RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019



Տեղադրվել է` 2019-10-17 22:43:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2311, Տպվել է` 161, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՊԱՍՏԵՑԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի հյուսիս-արեւելքում: Այդ մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում էր դեռեւս 2016 թվից, երբ Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնց առացքը կազմում են քրդերի Ժողովրդավարական միասնության կուսակցությունըՙ PYD-ն եւ վերջինի ռազմական թեւը հանդիսացող Ժողովրդի պաշտպանական ստորաբաժանումներըՙ YPG-ն, Եփրատի արեւմտյան ափում Իրաք-Շամ իսլամական պետության ահաբեկիչներից գրավել էին Մանբիջը: Սիրիայում ռազմական գործողությունների անցնելու մասին լրագրողներին անձամբ հայտնել էր Էրդողանը : Մինչ նա հավաստիացնում էր նրանց, որ Թուրքիան հավատարիմ է լինելու Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու ակզբունքին, նրա խոսնակ Իբրահիմ Քալընը եւ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ներխուժումը պայմանավորեցին սահմանամերձ շրջանները երկրի ազգային անվտանգությանը սպառնացող քուրդ ահաբեկիչներից մաքրելու, ինչպես նաեւ Թուրքիա ապաստանած 3 մլն. 663 հազար փախստականներից գոնե 1-2 մլն-ին հայրենիք վերադարձն ապահովելու համար «անվտանգ գոտի» ստեղծելու անհրաժեշտությամբ:

Միջազգային հանրությունը, սակայն, լուրջ չընդունեց Թուրքիայի քրդական սպառնալիքին առնչվող այս պատճառաբանությունը: Երբ թուրքական զորքերը, այսպես կոչված Իսլամական պետության եւ Ան Նուսրայի մարդասպաններից Անկարայի անմիջական նախաձեռնությամբ կազմավորված «Սիրիայի ազգային բանակի» ուղեկցությամբ շարժվում էին դեպի Թել Աբյադ եւ Ռաս ուլ-Այն, ՄԱԿ-ը, Եվրոպական միության բոլոր 28 երկրները, Արաբական լիգան, Պաղեստինը ներառյալ, աֆրիկյան երկրները, Վատիկանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաեւ Իսրայելը միաձայն դատապարտեցին Թուրքիային, մեղադրելով նրան զավթիչ գործողությունների մեջ: Այսպիսով թուրքական ներխուժումը պատճառ դարձավ, որ դատապարտողների միեւնույն ճամբարում հայտնվեն վաղեմի հակառակորդներ Իսրայելն ու Պաղեստինը:

Դատապարտողների թվում էին նաեւ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Մուստաֆա Աքընջին եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության թուրք պատգամավոր տիկ. Մերալ Բեշթաշը : Հոտեմբերի 13-ին Աքընջին հայտարարեց. «Որքան էլ այս գործողությունները իրականացվեն «Խաղաղության աղբյուր» անվան տակ, չմոռանալ, որ դրանց հետեւանքով արյուն է հոսում, ոչ թե ջուր»: Ինչ վերաբերում է տիկ. Բեշթաշին, ապա նա Թուրքիայի ազգային մեծ ժողովի ամբիոնից մատնանշեց. «Քրդական ուժերը սահմանի սիրիական հատվածից հարձակումներ չեն գործում մեր դիրքերի վրա, որ սպառնալիք հանդիսանան Թուրքիայի ազգային անվտանգության համար: Ներխուժման նպատակը քուրդ բնակչության բնաջնջումն է»: Երկուսն էլ իսկույն հռչակվեցին ազգի դավաճաններ:

Թուրքիային թերեւս պաշտպանեցին Քաթարը, Ադրբեջանն ու Պակիստանը: Ընդ որում առաջինը վերապահությամբ, քանի որ Արաբական լիգայի արտակարգ նիստում, որտեղ քվեարկության էր դրվել Թուրքիային դատապարտող հայտարարությունը, ձեռնպահ էր մնացել, իսկ մյուս երկուսը աջակցության մասին հայտարարել էին 4 օր ուշացումով, հոկտեմբերի 13-ին, Էրդողանի Բաքու այցելության նախօրեին: Ըստ երեւույթին նրանք սպասում էին, որ Վաշինգտոնը հստակեցնի իր դիրքորոշումը թուրքական զորքերի գործողությունների հարցում: Բայց ապարդյուն:

Հոկտեմբերի 9-ին, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Սիրիա, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցով սպառնաց Թուրքիային, թե իր նախանշած շրջանակը խախտելու դեպքում կջախջախի թուրքական տնտեսությունը: Ի դեպ, թուրք լրագրողների հաշվարկներով նա հոկտեմբերի 9-ից մինչեւ 13-ը 9 անգամ էր սպառնացել: Թե ի՞նչ շրջանակի մասին էր խոսքը, Թրամփը չեր նշում: Սակայն գիտենք, որ Թուրքիայի սիրիական սահմանն ունի 911 km երկարություն: Այն շրջանակը, որի մասին խոսել էր ԱՄՆ-ի նախագահը, ամենայն հավանականությամբ ընդգրկում էր թուրք-սիրիական սահմանի 120 կմ-անոց հատվածը, 32 կմ խորությամբ: Թել Աբյադն ու Ռաս ուլ-Այնը, որոնք Սիրիայի դեմոկրատական ուժերի կենտրոններ էին, ներառված էին այդ շրջանակում, պայմանով, որ ռազմական գործողություններ ծավալելու Թրամփի թույլտվության դիմաց Թուրքիան ստանձնի Իսլամական պետության ահաբեկիչների պատասխանատվությունը, ինչը անձամբ էրդողանը հաստատեց:

Մինչ Թրամփը շարունակում էր «սպառնալ» թուրքերին, Պենտագոնը ի լուր աշխարհի հայտարարեց, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում փակել են օդային տարածքը թուրքական ռազմական ինքնաթիռների առջեւ: Թրամփի հորդորները քրդական ուժերին, թե առանց ինքնաթիռների անհնար է դիմակայել թուրքերին, որոնք ունեն, ուստի պետք է ետ քաշվել «անվտանգ գոտու» սահմաններից, հանդիսանալով ռազմական գործողություններին թուրքական օդուժի մասնակցության վկայություն, հերքեցին Պենտագոնի վերոհիշյալ հայտարարությունը: Դրան հետեւեցին Սիրիայի տարածքից ամերիկացի զինվորների դուրս բերմանն առչվող հայտարարությունների հերքումը:

Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց Թել Աբիադի եւ Ռաս ուլ-Այնի գրավման մասին: Իրականում կռիվները Ռաս ուլ-Այնում հոկտենբերի 17-ին դեռ շարունակվում էին: Սակայն դա չխանգարեց Էրդողանին նախ «անվտանգ գոտու» Թրամփի նախանշած երկարությունը 120-ից դարձնել 480 կմ, ապա հայտարարել, ինչպես հոկտեմբերի 12-ին արեց, որ այդ գոտին չի սահմանափակվելու Եփրատի արեւելքով, ներառելու է նաեւ գետի արեւմուտքը, այդ թվում Մանբիջը, Քոբանին եւ ձգվելու է մինչեւ Դեր Զոր ու Ռաքքա: Նա չմոռացավ նաեւ Ղամիշլին, թե ամերիկյան զինվորները հենց հեռանանՙ իրենք մտնելու են այնտեղ, ապաՙ Հասաքե եւ Այն Իսա: Ի դեպ, Ղամիշլիում, բացի ամերիկյանից, տեղակայված էին ֆրանսիական, Այն Իսայում ամերիկյան եւ ֆրանսիական, Քոբանիում ու Մանբիջում ամերիկյան, ֆրասական եւ անգլիական զինվորներ, որոնք, ինչպես հայտարարվել էր հոկտեմբերի 12-ին, Պենտագոնի հավաստմամբ հոկտեմբերի 14-ին արդեն հեռացել էին նշված քաղաքներից, ապա եւ սկսել լքել Սիրիայի սահմանները:

Մինչդեռ Պենտագոնը հայտարարել էր, որ ամերիկյան զինվորները, որոնց թիվը 1100-2000 է նշվում, չեն հեռանում Սիրիայից, այլ տեղակայվում են երկրի հարավ-արեւելքում: Մինչեւ օրս հայտնի չէ, թե նրանք որտեղ են տեղակայվել: Համաձայն մի տարբերակի, նրանց տեղափոխել են Սաուդյան Արաբիա, իսկ մյուսիՙ Հորդանան, Քուվեյթ եւ Իրաք: Եթե ճիշտ է 2-րդ տաբերակը, ապա ԱՄՆ-ը նրանց կենտրոնացնում է Իրանի դեմ: Համենայն դեպս, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը բուռն հակազդեցությամբ արձագանքեցին ամերիկյան զինվորներին Սիրիայից ետ քաշելու նախագահ Թրամփի հոկտեմբերի 12-ի որոշմանը: Այդ ընթացքում Էրդողանը շարունակեց ընդարձակել «անվտանգ գոտին», հոխորտալով, թե անհրաժեշտության դեպքում կհարվածեն նաեւ Դամասկոսի զորքերին: Այս ամենը նա անում էր Թրամփի սպառնալիքներին զուգընթաց: Առաջին հայացքից թվում էր, թե Էրդողանն անտեսում է ԱՄՆ-ի նախագահին: Իրականում, սակայն, ամեն անգամ, ինչպես Սիրիա ներխուժելուց կամ «անվտանգ գոտու» ընդարձակման մասին խոսելուց առաջ, նա որպես կանոն, իր իսկ խոստովանությամբ, հեռաձայնել է Թրամփին եւ նախապես ստացել նրա համաձայնությունը: Այդ մասին նա մի քանի անգամ խոստվանեց:

Սակայն նախքան Էրդողանի խոստովանությունը պարզվեց, որ թուրքական զորքերի Սիրիա ներխուժումից 3 օր առաջ, հոկտեմբերի 6-ին, Էրդողանը պայմանավորվածություն արդեն ձեռք էր բերել, ըստ որի, ինչպես հոկտեմբերի 7-ին նշված էր Ռոյթեր գործակալության կայքէջում, ներխուժման համար սպասելու էր ամերիկյան զինվորների դուրս բերմանը տեղակայման վայրերից: Անգլիական գործակալության վկայությամբ Թուրքիայի նախագահը միաժամանակ ասել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողություններ սկսելու հարցը քննարկել է ԱՄՆ-ի նախագահի հետ: Հաջորդ հեռախոսազրույցները Թրամփի հետ նա ունեցել է հոկտեմբերի 9-ին եւ 11-ին, որոնց ընթացքում, ըստ ամենայնի, կողմերը համաձայնության են եկել «անվտանգ գոտին» ընդարձակելու, որի մեջ բացի Ղամիշլիից, Քոբանիից ու Մանբիջից նաեւ Դեր Զորն ու Ռաքքան ընդգրկելու շուրջը: Թերեւս այդ առումով պատահական չէր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսնակ Օզթըրաքի դիտարկումը, թե Թուրքիան ԱՄՆ-ի հետ գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերել Սիրիայի հարցում:

Հակառակ Օզթըրաքի, թուրքական մամուլը, ոգեւորված իրենց զորքերի հաղթանակների մասին պաշտոնական հայտարարություններով, գովեստի խոսքեր էին շռայլում «համաշխարհային առաջնորդ» Էրդողանի հասցեին: Այդ ոգեւորությունը, սակայն, հոկտեմբերի 13-ին մթագնեցին Դամասկոսի իշխանություններըՙ զորք ուղարկելով հյուսիս-արեւելք, ռազմական գործողությունների շրջաններ: Սիրիական զորքերը Սիրիայի դեմոկրատական ուժերի համաձայնությամբ մուտք գործեցին վերջիններիս վերահսկողության տակ գտնվող Ռաքքա եւ Այն Իսա, որտեղից էլ շարժվեցին դեպի Հասաքե, Ղամիշլի եւ Թաբկա գավառները: Հաջորդ օրն արդեն նրանք վերցրել էին թուրքական զորքերի թիրախում հայտնված Մանբիջն ու Քոբանին: Օգտվելով առիթից, նշեմ որ Քոբանին Ռոժավայի, այսինքն 2018-ին ձեւավորված «Հյուսիսային եւ Արեւելյան Սիրիայի ինքնավարության» վարչական կենտրոնն էր:

Հատկանշական է, որ հենց այդ օրը, հոկտեմբերի 14-ին Բաքու ուղեվորվելուց առաջ Էրդողանը հայտարարել էր. «Քոբանիին առնչվող մեր պահանջներին Ռուսաստանը դրական մոտեցում է ցույց տալիս, ուստի այնտեղ խնդիր չեմ տեսնում, թերեւս խնդիրը կարող է ծագել Մանբիջում, դա քննարկում ենք ռուսական կողմի հետ»: Ինքնաթիռում արդեն Էրդողանը իմանալով Մանբիջի գրավման մասին ասաց, որ հոգ չէ, դա սիրիական քաղաք է, գրավելու դեպքում մենք միեւնույն է հանձնելու էինք Սիրիայի իշխանություններին, մոռանալով, իհարկե, Դամասկոսի զորքերին հարվածելու իր մտավարժանքների մասին:

Սիրիական կառավարական զորքերի այս հաջողությունները պատճառ դարձան, որ միջազգային շրջանակներում ակտիվորեն քննարկվի Մանբիջում Թուրքիա-Սիրիա զինյալ բախումների հավանականության հարցը: Քննարկումներին, սակայն, վերջակետ դրեց Սիրիայի գծով նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիեւը : Նա, ինչպես հոկտենբերի 15-ի համարում նշել էր «Independent-ը», ասաց, որ թուրքական եւ սիրիական բանակների բախումները կողմերից որեւէ մեկի օգտին չեն, բացի այդՙ անընդունելի են: Մենք նման բան թույլ չենք տալու: Նա միաժամանակ նշել էր, որ Դամասկոսի եւ քրդերի միջեւ երկխոսությունը հաստատվել է Ռուսաստանի միջնորդությամբ եւ հարկավոր է դա զարգացնել Սիրիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիմունքներով:

Ի դեպ, Ռուսաստանի միջնորդությունը նպաստել է նաեւ Դամասկոսի եւ Անկարայի միջեւ երկխոսության հաստատմանը, որն առայժմ ընթանում է պաշտպանության նախարարությունների, հետախուզական ծառայությունների եւ արտգործնախարարությունների մակարդակով: Համենայնդեպս հոկտեմբերի 13-ին Դամասկոսի հետ երկխոսության մեջ մտնելուց առաջ Սիրիայի դեմոկրատական ուժերը, ըստ երեւույթին Սիրիայից ամերիկյան զինվորներին ետ քաշելու Թրամփի հոկտեմբերի 12-ի որոշման ազդեցության տակ, դիմել էին Վաշինգտոնի վարչակարգին մինչեւ հինգշաբթի թուրքական զորքերի ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով եւ սպառնացել, թե այլապես կապավինեն Ռուսաստանի կամ Ասադի վարչակարգի աջակցությանը: Նրանց դիմումը, սակայն, այդ օրը արձագանք չէր գտել: Գտավ հոկտեմբերի 16-ին, երբ նախագահ Թրամփը հեռաձայնեց «քրդական ինքնավարության» ներկայացուցիչ Բադրան Ջիա Քուրդին , բայց արդեն ուշ էր, որովհետեւ քրդերն արդեն համաձայնության էին եկել Դամասկոսի հետ, որ զորքեր տեղակայի թուրքական սահմանի երկայնքռվ:

Այլ կերպ, Սիրիայի դեմոկրատական ուժերը մերժեցին Թրամփին: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նա հեռաձայնել է Էրդողանին եւ ռազմական գործողությունները դադարեցնելու եւ քրդերի հետ բանակցությունների մեջ մտնելու կոչ արել նրանց: Էրդողանը «Սաբահի» հավաստմամբ պատասխանել է. «Մեծարգո նախագահը պահանջեց, որ զինադադար հայտարարենք: Մենք դա երբեք չենք անի: Ես նրան ասացի, որ Թուրքիան երբեւէ բանակցություններ չի վարի ահաբեկիչների հետ»: Մինչդեռ Թուրքիան 2011-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բանակցություններ էր վարել PKK-հետ, հենց Էրդողանի վարչապետության օրոք: Ստանալով բացասական պատասխանՙ նախագահ Թրամփը նախ բռնազավթիչ է անվանել Թուրքիային, ապա ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի գլխավորությամբ պատվիրակություն է գործուղել Անկարա, որի կազմում ընդգրկված են նաեւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայնն ու Սիրիայի գծով հանձնակատար Ջեյմս Ջեֆրին :

Օբրայնը եւ Ջեֆրին հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան հասել էին Անկարա: Նույն օրը մամուլի ասուլիսում Էրդողանը ի պատասխան ագլիացի թղթակցուհու հարցին թեեւ ասաց, որ ինքը չի պատրաստվում ընդունել ամերիկացի գործիչներին, սակայն նախագահականից նրա խորհրդականը իսկույն ճշտեց, թե նախագահը նկատի ուներ պատվիրակության բոլոր անդամներին, նա անպայման կհանդիպի փոխնախագահ Փենսի հետ: Քանի որ պատվիրակության անդամների Անկարա հասնելու պահին Թրանփը Սպիտակ տանը Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամների հետ քննարկում էր Թուրքիայի համար նախատեսվող պատժամիջոցները, ըստ որոնց արգելվում է նաեւ Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ պաշտպանության, ներքին գործերի եւ բնական պաշարների նախարարների մուտքր Միացյալ Նահանգներ, ուստի Թրամփը հայտարեց, թե կհաստատի պատժամիջոցները, եթե դրական արդյունքի չհանգեն ամերիկյան պատվիրակության հանդիպումները Անկարայում:

Նույն օրը Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ նախագահ Պուտինի հետ, որից հետո հրավիրվեց հոկտեմբերի 22-ին Սոչիՙ քննարկելու ՌԴ նախագահի հետ Սիրիային առնչվող խնդիրները: Թեեւ հոդվածը գրելու պահին Օբրայնը եւ Ջեֆրին արդեն Անկարայում էին, սակայն դեռ չէին հանդիպել Էրդողանին: Սակայն, անկախ հանդիպման արդյունքներից, նախագահ Թրամփը, ետ քաշելով ամերիկյան զինվորներին Սիրիայից, քրդական ուժերին վանեց ԱՄՆ-ից, դրանով ստիպեց նրանց մերձենալու Դամասկոսին: Քանի որ այդ մերձեցման արդյունքը հանդիսացող երկխոսությունը Ռուսաստանի միջնորդությամբ էր հաստատվել, ուստի քրդական ուժերը նաեւ մերձեցան Մոսկվային: Դա մեծապես նպաստեց Ռուսաստանի հեղինակության աճին, այսպիսով վերջինս գլխավոր դերակատարի լուրջ հայտ ներկայացրեց Սիրիայում: Այդ առումով պատահական չէր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո շտապեց հեռաձայնել Ռուսաստանի նախագահ Պուտինին: Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանի հեղինակությունը աճում է նաեւ ամբողջ տարածաշրջանում, ընդ որումՙ վճռական խոսքի իրավունքռվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ