RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019



ԾԱՆՈՒՑՈՒՄ

Տեղադրվել է` 2019-10-17 22:43:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1243, Տպվել է` 140, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՆՉԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս տարվա հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ Եթովպիայում մեկ օրվա ընթացքում տնկվել է 350 միլիոն ծառ: Կրկնում եմՙ 350 միլիոն, 1 օրում: Համաշխարհային այս ռեկորդի հեղինակը աֆրիկյան այդ երկրի վարչապետ Աբի Ահմեդն է, հենց նա, որն այս տարի Խաղաղության Նոբել ստացավՙ հարեւան Էրիթրեայի հետ երկարամյա հակամարտությանը վերջ տալու համար, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդիկ էին զոհվում:

Եւ ուրեմն, աշխարհում լավ վարչապետներ շատ կան, բացի Փաշինյանից, անշուշտ: Օրինակ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր չինացի գործընկերոջ հետ հանդիպումից առաջ մաքրել է ծովափը պլաստիկ շշերից ու բանանի կեղեւներից, նկարահանել է ողջ գործընթացը, տեղադրել իր թվիթերում եւ գրել. «Մաքրեցի, 30 րոպե տեւեց, եկեք համոզվենք, որ մեր շուրջը մաքուր է»: Ի դեպ, պարոն Մոդիի այս քայլը այնքան է ոգեշնչել տիկին Աննա Հակոբյանին, որ նա Ֆեյսբուքի իր էջում կիսվել էր ընթերցողների հետ եւ գրել. «Այսքան լավ վարչապետ, փաստորեն, էլի կա աշխարհում, իսկ ես գիտեի, թե միայն իմ ամուսինն է»:

Անշուշտ տիկին Հակոբյանը կատակ է արել: Ես իհարկե չգիտեմ, թե որ պահը, այն որ այսքան լավ վարչապետ էլի կա աշխարհո՞ւմ, թե՞ այն, որ Աննա Հակոբյանը գիտեր, թե աշխարհի ամենալավ վարչապետը միայն իր ամուսինն է: Ենթադրենքՙ առաջինը, որովհետեւ պարոն Փաշինյանն իսկապես աշխարհի ամենալավ վարչապետն է: Օրինակ հոկտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ «Վերափոխելով բանականությունը» ֆորումի ժամանակ եւ հայտարարեց, որ հաջորդ տարի Հայաստանում տնկվելու է տասը միլիոն ծառ: Կրկնում եմՙ տասը միլիոն, մեկ տարում: Չի բացառվում, որ «Իմ քայլը» շարժումը ժամանակավորապես, միայն 2020-ի ընթացքում, փոխի իր անունի մեկ տառն ու դառնաՙ Իմ ծառը, մինչեւ տասը միլիոներորդ տնկին ամուր արմատներ ձգի մայր հողում: Չի բացառվում նաեւ, որ տիկին Աննա Հակոբյանն այս համազգային ծառատունկից հետո բացահայտի Եթովպիայի վարչապետին եւ մի զարմանք էլ այդ ժամանակ հայտնի, որ լավ վարչապետներ, փաստորեն, շատ կան աշխարհում:

Բայց եթե լուրջ, ապա ինձ թվում է, որ Փաշինյանն ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ: Զգալով, որ գրականության ոլորտում մրցակցությունը շատ է ե՛ւ երկրում, ե՛ւ երկրի հակառակ կողմում, Հայաստանի վարչապետը սկսել է բնապահպանությունից եւ խաղաղասիրությունիցՙ թիրախավորելով, ըստ ամենայնի, Խաղաղության Նոբելը: Հասկանալի է, որ նրա երիտասարդ թիմն ուսումնասիրել է բոլոր դափնեկիներին, ու քանի որ շատ ժամանակ չունի, որովհետեւ երկիրը պետք է զարգացնել զուգահեռաբար, զննել են միայն վերջին դափնեկրին: Եւ ահա, Եթովպիայի վարչապետը հայտնի է դարձել մեր իշխանությանը, եւ խորհրդականներն առաջարկել են Փաշինյանինՙ պարոն Ահմեդի օրինակով սկսել ծառատունկից: Չնայած, հաշվի առնելով, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որը միջազգային ամենաբարձր ամբիոններից հայտարարում է, որ ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ ադրբեջանցի ժողովրդի համար, իսկ Հայաստանում թեւածում է սերն ու հանդուրժողականությունը, ապա ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը լրջորեն մտածում է Խաղաղության Նոբելի մասին:

Հնարավոր է, անշուշտ, որ Փաշինյանն ուզում է հաջորդ տարի Հայաստանում տասը միլիոն ծառ տնկել ոչ թե Եթովպիայի վարչապետին հետեւելով, այլ որպեսզի 2020-ին լրագրողներին ներկայացնի ոչ թե 100, այլ տասը միլիոն փաստՙ նոր Հայաստանի մասին: Եւ վերջապես հնարավոր է, անկեղծ լինելու համար ասեմ, որ այս տարբերակն ամենաշատն է հնարավոր, որ վարչապետը խոշոր ծառատունկ է նախաձեռնում, քանի որ ինքը նույնպես զգում է, որ Հայաստանում մաքուր օդը քիչ է: Շնչելու դժվարություններ կան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ