RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2282, Տպվել է` 167, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎՈՂ ԹՐԱՄՓ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Դրա ավարտին հրավիրված մամուլի ասուլիսը կատարյալ խայտառակություն էր

Նոյեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ուղեւորվեց Վաշինգտոն: Հաջորդ օրը նրան Սպիտակ տանը ընդունեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Էրդողանի այցը, որին ուղեկցում էին արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, պետգանձարանի եւ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, նախագահի խոսնակ եւ գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընն ու այլ գործիչներ, իրականացվում էր ամերիկյան կողմի հրավերով: Չնայած հրավերինՙ դա բուռն հակազդեցություն առաջ բերեց ԱՄՆ-ում: Հակազդեցության պարագայում խոսքը սոսկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մասին չէ, այլ ամերիկյան հեռուստատեսությունների, տպագիր մամուլի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների: Թերեւս այդ առումով պատահական չէր Էրդողանի եւ նրա պատվիրակության իջեւանած հյուրանոցին հարող փողոցների փակումը բեռնատարներով, ինչը,որպես աննախադեպ երեւույթ, ավերի քան զարմացրել էր թուրք լրագրողներին:

Էրդողանը չափազանց մեծ կարեւորություն էր տալիս նոյեմբերի 13-ի այցին: Ռուսաստանը, Իրանը, Սիրիան, ինչպես նաեւ Սիրիայի քրդերը ուշադիր հետեւում էին դրան, Եվրոպական միությունը առաջնակարգ երկրների գլխավորությամբ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում, իսկ թուրքական քաղաքական շրջանակներըՙ մտահոգություն ապրում, պատճառաբանելով դա ԱՄՆ-ում համատարած բնույթ ստացած հակաթուրքական տրամադրություններով:

Ընդդիմությունն էլ, ի դեմս Ժողովրդա-հանրապետական եւ «Լավ» կուսակցությունների, մտահոգված էր, որ հանդիպմանը էրդողանը հանցավոր լռությամբ, ինչպես Թրամփի հոկտեմբերի 9-ի տխրահռչակ նամակի դեպքում էր, կրկին թույլ կտա ԱՄՆ-ում ոտնակոխ անել Թուրքիայի «ազգային արժանապատվությունը»:

Մտահոգված էր նաեւ Էրդողանը: Թվում է, թե նրա տեսակետից ամենամտահոգիչր հոկտեմբերի 17-ին փոխնախագահ Մայք Փենսի պատվիրակության հետ Անկարայում ստորագրված թուրք-ամերիկյան համաձայնագրից, իսկ հոկտեմբերի 22-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ընդունած հուշագրից հետո Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներն են: Այն առումով, որ դրանք փաստորեն ստիպեցին Էրդողանին դադարեցնելու «Խաղաղության աղբյուր» գործողությունները, Սիրիայի հյուսիս-արեւելքում, ընդ որում առանց «անվտանգ» գոտին ընդարձակելու, առավել եւս քուրդ «ահաբեկիչներին» արմատախիլ անելու: Ավելին, Սոչիի հուշագրից հետո, երբ Թրամփը մեղադրվեց ամերիկյան զինվորներին դուրս բերելու որոշումով Սիրիայում նախաձեռնությունն ամբողջովին Ռուսաստանին եւ նախագահ Բաշար Ասադի վարչակարգին զիջելու մեջ, այդ զինվորները վերադարձան, տեղակայվելով մասնավորապես Հասաքեում եւ Ռաքքայում:

Ամերիկացի զինծառայողների հետ բնակության նախկին վայրեր վերադարձան նաեւ քրդական ուժերը: Այսպիսով Թուրքիայում կասկածի տակ դրվեց «Խաղաղության աղբյուր» գործողությունների նպատակահարմարությունը: Վերադարձը դեռ մի կողմ, ամերիկացիները պատրաստակամություն հայտնեցին քրդական ուժերին զիջել Ռաքքայի նավթահանքերից ստացած եկամուտի 20 %-ը, էլ չենք խոսում Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Քոբանիին գեներալ հորջորջելու եւ նրան Վաշինգտոն հրավիրելու նախագահ Թրամփի արարքի մասին, ինչը թերեւս ավելի քան անընդունելի էր Էրդողանի համար: Այդ ընթացքում հայտնի դարձավ, որ նոյեմբերի 4-ին Էրդողանը Թրամփից ստացել է նաեւ 2-րդ նամակը, որտեղ ԱՄՆ նախագահը պահանջում էր չգործարկել ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերը եւ Ռուսաստանից այլեւս զենք չգնելու հավաստիացում տալ: Հոկտեմբերի 12-ին, երբ Էրդողանը պատրաստվում էր ուղեւորվել Վաշինգտոն, S-400 համակարգերին CBS հեռուստատեսության ուղիղ եթերում անդրադարձավ նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայնը , ասելով. «Եթե Թուրքիան չձերբազատվի S-400-ից, ապա Կոնգրեսը կհաստատի պատժամիջոցների մասին օրինագիծը եւ Թուրքիան անխուսափելիորեն կբախվի դրանց հետեւանքներին: Մենք այդ մասին պարզորոշ ասել էինք նախագահ Էրդողանին: Ռուսական համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հետ»:

Ուղեւորվելուց առաջ, Անկարայի օդակայանում Էրդողանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպման օրակարգի առունչությամբ որոշ պարզաբանումներ տվեց թուրք լրագրողներին: Նա մասնավորապես նշեց, որ այցը իրականացնում է թուրք-ամերիկյան հարաբերությունների առումով անառողջ մթնոլորտում, քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարի, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության եւ միջպետական առեւտրի խնդիրները, դրա ծավալները 20 միլիարդից 100-ի հասցնելու ենթատեքստում: Խոսեց Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիա հանձման մասին, Իրաք-Շամ իսլամական պետության ահաբեկիչների դեմ պայքարը հետեւողականորեն շարունակելու վճռականության, ինչպես նաեւ նրանցից ոմանց վերադարձնելու մասին այն երկրներ, որտեղից եկել են, դռները բացելու պատրաստակամությամբ վերստին սպառնաց Եվրոպական երկրներին, ընգծեց, որ հարկ եղած դեպքում կարող են հրաժարվել Եվրոպական Միության հետ ծավալվող անդամակցության բանակցություններից, ապա անուղղակի քննադատեց նախագահ Թրամփին, թե Ֆերհադ Աբդի Շահինը, այսինքն Մազլում Քոբանին, արյունարբու մարդասպամ է, ինքը փաստերով դա կապացուցի հանդիպմանը, մի՞թե կարելի է շփվել այդ մարդասպանի հետ: Թեեւ Էրդողանը գանգատվեց ամերիկյան կողմիցՙ ձեռք բերված պայմանավորվածությունները լիարժեք չկատարելու համար, բայցեւայնպես նշեց, որ երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարցում ինքն ու Թրամփը համամիտ են:

Լրագրողների հարցերին պատասխանելիս Էրդողանը կրկին անդրադարձավ քրդական ուժերին, մատնանշեց, որ հակառակ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, «ահաբեկիչները» չեն հեռացել նախանշված վայրերից, ավելացնելով. «Չենք կարող ասել, որ նրանք ազատել են Մանբիջը: Մենք նրանց մասնակի հանդիպում ենք Թել Աբյադում, Թել Ռիֆաթում: Այս հարցերը հանդիպմանը բարձրացնելու ենք մեծարգո Թրամփի առջեւ, ինչպես նաեւ հանդիպումից հետո հեռաձայնելու ենք նախագահ Պուտինին»: Լրագրողի հարցին ի պատասխան նա նշեց Թրամփի ուղարկած երկու նամակը ետ վերադարձնելու մասին:

Երբ Էրդողանը ինքնաթիռում ուղեւորվում էր Վաշինգտոն, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 15 դեմոկրատկան եւ 2 հանրապետական անդամներ, ինչպես նշել էր BBC-ին, նամակով դիմեցին նախագահ Թրամփին, պահանջելով չեղյալ հայտարարի իր հրավերը Էրդողանին, քանի որ ստեղծված իրավիճակում Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ միանգամայն աննպատահարմար է: Իհարկե դա տեղի չունեցավ: Ավելին, Սենատի օրակարգից հանվեց նաեւ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառնամ օրինագիծը, որն իրականում կոչվում է «Սիրիայում Թուրքիայի օկուպացիան կասեցնելու մասին», որտեղ հատուկ հոդվածով շոշափվում է Էրդողանի ու նրա ընտանիքի անդամների ունեցվածքի հարցը, ինչը խորապես մտահոգում, ավելի քան կաշկանդում էր Թուրքիայի նախագահին: Փոխարենը, սակայն, Պենտագոնը հայտարարեց, որ չեն պատրաստվում քրդական ուժերի հետ համագործակցությունից: Այս հայտարարությունն էլ պետք է մտահոգի ու կաշկանդի Թուրքիային, որովհետեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Մայք Էսպերն ասաց, որ իրենք դեռեւս չեն կողմնորոշվել Սիրիայում տեղակայվող զինծառայողների թվակազմի հարցում: Ներկայումս այդ թիվը 500-ից 600 է, ինչը նավթահորերը վերահսկելու հնարավորության հազիվ թե տա ամերիկացիներին: Սա խոսում է դրանք քրդական ուժերով պաշտպանելու Պենտագոնի մտադրության մասին: Եթե այդպես է, կնշանակի ամերիկացիները չեն հրաժարվել քրդական ծրագրերից:

Ինչ վերաբերում է Թրամփ-Էրդողան հանդիպմանը, ապա երկու երկրների նախագահներն ունեցել են առանձնազրույց, ապա համատեղ մամուլի ասուլիս են տվել, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ: Թրամփ-Էրդողան առանձնազրույցը տեւել է մեկ ժամ 15 րոպե: Հաշվի առնելով այն, որ 3 րոպեն նախագահներին լուսանկարելու կամ տեսագրելու համար հատկացվում է լրագրողներին եւ Թրամփը Էրդողանի հետ շփվել է թարգմանիչի միջոցուվ, ապա պետք է որ առանձնազրույցի ժամանակը կրճատվի կիսով չափ, դառնալով 42 րոպե: Ի դեպ, մամուլի ասուլիսը սկսել է մեկ ժամ ուշացումով եւ հակառակ Էրդողանի հավաստիացման, թե ընդգրկուն է լինելու, եղել է բեմադրություն, վատ սցենարով: Թերեւս այդ առումով պատահական չէին Թրամփի ելույթից հետո հնչած խոսքերը. «Բարեկամ լրագրողներից բարեկամական հարցեր ենք ակնկալում»:

Ամբիոնին նախ մոտեցավ նախագահ Թրամփը , ասաց, որ ինքը Էրդողանի երկրպագուն է, վերջինի հետ առանձնազրույցը համարեց շատ արդյունավետ եւ նույնքան էլ հրաշալի, ռազմական գործողությունները Սիրիայուն դադարեցնելու առնչությամբ գովեստի խոսքեր շռայլեց Թուրքիայի հասցեին, գոհունակությամբ նշեց Իսլամական պետության դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ Թուրքիայի համագործակցության մասին: Նա անդրադարձավ ռուսական S-400 համակարգերին, ասաց, որ թուրքիայի համառությունն այս հարցում դժվարին կացության մեջ է դնում ԱՄՆ-ին: Այնուհետեւ Թրամփը Թուրքիային համարեց ՆԱՏՕ-ի գծով կարեւոր դաշնակից, ինչ վերաբերում է քրդերին, ապա շեշտեց, որ նրանց հետ հրաշալի հարաբերությունների մեջ են:

Էրդողանը ելույթում ԱՄՆ-ի նախագահին անվանեց իր թանկագին բարեկամը, անդրադարձավ Իսլամական պետության ահաբեկիչների հետ պայքարին, ապա քուրդ «ահաբեկիչներին», վերջիններիս դեմ համատեղ պայքարի կոչ արեց նախագահ Թրամփին, խոսեց Թուրքիա ապաստանած սիրիացի փախստականներից, ընդգծելով, որ Թուրքիան 40 մլրդ. դոլար է ծախսել նրանց կարիքները հոգալու համար, ընդգծեց «անվտանգ» գոտին ընդլայնելու, դա Իրաքի սահմանից մինչեւ Ջարաբլուս հասցնեու, ինչպես նաեւ Դեր Զորն ու Ռաքքան գոտու մեջ ընդգրկելու անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի մեկ մլն փախստականի վերաբնակեցնել Սիրիայի հյուսիսում, իսկ մեկ միլիոնին էլ Դեր Զոր-Ռաքքա հատվածում: Ապա նա նշեց, որ S-400 համակարգերի եւ ամերիկյան F-45 ինքնաթիռների հարցը լուծելու են ԱՄՆ-ի հետ երկխոսության միջոցով:

Էրդողանն այնուհետեւ գանգատվեց Հալոց ցեղասպանությունը ճանաչելու Ներկայացուցիչների պալատի որոշումից, անդրադարձավ քուրդ առաջնորդ Մազլում Քոբանիին, հայտնելով իր տարակուսանքը, թե ինչպես կարելի է գործընկերոջ տեղ դնել եւ շփվել այդ ահաբեկչի հետ: Չմոռացավ Վաշինգտոնում եւս փախստականներով սպառնալ ԵՄ-ի երկրներին:

Ինչ վերաբերում է լրագրողների հարցերին, ապա դրանք Թրամփի դիպուկ արտահայտությամբ միանգամայն բարեկամական էին, ուստի հարկ չենք համարում անդրադառնալ դրանց: Պարզապես ասեմ, որ ես Թրամփ-Էրդողան հանդիպման ավարտին հրավիրված ասուլիսին հետեւում էի «Halk TV-ի» էկրանից, դրա ավարտին հաղորդավար Էնվեր Այսերը դա անվանեց խայտառակություն, կարծես ընդգծելու, որ երբեմն խայտառակ են լինում նաեւ բեմադրությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ