RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019



ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-11-21 23:27:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2862, Տպվել է` 191, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

Անօդաչու թռչող սարքերի վտանգը

Աշխարհը ցնցվեց եւ մինչեւ այժմ տարբեր քաղաքական հարթակներում, օպերատիվ-ռազմական խորհրդակցություններում քննարկվում է ս. թ. սեպտեմբերի 14-ին, առավոտ կանուխ Սաուդյան Արաբիայի «Սաուդի Արամքո» նավթարդյունահանող ընկերության վրա իրականացված հարձակումը: Հարձակումն իրականացրեցին 10 անօդաչու թռչող սարքեր (դրոններ), որոնք ահռելի վնաս հասցրին համաշխարհային նավթի բիզնեսին, չնայած որոշ պետություններ դրանից ահագին եկամուտ ունեցան: Բայց այս հոդվածը նվիրված չէ այդ տնտեսական դիվերսիաներին, այլ դրոններին:

Այսօր Մերձավոր Արեւելքում, տարբեր «թեժ կետերում» հաճախ են օգտագործվում դրոնները, ինչպես հետախուզական, այնպես էլ դիվերսիոն նպատակներով: Շատերին հետաքրքրում է, թե ինչու Սաուդյան Արաբիայում տեղաբախշված «Patriot» ամերիկյան զենիթա-հրթիռային համալիրները չկարողացան պաշտպանել նավթահորերը հարձակումից: Պատասխանը շատ պարզ է. «Patriot»-ի կողմից թռչող օբյեկտի հայտնաբերման ներքին սահմանը 60 մետր է, իսկ դրոնները կարող են ավելի ցածր բարձրության վրա թռչել: Համեմատության կարգով նշենք, որ ռուսական արտադրության C-400 համանման հրթիռային համալիրները հայտնաբերում են 5 մետր բարձրության վրա թռչող անօդաչու սարքերը: Իզուր չէ, որ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը ս. թ. սեպտեմբերի 16-ին Անկարայում, Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ գագաթաժողովին հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը ճիշտ կաներ, եթե Իրանի եւ Թուրքիայի նման գներ իրենցից C-400 «Տրիումֆ» համալիրը (Իրանը ձեռք է բերել C-300 համալիրը) եւ ապահովեր իր նավթային ինֆրակառույցների անվտանգությունը:

Այսպիսով, արհամարհական մարտահրավեր նետելով ամերիկյան ռազմա-արդյունաբերական համալիրին, Վլ. Պուտինը Սիրիայի հարցի շուրջ կարգավորման հարթակն օգտագործեց ռուսական ապառազինությունը գովազդելու համար:

Եվ իրոք, հայտնի է, որ Սիրիայի Հմեյմիմ քաղաքում տեղաբաշխված ռուսական ավիաբազան, որը անընդհատ դրոնների հարձակման թիրախում է, հաջողությամբ պաշտպանվում է C-400 եւ «Պանցիր C1» փոքր հեռավորության հրանոթային համակարգերի օգնությամբ: Իհարկե խոցել ոչ այնքան թանկարժեք դրոնները հսկայական գումարներ արժեցող հրթիռներովՙ այնքան էլ ուրախանալու առիթ չէ, բայց պատերազմը թանկ հաճույք է: Օրինակ, հաշվի առնենք, որ ռուսական ուժերին Հմեյմիմում միայն 2019 թ. մայիսի 19-ին հաջողվել է թիրախավորել 8 հրթիռ եւ 12 դրոն:

Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հոկտեմբերի 16-ին Սոչի քաղաքում հատուկ ծառայությունների եւ անվտանգության մարմինների 18-րդ միջպետական համաժողովի ընթացքում հայտարարեց հետեւյալը. «Անօդաչու սարքերի թռիչքային բնութագրի բարելավումը եւ զանազան խոցող, ջախջախող, պարտության մատնող միջոցների տեղափոխման հնարավորությունները դրանց միջոցով, մինչեւ իսկ քիմիական, թունավոր նյութեր ավտոնոմ ռեժիմով տեղաշարժվելու եւ մի կետից դրանց թիչքները կառավարելու հնարավորությունները շատ շուտով տարբեր պետությունների, այդ թվում Ռուսաստանի համար կդառնան իսկական մարտահրավերներ»:

Բորտնիկովը նշեց նաեւ, որ դրոնների հոծ եւ համախմբված հարձակումները ռազմական եւ քաղաքացիական թիրախների վրա դարձել են հայտնի երեւույթ: Հաճախակի են դարձել նաեւ դրոնների օգտագործումը զինամթերքի անդրսահմանային տեղափոխումների, տարբեր ծայրահեղական մարտական խմբերի համար: Նշվեց նաեւ, որ ահաբեկիչները փորձում են ձեռք բերել արբանյակային կապի եւ գեոլոկացիայի միջոցներ:

Ծանոթագրություն:

Առաջին անօդաչու թռչող սարքը մշակվել է 1933 թ. Մեծ Բրիտանիայի ինժեներների կողմից:

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ այդ հարցով սկսեցին զբաղվել նաեւ Գերմանիան եւ ԱՄՆ-ը:

Վերոհիշյալ խորհրդակցության ընթացքում եւ ընդհանրապես հայտնի է դարձել, որ աշխարհի բոլոր լուրջ հետախուզություններն այժմ աշխատում են պարզել, թե ովքեր են դրոնները պատրաստում կամ տրամադրում ահաբեկիչներին: Ակնհայտ է, որ դրանք սովորական գործարարներ կամ առեւտրականներ չեն, դրանք անձինք են, որոնք կապված են հատուկ ծառայությունների, ռազմա-արդյունաբերական համալիրների հետ: Մի բան փաստացի հայտնի է բոլորին. դրոնների լավագույն տարբերակները մշակվում են Իսրայելում եւ ԱՄՆ-ում: Պատահական չէ, որ Ադրբեջանը այդ ոլորտում ուղղակի բարեկամացել է Իսրայելի «Aeronautics Defense Systems LTD» ընկերության հետ: Մենք դրա հետ առերեսվել ենք 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ:

Վերջին 8 տարիների ընթացքում հայկական կողմը 20-ից ավելի ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր է խոցել, սակայն Ադրբեջանի համար դրոնների նոր խմբաքանակներ ձեռք բերելը խնդիր չէ:

Վատ չէր լինի, եթե մենք էլ բարեկամանայինք նման որեւէ ընկերության հետ:

Իսկ մինչ այդ, ռուսական ռազմա-արդյունաբերական համալիրն արդեն ավարտում է դրոնների դեմ պայքարի նոր համակարգերի մշակումը: Այդ մասին արդեն հայտարարել է «Kaspersky Antidrone» ռուսական ծրագրի ղեկավար Վլադիմիր Տուրովը : Ծրագիրն մի համալիր է, որն ընդունակ է կանխարգելել անօդաչու թռչող սարքերի ներխուժումը պահպանվող տարածքներ, արդյունաբերական, ռազմական օբյեկտներ, զանգվածային միջոցառումների վայրեր: «Kaspersky Antidrone» համակարգը կհայտնաբերի թռչող սարքերը, կսահմանի դրանց կոորդինատները, կփոխանցի դրանք հիմնական սերվերին, որը կսկսի հետեւել սարքի թռիչքի ուղղությանը: «Որսացող համակարգի» հաջորդ քայլը այն կլինի, որ հատուկ ծրագիրը կարգելափակի անօդաչու թռչող սարքի կապը կառավարման վահանակների կենտրոնի հետ: Այս փուլից հետո, դրոնը կա՛մ անմիջապես վայրէջք է կատարում, կա՛մ վերադառնում է թռիչքի մեկնակետ:

Նման համալիրը կարժենա 100.000-ից մինչեւ 1 միլիոն ԱՄՆ դոլար, իհարկե կախված համապատասխան դրոնի մոդելից:

Յուրաքանչյուր թույն, եթե հայտնի է նրա բաղադրությունը, վաղ թե ուշ կունենա իր հակաթույնը: Յուրաքանչյուր հրթիռի, ինքնաթիռի կամ սպառազինության դեմ կարելի է ստեղծել հակազդող, որսացող, արգելափակող, այն ոչնչացնող զինատեսակներ, մինչեւ որ սկզբնականը նորից կարդիականացվի, կնորացվի, կփոփոխվի, եւ այդպես շարունակ:

Ահա այստեղ է, որ աչքի են ընկնում արհեստավարժ հետախուզությունները եւ հատկապես դրանց գիտա-տեխնիկական մասնաճյուղերն ու ստորաբաժանումները:

Այստեղ են, որ թիրախավորվում են պետությունները եւ նրանց գիտնականները, ռազմա-արդյունաբերական համալիրները ու դրանց հատուկ փորձագիտական, գիտահետազոտական լաբորատորիաները: Դա դժվար, վտանգավոր, ծախսատար, բայց արդյունավետ աշխատանք է: Սակայն մինչեւ այդ «թիրախներին» հասնելը դեռ պետք է «շրջանցել» տեղական հակահետախուզության ստեղծած պատնեշներն ու արգելքները:

Եթե մեզ չի հաջողվում «բարեկամանալ» Իսրայելի դրոնների հետ, գուցե բարեկամանանք ռուսական «Անտիդրոնի» հետ:

Կլինի՞ նման բան: Ժամանակը ցույց կտա...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ