RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1849, Տպվել է` 216, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Է՜Հ, ԴԺՎԱՐ ԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի նախարարության հրավերով Թեհրանում էիՙ մասնակցելու Երեւանում լույս տեսած «Զիբա, կանչիր ինձ» թարգմանական գրքիս շնորհանդեսին (հեղինակըՙ Ֆարհադ Հասանզադեն , առաջադրված է Անդերսենի մրցանակիՙ Փոքր Նոբելի), եւ Իրանի թարգմանիչների միության մրցանակաբաշխությանը, որի միջազգային բաժնում, ի շարս բազում օտարազգիների, ներկայացված էր նաեւ նվաստս: Ի դեպ, այս երկու միջոցառումներն էլ տեղի էին ունենում «Գրքի շաբաթվա» շրջանակներում: Սկսեմ վերջինից, որովհետեւ այն տեղի ունեցավ Թեհրան ժամանելուս հենց առաջին օրը: Մրցանակի արժանացան երկու երկրի ներկայացուցիչներըՙ Լեհաստանի եւ Հայաստանի: Եվ տոնականորեն զարդարված, բազմամբոխ ու շքեղ դահլիճի բեմ հրավիրվեցին այդ երկրների դեսպանատների ներկայացուցիչներն ու մրցանակակիրները: Լեհ թարգմանչուհին մրցանակն ստացավ իր դեսպանության առաջին քարտուղարի, թե՞ առաջին տեղակալի (կներեք անճշտության համար) ձեռքից: Ես մենակ բարձրացա, որովհետեւ Թեհրանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները վաղուց աննկատՙ անգլիական ձեւով, լքել էին դահլիճը եւ չլսեցին մեր երկրի, մեր դրոշի պատվին արված հոտնկայս ծափահարությունները: Նրանք չտեսան ու չլսեցին նաեւ, թե ինչպես մեկ այլ հայազգի թարգմանիչՙ Անդրանիկ Խեչումյանը , որ ավելի քան երեսունյոթ հայ հեղինակիՙ դասական ու ժամանակակից, գիրք է պարսկերենի թարգմանել, ճանաչվեց ութսուն միլիոնանոց Իրանի լավագույն թարգմանիչՙ ետեւում թողնելով շատ ու շատ անվանիների:

Նույնը կրկնվեց «Գրքի շաբաթվա» վերջինՙ շնորհանդեսի օրը: Իրանցիները ընդամենը երկու երկրի էին այդ պատիվը արելՙ երկու հարեւաններինՙ Հայաստանին (մեկ գիրք) եւ Թուրքիային (տասնչորս գիրք): Թուրքերեն թարգմանված գրքերի թիկունքում հպարտությամբ կանգնեցին Իրանում Թուրքիայի դեսպանը, դեսպանատան մյուս պաշտոնյաները, իսկ հայերեն, Հայաստանում տպագրված գրքի եւ թարգմանչի թիկունքը դարձյալ դատարկ մնացՙ դափ դատարկ: Ինչո՞ւ: Հիմա մեկը հնարավոր է, որ ասիՙ «Լավ, լավ, սարեր շուռ չես տվել, եւ աշխարհասասան իրադարձություն էլ տեղի չի ունեցել»: Պատասխանեմՙ այո՛, թերեւս, բայց մի՞թե եվրոպական մեծ ու մշակութային երկրներից մեկըՙ Լեհաստանը, գիրք ու մրցանակ չէր տեսել, նույնըՙ Թուրքիայի նման մեծ երկիրը: Ինչո՞ւ են նրանք իրենց քաղաքացիների թեկուզ փոքր հաջողությունները օտար երկրում կարեւորում, իսկ մենքՙ ո՛չ: Ավելինՙ ինչո՞ւ են նրանք հարգում իրենց պետությունը, իրենց դրոշը: Թե՞, ի տարբերություն Լեհասատանի եւ Թուրքիայի, մեր դիվանագիտական ներկայացուցչությունը այդ օրերին շատ ավելի կարեւոր ու անհետաձգելի գործերով էր զբաղված:

Եվ սա առաջին դեպքը չէ. հենց մեկ-երկու ամիս առաջ նույն վերաբերմունքին էր արժանացել Թեհրան հրավիրված միջազգային համբավի մի գիտնական: Բոլոր թերթերն ու լրատվամիջոցներն ի լուր աշխարհի հայտարարել էին այդ մասին, եւ միայն հայրենի դեսպանատունն էր «խուլ» ձեւացել:

Հայաստանի քաղաքացին ամենուրեք պետք է զգա իր պետության ներկայությունը իր թիկունքում: Ցավոք, ես չզգացի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ