RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-10-17 22:43:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2475, Տպվել է` 152, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՎԱԼԱԳԼՈՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս շաբաթ տեղի ունեցող իրադարձությունները նույնպես թավալագլոր արագությամբ հաջորդում էին միմյանց, միայն երկու-երեքի վրա կանգ առնենք` դրանց առավել լայն շահառությունը նկատի առնելով:

Տարածաշրջանի անհանգստությունների երկարող ստվերները

Ամենակարեւորն, իհարկե, հայերիս համար շարունակում է Արցախի հարցը մնալ, նկատի ունենք Մինսկի խմբի համանախագահների այցելությունը Հայաստան այս շաբաթ, Սիրիայում թուրքական հարձակման պատճառով անհանգիստ տարածաշրջանային ֆոնին (առհասարակ` թուրքական գործոնի ակտիվացմամբ, քանի որ Ադրբեջանի մայրաքաղաքում թուրքալեզու ժողովուրդների համաժողովն է ընթանում): Նախորդել էր Ալիեւի հերթական բարբաջանքը եւ մի լրատվություն, ըստ որի Թարթառի ադրբեջանցիները մոտեցել են հայկական սահմանին եւ ուզում են Արցախ մուտք գործել: Վերջինը, պարզվեց ադրբեջանական հերթական ցածրակարգ «հայրենասիրական» ֆլեշմոբ է, Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Դավիթ Բաբայանի բնորոշմամբ, որը պարզապես հնարավոր չէ իրագործել զուտ տեխնիկապես, զույգ սահմանների ականապատված պաշտպանական գոտիների պատճառով: Ուղղակի սա ադրբեջանական երազանքի հերթական անմակարդակ դրսեւորումն է` իրենց քաղաքական պապայի` Էրդողանի հարձակողական նկրտումների հանգույն:

Սոցիալական ցանցերում այս կարգի բլթոցները հարկավոր է չտարածել, անգամ այն պարագայում, երբ Հայաստանի ներկա ղեկավարության դեմ այս կարգի «մատերիալը» շատերը կուզեին օգտագործել: Իրերի վիճակի խոսուն ապացույցն այն է, որ Ադրբեջանի արտգործնախարարը շատ է հիասթափված մեր արտգործնախարարից` նյու-յորքյան հանդիպման համար, որը ցույց է տալիս, որ դեռ երկար «հող հանձնելու» վերաբերյալ հարայհրոցն անբովանդակ է լինելու, ու մենք մեր օրակարգն ենք պնդելու: Մանավանդ` եթե Էրդողանը շարունակի մարդ սպանել Սիրիայում, Թրամփի բառերով` հիմար լինել, ու Սիրիայի քրդերի հրամանատարի հետ խաղաղության շուրջ չբանակցել, կամ Թրամփի նամակը գցել աղբարկղը (երեւի կատաղություն հրահրող դեղեր է գործածում)` այդ հիմարության ստվերները երկարելու են ողջ տարածաշրջանի բոլոր երկրներ հասնելով եւ հակաթուրքական-հակաադրբեջանական տրամադրություններ սնելով: Արդեն իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նախնական պատրաստակամություն է հայտնում բանակցություններ վարել Իրանի հետ` առանց նախապայմանների, իսկ սա Թուրքիայի նկրտումներին հարված է: Իսկ թե այս իրավիճակում ինչ կարող են առաջարկել համանախագահները մեզ, դա եւս անհասկանալի է:

Կոշտ, թե՞ փափուկ մեթոդ պետք է ընտրվի

Արդարադատության նախարարության շրջանառության մեջ դրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը իրարանցում է առաջացրել: Իրար են խառվել տասնյակ տարիներով ձեռքը կաշառքով սնման աղբյուրի սեղմակին դրած տասնյակ շրջանակներ:

Լավ, ինչու եք իրար անցել, ինչ եք առաջարկում որպես այլընտրանք, բա չիմանա՞նք, թե համեստ աշխատավարձով ապրած պաշտոնյան կամ դատավորը ո՞րտեղից ունեն արաբական շեյխին վայել ապարանքներ կամ անծայրածիր կալվածքներ: Մտածում եք, որ եթե ժամանակին քվոտայով բիզնես եք ունեցել կամ «ատկատի» գումարներ են բրգել` քաղաքական աջակցության դիմաց որպես շնորհակալություն, ուրեմն ոչ ոք այլեւս չի կարող դրանք ձեզնից պահանջե՞լ: Վերջը պիտի նորմալ-հոդաբաշխ բացատրություն հնչի՞, թե ո՞րտեղից ինձ հետ համալսարանն ավարտած դատավորի` միլիոն դոլարներով ունեցվածքի ու ողջ կյանքում լրագրող աշխատածիս չունեցվածքի խորն անդունդը, ինչ է, ես իմ գործը վա՞տ եմ արել, կամ պակաս աջակցություն եմ ցույց տվել պետությանը (ու ոչ թե անձերին), երբ բոլոր իշխանությունների սխալները ժամանակին մատնացույց եմ արել:

Բա ինչո՞ւ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն կքննի իր երկիր Հայաստանից մեկնածների ահռելի ներդրումների օրինական ծագումը` չցանկանալով ապօրինի ծագմամբ ներդրում, մենք` չէ, Ամերիկան կուզի իր տնտեսության մեջ լվացվող փողերի ծագումն իմանալ, մենք` մեր բյուջեից ու երկրից գողացվածի հարցը պետք է անաղմուկ փակենք: Անհամատեղելի, անընդունելի, անիրականանալի, ձեւախեղում, իրավաստեղծությանը հակառակ` այս բառերն էլ ոչ միայն տարիներով կաշառակերության օրրան համարվող ֆակուլտետի պատասխանատուները գիտեն, այլեւ նրանց դպրոցից անվնաս դուրս պրծած ու փայլուն իրավաբան դարձած ուսանողները` կոնսենսուսի կգաք այնպես որ, եթե ուզում եք, որ երկիրը երկիր դառնա: Մնում է նախագծի շահագրգռված, չմոտիվավորված ու ազնիվ քննարկում կազմակերպել` դրա թույլ կողմերն ուժեղացնելու, կյանքի ուղեգիր տալու միակ շարժառիթով, եւ ոչ թե ընդհակառակը: Եւ մեկ էլ` օրինագծի ազդեցության ժամկետը վերաբերի անկախությանը հաջորդած ժամանակահատվածի վայրի սեփականաշնորհմանը նաեւ, ու ոչ թե միայն ընտրովի ժամանակի վրա այն տարածվի:

Չնայած` տողերիս հեղինակն ավելի հակված է համատարած հայտարարգրման ավելի անցավ մեխանիզմի, որը հանրության շերտերի միջեւ թշնամություն չի հրահրի, այդ մասին նախորդ հրապարակումերից մեկում անդրադարձ արվել է: Բոլոր դեպքերում` խորը քննարկումները միայն լույս կսփռեն խնդրի իրագործելի լինելու կողմին:

Պատմության ու լեզվի դեմ գործողությո՞ւն

Շուտով հանրային քննարկման կդրվի նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որտեղ բացակայում է այն դրույթը, ըստ որիՙ բուհերին պարտադրվում է ուսուցման ծրագրերում պարտադիր կերպով ներառել հայագիտական նշանակության «Հայոց պատմություն» եւ «Հայոց լեզու» առարկաները: Բուհերի ղեկավարությունն ինքն է որոշելուՙ ներառե՞լ դրանք ուսումնական պլանի մեջ, թե՞ ոչ: Սա, մեր մեջ ասած, հանրային հակադարձման մեծ ներուժ ունեցող մտադրություն է եւ կարող է կարմիր լաթի ազդեցությունն ունենալ մեր հանրության շատ շերտերի վրա: Էլ չասած, որ սա թերատ մասնագետի ձեւավորման ամենակարճ ճանապարհն է` որեւէ մասնագետ չի կարող համարվել լիարժեք, եթե նա չի տիրապետում իր լեզվին, գրականությանն ու պատմությանը: Այն բացատրությունը, որ դրանց պետք էր տիրապետել դպրոցում` մեր դպրոցի ներկա վիճակի պարագայում դեռեւս հիմնազուրկ է: Մնացած պետությունները հո հիմար չե՞ն, որ իրենց երկրի լեզուն ու պատմությունը իմպերատիվ պարտադրում են իրենց համալսարաններում:

Շաբաթվա լավ լուրը

Շաբաթվա լավ լուրը` եվրոպական Ryanair ավիաընկերության մուտքի մասին լուրն էր Հայաստան: Բեռլին, Հռոմ, Միլան ուղղություններով հունվարից կգործեն Ryanair ավիաընկերության կազմակերպած չվերթները` շատ մատչելի գներով, Գյումրի -Մենինգհեմ (Մյունխեն) ուղղությունն էլ կաշխատի ամռանը: Անմիջապես երեւի հիշեցիք Բաղդասարովին ու իր մենաշնորհն ավիացիայում, առհասարակ` մեր ավիատոմսերի ներկա թանկ գներն ու այլ անհարմարություններ: Այո, մրցակցությունը կօգնի, որ մեր քաղավիացիայում առկա խնդիրները լուծվեն, տոմսերն էժանանան, տուրիզմը զարգանա, երկրի տնտեսությունը շնչի: Մենք այն անձանցից չենք, որոնք չարախնդում են` տնտեսության ոչ արդյունքային վիճակը նկարագրելով, բայց նաեւ հիշում ենք, որ դեռ նախկիններն էին նույն ավիաընկերության հետ բանակցում` հայկական շուկա մուտք անելու համար, ու քանի որ քաղաքական կամք չունեցան` մեկ ուղեւորի համար հարկային ծախսերը պետբյուջեի վրա վերցնելու, Ryanair-ն էլ ռիսկեր չվերցրեց այն ժամանակ հայկական շուկայի վրա աշխատելու: Հիմա օրվա իշխանությունն այդ կամքը դրսեւորել է` մեկ տարով այդ ծախսերը ներառել է մեր երկրի բյուջե, օդի տուրքն էլ հանել է, տեսնենք թե ինչ կբերի այս որոշումը ավիափոխադրումների շուկային, երկրին ու տնտեսությանը: Հասարակ քաղաքացու համար դրական է` նա շատ էժան կմեկնի Եվրոպա, մնում է, որ առողջ մրցակցությունը նպաստի շուկայի զարգացմանն, ու հետքայլ չլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ