RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1155, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՇՐՋՎՈՒՄ Է ԱՄՆ-Ի, ԹՈՒՐՔԻԱՆՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Տեղի ունեցավ այն, ինչի մասին վերջին երկու-երեք տարիներին գրում էին հունական եւ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները: Աթենքում Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նոր անժամկետ համաձայնագիր են ստորագրել փոխադարձ ռազմական համագործակցության մասին:

Այն ամերիկացիներին հնարավորություն է տալիս Կրետե կղզում գտնվող իրենց ռազմակայանի ընդլայնումից բացի օգտագործել նաեւ Ստեֆանովիկո, Լարիսա եւ Ալեքսանդրուպոլիս ռազմակայանների ենթակառույցը եւ Հունաստանում ստեղծել ռազմական նոր օբյեկտներ, որոնք կուժեղացնեն ԱՄՆ-ի ներկայությունը Եվրոպայի հարավ-արեւելքում: Ինչո՞ւ: Այս հարցին հստակորեն պատասխանել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը Պոմպեոյի հետ իր հանդիպման ժամանակ:

«Մենք պայմանավորվեցինք նորացնել ռազմական համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը, որը կամրապնդի տարածաշրջանում մեր ընդհանուր ռազմավարական հնարավորությունները ի շահ տարածաշրջանային անվտանգության ու կայունության: Մանավանդ, որ Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրածովքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մարտահրավեր են նետում Հունաստանի եւ Կիպրոսի ինքնիշխան իրավունքներին, խախտում են միջազգային իրավունքը եւ հաճախ ուղեկցվում արմատական ու անարդյունավետ հռետորաբանությամբ: Ես նկատի ունեմ հարեւան Թուրքիայի գործողությունները, որոնք հաճախ ներհակ են բարեկամության եւ համագործակցության գաղափարներին»:

Այդ ձեւով ուրվագծվեց Աթենքի գլխավոր խնդիրը: Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, պետքարտուղարը իր այցելության ընթացքում ձեռնպահ է մնացել հակաթուրքական հայտարարություններից: Սակայն պատահական չէ, որ Վաշինգտոնի ձեռնարկած քայլը ժամանակի առումով համընկնում է Անկարայի հետ հարաբերությունների սրմանը եւ Արեւելյան Միջերկրածովքում ծագած խնդիրներին, որոնք կապված են Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի ձեռնարկած հորատման աշխատանքների հետ: Բայց դա սոսկ պատրվակ է:

Ռազմական փորձագետների գնահատումների համաձայն, ամերիկացիները այդ տարածաշրջանում սկսել են ձեւավորել նոր կոնֆիգուրացիաՙ «հաշվի առնելով Արեւելյան Միջերկրածովքի, Լիբիայի եւ Սիրիայի իրադարձությունները», ինչպես ասել է ԱՄՆ Շտաբների պետերի գլխավոր կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը : Եվ եթե անցյալում Վաշինգտոնը փորձում էր որոշակի հավասարակշռություն պահպանել Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ, քանի որ այդ երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են, ապա այժմ իրավիճակը զգալիորեն փոխվում է:

ԱՄՆ-ը արդեն մշտական ռազմակայան ունի Իսրայելում, որը Հունաստանի հետ ստորագրել է ռազմական համագործակցության համաձայնագիր, ինչպես նաեւ ռազմական ու պաշտպանական հարաբերություններ ունի Կիպրոսի հետ: Փաստորեն կարելի է խոսել եթե ոչ ռազմական բլոկի, ապա առնվազն ԱՄՆ, Իսրայել, Հունաստան, Կիպրոս ռազմաքաղաքական դաշինքի մասին, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ չէ միայն Իսրայելը: Փոխարենը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այդ կազմից դուրս է բերված: Արեւելյան Միջերկրածովքի իրադրությանը հստակորեն հակազդող Անկարան, որն այդ շրջանը ընդգրկում է իր ռազմավարական շահերի մեջ, իհարկե ըմբռնում է ամերիկացիների ազդանշանները: Խնդիրն այն է, թե հետագայում Թուրքիան ինչպես կընկալի իրադարձությունների ընթացքըՙ որպես «անհնազանդի սանձահարման» ուղղված ամերիկացիների գործողությո՞ւն, թե՞ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի հարավարեւելյան թեւում ԱՄՆ-ի գլխավոր գործընկեր Թուրքիան զոհաբերելու ԱՄՆ-ի վերջնական որոշում, Հունաստանի հետ մերձենալու ձգտում:

Ամերիկացիների պատասխանից կախված են թուրքերի գործողությունները: Նախ եւ առաջ, նշում է The Wall Street Journal-ը, Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողություն ձեռնարկելով, Անկարան կարող է ԱՄՆ-ին ստիպել դուրս բերելու սեփական զորքերն այդ երկրից: Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արդեն հայտարարել է, որ իր երկիրը կարող է Սիրիայում Եփրատից արեւելք անսպասելիորեն ռազմական գործողություն սկսել այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Երկրորդ, կարող է պաշտոնապես հայտարարել «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով ԱՄՆ-ի ստեղծած միջազգային կոալիցիայից դուրս գալու մասին: Երրորդ, կարող է ամերիկացիներից պահանջել, որ նրանք հեռանան Ինջիրլիք ռազմակայանից: Չորրորդ, կարող է կաշկանդել ամերիկացիների գործողությունները Արեւելյան Միջերկրածովքում, Սեւ ծովի ավազանում եւ նույնիսկ Անդրկովկասում: Հինգերորդ, կարող է շարունակել ամերիկացիների հետ մանեւրելու քաղաքականությունը: Վեցերորդ, կարող է դիմել Ռուսաստանի հետ առավել սերտ ռազմատեխնիկական ու քաղաքական համագործակցությանՙ ուժեղացնելով ռուսական գործոնը Սեւ եւ Միջերկրական ծովերի տարածաշրջաններում, շարժվել Շանհայի համագործակցության կազմակերպության եւ թերեւս Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ:

Եթե նման բան տեղի ունենա, ապա ՆԱՏՕ-ն կբաժանվի երկրների խմբերի, որոնք կհետապնդեն ընդհանուր բայց լոկ տարածաշրջանային շահեր, ինչը կհանգեցնի աշխարհաքաղաքական իրադրության սրմանը: Թուրքիայի համար Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է դադարել «պաշտպանական հովանոց» լինելուց: Թեեւ Անկարան ներկայումս ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ, բայց նաեւ դաշնակիցը չէ, ինչպես գրում են ամերիկյան հրատարակությունները: Մինչդեռ Հունաստանը Արեւելյան Միջերկրածովքոմ ԱՄՆ-ի համար խնդիրների լուծման կարեւոր գործիք է: Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը սա համարում է պատմական պարադոքս. քրիստոնյա Հունաստանը շրջվում է ԱՄՆ-ի կողմը, իսկ մահմեդական Թուրքիանՙ դարձյալ քրիստոնյա Ռուսաստանի կողմը: Սեւ ծովում Անկարայի միջոցով Ռուսաստանի առաջխաղացումը կանխելու Վաշինգտոնի ծրագրերը տեղափոխվում են Միջերկրական ծով, ինչը տարածաշրջանում կհանգեցնի աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ