RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1788, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՆ ՀՌՈՄԻ ԽՃԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

www.ildenaro.it, Իտալերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Հայաստանի Ազգային Պատկերասրահը օգոստոսի 10-ից սեպտեմբերի 29-ը հյուրընկալեց «Հին Հռոմի գունեղ տեսիլները.խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսը. Հռոմ մայրաքաղաքի հեղինակավոր խճանկարների հագեցած տեսականիՙ բերված Կապիտոլյան թանգարանից: Այս նախաձեռնությունը, Հայաստանում Իտալիայի դեսպանատան առաջարկությամբ եւ Գլոկալ Փրոջեքթ Քընսալթինգի աջակցությամբ, մաս է կազմում Հռոմ մայրաքաղաքի Մշակույթի զարգացման վարչության ու Կապիտոլիումի մշակութային ժառանգության գերատեսչության ամենածավալուն գործունեության համայնապատկերի, որը նպատակաուղղված է մշակութային ժառանգության խթանմանն ու արժեւորմանը: Այս շրջանակում կնքված պայմանագիրը նախատեսեց ցուցահանդես, որի առաջին հանգրվանը Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի Սոֆիայի հնագիտության ինստիտուտն էր: Մեկ այլ հանգրվանը Թբիլիսիում էՙ Վրացական ազգային թանգարանում: Ցուցահանդեսի գիտական կողմի պատասխանատուն Կապիտոլիումի մշակութային ժառանգության գերատեսչությունն է, որի խնամակալությունը հանձնված է Կլաուդիո Պարիզի Պրեսիչեին եւ Նադիա Ագնոլիին:

«Երջանիկ եւ հպարտ եմ, որ Սոֆիայից հետո Երեւանն ու Թբիլիսին են իրենց թանգարաններում հյուրընկալում Կապիտոլյան թանգարաններից բերված այս հոյակապ խճանկարների ցուցահանդեսը,- ասաց քաղաքապետ Վիրջինիա Ռաջին : - Մեր նպատակն էՙ արժեւորել եւ խթանել Հռոմի ահռելի ժառանգությունը ողջ աշխարհում»: Ցուցահանդեսի մաս կազմող բոլոր 21 խճանկարները, որոնք հայտնաբերվել են Հռոմում, ժամանակային մեծ շրջան են ընդգրկում, սկսած մ. թ. ա. 2-րդ դարից մինչեւ մ. թ. 4-րդ դարը, ուստի կարող են ճշգրտորեն ցույց տալ արհեստանոցների զարգացումը, աշխատավորների ստեղծագործական եւ կատարողական արտակարգ ունակությունները, միեւնույն ժամանակՙ պատվիրատուների նորաձեւության եւ ճաշակների փոփոխությունը Հանրապետության ժամանակաշրջանից մինչեւ ուշ կայսերական դարաշրջանը: Խճապատկերները, փաստորեն, լայն տարածում ունեցող արհեստագործական արտադրանքներ էին, որոնք նախատեսված էին առավել ունեւոր եւ միջին դասի քաղաքացիների տների հատակներն ու պատերը գեղեցկացնելու, ինչպես նաեւ հանրային կառույցները եւ դամբարան-հուշարձանները զարդարելու համար, եւ այս պատճառով, երբեմն զարմանալի կերպով, օգնում են տեղեկություն ստանալ հին Հռոմի նիստուկացի եւ հասարակության մասին:

Խճանկարները նրբագեղ զարդերով եւ նրբերանգների հարստությամբ մեզ հետ են տանում «գլոբալիզացված» մի աշխարհ, որտեղ նույն կաղապարները վերարտադրվում էին հազարավոր կիլոմետրեր այն կողմ: Ցուցադրված հավաքածուն թույլ է տալիս գնահատել բոլոր տեսակի եւ տեխնիկաների խճանկարները, նաեւ մտորել զարդերի թեմատիկայի բնույթի մասին, որոնք բազմաթիվ են նշանների եւ գույների մեջ, նաեւ մեր մշակույթի ու գրաֆիկական դիզայնի հետ նրանց կապի մասին: Մի հսկայական եւ ճշգրիտ ուսուցողական, պատկերավոր մեքենա թույլ կտա հասկանալ խճանկարի մշակման տարբեր տեսակներն ու տիպաբանությունը, տարատեսակ հորինվածքային եւ բազմաթիվ դեկորատիվ մոտիվներըՙ երկրաչափական, բուսական կամ այլաբանական մասնիկներից ներշնչված, դիցաբանական տեսարաններով եւ կերպարներով, իրական կյանքի, ինչպես նաեւ մեծ արժեք ներկայացնող խորհրդապաշտությամբ: Հատակի եւ պատի հնագույն խճանկարներից ընտրված առավել հատկանշական աշխատանքների օրինակները մաս են կազմում կապիտոլիական հավաքածուի արժեքավոր այն հատվածի, որը հայտնաբերվեց 19-րդ դարի վերջին, 20րդ դարի սկզբին կատարված պեղման եւ հետազոտման մեծ աշխատանքների արդյունքում: Այն հաջորդ օրն իսկ հետաքրքրություն առաջացրեց Հռոմումՙ Իտալիայի թագավորության նոր մայրաքաղաքի համար իրենց նշանակությամբ (1870):

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 9-ին, ժամը 18.30-ին, Երեւանումՙ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի կառավորության անդամների, դիվանագետների, գիտնականների ու քաղաքացիների ներկայությամբ եւ գործեց մինչեւ սեպտեմբերի 29-ըՙ մաս կազմելով հայկական մայրաքաղաքի ամառային միջոցառումներինՙ իտալական մշակութային միջոցառումներով հարուստ սեզոնի շրջանակումՙ շնորհիվ դեսպանատան եւ Հայաստանի կառավարության միջեւ սերտ համագործակցության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ