RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



ԲՈՒՀԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 880, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՏԱՀՈԳԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ «ՊԱՀԱՆՋՆԵՐ». ՅՈՒՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ներկայացրեց ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ

Օրերս Երեւանի պետական համալսարանի Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանն անդրադարձել էր ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծին: Իր մտահագությունն ու անհանգստությունը հայտնելով ստեղծված իրավիճակի շուրջՙ Յու. Ավետիսյանը բերում է անհերքելի փաստեր, որոնք հաստատում են, որ նախագծի մի շարք կետեր ու ենթակետեր հարցականի տակ են դնում բուհերի ինքնավարությունն ու ինքնակառավարումը: Յու. Ավետիսյանի անդրադարձը մեջբերում եմ ստորեւ.

1. Օրենքում մի շարք հոդվածներով ու ենթահոդվածներով բուհերի ինքնավարությունն ու ինքնակառավարումը (ակադեմիական ինքնավարություն, մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն եւն) հռչակվում ենՙ որպես անբեկանելի արժեքներ: Մինչդեռ մի շարք կետերով ուղղակի կամ անուղղակի խստորեն սահմանափակվում եւ շրջանցվում են այդ արժեքները: Այսպես.

ա) Հանրային բուհի կառավարման խորհրդի ձեւավորումը եւ ռեկտորի «նշանակումը» ըստ էության վերապահվում են «համապատասխան լիազոր մարմնին» (խորհրդի 12 անդամներից միայն երկուսն են բուհի հիմնական ակադեմիական կազմից, 6-ին առաջադրում է համապատասխան նախարարը եւն. հոդվ. 26): Իր հերթին ռեկտորը նշանակում է ֆակուլտետների դեկաններին (նախկինում վերջիններս ընտրվում էին), որը իր կողմից ձեւավորած գիտական խորհրդում ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ամբիոնի վարիչների ԸՆՏՐՎԵԼԸ: Բրգաձեւ կառավարման այս համակարգում հետնամուտքերում են հայտնվում բուհական ինքնավարությունը եւ հանրային (ակադեմիական կազմի) կամքն ու կառավարման ազատությունը:

բ) Հոդվ. 31-ը հռչակում է բուհի ռեկտորի պաշտոնում ընտրվելուՙ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը, եթե նա «ունի գիտական աստիճան եւ բուհում դասավանդման կամ գիտական կամ վարչական աշխատանքի փորձ» եւն: Նախՙ նախընտրելի է ռեկտորի պաշտոնում տեսնել դոկտորի գիտական աստիճան ունեցող մեկին. դա ենթադրում է գիտական որոշակի կարգավիճակ եւ հեղինակություն: Եվ երկրորդՙ օրենքի համապատասխան կետում անպայման պիտի շեշտադրվի ռեկտորի թեկնածուի աշխատանքային փորձի առկայությունը նույն բուհում. կարծում ենքՙ բուհի ռեկտոր կարող է ընտրվել տվյալ բուհում 5 տարի աշխատած եւ վաստակ ունեցող գիտնականն ու կառավարիչը եւ ոչ թե այլ բուհից «բերման ենթարկված» մեկը:

2. Օրենքի նախագծում հստակ չեն սահմանվում բուհի ակադեմիական կազմի տեղակալման իրականացման սկզբունքներըՙ ասիստենտի, դոցենտի, դասախոսի պաշտոններում ընտրության կարգը եւն:

3. Բուհում վարչական պաշտոնում ընտրված կամ նշանակված անձի լիազորությունների դադարեցման տարիքի այդչափ սահմանափակումը (65 տարեկան. հոդվ. 38, կետ 15) կրթական-գիտական փորձի ենթադրվող սահուն փոխանցումներում լայն դուռ է բացում ձախորդ զարգացումների համար:

4. Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հավասարազորացումը դոկտորի գիտական աստիճանին, այսինքնՙ գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգի վերացումը (հոդվ. 41, կետ 3-րդ) խստորեն կմղի գիտական լուրջ կորուստներիՙ մասնավորապես հայագիտության ոլորտում: Հիշեցնենքՙ երկաստիճան համակարգը գործում է Եվրասիական միության անդամ երկրներում. փոփոխությունը մեզանում դժվարություններ կստեղծի այդ անդամ երկրների հետ գիտակրթական արդյունավոր գործակցության մեջ: Բացի այդ, երկաստիճան համակարգը իրենց քաղաքակրթական փորձով արդյունավետ են համարել եւ պահպանել են գիտական անբեկանելի արժեքներ դավանող եվրոպական մի շարք երկրներՙ Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա եւն:

5. Օրենքի նախագծում մոռացության է մատնված բուհական կրթության համակարգում հայագիտական առարկաների, մասնավորապեսՙ Հայոց լեզվի (այժմՙ «Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ») պարտադիր ուսուցման անպայման իրավունքը, որը սահմանված է ՀՀ լեզվի մասին օրենքով («Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են». ՀՀ օրենքը լեզվի մասին, 1993 թ., հոդվ. 2. օրենքը հետագայում մասնակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն այս կետը մնացել է անձեռնմխելի), եւ որը, ի դեպ, արձանագրված է նաեւ ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին գործող օրենքում. «....անկախ սեփականության ձեւից եւ մասնագիտությունիցՙ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու եւ հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ». հոդվ. 8, 2-րդ կետի 2-րդ ենթակետ, 2004 թ.:

6. Օրենքի այս նախագիծը աշխատանքային ավարտուն տեսքի բերելու համար, կարծում ենք, պետք է կազմակերպվեն հանրային լսումներ եւ քննարկումներՙ առանց անհարկի շտապողականության»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ