RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019



ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐ

Տեղադրվել է` 2019-11-08 11:48:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1624, Տպվել է` 163, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՎԱՆԻ ՊԱՏՄԱԲԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ ՄԱԿԻՉ ՎԱՀԱՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մակիչ Վահանի Արզումանյանն այն գիտնականներից է, որ հսկայական գիտական ժառանգություն են թողել մեզ: Նրա անվան հետ են կապված հայ ժողովրդի պատմական ճակատագրին նվիրված բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ: Նա նաեւ այն բացառիկ մտավորականներից է, որին բախտ էր վիճակվել ավարտին հասցնելու «Հայկական սովետական հանրագիտարանի» («ՀՍՀ») հրատարակությունը եւ աշխարհին ներկայանալու որպես Հայկական առաջին հանրագիտարանի գլխավոր խմբագիրներից մեկը: Նա հեղինակ է նաեւ այդ հանրագիտարանի մի շարք առանցքային հոդվածների:

Մակիչ Արզումանյանը ծնվել է 1919 թ. հոկտեմբերի 25-ին պատմական Գարդմանք աշխարհումՙ Շամխորի շրջանի Բարում գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցից հետո ավարտել է նաեւ Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը (1938), իսկ համալսարանական կրթությունն ստացել է ԵՊՀ-ում: Ընդ որում, համալսարան ընդունվել է 1938-ին, 3-րդ կուրսիցՙ 1941-ի հոկտեմբերին, զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Սակայն դեկտեմբերին Ղրիմում վիրավորվել է, հոսպիտալում բուժվելուց հետո արձակուրդ է եկել եւ այդ ընթացքումՙ 1942-ին ավարտել է համալսարանը: Ապա վերադարձել է բանակ, կռվել Կովկասյան եւ 1-ին ու 4-րդ ուկրաինական ռազմաճակատներում: Զորացրվել է 1945-ի նոյեմբերին եւ անցել աշխատանքի: 1950-ին պաշտպանել է թեկնածուական, 1963-ինՙ դոկտորական ատենախոսություններ, ստացել համապատասխան գիտական կոչումներ: Պրոֆեսորի կոչմանն արժանացել է 1964-ին:

Պրոֆ. Արզումանյանը հանրագիտարան է եկել 1979-ինՙ խմբագրության համար բավական ծանր մի ժամանակ, երբ «ՀՍՀ» 5-րդ հատորի տպագրությունը ձախողվում էր: Խմբագրության աշխատակազմին նոր ղեկավար էր պետք, եւ ՀԿԿ կենտկոմն այդ գործին ավելի հարմար գտավ պրոֆ. Արզումանյանին, որն արդեն բարի համբավ ու անուն էր վաստակել իր 10-ից ավելի տպագրած մենագրություններով եւ 300-ից ավելի հոդվածներով: Մինչ այդ նա աշխատել էր ԵՊՀ-ում (1946-50 եւ 1960-61-ին), ՀԿԿ կենտկոմին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում (1951-54) եւ կուսակցական դպրոցում (1954-59), ապա Երեւանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում (1962-ից)ՙ որպես ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ:

Նա կարողացավ շատ արագ վերականգնել աշխատանքային կարգապահությունը խմբագրությունում, փոխեց ղեկավար կազմը (նվաստս հենց այդ ժամանակ է ընդունվել աշխատանքիՙ որպես գլխավոր խմբագրի տեղակալՙ ճշգրիտ եւ բնական գիտությունների գծով: Մակիչ Վահանիչի, նրա հետ մինչ այդ ծանոթ չէի, թեթեւ ձեռքով ես անցա այդ խիստ կարեւոր պաշտոնի համար անհրաժեշտ փորձաքննության բոլոր օղակներով եւ հայտնվեցի հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում):

Նոր գլխավոր խմբագրին հատկապես հարմարման ժամանակ պետք չեկավ: Նա, ինչպես ժողովուրդն է ասում, կառավարման սանձն արագ վերցրեց իր ձեռքը, եւ գործերը շարունակվեցին. այդպեսՙ շուրջ 9 տարի: Նա ավարտին հասցրեց հանրագիտարանի (12+1 հատոր) հրատարակությունը (նա է ստորագրել վերջին 8 հատորները) եւ հիմնադիր գլխավոր խմբագիր, գիտահրատարակչական խորհրդի եւ ԳԱԱ անփոփոխ նախագահ Վիկտոր Համբարձումյանի, գլխավոր խմբագրի տեղակալ Ջավադ Թորոսյանի ու պատասխանատու քարտուղար, գրող Հայկ Խաչատրյանի հետ արժանացավ ՀԽՍՀ Պետական մրցանակի (1988):

Բայց բոլորիս համար շատ անակնկալ, որովհետեւ նա շատ կենսուրախ անձնավորություն էր, բացահայտվեց նրա անբուժելի հիվանդությունը, եւ նա վաղաժամ (1988-ի հուլիսի 20-ին) հրաժեշտ տվեց կյանքին: Այստեղ չեմ կարող չհիշել նրա կատակով ասած խոսքերըՙ հատկապես երկարակեցության մասին: Նա, որ, բնականաբար, տարիքով մեծ էր, մեզ ասում էր. «... իմ հայրը 99 տարի է ապրել, իմացեք, հա՜...»:

Ավաղ, այդպես չեղավ, եւ Հայկական հանրագիտարանը Արզումանյան ընտանիքի, նրա հարազատների, բարեկամների ու ընկերների հետ մեծ կորուստ կրեց:

Պիտի արձանագրեմ, որ հանրագիտարանի աշխատակազմը համակրանքով էր վերաբերվում Արզումանյանին. բոլորը գոհ էին իրենց նկատմամբ նրա ուշադրության, իրենց աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու եւ առաջխաղացման համար: Ղեկավարի այդ հատկությունը բացառիկ գնահատելի է, եւ պատահական չէ, որ Մակիչ Վահանիչի օրոք աշխատած մեր «հնաբնակները» նրա ղեկավարած տարիները համարում են «Հանրագիտարանի ոսկե դարը»: Նրա կենսուրախ բնավորությունն օգնում էր ավելի արդյունավետ աշխատելուն:

Պրոֆ. Արզումանյանի գիտական կենսագրությանն անդրադարձել են շատերը. անվանի պատմաբան Հրաչիկ Սիմոնյանը մասնավորապես գրել է. «Մեծ է Մ. Արզումանյանի ծառայությունը պատմական գիտությանը: Նրա ուսումնասիրությունները ոչ միայն բազմակողմանի հարուստ գիտելիքների ու լայն էրուդիցիայի արգասիք են, այլեւ անսպառ եռանդի ու անդուլ աշխատանքի արդյունք: Նրա աշխատություններին ամենից առաջ բնորոշ է վավերագրական ամուր հենքը. պատմաբանը առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրել մեծ թվով արժեքավոր վավերագրեր եւ այլ կարգի փաստաթղթեր: Նրա գիտական ժառանգությունն անխոցելի է փաստական նյութի առումով: Անհամար փաստերի քաոսից գիտնականը կարողանում էր ընտրել ու առանձնացնել երեւույթներն ու դեպքերը բացահայտող առավել տիպականն ու բնորոշը: Հայաստան աշխարհում տեղի ունեցած պատմական իրադարձությունները Արզումանյանը դիտարկել է ժամանակի համաշխարհային իրադարձությունների շղթայի մեջ, որը նրան հնարավորություն էր տալիս լայնորեն դրսեւորել իր ինտելեկտուալ մեծ կարողությունները» (ԼՀԳ, 2000, 1, էջ 233-236):

Արժեքավոր են Մ. Արզումանյանիՙ ինչպես հեղափոխական շարժումներին, Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմությանը, բոլշեւիկյան ականավոր գործիչներիՙ Ասքանազ Մռավյանի, Սարգիս Մուսայելյանի, Արսեն Ամիրյանի, Սուրեն Սպանդարյանի, Ստեփան Շահումյանի կյանքին ու գործունեությանը, այնպես էլ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, նրա դարավոր մաքառումներին նվիրված աշխատությունները:

1959 թ-ին լույս է տեսել գիտնականի դոկտորական ատենախոսությունը, որը նվիրված էր Հայաստանի հեղափոխական շարժումներին եւ ընդգրկում էր 1907-17թթ. ժամանակաշրջանը: Այդ աշխատությամբ նա լրացրել է պատմության բազմաթիվ սպիտակ էջեր, առաջին անգամ ընթերցողներին ներկայացրել անցյալի շատ իրողություններ: Մասնավորապես, ցույց է տվել, որ ռուսահայությունն այդ տարիներին ոչ թե միայնակ ու անզոր մի զանգված էր, ինչպես պատկերացնում էին շատերը, այլ ակտիվ հավաքականություն, որի ընդերքում, չնայած ցարական հալածանքներին, դանդաղ, բայց հիմնավոր խմորվում էին ապագայի սոցիալական ընդվզումները:

Հատկանշական է, որ արդեն իր այս առաջին ծավալուն մենագրության մեջ նա խորհրդահայ պատմաբանների թվում առաջիններից է անդրադարձել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերիՙ արեւմտահայության նկատմամբ իրականացրած եղեռնին, ցույց տվել զանգվածային կոտորածների ու աքսորի պատճառները, մեծ տերությունների մեղսակցությունը հայերի սպանդին եւ այլն: Աշխատության այդ բաժնում արծարծված են Մեծ եղեռնին վերաբերող գրեթե բոլոր այն հարցադրումները, որոնք հետագայում զարգացնելու էին հայ պատմաբանները, նշել է Հ. Սիմոնյանը:

Խրուշչովյան «ձնհալի» տարիներին գիտնականն ամբողջովին նվիրվել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հարցերին: 1969 թ-ին լույս տեսած նրա «Հայաստան. 1914-1917» մեծածավալ (780 էջ) աշխատությունն արժեքավոր ներդրում էր հայ պատմագրության մեջ: Հեղինակն այդտեղ ներկայացրել է Հայաստանի արեւմտյան եւ արեւելյան մասերի պատկերն Առաջին աշխարհամարտի նախօրյակին, մերկացրել մեծ տերությունների երկդիմի քաղաքականությունը Հայկական հարցում, մանրամասն նկարագրել 1915-16 թթ-ի զարհուրելի դեպքերը: Նա ընթերցողին մտովի մասնակից է դարձնում նաեւ հայոց հերոսական դիմադրության պատմությանըՙ անդրադառնալով Վանի, Շատախի, Շապին-Գարահիսարի, Ուրֆայի եւ այլ վայրերի հերոսամարտերին:

«Արհավիրքից վերածնունդ» (1973) ծավալուն մենագրությամբ գիտնականն ամբողջացրել է այն մեծ հիմնախնդրի ուսումնասիրությունը, որին նա տարիներ էր նվիրել: Գրքում նա նախ բնութագրել է «աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկիՙ հայերի անցած ուղին», միաժամանակ կարեւորել հայ ժողովրդի մղած դասակարգային պայքարը, ինչպես նաեւ ցույց տվել, որ հայերի դիմանկարը հատկապես ձեւավորվել է ներքին կյանքով, տնտեսական ու մշակութային շինարարությամբ:

1977 թ-ին գիտնականը հրատարակեց իր առավել հետաքրքրական ու արժեքավոր «Նանսենը եւ Հայաստանը» գիրքը: Նորվեգացի մեծ հումանիստի մասին գրել եւ գրում են շատերը, բայց Մ. Արզումանյանն առաջին պատմաբանն էր, որ խոր ներշնչանքով ամբողջացրեց նրա անզուգական կերպարը: Հեղինակը կենտրոնացել է Ֆրիտյոֆ Նանսենիՙ հայ ժողովրդի մեծ բարեկամի կերպարի բացահայտման, նրա հայապաշտպան գործունեության վրա: Հարուստ փաստական նյութի հիման վրա ներկայացրել է Նանսենի գործունեությունը ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու եւ միջազգային հանրությանն ու Ազգերի լիգային այդ խնդրին նպատակամղելու ուղղությամբ: Այդ գիրքը, ըստ էության, հայ ժողովրդի խոր երախտագիտության տուրքն է, նրա հավերժ շնորհակալությունը մարդկության այդ բարի հանճարին: Գրքի վերջին էջերում հեղինակն այն միտքն է հայտնել, որ հայ ժողովուրդը վաղ թե ուշ Երեւանում կանգնեցնելու է Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանըՙ որպես նրա նկատմամբ հավերժ սիրո խորհրդանիշ:

Ինչպես գիտեք, գիտնականի այդ ցանկությունն ի կատար ածվեց մեծ հումանիստի ծննդյան 150-ամյակին (2011 թ-ին), երբ Երեւանում ոչ միայն նրա հուշարձանը, այլեւ «Նանսենյան անձնագրի» արձան տեղադրվեց, եւ բացվեց Նանսենի թանգարան:

Պատմաբանի վերջինՙ «Դարավոր գոյամարտ» (շուրջ 800 էջ) աշխատությունը լույս տեսավ 1989 թ-ինՙ հետմահու: Այս գիրքը, ըստ էության, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության գիտական լուսաբանման ուղղությամբ հայ պատմաբանների կատարած աշխատանքի յուրովի ամբողջացումն ու ամփոփումն է:

Ավարտելով մեր այս համառոտ խոսքը մեծ գիտնականի եւ մշակութային գործչի մասինՙ ասենք, որ պրոֆ. Մակիչ Վահանի Արզումանյանը սերունդներին հիրավի թողել է գիտական հսկայական ժառանգություն եւ բարի հիշատակ: Նրա անունն անխզելիորեն կապված է Հայոց առաջին հանրագիտարանի ստեղծման հետ, որը հայ մշակույթի պատմության յուրահատուկ եւ հատկապես արժեքավոր էջերից է:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

14.10.2019

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ