RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1262, Տպվել է` 148, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԵՎՈՐԸ ՆԱՎԹՆ Է, ԹԵ՞ ՔՐԴԵՐԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Սիրիայում կստեղծվի ամերիկյան երեք ռազմակայան

Վաշինգտոնը նոր փոփոխություն է կատարել Սիրիայում իր քաղաքականության մեջ: Եթե անցյալում նախագահ Դոնալդ Թրամփը խոսում էր այնտեղից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին եւ իր հայտարարությամբ Թուրքիային նույնիսկ հրահրել էր սկսելու «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, ապա այժմ նա բարձրաձայնում է սիրիական նավթը իր վերահսկողության տակ առնելու ծրագրերի մասին:

Ամերիկացի զինվորականները մտադիր են պաշտպանել սիրիացի քրդերի վերահսկողությանը ենթակա մի ընդարձակ շրջան: Ինչպես նշում է The Associated Press-ը, Պենտագոնը առայժմ ստուգապես չի նշում Սիրիայում մնացող ամերիկյան զորաբաժնի թվակազմը, թեեւ որոշ փորձագետներ կարծում են, որ այնտեղ կմնա մոտ 800 զինծառայող: Ըստ որում, աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ, չգիտես ինչու, շեշտում են Թրամփի «Ես կպաշտպանեմ նավթը» արտահայտությունը: Նույնիսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թրամփին բնութագրել է որպես ամերիկացի նախագահներից լավագույնը, քանի որ «նա ազնվորեն խոսում է սիրիական նավթին տիրանալու իր մտադրության մասին»: Սակայն իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, ամեն ինչ ավելի բարդ է:

Նախ եւ առաջ, Թրամփը արձագանքում է Սիրիայի նավթառատ արեւելքում սահմանափակ զորաբաժին թողնելու Իսրայելի եւ Հորդանանի խնդրանքին: Երկրորդ, այդ շրջանը վերահսկում են Վաշինգտոնի դաշնակից սիրիացի քրդերըՙ Սիրիայի Դեմոկրատական ուժերը: ԱՄՆ նախագահը խոստացել է քրդերին օժանդակել ունենալու ինչ-ինչ դրամական հոսքեր: Մենք կարող ենք այնպես անել, որ մեր նավթային խոշոր ընկերություններից մեկը մուտք գործի այնտեղ, եւ որ ամեն ինչ ճիշտ լինի: Մանրամասն պարզաբանումներով հանդես է եկել ԱՄՆ ազգային հետախուզության հակաահաբեկչության պայքարի կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ռասել Թրեվերսը , որը հաստատել է վերոհիշյալ ծրագիրը: Ավելի վաղ, Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր չէ այնտեղ թողնել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ սիրիական զորքերին:

Նշենք, որ Սիրիային այդպես էլ չհաջողվեց փակել Իրաքի հետ իր սահմանը, որտեղից Սիրիա մտան ամերիկյան զորքեր եւ որոնք մտադիր են Իրաք տեղափոխել սիրիական նավթը: Վաշինգտոնը կարող էր նման քայլի չդիմել, եթե դա նախապես համաձայնեցրած չլիներ Էրբիլի իշխանությունների հետ, իսկ այս ձեւով կամուրջ է ստեղծվում սիրիացի եւ իրաքցի քրդերի միջեւ, եւ պայմաններ են ստեղծվում Սիրիայում քաղաքական կարգավորմանը խոչընդոտելու եւ տարածաշրջանային քաղաքականությունը փոփոխելու համար:

Ստեղծվում է հետեւյալ իրավիճակը. Սիրիայի արեւելքում ամերիկյան զորքը գրավել է Ռումեյլանի նավթային հանքավայրերըՙ Ծ-4 միջազգային ճանապարհից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այդ ճանապարհին պարեկություն են անում սիրիական ուժերը եւ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը: Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկացիները մտադիր են ստեղծել երեք ռազմակայան, որոնցում կտեղաբաշխվեն Սիրիայից բերված զինծառայողներ: Բացի դրանից, ԱՄՆ-ը փաստորեն չի հեռացել 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուց, որը թուրքական բանակը ստեղծել է Սիրիայի սահմանի երկայնքով: Այնտեղ հարաբերական անդորրը պահպանվում է սահմանափակումների զանազան բաց եւ փակ համաձայնությունների հիման վրա, որոնք մասնավորապես ձեռք են բերվել Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումների ընթացքում:

Ստեղծվող բարդ իրադրության մեջ դժվար է առանձնացնել այն գլխավոր հարցը, որն անհրաժեշտ է լուծել առաջին հերթին, քանի որ Սիրիայի նավթաբեր շրջաններում ամերիկացիների ներկայությունը նրանք ներկայացնում են որպես սիրիացի քրդերի պաշտպանության քողածածկույթ: Հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը պարզաբանել է ամբողջ գործողության իմաստը. «Մենք զորքերը կթողնենք այստեղ, որպեսզի վստահ լինենք, որ ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ասադը չեն ստանա այդ նավթահորերը: Եթե ինչ-որ մեկը դրանցից օգուտ ունենա էլ, դա կլինեն մեր քուրդ դաշնակիցները: Դա իրոք լավ ազդանշան է, որ մենք չենք լքել քրդերին»:

Տարածաշրջանում ամերիկացիների քաղաքականության նոր փոփոխությունը չվրիպեց Մոսկվայի, Թեհրանի եւ Անկարայի ուշադրությունից: Նրանք հասկանում են, որ Վաշինգտոնը գործում է Սիրայի մասնատման սցենարով, ինչպես որ դա արվեց Իրաքում: Սակայն նոր իրողությունը ուրվագծում են Սիրիայի Դեմոկրատական ուժերի քրդական ջոկատները, որոնք գործողություն իրականացրին Սիրիայի հյուսիսումՙ Ռաքքայի նահանգում, թուրքական բանակի կողմից կռվող զինված ընդդիմության դեմ: Թուրքական հրետանին հուժկու հարվածներ է հասցնում Շելգիրատին:

Ինչպես հայտարարեց Էրդողանը, «սպառվել է Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնության 150 ժամը, բայց ահաբեկիչները դեռ չեն հեռացել այդ գոտուց, նրանք դեռ հարձակումներ են գործում, իսկ «սիրիական ազգային բանակը», պատասխանում է նրան»: Էրդողանը հարց է տալիս, «Ի՞նչ է, մենք պիտի լռե՞նք»:

Վաշինգտոնում նախագահներ Թրամփի եւ Էրդողանի նոյեմբերի 13-ի հանդիպումից հետո կփոխվի՞ արդյոք իրավիճակը Թուրքիա-Սիրիա-Իրաք եռանկյունում: Դժվար է ասել, քանի որ ասես ճիշտ ժամանակին է իր մասին հիշեցնում «Իսլամական պետությունը»: Սիրիայի Դեմոկրատական ուժերը հայտարարել են, որ իրենք միջազգային կոալիցիայի հետ համատեղ վերսկսում են պայքարը այդ ահաբեկչական կազմակերպության դեմ: Իրենց հերթին թուրքական ռազմօդանավերը հերթական անգամ հարձակում են գործել Իրաքյան Քրդստանի եւ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող մի քանի գյուղերի վրա, որտեղ կան ՔԲԿ-ի ճամբարներ: Դրանով իսկ օբյեկտիվորեն ստեղծվում է իրաքա-սիրիական քրդական ճակատ:

Ամեն ինչ չափից ավելի խճճված է: Պուտինն Էրդողանին առաջարկել է բանակցություններ սկսել Ասադի հետ, որպեսզի Սիրիայի կառավարական զորքերը կարողանան մոտենալ սահմանին: Փորձագետների կարծիքով, իրադարձությունների նման ընթացքը լավագույն տարբերակը կլիներ սիրիացի քրդերի առաջնորդների հետ երկխոսություն սկսելու համար: Սակայն Էրդողանը ցանկություն չի հայտնում երկխոսելու Ասադի հետ, եւ նրանք միասին անտեսում են քրդերին որպես երրորդ ուժի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ