RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019



ՀԱԿԱՀԱՅ

Տեղադրվել է` 2019-10-17 22:43:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2146, Տպվել է` 144, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՐՎԱԾ, ՈՐԸ ԳԱՐՇԵԼԻ Է

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակ Դեյվիդ Լ. Ֆիլիպսը Կոլումբիա համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղակերտման եւ մարդու իրավունքների ծրագրի տնօրենն է: Նա եղել է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու ծրագրի (հայտնիՙ պրոտոկոլներ անունով) շուրջ նախապատրաստական աշխատանքներ ստանձնած խմբի ղեկավար: Նախագահներ Քլինթոնի, Բուշի եւ Օբամայի վարչակազմերում ծառայել է որպես պետքարտուղարի ավագ խորհրդական: Հեղինակ է Բլումզբերի հրատարակչատան օրերս լույս ընծայած «Մեծ դավաճանությունը. ինչպես Ամերիկան լքեց քրդերին եւ կորցրեց Մերձավոր Արեւելքը» (The Great Betrayal: How America Abandoned the Kurds and Lost the Middle East) գրքի:

Նախագահ Դոնալդ Թրամփը տեղի տվեց Սիրիայի հյուսիսում եւ արեւելյան մասերում «անվտանգության գոտի» ստեղծելու Թուրքիայի պահանջին, շրջադարձային կերպով հայտարարելով, որ Ամերիկան Սիրիայից դուրս է բերում իր զորքերը, որոնք խոչընդոտում էին Թուրքիայի ներխուժումը: Այս քայլը հակասում է Մ. Նահանգների երկարամյա քաղաքականությանը եւ անտեսում է Պետքարտուղարության եւ Պենտագոնի հորդորները: Թրամփի որոշումը մարտավարական տեսակետից արատավոր է, տակտիկական տեսակետիցՙ անհետեւողական, իսկ բարոյական տեսակետիցՙ գարշելի:

Ավելի քան տասնմեկ հազար քրդեր զոհվել են Ամերիկայի խնդրանքով հյուսիսային եւ արեւելյան Սիրիայում պայքարելով ԻՊ-ի դեմ: Քսաներկու հազարն էլ վիրավորվել են: Քրդերն ամերիկացիների փոխարեն էին կռվում իսլամական խալիֆայության դեմ: Ամերիկա-քրդական համագործակցությունը սկսվեց 2014-ի աշնանը, երբ Պենտագոնը սկսեց զինել «Ժողովրդի պաշտպանության միավորումներին» (YPG) եւ «Կանանց պաշտպանության միավորումներին» (YPJ), որպեսզի Կոբանիում պարտության մատնեն ԻՊ-ին: Այդ ժամանակվանից քրդերը հաղթանակ արձանագրեցին Թել-Աբյադում, որտեղից Թուրքիան իր «ջիհադիստներին» զենք էր մատակարարում: Քրդերը «սրի ծայրն» էին, որոնք ազատագրեցին Ռաքքանՙ խալիֆայության մայրաքաղաքը: 2019-ի մարտին նրանք հաղթանակ տարան նաեւ Բաղուզում:

Սիրիայում Ամերիկայի միակ դաշնակիցներինՙ քրդերին անտեր թողնելը արյունահեղության դռներն է բացելու: Թուրքիայի նախագահ Էրդողանը երդվել է հաշվեհարդար տեսնել քրդերի նկատմամբ եւ ճանապարհ հարթել, որ փախստականները վերաբնակեցվեն Սիրիայում:

Ինչպես ականատես եղանք Աֆրինում, հերոսաբար եւ նպատակասլաց մարտնչող քրդերը անզոր են թուրքական օդուժի եւ Սիրիական ազատ բանակի (FSA) հանցագործ խմբավորման դեմ: Իսլամական խալիֆայությունը գուցե կործանվել է, բայց ամբողջովին պարտված չէ: Ամերիկյան հատուկ զորամիավորումները քրդական իրենց դաշնակիցների օժանդակությամբ կարողանում էին զսպել ISIS-ի առաջխաղացումները: ISIS-ի հազարավոր մարտիկներ կալանավորված են քրդերի կողմից, բայց հիմա, որ վերջիններս ստիպված են պայքարել թուրքական զորքերի դեմ, կալանքի տակ գտնվողները հեշտությամբ կարող են փախչել եւ միանալ իրենց թուրք համերկրացիներին:

Ամերիկյան հատուկ զորամիավորումներն արդեն լքել են Թել-Աբյադի եւ Ռաս-ուլ Այնի դիտակայանները, իսկ առանց նրանց քրդերը պաշտպանական հենակետեր չունեն բացի Սիրիայի վարչակազմից եւ Ռուսաստանից: Այսպիսով Ամերիկան ամբողջովին մեկուսացված է լինելու աշխարհի այս մասից: Զորքերը ետ քաշելու Վաշինգտոնի անշրջահայաց որոշման հետեւանքում Ֆրանսիան եւ Բրիտանիան էլ դուրս են բերելու իրենց զորքերը, կործանելով այն համագործակցությունը, որն ուղղված էր կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի եւ քրդերի միջեւ:

Իրավիճակը ապակայունացնելու է նաեւ Իրաքը, որն արդեն ներքին խնդիրներ ունի: Այնտեղ են գտնվում հարյուր հազարավոր տեղահանված սիրիացիներ եւ անշուշտ աղանդավորական հակամարտություններն անպակաս են այնտեղ:

Կոբանիի դեպքերը ցույց տվեցին, որ Թուրքիայի քրդերը դատապարտելու են ներխուժումը, եւ բացառված չէ, որ խժդժություններ տեղի ունենան Թուրքիայում: Բռնություններ են տեղի ունենալու Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում, որտեղ քրդերը գերիշխում են, Հաթայ նահանգում եւ Ստամբուլում, որտեղ ավելի քան մեկ միլիոն քուրդ է ապրում:

Թրամփի սխալ եւ անհեռատես որոշումը ոչ միայն դավաճանական արարք է քրդերի հանդեպ, այլեւ միտված է վարկաբեկելու Միացյալ Նահանգներին եւ նրա հեղինակությանը աշխարհում: Ո՞վ է սրանից հետո պայքարելու եւ մեռնելու ԱՄՆ-ի համար, երբ մենք կարիքն զգանք հակադարձելու ծայրահեղական մի որեւէ շարժման ահաբեկչական գործողություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ