RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1886, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎ ՆԱՏՕ-Ն

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ստեղծվել է ընդարձակ անվտանգության գոտի

Գերմանական Welt am Sonntag թերթը հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների մշտական ներկայացուցիչները հույժ գաղտնի պայմաններում անցկացրել են խորհրդակցություն, որտեղ քննարկվել է Սիրիայի հյուսիսում Անկարայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Հրատարակության տվյալներից չի երեւում, թե Թուրքիայի ներկայացուցիչը մասնակցե՞լ է արդյոք այդ խորհրդակցությանը: Ըստ երեւույթին չի մասնակցել, քանի որ խորհրդակցությունում հրապարակվել է Անկարայի տեղեկանքն այն մասին, որ գործողությունը պետք է շարունակվի մինչեւ նոյեմբերի առաջին կեսը: Սակայն այդ տեղեկանքը Անկարան Բրյուսելին ներկայացրել էր ԱՄՆ-ի հետ հնգօրյա հրադադարի համաձայնության հասնելուց առաջ: Հրատարակությունը նշում է, որ Գերմանիայի, Ֆրանիսիայի, Ալբանիայի, Իսլանդիայի, Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչները հասկացրել են, որ Թուրքիան չի կարող իրենց վրա հույս դնել, եթե քրդերի դիրքերի վրա նոր հարձակման ժամանակ իրավիճակը է՛լ ավելի սրվի:

Այս պայմաններում տարօրինակ բաները շատ են: Եթե Անկարան գործողությունն սկսելուց առաջ ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին տեղեկացրել է դրա մասին եւ նույնիսկ նշել դրա ավարտման ժամկետները, ապա ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց, որ ինքը Անկարայի գործողության մասին տեղեկացել է թվիթթերից: Նրա խոսքերով, «ՆԱՏՕ-ի երկրներից մեկը որոշել է հարձակվել «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում ՆԱՏՕ-ի անդամ մեկ ուրիշ երկրի դաշնակցի վրա»: Մակրոնը շարունակել է, որ իրավիճակը պահանջում է հստակություն եւ վերջին հաշվով ՆԱՏՕ-ի գործունեությանն առնչվող հարցադրում: Հստակությունը ենթադրում է, որ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների նման Ֆրանսիան եւս պետք է տեղեկացված լիներ «Խաղաղության ակունք» գործողության մասին: Բայց Փարիզը չի ենթադրել, թե գործողությունը կապված կլինի ամերիկյան զորքը թուրք-սիրիական սահմանից հետ քաշելու Վաշինգտոնի որոշման հետ: Առավել եւս, որ նախօրեին Մակրոնը Փարիզում ընդունել էր սիրիացի քրդերի պատվիրակությանը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանցից ստացել էր գրավոր ուղերձ:

Բայց երբ Սիրիայի հյուսիսում սկսվեց թուրքերի հարձակումը, ֆրանսիական հատուկ ջոկատները Քոբանիի շրջակայքում հայտնվեցին թուրք զինվորականների կրակի տակ, եւ դա առաջին դեպքն էր, երբ ՆԱՏՕ-ի երկու երկրներ կրակ բացեցին իրար վրա:(*) Ավելի լավ վիճակում չհայտնվեց նաեւ Բեռլինը: Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց. «Մենք չենք կարող ընդունել, որ Սիրիայում ներկայիս իրադրությունը միջազգային իրավունքի տեսակետից օրինականացնում է քրդական կազմավորումների վրա ձեռնարկված հարձակումը»: Այսպիսով, Սիրիայի հարցում ԱՄՆ-ը եւ Թուրքիան փաստորեն խաղից դուրս բերեցին ՆԱՏՕ-ի մյուս երկրներին: Թերեւս այն պատճառով, որ «Խաղաղության ակունք» գործողությունը չի համապատասխանում ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, որը ենթադրում է դաշինքի անդամ երկրների օգնույթունը ՆԱՏՕ-ի որեւէ երկրի վրա կատարվող հարձակման դեպքում: Թուրքիայի վրա որեւէ մեկը չի հարձակվել, եւ նա ռազմական գործողություններ է ձեռնարկում սահմանակից երկրի տարածքում:

Այստեղ առեղծվածային շատ բան կա: Ինչո՞ւ նախագահ Թրամփը հենց հիմա հարկ համարեց հայտարարել թուրք-սիրիական սահմանից ամերիկյան զորքի հետքաշման մասին, եւ ինչո՞ւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշեց սկսել ռազմական գործողություն: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, թե Սիրիայում իր զորախմբերը վահան են Թուրքիայի համար, որը կարող է հարվածների ենթարկվել Սիրիայի կողմից: Կարելի է ենթադրել, որ Անկարան սկսել է վախենալ, որ իր սահմանները Սիրիայի կողմից, ինչպես որ հիմա Իրաքի կողմից, կպաշտպանեն քրդերը: Այդ պատճառով նա սկսեց արագացնել Սիրիայի հյուսիս-արեւելքում իր սահմանի երկայնքով քրդերից զերծ անվտանգության գոտու ստեղծումը: Հնարավոր է նաեւ, որ Թուրքիան փորձած լինի փոխել տարածաշրջանի ստատուս քվոն Սիրիայի սահմանադրության վերաբերյալ հոկտեմբերի վերջին Ժնեւում նախատեսված խորհրդակցական հանձնաժողովի նիստից առաջ: Պատահական չէ, որ Անկարայում Թուրքիայի հետ հրադադարի համաձայնագրի ստորագրումից առաջ ամերիկացիները թուրքերին հորդորեցին սիրիացի քրդերի հետ անմիջական բանակցություններ սկսելՙ շրջանցելով Դամասկոսը: Այդ սցենարը տեղի չունեցավ: Պատահեց հակառակը. քրդերը դիմեցին Դամասկոսի հետ համագործակցության, ինչը անակնկալ դարձավ Անկարայի համար:

Տվյալ իրավիճակում ինչ-որ մեկն ակնհայտորեն տանուլ տվեց, բայց ո՞վՙ թուրքերը, թե՞ քրդերը: Եթե դատելու լինենք տեղեկատվական նյութերից, ապա շահում են քրդերը, որոնք հսկայական ավանդ են ներդրել «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում, իսկ հիմա գոտեմարտ են սկսել Էրդողանի հետ: Եվրոպական լրատվամիջոցները հրապարակում են բազմաթիվ նյութեր, որոնք պատմում են «Իսլամական պետության» ստեղծմանը Էրդողանի անմիջական մասնակցության եւ «Մուսուլման եղբայրների» հետ ԻՊ դաշինքի մասին: Իսկ ֆրանսիացի խորհրդարանականները առհասարակ Էրդողանին մեղադրում են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը խարխլելու եւ այն բանի համար, որ նա քրդական բոլոր կազմավորումներն անվանում է ահաբեկչական, թեեւ ինքը, ինչպես գրում է Le Figaro թերթը, ամեն կերպ աջակցում է իսլամիստական խմբավորումներին, ինչպես նաեւ սիրիական ջիհադիստներին: Անկարայի խնդիրները սկսել են անդրարդառնալ նաեւ ՆԱՏՕ-ի դաշինքի վրա, որտեղ խառնաշփոթ է սկսվել դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք գագաթաժողովից առաջ:

ՆԱՏՕ-ի պլանավորման գծով նախկին ղեկավար Ֆաբրիս Պորտյեն ստեղծված իրադրության մեջ տեսնում է եւս մեկ բաղադրիչ: Պարզվում էՙ Վաշինգտոնը մի կողմից դարպասը լայնորեն բացել է Անկարայի գործողությունների համար, իսկ մյուս կողմիցՙ ուժեղացրել է Ռուսաստանի տարածաշրջանային դերը: Այլ կերպ ասած, Թուրքիային աստիճանաբար սկսում են դուրս մղել արեւմտյան բոլոր հարթակներից: Եվ ոչ միայն դա. նրան հիշեցնում են նաեւ իր պատմական հանցանքները, ինչպիսիք են 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությունը, հույների եւ ասորիների կոտորածները, որպեսզի այդ ձեւով պահպանեն իրադրության սրությունը: Այս կապակցությանբ ֆրանսիական Le Point շաբաթաթերթը Արեւմուտքին մեղադրում է այն բանում, որ քրդերը ստիպված եղան արեւմուտքի թշնամի երկրներից (Ռուսաստան, Սիրիա) օգնություն խնդրել թուրքերից պաշտպանվելու համար: Դիվանագիտական առումով քրդերը թուրքերից լավ վիճակում են, իսկ այն տեսակետը, թե քրդերը թողնված են բախտի քմահաճույքինՙ վիճելի է, նշում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Տարածաշրջանում տեղի է ունենում խաղի ֆիգուրների նոր տեղաբաշխում, որոնցից մեկը, ամենայն հավանականությամբ, կլինի «Իսլամական պետությունը»:

Ի դեպ, այդ մասին արդեն բացեիբաց հայտարարում է Փարիզը, եւ ոչ միայն նա: Հետաքրքրական է, որ կարճատեւ հրադադարի վերաբերյալ Անկարայում ստորագրված թուրք-ամերիկյան համաձայնագրի 13 կետերից ոչ մեկում քրդերը չեն հիշատակվում որպես ահաբեկիչներ, որոնց կենտրոնավայրը այնուամենայնիվ համարվում է «Իսլամական պետությունը»: Էրդողանը մերժում է Արեւմուտքում ճանաչված Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ բանակցելու միջնորդական ջանքերը եւ ՆԱՏՕ-ի գծով իր արեւմտյան դաշնակիցներին քննադատում է այն բանի համար, որ իբր բռնել են ահաբեկիչների կողմը: Ամեն ինչ գնում է այն ուղղությամբ, որ սիրիական հավասարման մեջ շուտով կհայտնվեն նոր տվյալներ:

Հոկտեմբերի 30-ին Ժնեւում Սիրիայի նոր սահմանադրությամբ զբաղվող խորհրդակցական հանձնաժողովի նիստում կփորձեն գտնել երկրի տարբեր ազգությունների եւ խմբավորումների շահերին համապատասխանող ձեւակերպումներ: Դրանք ամբողջ ութ տարի պայքարում էին ինչպես միմյանց դեմ, այնպես էլ «Իսլամական պետության» դեմ: Հանձնաժողովի 150 անդամների մեջ կան նաեւ քրդերի ներկայացուցիչներ:

Հ.Գ. Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդերի դեմ Թուրքիայի հարձակման արդյունքը դարձավ 440 կմ երկարությամբ եւ 32 կմ լայնությամբ անվտանգության գոտու ստեղծումը, որտեղից քրդական ջոկատները պետք է հեռանան:

*) Առաջին անգամը չէ, որ ՆԱՏՕ-ի երկու երկրներ կրակում են միմյանց վրա: Թուրքական եւ հունական բանակները վերջին 40 տարում հաճախ են բախվել միմյանց հետ եւ օդային բազմաթիվ բախումներ են ունեցել Էգեյան ծովի կղզիների համար: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ