RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



ԲԱԶՄԱԶԱՆ

Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1430, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՏԵՊՂԻՆԸ ԵՎ ԻՐ ԳԻՆԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Տարիներ առաջ համանման վերնագրով մի նյութ էի գրել: Առիթը թերեւս այն էր, որ հայաստանաբնակներիս կողմից գազար անվանվող բանջարեղենը սկսել էինք ստեպղին կոչել, որի արդյունքում, թերեւս կեսկատակ, դրա ամիսներ առաջվա կիլոգրամի գինը 150 դրամից հասել էր 250 դրամի: Դե, ամիսը 1-2 կիլոգրամ այն օգտագործելու պարագայում հավելյալ մեծ գումարի մասին չէր խոսքը, այլ աննախադեպ աճի, որը շուրջ 65 տոկոս էր կազմում:

Այս մասին կրկին մտորելու առիթ ծագեց ՀՀ վարչապետի վանաձորյան ասուլիսը դիտելու ընթացքում, երբ գնաճի խնդրին անդրադառնալով կառավարության ղեկավարը ոչ մի խոսք չասաց գնաճը պայմանավորող առաջարկ-պահանջարկ սկզբունքի մասին, գերադասելով այստեղ էլ կրկին հիշել կոռուպցիոն դրսեւորումները: Եթե այն պայմանավորված էր հանրության մի մասի բնորոշմամբ ներկրողների շահերը սպասարկելով, խնդիրը պարզ է: Հարցն իրականում այն է, որ ՀՀ քաղաքացիների կողմից սպառվող հիմնական պարենմթերքները մեծամասամբ ներկրվող են, երբ խնդիր պետք է համարել դրանք մեզ մոտ աճեցնելը, որոնց թվում մեր տանտիրուհիների կողմից օգտագործվող այս սովորական բանջարեղենը: Թերեւս սովորական բառն այստեղ կարելի է անհարկի դիտարկել, քանզի ստեպղինը հարուստ է ածխաջրերով, հանքային աղերով, վիտամիններով, այն օգտագործվում է սննդի մեջ թարմ, պահածոյացված ու եփված վիճակում: Մշակաբույսի հյութը եւ կարոտինը օգտագործվում է որպես բուժամիջոց սակավարյունության եւ հիպերտոնիկ հիվանդությունների դեմ: Իլրումն այս ամենի, այն նաեւ արժեքավոր կեր է, ՀՍՍՀ-ում մշակվել է նախալեռնային եւ լեռնային շրջաններում, հեկտարից բերքը տատանվել է 2,5-3,5 տոննայի սահմաններում: ՀՍՀ հանրագիտարանը վկայում է, որ մեզանում շրջանառվել է «Լենինականի տեղական» սորտը:

ՀՀ առեւտրային ցանցում ստեպղինն այս բերքահավաքի շրջանում վաճառվում է կիլոգրամը մինչեւ 500 դրամով, հազվադեպՙ 350-400 դրամով: Քաղաքաբնակիս շրջապատից շատերն են տարակուսած այս առումով, այնպես որ երբ նշում եմ, որ գինը պայմանավորված է արտերկրներից ներմուծումով, ոմանք տարակուսում են. բա Արամուսի գազարն ի՞նչ եղավ:

Հարցի հասցեատերը գյուղոլորտի վիճակով մտահոգ ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս չէ, այնպես որ հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրը վերահասցեագրում եմ ՀՀ գյուղատնտեսության պատասխանատուներին, հիմա արդենՙ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որի կազմ է մտցվել երբեմնի գյուղնախարարությունը:

Նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում ոլորտային պատասխանատու պետական այդ կառույցը երբեւէ անգամ ակնարկ չի արել մեր խոհանոցներում պարտադիր օգտագործվող բանջարա-բոստանային մշակաբույսերի տարեկան արտադրության վերաբերյալ, որի արդյունքում գյուղատնտեսական այս ոլորտը ինքնահոսի է մատնվել: Արդյունքում մենք որեւէ պատկերացում չունենք Եգիպտոսից ու Իրանից, Չինաստանից ու Իսրայելից ներկրվող սոխի ու սխտորի, ստեպղինի ու սմբուկի, բազուկի ու կոճապղպեղի, այլ մշակաբույսերի որակական հատկոււթյուններից: Հայաստանյան հանրության շրջանում հաճախ է հարց հնչեցվում, թե այդ ի՞նչ միջոցներով են հրեից սակավահող երկրում հարյուր հազարավոր տոննաներով ստեպղին աճեցնում, դրա 100 հազար տոննան Ռուսաստանի Դաշնություն արտահանում, մեզ էլ բաժին հասցնում, երբ պարզ չէ մեզանում արտադրվածը պահանջարկի ո՞ր տոկոսն է կազմում. 10, 20, ոչ ավելի, քանզի երեւանյան սուպերմարկետների վաճառասեղաններին աշխատակիցների դատարկող պարկերի վրա հաճախ կարելի է կարդալ «Իսրայել» անվանումը: Հողային ռեսուրսի պարագայում ստեպղինի պահանջարկը կարելի է բավարարել ՀՀ վարելահողերի անգամ 1 տոկոսն օգտագործելու դեպքում:

Եվ հարցըՙ ինչո՞ւ ենք այսչափ անզոր ու անճար դարձել պարզագույն խնդիրների լուծման ընթացքում, հնչում է բնականաբար: Այն խոսքերը, թե մեզանում ամեն ինչ է արվում հպա՜րտ քաղաքացու առօրյան բարեփոխելու ուղղությամբ, ցանկալի է առարկայորեն զգալ: Լավագույն առօրյա ունենալը, լավ կենցաղով ապրելը, հանգիստ միջավայրում ժամանցը պայմանավորված են մեր հագուկապով, մեր կերած-խմածով, օրվա ընթացքում սպառած կալորիաներով: Արդեն հիշատակված երկրներում միջին բնակչի հաշվով օրվա ընթացքում այն կազմում է 3200-3800 կիլոկալորիա, երբ մեր վերջին տարիների ցուցանիշը 2200 կիլոկալորիա է: Այն չի բարձրանում, որովհետեւ ՀՀ հողա-ջրա-ջերմային կարողունակությունը մեր մարդկանց ծառայեցնելու փոխարեն այնտեղ ՀՀ կառավարության ակտիվ ջանքերի շնորհիվ ելակ ու հաղարջ է աճեցվում արաբ շեյխերի համար, անվերջ կառուցվող ջերմոցներում էլ լոլիկ ու վարունգ է մշակվում բարեկամ ռուսաստանցիների համար: Նման տնտեսական գործընթացների արդյունքում մեզ էլ մնում է բավարարվել Հայաստանի Հանրապետությունում առաջիկա տարիներին գնաճը կառավարելի լինելու իշխանական հավաստիացումներով, որպիսին լսում ենք տասնամյակներ շարունակ: Տարօրինակորեն թե ցավալիորեն տնտեսական գործընթացներն այլ, անբացատրելի սցենարներով են ընթանում, երբ աշխատանք է համարվում թատրոն այցելողների վիճակագրություն վարելը, այլ ոչՙ ասենք մեր մարդկանց կյանքի տեւողության երկարացումը դիտարկելը: Վարչապետական ասուլիսի ընթացքում խոսվեց Արցախ-ՀՀ հեռախոսազանգերի րոպեավճարների հնարավոր նվազեցումից, երբ հարկ է մտահոգվել Արցախն ու ազատագրված տարածքները հենց թեկուզ ողջ Հայաստան աշխարհից արտագաղթած հայորդիներով բնակեցնելու խնդրով:

Թե ինչպիսի գործընթացներ կծավալվեն հետասուլիսյան շրջանում, երբ հանրությանը մտահոգող հիմնական հարցերից շատերի պատասխանները չհնչեցին, կտեսնենք առաջիկայում: Հուսանքՙ կապրենք ողջախոհության պայմաններում, առանց հերթական լուրջ գնաճի ու առավել եւսՙ ցնցումների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ