական մշակույթով ու, ամենակարեւորը, շատ ուրախ է, որ մենք պահպանում ենք եվրոպական ժառանգության մաս կազմող մեր հնամենի մշակույթը: Տիկին դեսպանն ավելացրեց, որ մենք պետք է հպարտանանք, որ այդքան առանձնահատուկ, ազգային դիմագիծ ու ոճ ունեցող մշակույթի կրողն ու պահպանողն ենք: Նա չթաքցրեց, որ անհամբերությամբ է սպասում, թե ինչ է տեսնելու Ամբերդումՙ նվիրված Եվրոպական ժառանգության օրերին :

Ամբերդի ամրոց եւ 1026 թվականին իշխան, սպարապետ Վահրամ Պահլավունու հովանավորությամբ կառուցված Վահրամաշեն եկեղեցի տանող ճանապարհը հեշտ անցանելի չէ, բայց հենց դրանով է հետաքրքրական ու յուրահատուկ: Այդ ճանապարհը մարդաշատ էր. դեռ վաղ առավոտից էին պատրաստվել դիմավորելու հյուրերին: Զուռնա-դհոլի ձայնը մեկ-երկու ժամ չէր դադարում, հեռվից երեւում էր լարախաղացը, իսկ Ամբերդ ամրոցի տարածքում միջնադարայան զինվորական հագուկապով, թրերով դերասաններ էին շրջում: Փորձ էր արվել վերականգնել միջնադարյան ամրոցի ժամանակաշրջանն ու միջավայրը: Հյուրերը քայլեցին դեպի ամրոց ու եկեղեցի: Զուռնա-դհոլի ձայնն ավելի ուժեղացավ: Արհեստական սպիտակ մորթուց գլխարկներով, անհասկանալի հագուկապով երեք երաժիշտ լարախաղացի ելույթի համար պարեղանակ էին ապահովում: Իսկ պլպլան շորերով լարախաղացը շարունակում էր պարանի վրա առաջ-հետ քայլել, եվրոպացի ու հայ հյուրերին վերեւից ձեռքով ողջույններ հղել: Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի զարմացած հայացը ոչ մեկի ուշադրությունից չվրիպեց: Լարախաղացությունը, փաստորեն, ոչ միայն հայ, այլեւ եվրոպական մշակույթի կարեւորագույն մաս էՙ ավելի կարեւոր ու արժեքավոր, քան հայ ազգային երգն ու պարը: Եթե Ամբերդի քարքարոտ ճանապարհին լարախաղացի ելույթի համար բավականաչափ տարածք կար, ապա մի՞թե չէր կարելի ավելի ճիշտ ու նպատակային օգտագործել այդ տարածքը: Ազգային երգ ու պարի պրոֆեսիոնալ խմբեր ունենք, որոնք հայկական տարազներով կարող էին բեմադրված ազգային պարեր ներկայացնել ու անվերապահորեն ավելի մեծ տպավորություն գործել դեսպան Անդրեա Վիկտորինի ու մյուս հյուրերի վրա, քան ազգային մշակույթի հետ ոչ մի աղերս չունեցող լարախաղացությունը: Վերջերս պարարվեստի գործիչները բողոքում էին, թե պետական ու ոչ պետական հանդիսություններին ոչ մի անգամ իրենց չեն կանչում. մի՞թե հայկական պարը ոչ մեկին պետք չէ: Ի վերջո, կարելի էր առիթն օգտագործել, մեկ անգամ եւս հիշել, որ օրեր առաջ Կոմիտասի 150 ամյակը լրացավ, ավելինՙ հոբելյանական միջոցառումներն անցնում են եվրոպական մեկ այլ կառույցիՙ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Դիվանագետ չենք, էլի, մեր լավն ու վատը չգիտենք, մեր արժեքները մատուցելու ձեւերին չենք տիրապետում: Ի՞նչ Կոմիտաս...Ո՛չ մի Կոմիտաս կամ ազգային երգ ու պար: Պսպղուն շորերով լարախաղաց ու վերջ. ազգային մշակույթի բարձրակետ ու գլուխգործոց, որով կարելի է ներկայանալ աշխարհին ու ասելՙ մենք յուրահատուկ ենք:

Հետո սկսվեց բեմադրությունըՙ բեմ, հանդիսատես, դարձյալ բարձրաստիճան հյուրեր: Նրանց դիմավորեցին արքունական հագուկապով դերասաններըՙ թագավորը, թագուհին ու արքայադուստրը: Ու մունետիկ-զինվորը թղթից մի պատմություն կարդաց, թե ինչպես լինում է, չի լինում մի թագավորություն է լինում: Այնտեղ ապրելիս է լինում մի արքայադուստր, որն ամբողջ օրը, ամբողջ տարին տխուր էր: Թագավորը հրովարտակ է արձակում. «Ով աղջկաս ուրախություն ու ժպիտ պարգեւի, կարժանանա պարգեւի, իսկ թագավորությունում ամեն տարի այդ օրը տոնախմբություն կկազմակերպվի»: Տասնյակ տարիներ շարունակ, տասնյակ նույնօրինակ հեքիաթների նույնօրինակ սյուժե, մնում էր ննջող արքայադստերը ոմն արքայազն համբուրեր, նա արթնանար ու ամուսնանային, չար թագուհու սիրտն էլ բեմի վրա ճաքեր-մեռներ: Սա՞ է հայկական թագավորության մասին պատմությունը: Մինչդեռ այնքա՜ն հետաքրքրական պատմություն կարելի էր ներկայացնել:

Ամբերդ ամրոց-բերդաքաղաքՙ կառուցված 10-րդ դարում: Կիկլոպյան շինությունների մնացորդներ, վիշապաձկների քարակոթողներ, պեղումների արդյունքում հայտնաբերված խեցեղեն, ապակի, դրամներ, զարդեր ու զենքեր, որոնք վկայում են տնտեսական, ռազմական ու մշակութային զարգացած կյանքի մասին: Իսկ պեղումներն Էրմիտաժի գիտնականների հետ կատարել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Ամրոցը հենց այն տեսքով, ինչպիսին կա այսօր, 7-րդ դարում կառուցել են Կամսարական իշխանները: Իշխանական եռահարկ դղյակ, որի պատերին միշտ կախված են եղել բազմագույն գորգեր, Ամբերդում վաղնջական ժամանակներում բաղնիք է գործել. ջուրը 4-5 կմ հեռավորությունից ամրոց է բերվել կավե եւ երկաթե խողովակներով, հնոցների ծուխն անցել է հատակի տակով, որ բաղնիքը տաք լինի: Ճարտարապետական ու շինարարական ինչպիսի՜ հնարքներ: Ամբերդը ժամանակ առ ժամանակ տարբեր իշխանների է անցելՙ Բագրատունիների, Պահլավունիների, Զաքարյանների, Վաչուտյանների: Ամբերդը վերջնականապես ավերվել է 14-րդ դարավերջինՙ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ:

Ամբերդի այսքան հարուստ պատմությունից եւ ոչ մի տող, ոչ մի ակնարկ: Լարախաղաց, քրդական փափախներով զուռնաչիներ, իսկ մի քիչ հեռուՙ չալպուտուրիկ հագուստներով ծաղրածուներ, որոնց կարող ենք տեսնել մանկապարտեզներումՙ որեւէ երեխայի ծննդյան հոբելյանին մանուկներին զբաղեցնելիս: Անտեղյակությո՞ւն անվանեք, անփութությո՞ւն, թե ազգային արժեհամակարգից, պատվախնդրությունից զուրկ լինելու փաստ: Եվրոպական ժառանգության օրերը տարեկան մեկ անգամ են կազմակերպվում, ու Եվրոպական Միության դեսպանն ամեն անգամ չէ, որ ներկա է լինում Ամբերդում կամ պատմամշակութային այլ վայրում. ծաղրածուն ու լարախաղացըՙ որպես հայ հինավուրց մշակույթի բաղկացուցիչներ, հրամցրինք դեսպանուհուն: Այսօր եվրոպացի կոչվող, իսկ 6-րդ դարում ընդամենը ցեղատեսակ համարված մարդիկ չեն էլ իմացելՙ բաղնիքն ինչ է, իսկ մեր իշխաններն ու իշխանուհիները հատուկ համակարգով տաքացվող բաղնիքներում են լողացել, անառիկ ամրոց ու պարիսպներ կառուցել, տնտեսություն ու մշակույթ զարգացրել: Իսկ Եվրոպայում այդ ժամանակ ծաղրածուներն ու լարախաղացները զվարճացրել են անցորդներին, որոնք ոչ գիր են ունեցել, ոչ մշակույթ, ոչ էլ պատկերացում են ունեցել, թե ինչ է «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարո»-ն:

Անդրեա Վիկտորինին, իհարկե, ոչինչ չասաց իր տեսածի ու զգացածի մասին, բայց դժվար չէ գլխի ընկնել, թե նա ինչ է մտածել: Հիմա ո՞րն է հայ ազգի մշակույթըՙ Գառնի- Գեղա՞րդը, Էջմիածի՞նը, թե փահլեւանն ու ծաղրածուն: Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարն ահագին դժվար գլուխկոտրուկից պիտի գլուխ հանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ