RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1898, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԾ ԳՐԱՎԸՙ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ անվստահություն հայտնած «իմքայլական» կամ «լուսավորական» պատգամավորներից որեւէ մեկը կարո՞ղ է խելամիտ բացատրություն տալ, թե ո՞րն էր իմաստը Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու: Անշուշտ, գիտենք, Ազգային ժողովը (ավելի ճիշտՙ ԱԺ խորհուրդը) իրավունք ունի այդ հարցով դիմելու Սահմանադրական դատարան (ՀՀ Սահմանադրություն, 169-րդ հոդված, 5-րդ կետ), սակայն չունի որեւէ իրավասություն, օրինական որեւէ լծակ ՍԴ դատավորների եզրակացության վրա ներգործելու, քանզի, ինչպես ՀՀ Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ կետն է ամրագրումՙ «Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը»:

Այդ դեպքում, իսկապես, ո՞րն էր իմաստը ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու. սեփական կուսակցական շարքերը միշտ կուռ եւ հավաք պահելու մարմա՞ջը, «հասարակաց թշնամու» խրտվիլակը հանրության աչքին խաղացնելու մարտավարության շարունակո՞ւմը, թե՞...

Համենայնդեպս պետք է ընդունել, որ ՍԴ նախագահի դեմ խորհրդարանական վերջին նախաձեռնության համար տրվեց բացատրության նման մի բանՙ ՍԴ ներկա կազմը նախկին կոռուպցիոն ռեժիմի ծնունդն է, իսկ նրա նախագահը, ինչպես ձեւակերպեց ԱԺ նախագահըՙ գլխավոր ճարտարապետը Սերժ Սարգսյանի հագին կարված Սահմանադրության: Բայց ընդունենք նաեւ, որ այդ եւ նման բացատրությունները, ինչպես ասում են, ֆնդըխ չարժեն, քանզի ներկա իշխանություններըՙ վարչապետով, կառավարությամբ, «իմքայլականներով» ու «լուսավորականներով» հարազատ ծնունդն են այդ նույն «ճարտարապետի» ստեղծած կառույցիՙ Սահմանադրության, հետեւաբար առնվազն քաղաքական անպարկեշտություն է ուրանալ իրեն ծնունդ տվողին, որի բուն անունը Սերժ Սարգսյան է, որի հանձնարարությամբ պատրաստված Սահմանադրության բարիքները վայելում են «իմքայլականներն» ու նրանց ուղեկիցները այսօր...

Այսուհանդերձ, ինչպես պարզվում է հարցի մեջ խորանալիս, ՍԴ-ի ու նրա նախագահի դեմ մղվող այս ճակատամարտը ունի իր ներքին տրամաբանությունը Հայաստանում միահեծան ու միանձնյա իշխանություն հաստատելու տեսակետից, սկսած քննադատություններով ու չարախոսություններով բորբոքված «թնդանոթային նախապատրաստությունից» մինչեւ ներմուծված դատավոր Վահե Գրիգորյանիՙ ինչպես ասում ենՙ «թիփի» անելը ԱԺ-ում եւ դրա շուրջը, ՍԴ դատավոր, թե՞ անդամ անհեթեթ վեճըՙ մինչեւ վենետիկյան հանձնաժողով տեղափոխելը, ՍԴ դատավորներին թոշակային գրավի խայծով հրաժարեցնելու առաջարկները, ու մինչեւ Հրայր Թովմասյանի նոտարական արտոնագրության, նրա քավոր-սանիկ կապակցվածության, անգամ ընտանիքի անդամինՙ հարազատ քրոջը «ցավեցնելով» նրան ընկճելու ստոր փորձերը:

Ընթերցողներից ոմանք թերեւս հարց տանՙ բայց ո՞րն է նպատակը Սահմանադրական դատարանը նվաճելու այս հետեւողական արշավի: Այդ ի՞նչ գրավ է, որին հետամուտ է վարչապետըՙ իր հետեւորդներով: Անցնող ավելի քան 25 տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանը բնավ չի եղել հասարակության ուշադրության կիզակետում, սկանդալների սիրահար մեր հասարակությունը զգայացունց որեւէ իրադարձություն չի հիշի կապված դատական բարձրագույն այդ ատյանի հետ, բացի միջազգային մի քանի պայմանագրերի մերժումից, կուտակային կենսաթոշակի պարտադիր լինելը մերժելուց, ԱրմենՏելի տխրահռչակ մենաշնորհը հակաօրինական հռչակելու եւ այլ որոշումները: Այդ կառույցի գործունեությունը միշտ էլ եղել է ոչ շռնդալից, մնացել է ներքին փոխըմբռնման, փոխադարձ հասկացողության խորհրդապահ մթնոլորտում:

Հետեւաբար, մեր միջին քաղաքացին այսօր զարմանում է, թե ինչի՞ համար է կենաց-մահու այս կռիվըՙ իր համար ոչ այնքան հայտնի կամ կենսական այդ ատյանի դեմ: Շատ-շատ կմտածի, որ այս մեկն էլ կապված է, ինչպես շատ հարցեր, երկրորդ նախագահի բանտարգելության խնդրի հետ: Բոլոր այդպես մտածողներին խորհուրդ եմ տալիս գեթ մեկ անգամ կարդալ ՀՀ Սահմանադրութան 168-րդ հոդվածը, որի 12 կետերում շարադրված են այն կարեւորագույն լիազորությունները, որոնք տրված են բարձրագույն այդ ատյանին: Հայնժամ նա պիտի հասկանա, թե յուրաքանչյուր մարդ, որ ձգտում է միահեծան եւ միանձնյա իշխանության, առանց ՍԴ-ն ամբողջությամբ իրեն հպատակեցնելու չի կարող հասնել իր նպատակին: Բացի ԱԺ-ի, կառավարության, վարչապետի ընդունած որոշումների, օրենքների, հրամանագրերի, միջազգային պայմանագրերի սահմանադրականությունը հաստատելու կամ մերժելու իրավասությունից, ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված են նաեւ այդ մարմնի մյուս բացառիկ իրավասությունները երկրում հանրաքվե անցկացնելու, պատգամավորների լիազորությունները դադարեցնելու, կուսակցությունների գործունեությունը կասեցնելու եւ, վերջապես, հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ:

Այս բոլորից հետո ավելորդ է դառնում սույն հոդվածի սկզբում պատասխանի ակնկալությամբ արածս հարցադրումըՙ ո՞րն է իմաստը Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունը պահանջելու: Ընթերցողին խնդրում եմ այն համարել պարզապես հռետորական հարց: Ամեն ինչ պարզ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ