RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2019-11-28 23:37:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2019, Տպվել է` 242, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՀՐԱԺԱՐՎԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Մնում է սպասել, որ թուրք երիտասարդությունը վերանայի ժխտողականության նկատմամբ իր դիրքորոշումը

Նոյեմբերի 26-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվեց Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը: Դրա ավարտին խորհուրդը հաղորդագրությամբ հասարակայնությանը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակին, ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերին եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հոկտեմբերի 29-ին, Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման օրն ընդունած Հայոց ցեղասպանության բանաձեւին առնչվող հարցեր:

Սիրիայի առնչությամբ խորհուրդը որոշել է շարունակել ռազմական գործողությունները, քանի դեռ արմատախիլ չեն արված քուրդ ահաբեկիչները հյուսիս-արեւելյան Սիրիայում: Մինչդեռ դրանից մեկ օր առաջ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը , թուրքական հանրային հեռուստատեսությամբ ի լուր աշխարհի հայտարարել էր «Խաղաղության աղբյուր» գործողությունների դադարեցման մասին: Աքարն անվտանգության խորհրդի անդամ է: Եթե այդ խորհուրդը նրա հայտարարությունից մեկ օր հետո տրամագծորեն հակառակ որոշում է կայացնում, ապա այդ որոշումը պետք է համարել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովին ընդառաջ ազդանշան անդամ երկրներին, որ Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին ճանաչեն որպես ահաբեկիչներ: S-400 համակարգերի առումով խորհուրդի նիստում որոշվել է շարունակել քննարկումները ամերիկյան կողմի հետ համատեղ կազմավորված հանձնաժողովում, որի կազմում են երկու երկրների արտաքին գերատեսչության ղեկավարներն ու պաշտպանության նախարարները: Ինչ վերաբերում է Ցեղասպանության բանաձեւին, ապա Ազգային անվտանգության խորհուրդը դրա առնչությամբ էլ դատապարտել է Ներկայացուցիչների պալատին:

Հիշեցման կարգով նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաձեւի առթիվ հենց ընդունման օրը ողջունել էր Ներկայացուցիչների պալատին: Նոյեմբերի 25-ին նա արդեն Իտալիայում վերստին անդրադարձավ այդ հարցին եւ Corriere della Sera թերթին տված հարցազրույցում խոսեց նաեւ առանց նախապայմանի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամության մասին, ընդգծելով որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հայկական ջանքերը չեն խոչընդոտում դրանց հաստատումը եւ, նկատի ունենալով Ներկայացուցիչների պալատի բանաձեւը, ավելացրեց. «Այդ ճանաչումը շատ կարեւոր գործընթաց է, որն անհրաժեշտ է ոչ թե իրենց հետ մեր հարաբերությունների, այլ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման համար»:

ՀՀ վարչապետի պատասխանը իտալական թերթի հարցերին խելամիտ էր եւ հավասարակշիռ: Նա Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին խոսելիս, ի տարբերություն նախորդ ղեկավարների, չէր մատնանշում, թե Ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման չէ, որ չօրինականացնի դիվանագիտական հարաբերությունների համար Հայաստանին առաջադրվող 3 նախապայմանից առաջինը. «Չհիշատակել 1915-ի մասին»: Այսինքն ՀՀ վարչապետը մատնանշում է, որ Հայաստանը, անկախ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքից, հետամուտ է լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին: Հենց դրանով է տարբերվում Փաշինյանի կարգավորման պատրաստակամությունը իր նախորդների պատրաստակամությունից, իսկ դա Թուրքիայի նկատմամբ որդեգրված դիրքորոշման էական փոփոխությունն է:

Փաշինյանը մինչ այդ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ԱՄՆ-ում աղավաղելու փորձի համար խստորեն քննադատել էր նաեւ Էրդողանին: Ի դեպ Էրդողանը այդ նույն նկատառումով քննադատության է ենթարկվել Թուրքիայում: Այդ ընթացքում Սենատում 2-րդ անգամ արգելափակվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկումն ու քվեարկումը: Առաջին անգամ արգելափակվել էր Լինսի Գրահամի վետոյով, ընդ որումՙ նոյեմբերի 13-ին, Էրդողանի Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման օրը, իսկ երկրորդՙ նոյեմբերի 22-ին, ինչպես վկայում է «Հյուրրիյեթը», հանրապետական սենատոր David Perdue-ի նախաձեռնությամբ: Հարկ է նշել, որ անկախ արգելափակումից կամ արգելափակման նախաձեռնություններից, Ցեղասպանության ճանաչման բանաձեւը մնում է Սենատի օրակարգում, չի հանվել, պարզապես հետաձգվել դրա քննարկումն ու քվեարկությունը, պատճառաբանելով, թե պահը հարմար չէ: Ի դեպ , Սենատում որեւէ բանաձեւ արգելափակելու համար մեկ սենատորի վետոն բավական է:

Համենայն դեպս Ցեղասպանության բանաձեւը եթե Սենատի օրակարգից էլ հանվի, միեւնույն էՙ Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ում ճանաչված է խորհրդարանի մակարդակով, քանի որ Ներկայացուցիչների պալատը երկրում ունի օրեսդիր մարմնի կարգավիճակ: Հայաստանում ոմանք Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումն այդ պալատում պայմանավորում են Թուրքիայի նկատմամբ այնտեղ տիրող զայրույթով: Ըստ երեւույթին այդ զայրույթը ոչ այնքան Թուրքիային, որքան Էրդողանին է ուղղված: Սակայն չմոռանալ, որ Ցեղասպանության բանաձեւի ընդունման օրը Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաեւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը: Քանի որ դրա 11-րդ հոդվածը շոշափում է Էրդողանի, նրա տիկնոջ եւ ընտանիքի մյուս անդամների ունեցվածքն ու բանկային հաշիվները բացահայտելու եւ սառեցնելու խնդիրը, ինչը Էրդողանին կարգի հրավիրելու ավելի քան ազդեցիկ լծակ է, ուստի ճիշտ չէ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը պայմանավորել զայրույթով կամ գերագնահատել զայրույթի դերը ճանաչման գործում: Ի վերջո շուրջ 50 նահանգ ԱՄՆ-ում արդեն ճանաչել է Ցեղասպանությունը, կնշանակի ճանաչումն հասունացել էր:

Ինչ վերաբերում է Թուրքիայում Էրդողանի հասցեին հնչած քննադատություններին, դրանք իհարկե հատուկենտ ենՙ սահմանափակված առանձին լրագրողներով եւ գործիչներով: Օրինակ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ «Լավ» կուսակցությունները, քննադատելը դեռ մի կողմ, Հայոց ցեղասպանությունը նենգափոխելու նկրտումներում միանգամայն քաջալերում են Թուրքիայի նախագահին, որքան էլ լարված լինեն վերջինի հետ նրանց հարաբերություններն ու դրանց ընթացքը կանխորոշի փոխադարձ անհանդուրժողականությունը:

Համենայն դեպս նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո Էրդողանը Մերիլենդում այցելել է ԱՄՆ-ի հոգեւոր կենտրոն ու ելույթ ունենալով այնտեղ հույս է հայտնել , որ Սենատը չի կրկնի Ներկայացուցիչների պալատի սխալը: Ապա նա «Ամերիկայի ձայնի» վկայությամբ ասել է. «Նրանք, ովքեր փորձում են նման որոշումներով ճնշում բանեցնել մեր վրա, ուշ թե շուտ կհասկանան իրենց սխալը: Մենք շարունակելու ենք հետամուտ լինել հարցը պատմաբանների հայեցողությանը թողնելու մեր դիրքորոշմանը»: Միաժամանակ Էրդողանը «երեկվա պետություն» է անվանել Հայաստանին, այնուհետեւ ասել է, որ հայերը մինչ այդ որպես գաղթական թափառում էին տարբեր երկրներում, Թուրքիայում նմանապես թափառական կյանք վարելիս պարտադրված տեղահանության ենթարկվեցին:

Հաջորդ օրն Էրդողանին արձագանքել էր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը , ընդգծելով. «Հայերը բազմաթիվ այլ ժողովուրդների հետ հազարամյակներ շարունակ նստակյաց կյանք են վարել այս հողերում եւ մշակույթ են ձեւավորել այն բոլոր քաղաքներում, որտեղ բնակվել են: Այդ ո՞վ էր որպես գաղթական թափառում: Գոնե մի քիչ խիղճ ունեցիր: Ցեղասպանության փաստը ժխտող Էրդողանը ցեղասպանությունն է զարդարում»:

Նոյեմբերի 24-ին «panorama-news» կայքէջում «Մի՞թե հայերը գաղթականներ են» վերնագիրը կրող հոդվածով Էրդողանին արձագանքել է նաեւ Մելեք Քանդիլլին : Հոդվածում հեղինակը գրում է. «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում արտասանած «Հայերը մինչ այդ որպես գաղթական թափառում էին տարբեր վայրերում , Թուրքիայում նույնպես թափառական կյանք վարելիս ենթարկվեցին պարտադիր տեղահանության» մասին խոսքերը հայերի մեջ շփոթմունք առաջացրին, տեղիք տալով տարաբնույթ բանավեճերի:

Արդյո՞ք հայերն իրականում գաղթականներ են: Գաղթական են կոչվում այն մարդիկ կամ մարդկանց խմբերը, որոնք վերաբնակվելու նպատակով մի երկրից գաղթում են մյուսը: Քոչվորները իրենց անասուններով եւ վրաններով մի տեղից տեղափոխվում են մյուսը: Ես այս հոդվածում, մի կողմ թողած քաղաքականությունը, անդրադառնալու եմ «ովքե՞ր են հայերը», «որտե՞ղ է նրանց բուն հայրենիքը», «ո՞ր դարերում են գոյություն հաստատել Անատոլիայում եւ ի՞նչ ներդրումներ են ունեցել օսմանյան եւ հանրապետական Թուրքիայում» հարցերին: Ցավոք, հայերի գոյության, նրանց նպաստի, ներդրումների ու պատմության մասին հիշողությունը քաղաքական նպատակներով ջնջելու, իսկ տեղահանությունից եւ մեծ ադետից հետո հայերի հանդեպ մշտապես ատելություն սերմանելու պատճառով մենք Անատոլիայի հնագույն ժողովուրդներից հայերին կա՛մ չենք ճանաչում, կա՛մ էլ ճիշտ չենք ճանաչում»:

Այնուհետեւ Մելեք Քանդիլլին հոդվածում նշում է, որ հայերի մասին հիշատակել է պատմաբանների հայր Հերոդոտոսը: Ինչ վերաբերում է նրանց հայրենիքին, ապա հեղինակը նշում է, որ դա Եփրատի վերին հոսանքն է, որն որպես կենտրոն ներառել է Վանա լճի ավազանը, Արարատ լեռան շրջանը, Արաքս եւ Արփաչայ (Արփա) գետերի հովիտները, ձգվելով արեւմուտքում մինչեւ Էլյազիկ եւ Երզնկա: «Հայերը,- գրում է նա-, իրենց երկիրը անվանում են Հայաստան կամ Հայք, իսկ օտարներըՙ Արմինա կամ Արմենիա եւ այդ մասին մ.թ. առաջ 510 թ. հիշատակել են պարսկական արձանագրությունները: Այս տարածքը անտիկ շրջանում, հունական եւ լատինական աղբյուրներում նույնպես Արմենիա է հիշատակվել, արաբաները դա անվանել են «Էրմենիյա»: Մինչեւ 15-րդ դարի սկզբները այդպես էին անվանում նաեւ թուրքական աղբյուրները: Բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների հարձակումների հետեւանքով հայերը ժամանակի ընթացքում գաղթել են կենտրոնական Անատոլիա: Դա նշանակում է, որ հայերը չեն կարող լինել քոչվոր կամ գաղթական ժողովուրդ, նրանք իրենց մայր հայենիքից գաղթել են տարբեր կայսրությունների հարձակումների կամ նվաճողական քաղաքականության պատճառով: Քանի որ հայերի հայրենիքը Եփրատի վերին հոսանքն է, իսկ նրանց գաղթը կենտրոնական Անատոլիա իրականացվել է 5 եւ 6-րդ դարերում, ուստի նրանք, որպես ժողովուրդ, Թուրքիայի արեւմտյան եւ կենտրոնական շրջաններում բնակություն են հաստատել թուրքերից շատ առաջ»:

Վերջում հեղինակը հարգանքով է հիշում թուրքական մշակույթին նպաստ բերած եւ երկրի զարգացման մեջ ներդրում ունեցած բոլոր հայերին եւ այս ամենի համար իր շնորհակալությունն է հայտնում արդեն սակավաթիվ թուրքահայ համայնքին:

Չնայած անճշտությունների, Քանդիլլիի մոտեցումները թուրքական իրականության մեջ նորություն են, թերեւս դրա համար էլ պետք է գնահատել որպես դրական տեղաշարժ: Ինչո՞վ դա պայմանավորել: Ըստ երեւույթինՙ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման ազդեցությամբ: Համենայնդեպս, երբ Պալատի որոշումը քննարկվում էր «Haberturk» հեռուստատեսությունում, թեեւ նշվեց, որ այդ որոշումը պարտավորեցնող չէ Թուրքիայի համար, սակայն երիտասարդությունը, հատկապես ուսանողությունը սկսում է մտածել. «Եթե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը այդպիսի որոշում է ընդունում, ուրեմն մենք հայերի նկատմամբ ինչ որ բաներ արել ենք: Հիմա արդեն կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը համատարած բնույթ է ստացել ողջ աշխարհում»:

Թուրքական իրականության մեջ ավելի քան նորություն էին «Haberturk-ի» էկրանից հնչած այս տեսակետները: Թուրքիայի պետական իշխանությունները հազիվ թե հրաժարվեն Ցեղասպանության ժխտողականությունից, որքան էլ սպառվեն դրա դիրքերը, սակայն Ցեղասպանության միջազային ճանաչման գործընթացի հետագա ծավալումը հնարավոր է, որ ստիպի թուրք երիտասարդությանը հետզհետե կասկածի տակ դնել դրա ժխտման հավաստիությունը, մանավանդ որ ճանաչող երկրների թվին, թեկուզ խորհրդարանի մակարդակով, միանում է ԱՄՆ-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ