RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2333, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ «ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Վերջին շրջանում պաշտոնական շրջանակներում, գիտության հետ առնչվող տարբեր կառույցներում եւ ԶԼՄ-ներում քննարկվում է «ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը: Երբեմն բուռն ու անզիջում, երբեմն հանգիստ ու կառուցողական մոտեցումներով փորձ է արվում հեղինակներին տեսանելի դարձնել այն անճշտություններն ու բացթողումները, որոնք առկա են այս նախագծում: Ինքս էլ, որպես գիտության բնագավառում աշխատող ու ստեղծագործող անձ, մի քանի անգամ վերընթերցեցի նախագիծը եւ պատմաբանի դիրքերից ունեմ մի քանի նկատառումներ դրա վերաբերյալ:

Նախ` հոդված 4-ի վերաբերյալ: Այստեղ ասված է, որ բարձրագույն կրթությունը պետական քաղաքականություն է, իսկ թիվ 7 կետում ամրագրված է «հայագիտական հետազոտությունների գերակայությունը»: Այնինչ, XX դարի 90-ական թվականների հայոց պատմությանը տրամադրվող առատ ու ոգեւորիչ ժամաքանակներն այսօր աստիճանաբար պակասում են, դասագրքերը` «նիհարում»: Էլ չասեմ դպրոցներում այդ առարկայի նկատմամբ վերաբերմունքի մասին: Առաջին կուրսեցիներին երբ ասում ես, որ հայոց պատմությունն ընդամենը հայ ժողովրդի կենսագրությունն է, խիստ զարմանում են:

Ոչ վաղ անցյալում մի խորհրդակցության էի մասնակցում, որտեղ կառավարության ղեկավարը հստակ հայտարարեց` «ով պրոդուկցիա կտա` նրան էլ կվճարենք»: Չհամբերեցի ու ներկայացրի իմ մոտեցումները: Ապրիլյան քառօրյան նոր էր ավարտվել, հիշողություններն էլ թարմ էին, ես էլ այն վկայակոչեցի ու ասացի. որքան ես հասկացա, պրոդուկցիան իրեղեն արտադրանքն է կամ տեխնոլոգիական նորությունը: Դրական արձագանքից գոտեպնդված նշեցի, որ հրամանատարի հրամանի պայմաններում անգամ շատերը դիրքերը չլքեցին եւ ոչ քիչ դեպքերում կյանքի գնով պաշտպանեցին դրանք: Համաձայնության մթնոլորտն զգալով հայտարարեցի` անգամ զինվորի թիկունքում հազարավոր տանկեր ու այլ ռազմատեխնիկա էլ լիներ, եթե նա հոգեբանորեն ու իր դաստիարակությամբ թողնելու լիներ` կթողներ դիրքը: Բայց չթողեց, եւ հենց դա է իմ` հասարակագետի ու պատմաբանի «պրոդուկցիան»: Մեկնաբանությունները կարծեմ իսկապես ավելորդ են: Այսինքն` եթե հայագիտության գերակայության մասին օրենքի նախագծում ամրագրվի միայն ամրագրվելու համար եւ գործնականում ոչինչ չձեռնակվի, ինչպես այսօր է, ուղղակի ավելորդ է:

Մյուս դիտարկումս վերաբերում է գիտական կազմակերպության ֆինանսավորմանն ու այնտեղ գործունեություն ծավալողներին: Թիվ 32 հոդվածով սահմանվում է, որ գիտության ոլորտը ֆինանսավորվում է պետական բյուջեից ստացված միջոցներով: Իսկ նույն հոդվածի 6-րդ կետը պարզաբանում է, որ գիտահետազոտական գործունեության ֆինանսավորման համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեի ծախսային մասում նախատեսվում են նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Իսկ կոնկրետ տոկոսաչափի (ինչպես որ ընդունված է շատ քաղաքակիրթ երկրներում) կամ ավելացման մասին ոչ մի խոսք:

Հոդված 8-ի 3-րդ կետով սահմանվում է, որ գիտական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր աշխատողների վարձատրության եւ նյութական խրախուսման կարգը եւ չափերը: Սակայն ոչ մի խոսք չկա միջոցների ավելացման վերաբերյալ:

Մի հարց էլ, որ խիստ կարեւոր եմ համարում, դա նախագծի թիվ 3 հոդվածն է, որտեղ սահմանված է բարձրագույն կրթության երեք մակարդակ, իսկ 10-րդ կետում արձանագրված է, որ բակալավրի եւ մագիստրոսի մակարդակներին հաջորդում է երրորդ` դոկտորի որակավորումը: Միանգամից ասեմ, ես բոլորովին դեմ չեմ, որ մեր թեկնածուները միանգամից դոկտորի աստիճան ստանան եւ վերանա այն անհամտեղելիությունը, որն առկա էր բոլոր թեկնածուական վկայականներում, որոնցում հայերեն եւ ռուսերեն գրված էր «գիտության թեկնածու», իսկ անգլերեն` «դոկտոր»: Խորին հարգանքով եմ վերաբերվել նաեւ գիտության այնպիսի մշակների, ովքեր ժամանակ չէին տրամադրել դոկտորական ատենախոսություն գրելու, սակայն գիտական այնպիսի հզոր պաշար ու հիմնարար աշխատություններ ունեին, որոնցից առնվազն երկու-երեքը պատրաստի դոկտորականներ էին (երջանկահիշատակ ազնվաբարո մտավորական Դերենիկ Մուրադյանին հիշեցի): Անկասկած, թեեւ շատ քիչ, սակայն այսօր էլ կան այդպիսիք: Բայց խնդիրն այն է, որ օրինակ մեր բնագավառում մերօրյա թեկնածուական ատենախոսությունների ճնշող մեծամասնությունը որեւէ հիմնախնդրի վերաբերյալ ավել շատ փոստահավաք, հուշագրություններում ու մասնագիտական գրականության մեջ առկա տեսակետներ ներկայացում է, քան գիտական, տեսական, օբյեկտիվ պատճառահետեւանքային կապերի բացահայտում եւ ընդհանրական խորքային վերլուծություններ եւ, որ ամենակարեւորն է, նոր գաղափարների ու թեզերի առաջքաշում: Մի բան, որ լավ թե վատ, բայց հիմնականում արվում էր դոկտորական ատենախոսությունների դեպքում: (Տնտեսագիտության դոկտոր բարեկամս նկատեց` դու մեր վիճակից հարցրու):

Ինչ եմ առաջարկում: Հաշվի առնելով գիտության զարգացման ժամանակակից արագ թափն ու համաշխարհային ինտեգրման օր-օրի ավելացող մակարդակը եւ այն, որ մեր շատ թեկնածուներ պետք է դրսում ներկայացնեն հայ դոկտորի մակարդակը, առժամանակ ինչ-որ միջանկյալ, անցումային ձեւաչափ ընտրել, որպեսզի հերթական անգամ տխուր փաստի առաջ չկանգնենք, ինչպես դա եղավ Բոլոնիայի համակարգի մեխանիկորեն, առանց նախկին ավանդույթներն ու ձեռքբերումները, ազգային առանձնահատկությունները հաշվի առնելու չարաբաստիկ ներդրման ժամանակ (ում համար պարզ չի օրինակ, որ միջնակարգ կրթության 12-ամյա համակարգը մեզանում արդարացված չէ, որ չնայած արդեն տասնյակ տարիներ ներդրված է, սակայն մագիստրատուրան այդպես էլ չկայացավ եւ այլն): Ենթադրում եմ, որ նախագծի հեղինակները սերտ առնչություններ ունեն գիտության բնագավառի հետ եւ քաջատեղյակ են այնտեղի ներկայիս կացությանը, հետեւապես պիտի զգուշանան գրչի մեկ հարվածով վտանգել հայ գիտության հետագա զարգացման գործընթացը:

Ավելացնեմ, որ վերջնական ճշմարտություններ ասելու հավակնություն չունեմ եւ ուրախ կլինեմ անկեղծ, օբյեկտիվ ու սրտացավ կարծիքներ լսել: Գիտության բնագավառի իմ գործընկերներին եւ բոլոր շահագրգիռ անձանց առաջարկում եմ իրենց դիտարկումներով ու առաջարկություններով հանդես գալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ