RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



ԱԶԳԱՅԻՆ-ՀՈԳԵՎՈՐ

Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2459, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԸՆՏԱՆԻՔԸ ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոկտեմբերի 9-ից 10-ը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի սրահում, Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ., վեհափառ Գարեգին 2-րդի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» վերնագրով միջազգային համաժողովը: Համաժողովի կազկոմիտեի անդամներն էին Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մատենադարանի հրատարակչության տնօրեն Արարատ քահանա Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանը եւ «Ինտեգրացիա ու զարգացում» հետազոտական-վերլուծական հ/կ-ի նախագահ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը:

Տերունական աղոթքով եւ ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: Վերջինս իր ելույթում նշեց, որ ընտանիքը քրիստոնեական վարդապետության հիմնաքարերից է, իսկ ամուսնությունըՙ սրբություն եւ հոգեւոր արժեք:

«Ընտանիքը Աստծո օրհնությունն է, այն յուրօրինակ եկեղեցի է, որի հարկից ներս ընտանեկան հոգեւոր միություն է», նշեց Գարեգին երկրորդը: Ամուր քրիստոնեական ընտանիքը պետության ապագան է, դա էր պատճառը, որ 2019թ. վեհափառի կողմից հայտարարվեց ընտանիքի տարի:

Կաթողիկոսը իր մտահոգությունը հայտնեց ընտանիքների քայքայմանՙ ամուսնալուծությունների շատացող դեպքերի կապակցությամբ, շեշտելով, որ այդ առումով կարեւոր է համագործակցությունը պետության հետ: Վեհափառը նշեց, որ եկեղեցին իր ուշադրության կենտրոնում է պահում եւ օգնություն է ցուցաբերում սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին: Իր ելույթի վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսը բարիերթ մաղթեց համաժողովին, համոզմունք հայտնելով, որ այս հավաքը իր նպաստը կբերի ընտանիքի ամրապնդման գործին:

Երկօրյա համաժողովում հանդես եկան տարբեր երկրներիցՙ Ռուսաստանից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից, Ավստրիայից, Բելգիայից ժամանած բազմաթիվ հյուրերՙ կրոնական եւ հասարակական գործիչներ, որոնք խոսեցին 21-րդ դարում ընտանիքի, դրա քրիստոնեական կարեւորության եւ այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է ընտանիքի ինստիտուտը:

Արշակ եպս. Խաչատրյանն իր ելույթում, որը վերնագրել էր «Ամուսնություն. միություն, թե՞ համակեցություն», անդրադառնալով ամուսնության ներկա մեկնաբանություններինՙ դրանք վերագրեց որպես Սուրբ գրքի սկզբունքներին հակասող: Սրբազանը շեշտեց, որ քրիստոնեական ընտանիքի հիմքը «ողջախոհությունն է, որից եւ ծնվում է սերը, իսկ սիրուցՙ անհամար բարիքներ»:

Համեմատելով ընտանեկան միության եւ համակեցության սկզբունքներըՙ սրբազանը շեշտեց, որ դրանք նույնական չեն եւ արտահայտում են տարբեր աշխարհայացքներ: Միությունը դա երկուսի միավորումն է, «մեկ մարմին աստվածային պատգամը», նշեց Արշակ Սրբազանը:

Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ եւ Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կառավարիչ Լեոնիդ արք. Գորբաչովը իր ելույթում անդրադարձավ ընտանիքիների քայքայման անհանգստացնող միտումներին: Վերջինս շեշտեց, որ երիտասարդության մեջ տարածված բաժանումների երեւույթը հանգեցնում է երեխաների դաստիարակության եւ իրավունքների զանգվածային խախտումների:

«Կենդանի ծնողների առկայության պայմաններում հազարավոր երեխաներ հայտնվում են մանկատներում», նշեց ռուս եկեղեցականը, դրա պատճառը համարելով զանգվածային մշակույթը, ինչը հանգեցնում է երիտասարդության շրջանում ոչ քրիստոնեական արժեքների տարածմանը:

Անդրադառնալով արհեստական վիժեցման երեւույթինՙ ռուս եկեղեցականն այն բնութագրեց որպես սպանություն, նշելով, որ երեխայի ծնունդը Աստծո պարգեւն է: Իսկ այդ երեւույթիՙ վիժեցման դեմ պայքարի գործուն միջոց առաջարկեց մայրության իրավունքների պաշտպանությունը պետության կողմից:

Երկօրյա համաժողովին հանդես եկան բազմաթիվ մասնագետներ եւ եկեղեցականներ, որոնք շեշտեցին ընտանիքի ինստիտուտի կարեւորությունը որպես քրիստոնեական արժեաբանության հիմք: Վերջիներիս ելույթների հիմնական թեման ներկա ժամանակաշրջանումՙ աշխարհայնացման ու նոր մարտահրավերների պայմաններում ընտանիքի ինստիտուտի պահպանման եւ պաշտպանության կարեւորությունն էր:

Համաժողովի վերջում, մեր հետ զրույցում միջոցառման կազմկոմիտեի անդամ Արամ Սաֆարյանն ասաց, որ իրենց «Ինտեգրացիա եւ զարգացում» հ/կ-ն իր բոլոր հնարավորություններով աջակցել է այս ձեռնարկի իրականացմանը: Նա շատ կարեւոր համարեց Հայ Առաքելակա եկեղեցու դերակատարումը եւ առաքելությունը ավանդական արժեքների ու մասնավորապես հայկական ավանդական ընտանիքի պահպանության գործում:

Արամ Սաֆարյանը ընդգծեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված վերջին հասարակական ակտիվությունը ցույց է տալիս, որ մեր ժողովրդի մեծագույն մասը չի ուզում թույլ տալ ավանդական արժեքների կորուստը եւ պատրաստ է համախմբվել ու միավորվել ընդդեմ դրսից ներմուծվող շատ վիճարկելի, նեոլիբերալ արժեքների ներմուծմանը դիամակայելու համար:

Համաժողովն ավարտվեց Ս. Գայանե տաճարում տրված փառավոր պատարագով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ