RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3357, Տպվել է` 393, Ուղարկվել է էլ.փոստով` 0

2019-Ի ՄԵՐ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հակառակ «Վաշինգտոն փոստ» թերթի բնորոշմանը, թե Մ. Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը «2019-ի անտեսված գլխավոր քաղաքական պատմություններից մեկն է» (The 5 Most Undersold Political Stories of 2019»), Ներկայացուցիչների պալատի ու Սենատի հաջորդաբար ընդունած զույգ եւ համանման բանաձեւերը պետք է ընդունել որպես անցնող տարեշրջանի գլխավոր ձեռքբերումը մեր ժողովրդի ու պետության համար:

Անշուշտ, ամերիկյան մեծազդեցիկ թերթի նման բնորոշումը (անգլերեն undersold բառը նշանակում է էժան վաճառված, չվաճառված, կարեւորՙ բայց նկատի չառնված, անտեսված) ենթադրաբար նկատի ունի բանաձեւի ընդունմանը հաջորդած Պետքարտուղարության հայտնի հայտարարությունը, թե այս հարցում Սենատի որոշումը «չի արտացոլացնում իր կեցվածքը», ինչպես նաեւ ԱՄՆ վերջին 5 նախագահների կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից խուսափելու փաստը, սակայն պետք է ընդունենք, որ Կոնգրեսի որոշումը ոչ թե Հայ դատի հետապնդման ավարտն է մատնանշում, այլՙ ուղենշում է դրա հետագա վերաիմաստավորման, ծավալման եւ գործնականացման երկար ճանապարհը, ինչպես ընդգծում է մեր ներհուն աշխատակից Երվանդ Ազատյանը ներկա համարի 5-րդ էջում թարգմանաբար ներկայացվող իր հոդվածում:

Առաջին հերթին նկատել է պետք, որ, ինչպես կողքի սյունակներում բացատրում է մեր թուրքագետ աշխատակից Հակոբ Չաքրյանը, բացառված չէ, որ օրենսդիր իշխանության հետ ընթացակարգային որոշակի քայլերից հետո նախագահ Թրամփը վավերացնի Կոնգրեսի որոշումըՙ նույնիսկ առանց իր կողմից օգտագործելու Ցեղասպանություն եզրույթը. նայածՙ թե ինչպես կզարգանան Թուրքիայի հետ իր երկրի ներկայիս լարված հարաբերությունները:

Երկրորդՙ առանց նախագահի վավերացման անգամ Կոնգրեսի որոշումը ունի բարոյական այնպիսի ուժ, որը կարող է ամերիկյան դաշնային ու նահանգային իշխանությունների համար դառնալ կիրառելի նորմՙ դատարանների, ակադեմական հաստատությունների, մամուլի միջոցների, կրթական ծրագրերի եւ արվեստի ոլորտներում: Ահա՛ լայնարձակ մի դաշտ ամերիկահայության ու վերջինիս բարեկամների առաջՙ Ցեղասպանության փաստի անառարկելիությունը ամրագրելու համար: Եվ այս առումով կարծում եմ, որ ճիշտ ժամանակին էր մեր անզուգական բարերար Քըրք Քըրքորյանի թողոնի միջոցներով UCLA համալսարանում հայկական ուսումնասիրությունների նոր եւ մասնագիտացված կենտրոն բացելու քայլը, որը կարող է դառնալ ոչ միայն գիտական հետազոտությունների նոր հարթակ, այլեւ ժխտողականության դեմ պայքարի եւ հսկողության հենակետ, ինչպես անում են ամերիկահրեական տարբեր կազմակերպությունները Հոլոքոսթի պարագայում:

Երրորդՙ Կոնգրեսի որոշումը լայն ասպարեզ է բացում տարբեր երկրներում գործող հայկական լոբբիստական խմբերի եւ առաջին հերթին մեր դիվանագետների համար, հատկապես այն պետություններում, որոնք գտնվում են Մ. Նահանգների ազդեցության գոտիներում եւ որոնք դեռեւս չեն ճանաչել Ցեղասպանության փաստը, կամ մասնակի են ճանաչել այն: Այս տեսակետից առաջնայինն անշուշտ Իսրայել պետությունն է, որն արդեն տասնամյակներ շարունակ որպես հզոր կապիտալ օգտագործում է Հոլոքոսթը որպես դատակնիք չճանաչողների դեմ ու որպես արդարացում նույնիսկ իր ռազմական նախահարձակումների համարՙ Never Again (Այլեւս երբեք) լոզունգի ներքո: Կոնգրեսի որոշումը եւ դրա կայացումը այս անգամ չխոչընդոտելու հրեական հզոր կազմակերպությունների կեցվածքը թերեւս կարող ենք նկատել առաջընթաց քայլՙ Հոլոքոսթի եզակիության հնամաշ հավակնությունից հրաժարվելու ուղղությամբ...

Անշուշտ, անշուշտ, գլխավոր խնդիրը Թուրքիան է, որը շարունակում է ուրացումի ու ժխտողական իր քաղաքականությունը: Սակայն ինչպես նկատել են տալիս մեր հիշյալ աշխատակիցները, Կոնգրեսի որոշումը նեղացնում-սեղմում է ժխտողականության Թուրքիայի դաշտը, որտեղ հավանական է, որ նա մնա մենակՙ Ադրբեջանի հետ միասին: Հետաքրքրական է, որ Թուրքիայում սկսել են նորից հնչել հայ ժողովրդին նյութական հատուցում տալու առաջարկները, որոնք կարող են թուրք զարգացած երիտասարդության վրա դրական ներգործություն ունենալ: Միամի՞տ բան եմ ասում. թերեւս: Սակայն աշխարհը, մարդիկ, ժողովուրդները փոխվում են: Անգամ թուրքերը կարող են փոխվել, գոնե նրանց մի մասը:

Ինչպես ասվեց վերեւում, Կոնգրեսի որոշումը մեր դիվանագիտության առջեւ բացում է աշխատանքի հսկայական դաշտ: Այդ աշխատանքի ծավալից եւ աշխատողների պրոֆեսիոնալիզմից, նաեւ պատեհությունները ժամանակին օգտագործելու հմտությունից է կախված մեր շահածՙ առայժմ բարոյական կապիտալը քաղաքական շոշափելի դրամագլխի վերածելու գործը, առաջին հերթին սկսելով հենց Արցախյան հիմնահարցից: Արցախի անվտանգության մեր պահանջը, որից ուղղակի կախված է նաեւ Հայաստանի Հանրապետության ապահովությունը, այսուհետեւ հնարավոր է հմտորեն տեղափոխել թուրք-ադրբեջանական սպառնալիք դիմակայելուՙ միջազգայնորեն ճանաչված իրավունքի ոլորտ: Այլեւս թույլ չենք տա. սա՛ պետք է լինի մեր կարգախոսը, փիլիսոփայությունը եւ ռազմավարությունը այսուհետեւ:

Ցեղասպանությունը, բոլո՛ր ցեղասպանությունները, ուշ կամ կանուխ դատապարտվելու են: Նաեւՙ հատուցվելու: ԱՄՆ Կոնգրեսը վերահաստատեց այս ճշմարտությունը:

Տքնաջան աշխատանքի տարի է մեզ սպասում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ