RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019



Տեղադրվել է` 2019-11-28 23:37:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1378, Տպվել է` 220, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԵՆՍԸ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԹՌԵԼ ԷՐԲԻԼ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը չհայտարարված այցով օրերս մեկնել էր Իրաք: The Associated Press գործակալությունը այդ մասին պատմում է հետաքրքրաշարժ մանրամասներով: Պարզվում էՙ ամեն ինչ գաղտնի պահելու նպատակով Փենսը Իրաք էր թռել Boeing C-17 բեռնատար օդանավով, որը վայրէջք էր կատարել Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմակայանում, որը գտնվում է Իրաքի արեւմուտքի անապատային վայրում, հեռախոսազրույց էր ունեցել Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մեհեդիի հետ, բայց չէր հանդիպել նրա հետ: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը դա բացատրել էր նրանով, որ ԱՄՆ փոխնախագահը չի կարող Իրաքի ղեկավարների հետ հանդիպում ունենալ երկրի հարավում բողոքի ցույցերի ցրման կոշտ մեթոդների պատճառով:

Այնուհետեւ Փենսը ուղեւորվել էր Իրաքյան Քրդստանի կենտրոնՙ Էրբիլ քաղաք, որտեղ բանակցել էր ինքնավարության նախագահ Նեչիրվան Բարզանիի եւ վարչապետ Մասրուր Բարզանիի հետ: Ամերիկացի որոշ փորձագետների գնահատման համաձայն, հենց դա է եղել Փենսի ուղեւորության գլխավոր նպատակը, «որը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իրաքյան եւ սիրիական քաղաքականության հետ, ներառյալ այն դերը, որը քրդերը խաղում են եւ ուզում են խաղալ երկու երկրներում»: Իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա ԱՄՆ փոխնախագահը փորձել է փարատել այն կասկածները, թե ամերիկացիները լքում են քրդերին: Սակայն մի ժամանակ Վաշինգտոնին նման մեղադրանքներ հասցեագրել են սիրիացի, բայց ոչ իրաքցի քրդերը: Բացի դրանից, ամերիկացիները վերադարձել են Սիրիա: Այս կապակցությամբ քուրդ փորձագետ Հեմեն Աբդուլլահը ենթադրում է, թե Փենսը որոշել էր Էրբիլին տեղեկացնել ապագայում տեղի ունենալիք փոփոխությունների մասին եւ հստակեցնել քրդերին հատկացվելիք դերը ոչ միայն Իրաքում, այլեւ ողջ տարածաշրջանում: Իսկ ինչպիսի՞ փոփոխությունների մասին է խոսքը:

Թուրքիան վերջերս Իրաքի հյուսիսում իրականացրեց «Խաղաղության ակունք, ռազմական գործողությունը եւ դա պատճառաբանեց այնտեղ քրդական պետության ստեղծում թույլ չտալու ցանկությամբ»: Դժվար է ասել, թե սիրիացի քրդերը իրականում ունեցե՞լ են արդյոք նման մտադրություն: Բայց առանց կրակի ծուխ չի լինում: Վերջերս Փարիզում խաղաղության միջազգային երկրորդ համաժողովում ելույթ ունենալով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Վաշինգտոնը ձգտում է անջատել Եփրատ գետից արեւելք ընկած տարածքը եւ ամեն ինչ անում է, որպեսզի այնտեղ ստեղծի պետության նման ինչ-որ բան: Եվ հիմա ԱՄՆ-ը պնդում է, որ սիրիական նավթից ստացվող ամբողջ եկամուտը բաժին է ընկնում քրդերին, այլ ոչ թե ամերիկացիներին:

Բացի դրանից, Սիրիայի հյուսիսում քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների վերահսկողությանը ենթակա տարածքներում վաղուց հռչակված է Հյուսիսային Սիրիայի Դաշնություն, ինչը փաստորեն գնահատվում է որպես Սիրիան Դամասկոսից անկախ մի քանի մասերի բաժանելու ձգտում: Իրադարձությունների նման ընթացքը կհաջողվի՞ արդյոք կանխել թուրք-սիրիական սահմանի երկայքով ստեղծված այսպես կոչված անվտանգության գոտու միջոցով, որտեղ անցյալում պարեկություն էին անում թուրքերն ու ամերիկացիները, իսկ ներկայումս նույն գործով զբաղված են ռուսական եւ թուրքական ստորաբաժանումները: Հարցն առայժմ մնում է անպատասխան:

Երբ Թուրքիան հայտարարում է, թե հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, սիրիացի քրդերը պատասխանում են, որ իրենք նույնպես համաձայն են դրան: Բայց երբ Անկարան ճշգրտում է, որ ինքը դեմ է երկրի դաշնապետական բնույթին, քրդերը պատասխանում են, որ դա բացառապես Սիրիայի ներքին գործն է: Ավելին, ԱՄՆ-ը թույլատրելի չի համարում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության վերսկսումըՙ Անկարային սպառնալով տարատեսակ պատժամիջոցներով: ԱՄՆ-ը թուրքերին նաեւ առաջարկում է բանակցություներ սկսել սիրիացի քրդերի առաջնորդների հետ, ինչը կկարողանար վերջիններիս տալ որոշակի սուբյեկտության կարգավիճակ:

Վաշինգտոնում «Քրդական կուսակցությունը» ղեկավարում է հենց փոխնախագահ Փենսը, որն անցյալում հանդես է եկել որպես թուրք-քրդական հարաբերությունների միջնորդ: Էրբիլում նա ուներ ուրիշ գործառույթ, այն էՙ որպես միջնորդ հանդես գալ իրաքցի եւ սիրիացի քրդերի փոխհարաբերություններում, հասնել նրանց գործողությունների համաձայնեցմանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պետ Քենեթ Մաքքենզին հայտարարել էր, որ ամերիկացի զինծառայողները քրդերի Սիրիական դեմոկրատական ուժերի ղեկավարությամբ շուտով Սիրիայում կվերսկսեն պայքարը «Իսլամական պետության» դեմ:

Միեւնույն ժամանակ սիրիացի քրդերը վախենում են, որ Վաշինգտոնի հետ իրենց դաշինքը կլուծարվի «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակից կարճ ժամանակ անց, եւ որ ինչ-որ փուլում Վաշինգտոնը կվերականգնի Անկարայի հետ սասանված դաշինքը: Քրդերը հույս ունեն, որ ժամանակի հենց այդ միջակայքում Վաշինգտոնը կհամաձայնի Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության կամ պետության հռչակմանը, որը կճանաչեին ԱՄՆ-ը եւ նրա արեւմտյան գործընկերները: Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, բացառված չէ, որ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում Փենսը քննարկած լինի նաեւ այդ սցենարը: Պատահական չէ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի այն հայտարարությունը, որ նպատակահարմար է քրդերի Սիրիական դեմոկրատական ուժերի ջոկատների շուտափույթ միացումը Սիրիայի կառավարական զորքերի հետ: Նրա խոսքերով, դա որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ կլինի ամենքի համար: Բայց ինչո՞վ է պայմամավորված նման շտապողականությունը:

Բուն Թուրքիայում քրդամետՙ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը վաղաժամկետ ընտրությունների կոչ է արել, իսկ երկրի հարավ-արեւելքում, որտեղ կուսակցության դիրքերն առավել ամուր են, կառավարությունը փոխել է 24 քաղաքապետի: Ամեն ինչից երեւում է, որ տարածաշրջանում սպասվում են փոփոխություններ, որոնցում քրդերը որոշակի դեր են խաղալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ