RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Մետաքսի ճանապարհն էլ փակվեց

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2405, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԻՐԱԽԸ ՆԱԵՎ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ Է

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Անդադար փակելով, լուծարելով ու ցրելովՙ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որոշել է տեսադաշտից հանել նաեւ Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Անշուշտ, ինչպես մյուս առարկաները, այս մեկը նույնպես մեթոդական ու բովանդակային վերանայման լուրջ կարիք ունի, բայց դադարեցնել դրա դասավանդումըՙ գոնե ռիսկային քայլ է:

Հայտնի պարսիկ գրող, փիլիսոփա Մորթեզա Մոթահարին իր «Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում» աշխատության մեջ գրում է.

«...արդյո՞ք բարոյականությունը առանց կրոնի կարող է գոյություն ունենալ: Եթե անգամ գոյություն էլ ունենա, միեւնույնն էՙ բարոյականության ուժն ու սատարողը կրոնն է: Ոմանք, անգամ իրենքՙ եվրոպացիները, այն կարծիքին են, որ բարոյականությունն առանց կրոնի հիմք չունի »:

Որքան էլ այս տողերի հեղինակը գտնվում է քրիստոնեության հակառակ կողմում, միեւնույն է, ոչ ոք չի կարող ապացուցել, որ առանց կրոնի բարոյականությունը կարող է ուժ ունենալ, եւ դա բոլոր կրոններին ու հավատքներին է վերաբերում: Յուրաքանչյուր հանրույթ առաջորդվում է իր հավատքին համապատասխան կրոնական բարոյականության թելադրանքներով:

Հայաստանը քրիստոնյա երկիր է, քրիստոնեությունն այստեղՙ ի դեմս Հայ Առաքելական եկեղեցու, գտնվում է պետական հոգածության ներքո, եւ պետությունը պարտավոր է մատաղ սերնդին ներկայացնել մեր կրոնի, եկեղեցու նշանակությունն ու դերը:

Չժխտենք այն, որ այսօր էլ է հեթանոսական տարրը առկա, բայց ով կարող է պնդել, որ 4-րդ դարից հետո ստեղծված գրականությունը, ճարտարապետությունը, երաժշտությունն ու նկարչությունն առհասարակ կարելի է քննել ու մեկնաբանել առանց քրիստոնեության իմացության, ո՞վ է այն համարձակ վերլուծաբանը, որ հանձն կառնի մշակույթի որեւէ ճյուղ ուսումնասիրելՙ մի կողմ դնելով մեր եկեղեցուն: Ավելի պարզ օրինակՙ քրիստոնյա երկրի քաղաքացին գոնե մինիմալ իմացություն պե՞տք է ունենա նրա մասին, թե՞ ոչ:

Այն պնդումներն էլ, թե Հայ եկեղեցու պատմությունը կարելի է միացնել հայոց պատմությանըՙ տրամաբանական են, բայց ճիշտ չեն: Եկեղեցին շրջան չէ, այն դարերի հերթագայություն է, ուստիՙ նրա պատմությունն անհնար է սերտել մի քանի դասաժամով, որովհետեւ այդ կառույցը ներկա է եղել վերջին 17 դարերի բոլոր պատմական եւ քաղաքական զարգացումներին: Եւ, եթե եկեղեցու պատմությունը դիտարկենք հայոց պատմության համատեքստում, ապաՙ հայոց պատմությունն էլ պետք է դիտարկենք համաշխարհային պատմության ընթացքումՙ այդ բլոկին միացնելով նաեւ մշակութաբանությունը, արվեստաբանությունը եւ մերձմշակութային գիտությունները: Շարունակելով այդ անտրամաբանական տրամաբանությունը, պետք է իրար միացնել նաեւ, ասենք, մաթեմատիկան, հանրահաշիվն ու երկրաչափությունը: Սա հում տրամաբանություն է:

Այս մոտեցումը ոչ մի պարագայում շահ չի բերելու մեզ, որքան էլ փորձեն հակառակը համոզել, կառավարությունը պետք է հրաժարվի այս կրթական քաղաքականությունից:

Անկախ կրթական բարեփոխումների ու բարելավումների մասին սուպերնախարարական ճառերիցՙ շատ պարզ է, թե կծիկը քանդելով ո՛ւր է ուզում հասնել. պատերազմի այս ճակատում ԿԳՄՍ նախարարի թիրախն Աստվածաբանության ֆակուլտետն է: Այսքանից հետո կամքի մեծ ուժ է պետքՙ չմտածելու համար, որ հայագիտության ու եկեղեցու դեմ կազմակերպված քաղաքականություն կա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ