RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019



Տեղադրվել է` 2019-10-17 22:43:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1754, Տպվել է` 143, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Արա Գյուլերի գործերը Նյու Յորքում

Ըստ Էրդողանի Ամերիկայի հետ տարաձայնությունները հարթելու նոր միջոցը մշակութային դիվանագիտություն վարելն է: ՄԱԿ-ի 74-րդ գլխավոր ժողովին զուգահեռ Թուրքիայի նախագահի հովանավորությամբ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքի կենտրոնական մասում, Ուոլ Սթրիթի մոտակայքում գործող Սմիթսոնյան ազգային թանգարանում բացվել է «Ստամբուլի աչքը» մակդիրին արժանացած, մրցանակակիր արվեստագետ Արա Գյուլերի (1928-2018) լուսնկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը տեւել է մինչեւ հոկտեմբերի 10-ը:

Անվտանգության ուժեղացրած պայմանների ներքո եւ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ (Թուրքիայի պաշտպանության եւ առեւտրի նախարարներ, նախկին վարչապետ Բինալի Յըլդրըմ, նախագահական խոսնակ Իբրահիմ Կալին, քիմիայի գծով նոբելյան մրցանակակիր Ազիզ Սանչար, եւայլն) Էրդողանը, կնոջՙ Էմինեի հետ բացումն է կատարել ցուցահանդեսի, որի սկզբում հնչել է թուրք դաշնակահար, կոմպոզիտոր Ֆահիր Ատակօղլուի ստեղծագործությունը: Ապա խոսք է առել 2017-19 թվերի կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի նախագահ Ջոն Բեյլին, որ Գյուլերի խոսքերով է ավարտել իր ելույթը. «Այն անձը, որ դեպի պայթյունն է ընթանում, իսկական ֆոտոլրագրող է, իսկ այն, որ փախչում է դրանիցՙ ոչ»: «Արա Գյուլերը ինքն էր վազում իր պատմության ետեւից», եզրակացրել է նա: Այնուհետեւ Էրդողանն է բեմ բարձրացել, եւ նշել, որ Գյուլերը խաղաղության եւ եղբայրության կոչ էր անում եւ տեղին էր, որ ցուցահանդեսը տեղի ունենար ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի օրերին: «Մշակույթն ու արվեստները տիեզերական կամուրջներ են հասարակությունների միջեւ հարաբերություններ հաստատելու, եւ հավատացած եմ, որ Գյուլերի ստեղծագործությունները այդ նպատակին են ծառայելու», ասել է նա:

Նյու Յորքից առաջ ցուցահանդեսը այս տարվա ապրիլին տեղի է ունեցել նախ Լոնդոնում (Սաաթչի պատկերասրահում), հետո Փարիզումՙ մայիսին (Պոլկա պատկերասրահում), այնուհետեւ Կյոտոյում (Ճապոնիա, Թոֆուկուչի տաճարում): Հետագայում տեղափոխվելու է Հռոմ (2020-ի հունվարին) եւ Մոգադիշու (Սոմալիա)ՙ մայիսին:

Նյու Յորքի ցուցահանդեսի առիթով հրատարակվել է շքեղ մի ալբոմ, որի հրատարակիչներն են Արա Գյուլերի ուսումնասիրության եւ արխիվի կենտրոնը եւ նրա անվան թանգարանը: «Ալբոմում Արա Գյուլերի հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա», գրում է Արամ Արքունը «Միրոր-Սփեքթեյթրում»: Դա կարելի է անուղղակիորեն հասկանալ կարդալով, որ նա ավարտել է Ստամբուլի Կենտրոնական վարժարանը, եւ որ պատմվածքներ է տպագրել հայկական թերթերում: Ալբոմից բացի ելույթ ունեցողների խոսքերում էլ չի նշվել նրա հայկական արմատների մասին: Բայց լուսանկարներում առկա են եղել հայկական թեմաներ: Գյուլերի իսկական անունը եղել է Մկրտիչ Արա Տերտերյան: Հայրը շապին-գարահիսարցի է:

«Գյուլերը մեծ դեր է խաղում Թուրքիայի մշակութային դիվանագիտության մեջ», գրել է Օզան Ջեյհունը «Daily Sabah» պարբերականում: «Անշուշտ գովելի է լուսանկարչի գործերը ցուցադրել աշխարհով մեկ, սակայն քաղաքական նպատակներով անտեսել նրա կենսագրության կարեւորագույն հատկանիշը, բոլորովին գովելի չէ: Ավելին, վրդովեցնող է», եզրակացնում է Արամ Արքունը:

Խմբ. կողմից.- Ու մտածել, որ Արա Գյուլերը շուրջ 10 տարի առաջ Երեւանում եղած ժամանակ (նախավերջին այց) փափագ էր հայտնել իր լուսանկարների մի զգալի մասը (նա շուրջ 1,5 միլիոն լուսանկար եւ նեգատիվ է թողել որպես ժառանգ) նվիրելու Հայաստանինՙ մշտական ցուցադրության պայմանով: Եթե այդ ժամանակ իրականացրած լինեինք մեծ լուսանկարչի փափագը, ապա այժմ էրդողաններին զրկած կլինեինք միանձնյա օգտագործելու դրանք եւ իր չունեցած «խաղաղասիրությունը» կոծկելու հայ արվեստագետի խաղաղասիրությամբ: Ավելորդ է հիշեցնել, որ Արա Գյուլերը իր ողջ գործերը նվիրեց թուրք պետությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ