RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿ

Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2548, Տպվել է` 222, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԿՈՐՈՒՍՏ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑՙ 6 ՏՈԿՈՍ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ

Հայաստանի կառավարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբՙ առաջարկելով սահմանել նոր հարկատեսակՙ առողջության հարկ: Այդ նախագծին հավանություն տալու մասին որոշումն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից եւ տեղադրվել արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:

Համաձայն «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի», նախատեսվում է, որ բոլոր աշխատող քաղաքացիները իրենց ստացած եկամտի կամ աշխատավարձի 6 տոկոսը պետք է վճարեն որպես առողջության հարկՙ բնակչության համընդհանուր ապահովագրությունն ապահովելու համար: Նոր հարկատեսակը նախատեսվում է կյանքի կոչել 2021 թվականից :

Այսինքն, ըստ այդ հայեցակարգի, աշխատող քաղաքացիները պետք է վճարեն չաշխատողների առողջապահական ծախսերը: Սա ուղղակիորեն հակասում է Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությանը, որը նույնպես ժամանակին շատ է քննադատվել:

«Պատկերացնու՞մ եք մեր երկիրն ինչ վիճակում է, որ 350 հազար մարդ աշխատում է, եւ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, ասում էՙ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը անվճար դարձրու, մեր ճանապարհները կառուցիր, մեր թոշակները, աշխատավարձերը բարձրացրու: Ոչ ոք չի ասումՙ այս 350 հազար մարդիկ ճռռում են, մնացած 800 հազարն ուզում են, որ նրանք ավելի շատ ճռռան», ասել էր Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն, վարչապետն այսօր կարող է ասել եւ անել մի բան, վաղըՙ տրամագծորեն հակառակը, ինչն արդեն զարմանք չի առաջացնում: Զարմանք է առաջացնում այն, որ սրանից հետո նրան դեռեւս անվերապահ հավատացողներ են լինում :

Այժմ, թե ինչո՞ւ է խոցելի նոր հարկատեսակ մտցնելու կառավարության նոր նախագիծը:

Գլխավորն այն է, որ ավելանալու է մարդկանց կամ գործատուների վրա դրվող բեռը: Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե եկամտային հարկի նվազմամբ եւ բոլորի համար 23 տոկոս համահարթեցմամբ մարդկանց եկամուտներն ավելանալու են, դրա փոխարեն փաստորեն վերցնելու են եկամտի կամ աշխատավարձի 6 տոկոսը: Այսինքն, եկամտային հարկի 3 տոկոս նվազեցումը, որը շահավետ է բացառապես բարձր եւ շատ բարձր աշխատավարձ ստացողների համար, փոխհատուցվելու է 6 տոկոս եկամտի նվազմամբ: Ընդ որում, եթե բարձր աշխատավարձ ստացողների համար դա կնշանակի եկամուտների փաստացի 3 տոկոս նվազում, ապա նրանց համար, որոնք ցածր աշխատավարձ են ստանում եւ որոնց եկամտային հարկը 23 տոկոս եղել է նաեւ նախկինում, եկամուտը կնվազի միանգամից 6 տոկոսով :

Մյուս կողմից, աշխատողներից կամ գործատուներից նախատեսվում է գանձել նոր հարկ այն դեպքում, երբ տնտեսական ակտիվությունը նվազում է, հարկային վարչարարությունը վերածվում հարկային տեռորի, որի հետեւանքով հատկապես փոքր բիզնեսի եկամուտները էապես նվազել են: Դա էլ իր հերթին հանգեցնում է աշխատատեղերի կրճատմանը եւ գործազրկության ավելացմանը:

Միաժամանակ, անհայտ է, թե որքանո՞վ է պատրաստ առողջապահության համակարգը համընդհանուր առողջապահության ապահովագրությանը: Ակնհայտ է, որ անգամ պարտադիր կամ կորպորատիվ ապահովագրության պարագայում բազմաթիվ դժգոհություններ կան մատուցվող բուժծառայությունների որակից: Այս կացության պարագայում խոսել չաշխատողներին որակյալ եւ հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելու մասին, անիմաստ է: Տպավորություն է ստեղծվում, որ այս հարկատեսակով, նախագծի հեղինակ առողջապահության նախարարը ցանկանում է բացառապես ահռելի գումարների ներհոսք ապահովել առողջապահական համակարգՙ դրանից բխող տարբեր ակնկալիքներով: Ի՞նչ գումարների մասին է խոսքը:

Խոսքը մոտ 123 մլրդ դրամի մասին է, որը պետք է ձեւավորվի մեր աշխատավարձից վճարվող 6 տոկոս առողջապահության հարկի գումարներից: Սա ի լրումն պետական բյուջեից առողջապահության ապահովագրությանն ուղղվող 106 մլրդ դրամի: Ինչպես տեսնում ենք, նոր հարկատեսակից հատկացվող գումարն ավելի մեծ է լինելու, քան պետական բյուջեից հատկացվողը: Սակայն առավել մանրամասն ծանոթանալով 2021 թ.-ին մակրոտնտեսական ցուցանիշներին, պարզ է դառնում, որ անգամ այս հարկատեսակից գանձվող գումարը անբավարար կլինի համընդհանուր առողջապահության ապահովման համար:

Այսպես, ըստ ներկայացված նախագծի, առողջապահության վերոնշյալ գումարները ակնկալվում են ներդնել ապահովագրական համակարգում 2021 թ.-ին 7,6 տրլն համախառն ներքին արդյունք եւ 2 տրլն դրամ բյուջեի եկամուտներ ապահովելու դեպքում:

Մինչդեռ, եթե անգամ ներկայիս ցույց տրվող 7 տոկոս տնտեսական աճն իրական լինի եւ շարունակվի հաջորդ երկու տարվա ընթացքում, ապա 2021 թվականին համախառն ներքին արդյունքը 350-400 մլրդ դրամով պակաս կլինի ակնկալվող 7,6 տրլն դրամից, իսկ պետական բյուջեի եկամուտներն էլ շուրջ 150-200 մլրդ դրամով պակասՙ ակնկալվող 2 տրլն դրամից: Այսինքն, բացառված չէ, որ առողջապահության ապահովագրության համար պահանջվող 106 մլրդ դրամը պետական բյուջեի եւ 123 մլրդ դրամը առողջության հարկի հաշվին հնարավոր չլինի ապահովել: Ի՞նչ է արվելու այդ դեպքում: Հարկի դրույքաչափն է բարձրանալու, ավելիՙ քան նախատեսված 6 տոկոսն է: Թվում է, թե այլ տարբերակ չի մնում:

Իրականում մտահոգություններն ու անորոշությունները շատ ավելի են, քան այստեղ ներկայացվածը: Ակնհայտ է, որ նոր հարկատեսակը լուրջ դժգոհություններ է առաջացրել, որոնք կբազմապատկվեն այն կիրառելու պահին, եթե իհարկե դա տեղի ունենա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ