RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-10-17 22:43:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2161, Տպվել է` 150, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Քիչ թե շատ նշանակալի նոր ներդրումային ծրագրեր էլ չկան

Հայաստանում օտարերկրյա ներդումները շարունակում են նվազել եւ դա «թավշյա հեղափոխություն» կոչվածի անմիջական հետեւանքն է: Եղավ մի պահՙ անցյալ տարվա երկրորդ եռամսյակումՙ հենց հեղափոխական ցնցումների ժամանակահատվածում դրանք կրճատվեցին մոտ 10 անգամ: Եվ չնայած դրանից հետո ներդումները որոշ չափով ավելացան, այդուհանդերձ, այս պահի դրությամբ շարունակում են զիջել նախահեղափոխական ժամանակաշրջանին: Այժմ այս ամենը փաստերով եւ ըստ հերթականության:

Ինչո՞ւ այլեւս հպարտանալու պատճառ չկա

Հիշենք վարչապետ Փաշինյանի հայտնի գրառումը, որտեղ նա հպարտանում էր օտարերկրյա ներդրումների վերակագնմամբ եւ ներկայացնում հետեւյալ աղյուսակը.

2017, I եռամսյակ, 68 մլն դոլար

2017, II եռամսյակՙ 29.1 մլն դոլար

2017, III եռամսյակՙ 50.9 մլն դոլար

2017, IV եռամսյակՙ 101.8 մլն դոլար

2018, I եռամսյակՙ 94.2 մլն դոլար

2018, II եռամսյակՙ 8.9 մլն դոլար

2018, III եռամսյակՙ 75.5 մլն դոլար

Ըստ Նիկոլ Փաշինյանի, մեծ նվաճում էր, երբ նրա իսկ գովերգած «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո կտրուկ նվազածՙ 8,9 մլն դոլար ծավալի ներդրումներից հետո (որը հետագայում ԿԲ կողմից ճշգրտվեց եւ դարձավ 14 մլն դոլար), դրանք դարձել են 75,5 մլն դոլար: Սակայն հետագայում եւ մինչ օրս նա չանդրադարձավ ներդրումների ցուցանիշներին եւ հասկանալի է, թե ինչո՞ւՙ դրանք, ինչպես նշեցինք վերեւում, մխիթարական չեն:

Բանն այն է, որ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում ներդումները շարունակեցին նվազել եւ կազմեցին արդեն մոտ 67 մլն դոլար: Ավելի վատթար ցուցանիշ արձանագրվեց այս տարվաՙ 2019 թ.-ի առաջին եռամսյակումՙ ներդումները կազմեցին 34,6 մլն դոլարՙ մոտ երեք անգամ զիջելով անցած տարվա առաջին եւ երկու անգամ զիջելով անցած վերջինՙ չորրորդ եռամսյակի համեմատ: Միաժամանակ, ակնհայտ է, որ անգամ այդ նվազած ներդրումները այն ծրագրերն էին, որոնք սկսվել էին մինչեւ 2018 թ.-ի ապրիլ-մայիսը եւ մի պահ կանգ առել այդ ամիսներին: Նոր իշխանության կառավարման ժամանակ եւ նրանց կողմից ներգրավված քիչ թե շատ լուրջ ոչ մի ներդրումային ծրագիր չի սկսվել: Սա թերեւս ցույց է տալիս, թե ինչպե՞ս է փոխվել Հայաստանի ներդրումային գրավչությունը անցյալ տարվա ապրիլ-մայիսյան դեպքերից հետո:

Այժմ անդրադառնանք այս տարվաՙ 2019 թ.-ի երկրորդ եռամսյակի եւ ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշներին:

Վեց ամիսներին ավելի քիչ ներդրումներ են եղել, քան անցյալ տարվա առաջին երեք ամիսներին

Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման, այս տարվա առաջին կիսամսյակում ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազել են 30 մլրդ դրամով, իսկ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն, այդ նույն ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 91,2 մլն դոլար :

Կենտրոնական բանկի հրապարակումից պարզ է դառնում, որ մասնավորապես այս տարվա առաջին եռամսյակում 34,6 մլն դոլար ներդրումների ցուցանիշը փոքր-ինչ բարելավվել է երկրորդ եռամսյակում եւ կազմել 56,6 մլն դոլար: Սակայն, համեմատելով հենց Նիկոլ Փաշինյանի կողմից բերված աղյուսակում նշված եւ մեր կողմից բերված տվյալների հետ, տեսնում ենք, որ այս ցուցանիշը ավելի ցածր է, քան նրա կառավարման ժամանակահատվածիՙ 2018 թ.-ի երրորդ եւ չորրորդ եռամսյակների ցուցանիշները:

Արդյունքում, այս տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակներիՙ այսինքն վեց ամիսների օտարերկրյա ներդրումների միացյալ ծավալըՙ 91,2 մլն դոլար, զիջում է անցյալ տարվա միայն առաջին եռամսյակիՙ երեք ամիսներին 94,4 մլն դոլար ներդրումների ծավալներին: Չխոսենք այն մասին, որ 2017 թ.-ի վերջինՙ չորրորդ եռամսյակում օտարերկրյա ներդումները շատ ավելի էինՙ 101,8 մլն դոլար:

Մի խոսքով, հակառակ այն բանի, որ իր արտասահմանյան թանկարժեք շրջագայությունների ժամանակ վարչապետը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ներդրումների համար նպաստավոր երկիր եւ կոչ անում ներդրումներ կատարել, դրանք տեղի չեն ունենում: Պատճառը հայտնի էՙ օտարերկրյա խոշոր ներդրումային ընկերությունների («Գազպրոմ», «Հարավ-կովկասյան երկաթուղի», «Լիդիան», «Վեոլիա», «Սանիտեք» եւ այլն) նկատմամբ քրեական գործեր հարուցելու, ծրագրեր կասեցնելու եւ պայմանագրեր խզելու , ներքին ներդրողներին հալածելու, ընդհուպ ձերբակալելու եւ քրեական գործեր հարուցելու (Սամվել Մայրապետյան եւ Դավիթ Ղազարյան), բանկային գաղտնիք բացահայտելու եւ այդ բացահայտումը օրենսդրական հիմքի վրա դնելու նախագիծ պատրաստելու, «պատերին ծեփելու» եւ «ասֆալտին պառկեցնելու» պետական քաղաքականության պայմաններում ոչ մի օտարերկրյա ներդրող չի ցանկանա մեր երկրում ներդրում կատարել, ոչ ոքի համար նման վիճակում հայտնվելու հեռանկարները գրավիչ չեն: Այս պարգայում միջազգային վարկանիշային կազմակերպությունների լավատեսական գնահատականները Հայաստանի վիճակի եւ հեռանկարների նկատմամբ բացարձակ արժեք չունեն եւ հիմք չեն հանդիսանա այստեղ լուրջ ներդրումներ կատարելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ