RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



ԱՍՈԻԼԻՍ

Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2787, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻՆՙ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ասուլիսների ընթացքում հաճախակի է անդրադարձ կատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-ադրբեջանական սահմանի լարվածության եւ հակամարտող կողմերին հերթական անգամ բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելու հարցերին: Բացառություն չէր նաեւ հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպումը, որի ընթացքում արտգործնախարարության բարեկիրթ, գեղեցկատես եւ արտասովոր աշխատասիրության տեր պաշտոնյան համբերատար եւ առանց զգացմունքներին տրվելու մեկ անգամ եւս հայտնեց ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրիՙ Ռուսաստանի դիրքորոշումըՙ կոչ անելով հանդես բերել խոհեմություն ու բանականություն եւ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելՙ հակամարտության գոտում լարվածությունը կանխելու համար. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը որեւէ փոփոխության չի ենթարկվել: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»:

Մարիա Զախարովան, որ տարիներ ի վեր ուսումնասիրել եւ քաջ տիրապետում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի էությանն ու խնդրինՙ անդրադարձավ նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովիՙ արցախյան հակամարտության մասին հայտարարությանը:

Լավրովը վերջերս Սոչիում տեղի ունեցած «Վալդայ» ամենամյա համաժողովում ելույթի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների վերսկսման վտանգ Արցախում չի տեսնում: Միեւնույն ժամանակ նա նշել էր, որ ռուսական կողմը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման բան տեղի չունենա: ՌԴ արտգործնախարարը նաեւ ընդգծել էր, որ վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է, միջադեպերը քիչ են եւ ոչ շատ խոշոր: «Իսկ ահա քաղաքական գործընթացը արգելակված է, եւ առայժմ չի ստացվում տեղից շարժել: Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվումՙ հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղը Հայաստան է, ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետը հայտարարեց «Կոսովոն Ալբանիա է»: Դա, իհարկե, չի օգնում ստեղծել մթնոլորտՙ բանակցային գործընթացը վերսկսելու համար»,-հավելել էր Լավրովը: Նրա խոսքովՙ Ռուսաստանը ամերիկացիների եւ ֆրանսիացիների հետ համատեղ աշխատում է, եւ սա այն քիչ դեպքերից է, երբ կա բացարձակ միասնական տեսլական, բազային փաստաթղթեր: «Չենք ցանկանում իրագործել դրանք, ցանկանում ենք այդ բազային սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են, հանգուցալուծում գտնել: Բայց հանգուցալուծում, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսության միջոցով: Շփումներ կան, բայց կարգավորման մասին երկխոսություններն առայժմ չեն վերսկսվել»,- ասել է նա:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Լավրովը ի՞նչ նկատի ուներ ուղիղ շփումների, բանակցությունների անհրաժեշտության մասին խոսելիս` բանակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջե՞ւ, թե՞ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ, Զախարովան նշեց, որ ՌԴ արտգործնախարարը նկատի է ունեցել բանակցություններ երկու պետությունների միջեւ. «Կարծում եմ, որ ուղիղ բանակցությունները երկու պետությունների միջեւ կհայտարարվեն երկրների ներկայացուցիչների կողմից»: Մարիա Զախարովան նաեւ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջանՙ արցախյան հակամարտության հարցը քննարկելու համար, այցը համաձայնեցված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սակայն հստակ ժամկետներն առայժմ հայտնի չեն:

Զախարովան, իրեն հատուկ հանդարտ, անկաշկանդ ոճով եւ խոսքը լսարանին տեղ հասցնելու վստահությամբ եւ վճռականությամբ նաեւ հավելեց, որ տարբեր անձանցՙ քաղաքական գործիչների, խորհրդարանականների, պատմաբանների, քաղաքագետների եւ այլոց կողմից կարող են հնչել բազմաթիվ հայտարարություններ, սակայն պաշտոնական դիրքորոշումը միշտ հնչում է պաշտոնական մակարդակով:

Իսկ «Ազգ» թերթի լրագրողիս այն հարցին, թե ներկա փուլում նա ինչպե՞ս է գնահատում ռուս-հայկական քաղաքական եւ տնտեսական հարաբերություններըՙ Զախարովան, տվեց չափազանց կարճ, ամփոփ, բայց միեւնույն ժամանակՙ յուրահատուկ եւ հոգուց բխող պատասխանՙ «լավատեսորեն»:

Ես կասկած չունեմ, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ այս բարետես կինը Հայաստանին եւ մեր երկրի ապագային լավատեսորեն է վերաբերվում, գրեթե համոզված եմ, որ Զախարովան իր հոգու խորքում ցանկանում է իր համակրանքը վայելող եզերքում, որի մասին հայտարարել էՙ «Հայաստանում հյուրընկալությունը սահմաններ չունի», եւ որտեղից յուրաքանչյուր այցելությունից հետո անջնջելի տպավորություններով է հեռանում, երկինքը միշտ տեսնել կապույտ, իսկ սահմանները անվտանգ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ