RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2712, Տպվել է` 219, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԻՔ ՉԿԱ ՄՈՒԹ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԱՏՈՒ ՓՆՏՐԵԼ, ՄԱՆԱՎԱՆԴ, ԵՐԲ ԱՅՆՏԵՂ...

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դեկտեմբերի չորսին ձեռքս ընկավ ավանդական կուսակցություններից մեկիՙ ՌԱԿ-ի անունով անօրինական ճանապարհով կնքված կուսակցության (ատենապետությամբՙ Մայք Խարաբյանի) հայտարարությունըՙ կապված ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ու դրա դեմ բողոքի ցույցեր կազմակերպած ուսանողների հետ:

Նախՙ հարկ եմ համարում նշել, որ խմբակցության համար սեփական անուն անգամ ընտրելու ունակությունից զուրկ մարդկանց խումբն իրավունք չունի տեսակետ հայտնելու նման նախագծի վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, կփորձեմ հակիրճ պատասխանել այդ խմբակի հայտարարությանը:

Սկզբի համար ցանկանում եմ հիշեցնել, որ այս պահին ազգային մտահոգությունները ոչ թե մի կողմ են դրված, ինչպես պնդվում է հայտարարության մեջ, այլՙ ընդհակառակը, ամեն ինչի հիմքը ազգային մտահոգություններն են:

Հաջորդիվ ցանկանում եմ հիշեցնել, որ դպրոցի ավարտական քննություններով ու դրանց ցուցանիշներով կամ գնահատականներով Հայաստանում հնարավոր չէ բուհ ընդունվել, ուստիՙ անհրաժեշտ է մարդկանց գիտակների ու անգիտակների խմբերի բաժանելուց առաջ գոնե փորձել ճշգրիտ փաստերով հանդես գալ:

Դպրոցի տասներկուամյա համակարգի դրվատանքին ու հայագիտական առարկաների երկու տարի «յաւելուածական» ուսուցանման մասով էլ ասեմ, որ, հարգելիներս, շատ ճիշտ եք, եւ եթե մոտ ապագայում կարողանանք դպրոցը տասներկուամյայի փոխարեն դարձնել տասնվեցամյա, կարող ենք առհասարակ բուհ էլ չընդունվել, մագիստրոսական ծրագրին էլ թող փոխարինի երկու տարի «յաւելուածական»ՙ այս դեպքում տասնութամյա կրթությունը կունենանք:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ այդ նախագծով բուհերն ինքնավարություն են ստանալու եւ բուհը կարող է այդ առարկաները պարտադիր դարձնել, եթե գիտխորհուրդը «զայն յարմար նկատէ»: Այս մասովՙ ցանկանում եմ նշել, որ մենք լեզվին վերաբերում ենք ոչ թե որպես մասնագիտություն, որպես քերականական համակարգ, այլ ազգային գոյության պահպանման ձեւերից մեկը, հետեւաբարՙ մենք «չենք ուզեր», որ հայագիտական առարկաները բուհերում ուսուցանվեն միայն այն դեպքում, երբ գիտխորհուրդը «զայն յարմար նկատէ»:

Իսկ այն մասով, թե հայագիտական առարկաների պարտադիր առկայությունը պատճառ է դառնալու մասնագիտական որեւէ այլ առարկայի ժամաքանակի կրճատման, չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ անտրամաբանական, անլուրջ պնդում է եւ արժանի չէ քննության:

Կուզենայի հիշեցնել արգո պարոններին, որ աշխարհի մի շարք հեղինակավոր բուհերում նույնպես ուսուցանվում է մայրենի լեզունՙ յուրաքանչյուր ֆակուլտետում համապատասխան մասնագիտական բառային ուղղվածությամբ: Կարեւոր եմ համարում ընդգծել նաեւ այն փաստը, որ մենքՙ ուսանողներս, մշտապես բարձրաձայնել ենք դպրոցում առկա խնդիրների մասին, միաժամանակ չենք թաքցրել նաեւ այն, որ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկան չի մատուցվում պատճաշ մակարդակով: Մենք առաջարկել ենք նաեւ յուրաքանչյուր մասնագիտությանը համապատասխան ծրագիր ստեղծել, օրինակՙ «Հայոց լեզու եւ քիմիա», «Հայոց լեզու եւ ֆիզիկա», «Հայոց լեզու եւ բժշկական տերմիանաբանություն», «Հայոց լեզու եւ մաթեմատիկա» եւ այսպես շարունակ: Ոչ ոք մեղավոր չէ, որ որոշ մարդիկ ուշադիր չեն եղել կամ դիտմամբ ուշադրության չեն արժանացրել մեր այս պահանջներն ու առաջարկները, եւ հիմա կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, մանավանդ, երբ այնտեղ կատու չկա:

Ինձ ցավ պատճառեց նաեւ այն, որ երկու էջի մեջ մի շարք բացահայտ (փաստական) սխալ թույլ տված հեղինակները շարժման մասնակիցներին մեղադրում են «պակասաւոր գիտելիքներ» ունենալու մեջ: Մտահոգիչ էր նաեւ այն, որ նրանք կրկին չեն նկատել մեր շեշտադրումներըՙ կապված գռեհիկ մամուլի, գռեհիկ հեռուստաեթերի ու գռեհիկ, կեղծ կուսակցություն-խմբակների մասով:

Որպես վերջաբան նշեմ, որ մեր «աղմկարարութիւնը», «խռովարարութիւնն» ու «խառնակչութիւնը» խիստ կարեւոր են եւ բխում են ազգային շահերից, որքան էլ քաղաքական ֆեյքերը հակառակը պնդեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ