RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ...

Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2078, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՙ ՄԻԱԿ ՀԱՐՑԸ ԵՐԲՎԱՆԻ՞Ց ԵՎ Ի՞ՆՉ ՉԱՓՈՎ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հակառակ վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ տարիներ շարունակ կրկնվող պնդմանը, թե Հայաստանում սպառողներին տրվող գազի սակագինը չարդարացված բարձր է եւ իր իշխանության գալով այն կիջեցվի, անցած մեկուկես տարվա ընթացքում դա տեղի չունեցավ: Այդՙ հերթական չիրականացված խոստմանը հավատացող «հպարտ» քաղաքացիներն էլ առանձնապես հակված չեն խոստում տվողից հաշվետվություն պահանջել, թե ինչի՞ հիման վրա էր տրվում այդ խոստումը եւ ինչո՞ւ այն չիրականացավ: Ավելին, հիմա խնդիրը գազի սակագնի բարձրացումից խուսափելն է:

Գազի սակագինը

Դեռ այս տարվա սկզբին Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող արտոնյալՙ 150 դոլար 1000 խմ համար սակագինը փոխվեց եւ դարձավ 165 դոլար 1000 խմ համար: Մինչ այդ, 150 դոլար 1000 խմ համար սակագինը Ռուսաստանի Դաշնությունը մեկ տարվա փոխարեն պահպանեց երկու տարի, քանի որ փոխադարձ վստահություն կար Հայաստանի նախկին իշխանության եւ մասնավորապես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նույնը չկա Հայաստանում գործող խոշոր ռուսական ընկերությունների հանդեպ մեղադրանքներ ներկայացնող եւ քրեական գործեր հարուցող, իր աջակիցների միջոցով Հայաստանում հակառուսական ակցիաներ հրահրող ներկայիս վարչապետի նկատմամբ:

Այս տարի հաջողվեց խուսափել ներքին սպառողի համար գազի սակագնի բարձրացումից: Ի դեպ, նշենք, որ 146,7 դրամ սակագինը ուժի մեջ էր մտել 2016-ի հուլիսի 1-իցՙ իջնելով մինչ այդ եղած 156 դրամից: Այսինքն, դարձյալ դա տեղի էր ունեցել նախորդՙ «կոռումպացված» իշխանության ջանքերով, որի կողմից գազի սակագնի 10 դրամով նվազումը հեղափոխականները մոռացան եւ մերժեցին, հավատալով վարչապետ Փաշինյանի խոստացած «հրաշքին», որն, ինչպես նշեցինք, տեղի չունեցավ: Ինչ մնում է սպառողերի համար գազի սակագնի պահպանմանն այս տարի, ապա դա տեղի ունեցավ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ «Գազպրոմի» շնորհիվ: Ընկերությունը փաստացի իր վրա վերցրեց անցնող տարում սակագնի բարձրացման բեռը :

Ներկայումս սպասվում է ռուսական գազի ավելի կտրուկ թանկացում: Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ հայ-ռուսական բանակցություններն ընթանում են արդեն գրեթե մեկ տարի, մինչդեռ առ այժմ ամեն ինչ անփոփոխ է: Սակայն, ակնհայտ է, որ դա անվերջ շարունակվել չի կարող:

Երեւանյան հանդիպումները ռուսական կողմի հետՙ անարդյունք

Այն, որ Երեւանում ավարտված ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքում եւս գազի սակագնի հարցի շուրջ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, միանշանակ է: Հույսեր կային, որ այդ ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս հարցում առաջընթաց կգրանցվեր: Դա տեղի չի ունեցել, քանի որ եթե այդպես լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը չէր հապաղի այդ մասին ազդարարեր իր «լայվով» եւ ֆեյսբուքյան գրառումով: Այսինքն, պարզ է, որ եկող տարվանից Հայաստանի մատակարավող գազի սակագինը թանկանալու է: Հարցերը առնչվում են միայն թանկացման չափին ու ժամկետին:

Դատելով Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ՙ լրագրողների հարցերին տված պատասխաններից, ջանքեր են գործադրվում, որպեսզի գոնե ձմեռային ամիսներին այն չթանկանա: Թանկացման չափի մասին շրջանառվում է 30 տոկոս չափըՙ մոտ 200 դոլար ներկայիս 165 դոլարի փոխարեն: Այս դեպքում դարձյալ հույսն այն է, որ ռուսական կողմը գոնե զեղչեր կիրառի եւ գազն ավելի քիչ թանկանա: Այդուհանդերձ, գազի թանկացումը բերելու է լրջագույն խնդիրների թե՛ բնակչության սոցիալական կացության, թե՛ մեր տնտեսության համար:

Նախՙ նշենք, որ վերամշակող ձեռնարկություններն ու ջերմոցային տնտեսությունները գազն այժմ ստանում են 100 դրամով, իսկ «Փարոս» ծրագրում ընդգրկված սոցիալապես անապահով խավըՙ 80 դրամով: Ընդ որում, այս սպառողներին տրամադվող գազի ավելի ցածր գնի տարբերությունը նույնպես իր վրա է վերցրել «Գազպրոմ Արմենիան», այլ ոչ թե Հայաստանի կառավարությունը:

Եթե ջերմոցներին եւ վերամշակող ձեռնարկություններին տրամադրվող գազի սակագինը բարձրանա, ապա դա լուրջ հարված կլինի Հայաստանի գյուղատնտեսությանը եւ արդյունաբերության վերամշակող ճյուղին: Այսինքն, ջերմոցներում արտադրվող հայկական գյուղմթերքը, ինչպես նաեւ ձեռնարկություններում վերամշակվող ապրանքները կթանկանան, որը կհանգեցնի հայկական ապրանքների գների բարձրացման եւ նրանց մրցունակության նվազման ինչպես երկրի ներսում, այնպես էր արտերկրում: Առաջին դեպքում դա նշանակում է թանկացումների նոր փուլ մեր բոլորիս համար, երկրորդ դեպքումՙ Հայաստանից արտահանման անկում :

Ասել, թե գազի սակագնի բարձրացումը եւ դրան ուղեկցվող առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ի՞նչ ազդեցություն կունենա սոցիալապես անապահով խավի վրա երեւի թե կարիք չկաՙ ամեն ինչ առավել քան պարզ է:

Սակագնի բարձրացման բեռըՙ մեր կատարած ընտրության հետեւանք

Հնարավո՞ր է սահմանին բարձրացումից հետո եկող տարի նույնպես Հայաստանի ներսում գազի սակագինը մնա անփոփոխ: Տեսականորեն դա էլ է հնարավոր է, բայց հարց է առաջանալու, իսկ ո՞ւմ հաշվին է դա տեղի ունենալու, ո՞վ է ֆինանսավորվելու նախորդ եւ սպասվող գնի տարբերությունը:Եթե ռուսական կողմը, ինչպես այս տարի է տեղի ունենում, ապա այդ դեպքում ընդհանրապես սակագնի բարձրացումն իմաստ չուներ: Եթե Հայաստանի կառավարությունն է սուբսիդավորելու պետբյուջեից, ապա դա ոչ այլ ինչ է, քան մեր հաշվին մեզ լավություն անել, չխոսելով այն մասին, որ դա պետության համար ծանր բեռ կլինի եւ կպահանջի տասնյակ միլիարդավոր դրամներ: Իսկ եթե ոչ առաջինը եւ ոչ էլ երկրորդը, ապա մենք բոլորս կրելու ենք գազի սակագնի բարձրացման ծանր բեռը:

Ռուսական գազի գնի բարձրացման դեպքում առաջանալու է նաեւ Հայաստանում էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման հարցը: Հիշեցնենք, որ մեր էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը ստացվում է ՋԷԿ-երիցՙ գազի այրման եւ հոսանքի փոխակերպելու միջոցով: Եթե նրանց տրամադրվող գազի սակագինը բարձրանա, ապա բնական է, որ արտադրվող հոսանքի գինը եւս պետք է բարձրանա: Եվ եթե նկատի ունենանք, որ ՋԷԿ-երը արտադրում են ամբողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, ապա պարզ է որ, այդ թանկացումը աննշան չի լինի:

Մի խոսքով, որեւէ պարագայում առաջիկայում մենք լիուլի ճաշակելու ենք մեր իսկ կատարած ընտրության հետեւանքները նաեւ գազի սակագնի հարցում: Այլ կերպ չէր կարող լինել, երբ ընտրություն ես կատարում ոչ թե համեմատության մեջ, այլ իրականությունը փոխելով առասպելների եւ կեղծ խոստումների հետ :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ