RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019



Տեղադրվել է` 2019-11-28 23:37:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2742, Տպվել է` 269, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԱՎՈՎ ՈՒ ԶԱՐՄԱՆՔՈՎ

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ցավով եւ զարմանքով իմացա, որ Հայաստանի Մշակույթի նախարարությունը կամ թե,- չգիտեմ ինչպես է այն այսօր կոչվում,- Հայաստանի մշակույթը տնօրինող պետական դեպարտամենտը , դադարեցրել է «Ազգ» թերթին իր նվազագույն աջակցությունը, որ հազիվհազ թղթին էր բավարարում (եւ չէր էլ բավարարում): Եվ այն պատճառաբանությամբ, որ, իբր թե, օգնություն կամ նպաստ տրվում է միայն զուտ մշակութային գործունեություն ծավալողներին: Այստեղ է, որ մարդու զարմանքն ու տարակուսանքը գումարվում են իրար:

Բանն այն է, որ «Ազգ» օրաթերթը ավելի քան քսան տարի առաջ ստեղծեց իր ծավալուն մշակութային ներդիրըՙ «Ազգ-Մշակույթ» խորագրով: Այն տպագրվում էր ամեն շաբաթ եւ ուներ մոտ քառասուն մեքենագիր էջի ծավալ: Բազմապատկեք տարվա շաբաթների թվով եւ կստանաք մեկ տարվա հրապարակումների ամբողջական ծավալըՙ ավելի քան, ես ամենաքիչն եմ ասում, հազար էջ: Սա երեք հատոր գրքի ծավալ է: Ներդիրը հնարավորություն էր տալիս քննական-վերլուծական, տեսական եւ բանավիճային ծավալուն հոդվածներ տպագրելու:

«Ազգ-Մշակույթ» ներդիրի էջերում իրենց հոդվածներն են տպագրել (եւ տպագրում են) մշակութային ասպարեզի գործող գրեթե բոլոր նշանավոր դեմքերըՙ գրողներ, գրականագետներ, թատերագետներ, երաժշտագետներ, արվեստաբաններ, մշակութաբաններ... Այդ հոդվածների մեծ մասը արժանի էր առանձին գրքով տպագրվելու: Եթե «Ազգ» օրաթերթը միջոցներ ունենար եւ կարողանար ամեն հաջորդ տարում տպագրելու նախորդ տարվա լավագույն հոդվածներն ու հրապարակումները ընդգրկող ժողովածուՙ «Ազգ-Տարեգիրք», ապա այսօր մենք կունենայինք առնվազն վաթսուն հատոր կազմող փայլուն տարեգրքերի հոյակապ շարք:

Նկատի առեք, որ 2000-ական թվականներին թեպետ գրական ամսագրերը կային, բայց դրանք այլեւս չունեին նախկին հարգն ու վարկը: Օրինակ, «Նորք» ամսագիրը տպագրվում էր միայն երկու հարյուր օրինակ, եւ որեւէ օրինակ չէր վաճառվում: Ասածս պատկերավոր խոսք չէ, այլ զուտ վավերական իրողություն եւ փաստ: Միայն ամսագրում հրապարակում ունեցող հեղինակներն էին գալիս օրինակներ խնդրելու: Ամսագիրը հիմնականում զանազան գրամոլների եւ ատենախոսության (դիսերտացիա) պաշտպանողների հրապարակումների ապաստան էր: Ուստի եւ հասկանալի է, որ մշակութային գործիչների մեծ մասը ձգտում էր իր գրությունները հրապարակելու անհամեմատ մեծ տպաքանակ ու լայն լսարան ունեցող «Ազգ» թերթի «Ազգ-Մշակույթ» ներդիրում: Եվ հերթ էր գոյանում, երբեմն մարդիկ ամիսով սպասում էին իրենց հոդվածի հրապարակմանը:

Շատ ուշագրավ, իմաստալից ու հետաքրքրական եւ, որ մեր մշակույթի մի շարք նշանավոր դեմքերՙ ինչպես, օրինակ, Կարպիս Սուրենյանը եւ Լեւոն Հախվերդյանը, գերադասում էին տպագրվել միայն ու միայն «Ազգ-Մշակույթ» ներդիրում:

Թերթը միշտ ունեցել է մշակութային որոշակի ծրագիր, իր հրապարակումների մեջ եղել է միշտ նպատակային ու հետեւողական, վարել է ընդգծված մշակութային ազգային քաղաքականություն: Այսպես, օրինակ, երբ 2005 թվականին լրացավ Արշիլ Գորկու ծննդյան հարյուրամյակը, «Ազգ-Մշակույթը» ամբողջ տարվա ընթացքում հրապարակեց արեւմտյան նշանավոր գրողների, արվեստագետների ու արվեստաբանների հոդվածներն ու էսսեները հայազգի մեծանուն արվեստագետի ստեղծագործության մասին: Անդրե Բրետոնից մինչեւ Ջուլիո Կարլո Արգոն: Հայ ընթերցողը առաջին անգամ հնարավորություն ունեցավ կարդալու դրանք եւ համոզվելու, որ Արշիլ Գորկու անունն ու փառքը միայն լեգենդ չեն: Դա այն էր, ինչ պիտի որ աներ ակադեմիայի արվեստի ինստիտուտը, բայց արել է «Ազգ» թերթը: Երբ ես առաջարկեցի դրանք հրապարակել մի առանձին գրքով, խմբագիրը միայն ձեռքերը տարածեցՙ «ի՞նչ միջոցներով»: Ափսոս, որ այդ կարեւոր եւ անհրաժեշտ ժողովածուն լույս չտեսավ:

Նույնը կրկնվեց 2008-ին, երբ լրացավ Վիլյամ Սարոյանի ծննդյան հարյուր տարին: «Ազգը» շատ կարեւոր հրապարակումներ արեց ողջ տարվա ընթացքում, տպագրելով անտիպ նյութեր եւ կարեւոր հոդվածներ: Դա էլ պիտի աներ գրականության ինստիտուտը: Այդ ժողովածուն նույնպես չկայացավ եւ չէր կարող կայանալ. թերթը հազիվհազ միայն կարողանում էր պահպանել մշակութային ներդիրը:

Նկատի առեք, որ ներդիրին զուգահեռ, անկախ ներդիրի տպագրությունից, բուն օրաթերթի 6-րդ էջը միշտ եղել է արվեստի էջ:

Եթե այս ամենը մշակութային գործունեություն չէ, ապա ի՞նչ է:

Թերթի մշակութային գործունեության կարեւոր կողմը տեւական եւ լուրջ կապն է սփյուռքահայ հանրային-մշակութային կյանքի հետ: Թերեւս ավելի ճիշտ կլինի ասելՙ արտերկրի մշակութային կյանքի հետ, որովհետեւ այսօր կարեւորագույն խնդիր է նախկին խորհրդային երկրի տարածքում հաստատված հայ համայնքների կյանքը: Տարիներ շարունակ Սփյուռքի, եւ առհասարակ արտերկրի, մշակութային կյանքի ուշագրավ եւ կարեւոր իրադարձությունները իրենց արժանի արտացոլումն են գտել ներդիրի էջերումՙ գրքեր, ներկայացումներ, երաժշտություն եւ այլն, եւ այլն: Թերթի հետեւողական ընթերցողը կարող է գրեթե ամբողջական պատկերացում ունենալ սփյուռքահայ գրական-մշակութային կյանքի մասին: Օրինակներն ու փաստերը հարյուրավոր են: Միայն մեկ օրինակ բերեմ: Երբ հայ հնագույն եւ կարեւոր թերթերից մեկըՙ Փարիզի «Յառաջը» դադարեց լույս տեսնելուց, փակվեց, «Ազգը» Հայաստանի միակ թերթը եղավ, որ ցավով ու դառնությամբ անդրադարձավ դրան մեկից ավելի անգամ, նախապես տպագրելով մի խումբ մտավորականների բաց նամակըՙ ուղղված ֆրանսահայ համայնքին: Եվ երբ մի երկու տարի անց կյանքից հեռացավ «Յառաջի» երկարամյա խմբագիրըՙ հայտնի լրագրող եւ հանրային գործիչ Արփիկ Միսաքյանը, «Ազգը» միակ թերթը եղավ, որ առանձին էջով հարգեց խմբագրի հեռացումն ու հիշատակը:

Մի՞թե այս ամենը մշակութային գործունեություն չէ: Եվ եթե սա մշակութային գործունեություն չէ, ապա ի՞նչ է: Կարող եք մատնացույց անել մամուլի մեկ այլ օրգան, որ իր նյութական շատ սուղ միջոցներով, չեմ վարանում ասելուՙ երբեմն նույնիսկ մուրացկանության հասնելու եւ աննպաստ վիճակներում հայտնվելու գնով տասնյակ տարիներ այսքան հետեւողականորեն մշակութային գործունեություն է վարում: Չեք կարող, չկա, չի՛ եղել:

Հիմա թերթի համար շատ դժվար ժամանակներ են: Օրաթերթը դարձել է շաբաթաթերթ, «Ազգ-Մշակույթ» ներդիրը ութ էջից դարձել է չորս էջ, այսինքնՙ շաբաթը մոտ քսան մեքենագիր էջ: Եվ թերթը շարունակում է մաքառումով պահել մշակութային ներդիրը եւ ուշադրությամբ արձագանքել հայկական մշակութային կյանքի հետ կապված երեւույթներին եւ իրադարձություններին: Օրինակները անթիվ-անհաշիվ են: Այսպես, երբ վերջերս կյանքից հեռացավ մեծատաղանդ գրող Անդրեյ Բիտովը, որը մեծ ծառայություններ ունի մեր ժողովրդի առաջ եւ որի «Հայաստանի դասերը» փառահեղ գիրքը եվրոպական երկրներում ունեցել է յոթանասունից ավելի հրատարակություն, «Ազգը» միակ թերթը եղավ, որ ամբողջ էջով ներկայացրեց գրողի կյանքն ու գործըՙ շեշտելով մեր երախտագիտությունը գրողի հանդեպ: Եվ երբ նորերս կյանքից հեռացավ մեծատաղանդ քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, նորից «Ազգը» միակ թերթը եղավ, որ նախ մի առանձին էջով ներկայացրեց արվեստագետի կյանքի եւ ստեղծագործության ժամանակագրությունը եւ ապա զույգ էջ նվիրեց արվեստագետի հիշատակին:

Հիմա, Հայաստանի մշակույթը տնօրինող պետական գործիչներ, դո՛ւք ասեք, մշակութային գործունեությունը էլ ինչպե՞ս է լինում: Ես համոզված եմ, որ եթե մշակույթի պետական դեպարտամենտի որեւէ բանիմաց աշխատակից,- ես վստահ եմ, որ գոնե այդպիսի մեկը կգտնվի ձեր բազմության մեջ,- թղթատի «Ազգի» վերջին երկու տասնամյակի հավաքածոները, ապա տասնապատիկ ու հարյուրապատիկ անգամ ավելի դրական ու շահեկան բան կգտնի ու կտեսնի «Ազգ-Մշակույթ» ներդիրի էջերում, քան ես հասցրեցի ասել համառոտ այս մի քանի տողով:

Եվ դուք այսօր, օգնելու եւ ջատագովելու փոխարեն, կտրում եք ձեր նվազագույն օգնությունը:

Սա՞ է ձեր մշակութային նոր քաղաքականությունը: Ձեր արածը բոլորի աչքի առջեւ է: Ամենապարզ մի բան մատնացույց անեմ: Թումանյանի անհաջող տասհատորյակն եք վերատպում, վրան գրում եք ակադեմիական հրատարակություն, տիտղոսներով եւ կոչումներով զարդարված տասնյակ մարդկանց անուն եք շարում տիտղոսաթերթի դարձերեսին եւ տիտղոսաթերթի վրա էջաթիվ եք դնում. աշխարհում լսվա՞ծ բան է, որ գրքի տիտղոսաթերթի վրա էջաթիվ դրվի: Եվ դա համարվում է ոչ ավել, ոչ պակաս «ակադեմիական հրատարակություն»: Եթե միայն այս հրատարակության հետ կապված մյուս բաները մատնանշեմ ու թվարկեմ, ինձ էջեր են պետք: Սա՞ է ձեր մշակութային գործունեության նոր մակարդակը: Ձեր մշակութային այլ ձեռնարկումները հաճախ այնքան սիրողական, պարզունակ, երբեմն էլՙ ուղղակի անհեթեթ եւ հակամշակութային են, որ չարժի նույնիսկ անդրադառնալ դրանց:

Մարդու մեջ երբեմն տարօրինակ մտքեր են ծնվում: Օրինակ, չգիտես ինչու, հաճախ մարդուն թվում է, թե որեւէ ասպարեզ տնօրինողները պետք է նվազագույն գաղափար եւ պատկերացում ունենան իրենց ասպարեզի մասին:

Ըստ երեւույթին Հայաստանի մշակույթը այսօր տնօրինողները հիմնականում մեծահարգ պարոն Պոպրիշչինի մերձավորներն են, որը կարծում էր, թե լուսինը Համբուրգում են սարքում:

Ես կարդացի մշակույթի դեպարտամենտի պաշտոնյա Լ. Առաքելյանի պատասխանը նախարարությանը ուղղված կարեւոր հարցերին: Ես չգիտեմ Լ. Առաքելյանի վաստակը հայ մշակույթի ասպարեզում, բայց իր պատասխանը, եւ մանավանդ նախարարության հատկացումները զանազան կասկածելի, հայ մշակույթի հետ անհասկանալի կապեր ունեցող պարբերականներին, զարմանք ու տարակուսանք պատճառեցին: Լավ եք անում, որ հայ մշակույթի այդ պանծալի ու փառավոր, հայ մշակույթը առանձնապես զարգացնող եւ դարերին տանող պարբերականներին,- Աստված տա, որ դրանց էջերում մի օր գրագետ հայերեն խոսք լինի,- շռայլ հատկացումներ եք անում, բայց ինչո՞ւ եք կտրում «Ազգ» թերթին տրվող նվազագույն աջակցությունը:

Եվ դուք այնուամենայնիվ կտրում եք «Ազգ»-ին տրվող նվազագույն, աննշան օգնությունը: Ես չգիտեմ, թե դուք ինչ մտքերով, ինչ գաղափարներով, ինչ սկզբունքներով եք առաջնորդվում (չեմ կարծում, թե որեւէ մեկը գիտի), բայց, ինչպես ժողովուրդն է ասումՙ ձեր մեղքը ձեր վիզը: Շարունակեք նույն ոգով, տեսնենք, թե ուր եք հասնելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ