RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3262, Տպվել է` 418, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՂԵՐՁՆԵՐ 2020-ԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տարին ամփոփողների ձեւաչափից դուրս գանք ու ծանրանանք մի քանի ցանկության վրա, որ 2020 խիստ նշանային, մենք կասեինք` սահմանագծային տարում կուզեինք իրականացված տեսնել: Քանզի դրանց չառարկայացումը կնշանակի արդեն տարուց ավելի գործող կառավարության թուլացումը, եւ որ էլ ավելի կարեւոր է` Հայաստանի թուլացումը, որը միգուցե այս կամ այն շերտի ներկայացուցիչներին ձեռնտու է, քանզի նրանք միայն այդ ճանապարհով են պատկերացնում իրենց ջրի երեսին մնալը, բայց ոչ հանրության գերակշիռ մասին, որի միակ շահախնդրությունը, միակ հենարանը, միակ ապրելու վայրը, միակ թթվածինը Հայաստանն է: Որովհետեւ մերկապարանոց քննադատության կամ մերկապարանոց գովերգի պակաս չկա եւ չի եղել այս մեկուկես տարում, չարախնդության ու միամիտ ինքնագոհության` եւս, ընդ որում` երկու դեպքում էլ գլխավոր շարժիչ ուժը խմբակայնությունն է: Օրինակների պակաս չկա ոչ իշխանության, ոչ էլ միայն նրան քննադատելով սիրտ հովացնող ընդդիմախոսների մեջ` սկսած լրատվամիջոցների միջոցով լայնորեն տարվող աճպարարական պատերազմից, վերջացրած բացառապես միմյանց սխալների, զեղծարարությունների եւ վարքի վրա գերկենտրոնացում կամ երկակի ստանդարտների մշտական գործադրում: Սակայն իր կյանքի բարելավմանը սպասող հանրության լայն շերտերին այս բոլորն արդեն ձանձացնում է, եւ կյանքի բարելավմանը սպասելու անհամբերությունից զատ, նաեւ քարոզչական կարծրատիպերից իշխանության ու ընդդիմության դուրս գալու սպասման նշաններ են ի հայտ գալիս մարդկանց մոտ: Իշխանության համար քարոզչական կանխավարկածը (այն եւս` շատ վատ մակարդակով, վկանՙ յութուբյան կիսագրագետ տեսալրաշարն է), եթե ամրագրված չէ արմատական ու հիմնավոր գործնական քայլերի հերթագայությամբ, այլ, այսպես ասենք, կառավարության հաջողված հատվածական- կետային գործունեության գովազդումն է սոսկ, դա կարճաժամկետ ազդեցություն ունի, համարյա թիթեռի կյանք եւ ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Քանզի չի կարող երեք միլիոնանոց փոքրիկ երկրում, ասենք, հասարակությունը կերակրել կաշառակերների միլիոններից խոսելով եւ նրանց դեմ ծավալային պայքարի լուսամուտից միայն, երկրում կան բովանդակային փոփոխությունների սպասող բազմաթիվ այլ շերտեր, որոնք առանց միավորող արժեքների եւ տեսանելի նպատակի, հատվածական բարեփոխումներով եւ դրանք ուղեկցող աղմկարարությամբ բավարարվել չեն կարող:

Արցախի հետ կապված մշտական վտանգ, ուզած արտաքին մեծ խաղացողից`քաղաքական նպատակահարմարությամբ երկրին տնտեսապես վնասելու չմարող սպառնալիք, չշիջող արտագաղթ, պայմանավորված սոցիալական վիճակի` դեռեւս արմատական բարելավման անհնարինությամբ, քաղաքական դաշտի անառողջ խմորումներ. միգուցե արժեր մտածել որոշ ուղղություններով ավելի ամուր հիմքով եւ ազգի միավորման բալաստով քաղաքականություն մասին, իսկ «բռնեմ-փռեմ» կարգախոսը որոշ ժամանակ դանդաղ հուն հրել, քանի որ այն կարճաժամկետ էֆեկտ ունի, այլեւս չի զարմացնում եւ հոգնեցնում է, էլ չասած, որ սթրեսի մեջ է պահում հանրության լայն շերտերին: Իսկ հոգեբանները հիանալի գիտեն, թե երբեմն ինչ կարող է պատահել սթրեսի մեջ գտնվող հասարակության հետ:

Ի վերջո բազմիցս ասվել է` անցյալի կառավարումը կաշառահեն եւ կոռումպահեն է եղել, ինչ կարող է անել դատական համակարգն այդ հարցում` թող անի, բայց դրանից իդեա-ֆիքս սարքել պետք չէ: Ասվե՞լ է` փոխում ենք խաղի կանոնները. ուրեմն պետք է կենտրոնանալ նրա վրա, որ նոր կաշառակերների ու նոր կոռուպցիոների հանդեպ անզիջում լինենք, չկրկնենք անցյալի սխալները: Թե չէ`սեւեռվել-մնացել ենք անցյալի վրա, երբ պաշտոնյաներից շատ-շատերն ընդամենը չէին կարող ընդդիմանալ համակարգին, համակարգի մաս են կազմել, այսինքն` մեծ մեքենայի պտուտակներ են եղել: Պետք է առաջ նայել, սեփական կենսակերպով ու արարքներով նրանց համար օրինակ լինել` ովքեր ընդունում են նոր խաղի կանոնները եւ օրենքի դաշտում են աշխատում, լավ, գողացածը պետությանը վերադարձնելն էլ գումարած: Բայց որ միայն նախկիններին թափ տալն է դեռ դիտվում մեր կյանքի փոփոխություն գեներատորը, պետության գլխավոր ուղղվածությունը, դա չի կարող երկարատեւ արդյունք ապահովել, մանավանդ, որ նորերից շատերն էլ մի բարի պտուղ չեն, նրանցից շատերի կենցաղին, մեքենաներին, հագուկապին հետեւելով`կարելի մտածել, որ մեկուկես տարի առաջ նրացից շատերը լորդեր ու լորդուհիներ են եղել, իսկ ինքնապարգեւատրման անհագ մոլուցքն էլ չի վկայում բոլորովին, թե որ երկրի, ինչ կենսամակարդակով ապրող ժողովրդի իշխանավոր են դարձել նորերը: Ի վերջո ընդունել է պետք, որ ոչ Հայաստանի սովորական քաղաքացին է ԱՄՆ-ի կամ Անգլիայի քաղաքացու պես ուղեղը հոգսից անջատած-անձնական բարեկեցության ու հաճույքների հետեւից ընկած, ոչ Հայաստանի իշխանավորը կարող է հավակնել, ասենք, Գլենդելի քաղաքային խորհրդի աշխատակիցների աստղաբաշխական աշխատավարձներին, մի պարզ պատճառով` ԱՄՆ-ի միջին քաղաքացու տարեկան եկամուտը ՀՀ սովորական քաղաքացու տարեկան եկամուտների նկատմամբ անհամեմատելի է: Իսկ հենց այս պահին 20 ֆունտով Ծննդյան տոների սեղանին թարմ հնդկահավ դնող, բայց ամսական մի քանի հազար ֆունտ ստացող լոնդոնցու համարժեքն ամենեւին սառեցրած հնդկահավը «Երեւան-սիթիից» 15 հազար դրամով առնող (Լոնդոնի գնից ավելի թանկ), բայց ճկույթաչափ աշխատավարձով ՀՀ քաղաքացին չէ: Եւ որ դուք, սիրելի իշխանավորներ, մինչեւ ՀՀ քաղաքացու միջին կենսամակարդակը տանելի չդարձնեք, համեմատելի` ձեր ընդօրինակած երկրների քաղաքացիների կենսամակարդակի հետ, այդ երկրների չափանիշներով ձեր վարձատրությունը ակնկալելու կամ արդարացնելու որեւէ հիմք չունեք: Իսկ ՀՀ քաղաքացին էլ, ձեր կողմնակիցն է նա, թե ոչ, անընդհատ զայրանալու է ձեր` արդյունքի առումով անհիմն բարձր վարձատրության թվերը լսելով, ձեր անհագ պարգեւատրությունների մասին կարդալով, կամ տանելի կենսակերպով պետությունների տոնակատարությունների նմանողությամբ տոն անելու «ռազմախը» տեսնելով:

Եւ ուրեմն` գոնե 2020 թվականից մի քանի սպասելիքից խոսենք միայն:

Արցախի հարց

Աննախադեպ համալրված կազմով Արցախի ու Հայաստանի Անվտանգության խորհուրդների միացյալ նիստի պատկերաշարն ու այդ առթիվ տարածված տեղեկատվությունն, այնուամենայնիվ, տողատակերով վտանգ են հուշում` ինչ աստիճանի եւ հատկապես որ բաղադրիչով է սողում վտանգը` ենթադրությունների ոլորտից է: Ենթադրություններն էլ արվում են ըստ խմբային պատկանելության. թե` պատերազմն անխուսափելի է, թե` շրջանների վերադարձ, թե`Ադրբեջանին ցույց կտանք, թող փորձի իր ռազմական լուծումը եւ այլն: Մանավանդ` Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հարցազրույցը, որ զարմանալիորեն լայնորեն շրջեց մեր լրատվամիջոցներում, մի տեսակ լիաթոք հակահարված չստացավ մեր պաշտոնեական շրջանակներից: Չիմանալը, չիրազեկվելը միշտ ավելացնում են վտանգի զգացողությունն ու տանում հարցի շահարկման, այնպես որ նոր իշխանությանն Արցախի հարցում միայն հստակությունն ու հրապարակայնությունը կփրկեն արտաքին ու ներքին խարդավանքներից: Դա հասունացել է, առանց վախենալու տասնամյակներ ձգվող խորհրդապահությունից, վերջապես հստակ կարելի է ժողովրդին ասել` ով եւ ինչ է ուզում մեզանից, ինչ է նշանակում Արցախի ու Հայաստանի նույնական մոտեցումը, ինչ պետք է անեն Հայաստանն ու Արցախը միասին եւ առանձին-առանձին, որ մեր երկու պետություններին, հետն էլ Ադրբեջանին ձեռնտու լինի միաժամանակ հարցի լուծման հեռանկարը, ինչպես երկրի վարչապետն է պնդում: Մանավանդ`ադրբեջանական կողմը վերջին բրատիսլավյան բանակցություններից հետո գնացել է տուն ու ինչ ասես բացահայտել է Մամեդյարովի շուրթերով, որքան էլ ասեն` դա ներքին օգտագործման համար է: Դե մենք էլ ասենք ճշմարտությունը մեր ժողովրդին, է, թող ասեն` ներքին օգտագործման համար է:

Կադրային գլուխկոտրուկ

Կադրային քաղաքականության առումով. անգամ վարչապետի ակամա անկեղծացումներից կարելի է եզրակացնել` այս կառավարության աքիլլեսյան գարշապարը կադրերն են, որոնք ոչ միայն աշխատել չեն սովորում, այլեւ, վարչապետի իսկ բնորոշմամբ, դիմադրում են փոփոխություններին: Այնպես որ տրամաբանական է սպասել վարչապետից, որ Նոր տարում կադրային վերախմբագրում է անելու, քանզի հիմա այնպիսի ժամանակներ են, որ ամեն ինչ քննարկվում է սոցցանցերում, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ու կադրերից շատ քչերն են, որ լայն հանրության հավանությանն են արժանանում: Մեր կարծիքով էլ տարիուկեսը բավարար չէր`արմատական ու զգալի փոփոխությունների համար տնտեսության մեջ` որքան էլ չկամեցողները խիստ քննադատեն կառավարությանը, բայց բավարար էր, որպեսզի իշխանական վերեւներում տեսնեն, թե պատահական մարդկանցով, հաճախ նույնիսկ փողոցից վերցրած կադրերով արդյունավետ եւ պրոֆեսիոալ կառավարում հնարավոր չէ իրականացնել, ու անցել են այն ժամանկաները, երբ ամեն կթվորուհի կարող էր մոտ գալ պետության ղեկին: Այս իմաստով փորձառու կադրերի ներգրավումը ամենեւին վերջին բանը չէ կառավարման արվեստում: Նոր տարում` կադրային նորացված քաղաքականություն` այս սպասման մասին են վկայում նաեւ զանազան կուլիսային խոսակություններն ու արտահոսքերը:

Հավանաբար վարչապետը գոնե այս տոներին ժամանակ պետք է գտնի ու մտորի նորմալ կադրեր գտնելու մասին` նախ ոչ թե հավատարմության կեղծ խոստումների կանխավարկածով, երբ ոչ պրոֆեսիոնալ «հավատարիմ» կադրերը խփում են վարչապետին` իրենց աշխատել չիմանալով, այլ միայն պրոֆեսիոնալիզմի եւ անցյալում համեմատաբար մաքուր կենսագրության ցուցիչով, անկախ նույնիսկ կուսակցական պատկանելությունից, որովհետեւ Հայաստանը մեկն ու բոլորինն է, վարչապետը` նույնպես: Դա կկոտրի եւ դիմակայությունը, որի մասին հենց վարչապետն էր խոսում, եւ կմեղմի թշնամանքը, իսկ սեփական կողմնակիցներին եւ ողջ ժողովրդին մարդկային բառերով այս բոլորը միշտ էլ կարելի է բացատրել, մեր ժողովուրդը միասնության մեռած է, ու առանձին խմբեր, անկախ նրանից` որ կողմում են նրանք, թող հայ հանրության տարբեր հատվածների միջեւ թշնամանք չսերմանեն: Հաջողութունները սովորույթ ունեն հյուրընկալվել հաշտ միջավայրերում:

Քաղաքական դաշտի վերբեռնում

Քաղաքական դաշտի գործընթացներն այս տարի որեւէ հեռանկարային գծագրի չբերեցին: Ընդամենը բոլոր հնարավորություններվ ու դեմքերով պայքարում են նախկիննեը` նոր մտայնություն, նոր գեներացում ըստ էության դեռ չկա: Այն աստիճան իներտ է քաղաքական դաշտն այդ առումով, որ քաղաքային ավագանու մշտական լեզվակռիվներին անգամ կարելի է որպես քաղաքական պայքարի մոտենալ, մանավանդ, որ այդ լեզվակռվում ակնարկներ կան «Լույս» խմբակցության ներսում տեղի ունեցողի` բոլորովին այլ տիկնիկավարների մասին. Կենտրոնի թաղապետն օգտագործում է «քաղաքական թրաֆիքինգ» բնորոշումը, որ շատ թափանցիկ ակնարկ է դեպի նախկիններ: Դե հա, պայքարի դաշտ կա, եթե քաղաքապետի նյարդերը չդիմանան` մի ուրիշ տեսակի «քաղաքական» պայքար կսկսվի: Այսպես թե այնպես` այս բոլորը վկայում է քաղաքական դաշտի` նախկինում աշխատեցված գործիքների կիրառման, եւ ոչ ամենեւին նոր պահանջներին համապատասխան քաղաքական դաշտի վերբեռնման կամ նոր-մրցունակ միավորների ստեղծման մասին:

Միգուցե նույն վիճակն է նաեւ Ազգային ժողովում, որտեղ, այո, կան երեք տասնյակի չափ շատ լավ պատգամավորներ, նրանք կարող են անգամ համապատասխանել միջազգային բոլոր տեսակի չափանիշներին ե՛ւ իրենց գործնական հատկանիշներով, ե՛ւ լեզուների իմացությամբ` այդ ուժեղները մշտապես խոսում են, երեկ էլ գոհությամբ ամփոփեցին խորհրդարանական տարին: Սակայն թիվ մեկ քաղաքական մարմնի ընդհանուր միջին որակը ամենեւին էլ մոտիկ չէ միջին չափանիշներին: Դա հատկապես երեւում է այն ժամանակ, երբ ընթացիկ հարցերից դուրս քաղաքական նշանակության հարց է ուղղվում «Իմ քայլի» պատգամավորներից շատերին, ստանալով ամենեւին ոչ քաղաքական պատասխան: Իսկ որ այս Ազգային ժողովը երբեմն անցումային են համարում, հատկապես արտախորհրդարանական ուժերը, որ խոսում են միշտ արտահերթ ընտրություններից` միգուցե, բայց դա չի նշանակում, որ քաղաքական դաշտն այնպես է վերադասավորվել, որ նման հարցն առաջնահերթ դառնա: Նոր ուժեր, եթե ձեւավորվում էլ են, ապա անցյալի «լավագույն» ավանդույթներով` մեկ մարդ վերլուծականներ է գրում տարբեր կայքերում, հետո հայտարարում, որ հասարակական կառույց է ստեղծում, հետո` որ չի բացառվում դրա քաղաքական միավոր դառնալը, եւ այլն: Այսինքն` համախոհների ու գաղափարների գեներացում դեռ չի նկատվում, ուղղակի նոր եւ հին իշխանություններին մոտ կագնած անհատները իրենց շուրջ ինչ-որ մարդկանց են հավաքում, առիթներ էլ կան դրա համար (դատավարություններ եւ այլն), իսկ դա ամենեւին չի նշանակում քաղաքական դաշտի վերբեռնում կամ նոր քաղաքական բովանդակություն առհասարակ: Այսինքն` մենք կմնանք դեռ հընթացս աշխատել սովորող այս Ազգային ժողովի հույսին, որքան էլ արտախորհրդարանում այս կամ այն անհատը բարձր ձայնով հնարամիտ մտքեր հայտնի: Միեւնույն ժամանակ նոր տարվանից նոր մարդկանց ու նոր գաղափարների գեներացման առաջնահերթ սպասում կա, քաղաքական դաշտը թարմ արյան կարիք ունի` ոչ անցյալի պատկերով ու նմանությամբ: Քաղաքական դաշտի ծանրակշիռ հայտերի սպասում, այո, կա 2020-ից:

Կոռուպցիայի դեմ պայքարի աղմկազերծում

Կոռուպցիայի դեմ պայքարը ժամանակն է, որ աղմուկից ու լրատվամիջոցներում զնգզնգալուց ավելի հանգիստ հուն մտնի, դառնա մեր առօրյա կյանքի հաստատուն, բայց ոչ աղմկոտ մաս, այն հատկապես պիտի կանխի նորերի հնարավոր կոռուպցիոն գործարքները, որպեսզի նրանց չթվա, թե քանի որ իրենք մեր «փրկիչներն» են` իրենց ամեն ինչ կարելի է: Աղմուկ-աղաղակը խանգարում է այս գործին լրջմիտ, հետեւողական եւ քարոզչությունից զերծ սկզբունքով մոտենալ` ցուցադրական շոուերից հեռու մնացածներին ակամա թույլ տալով աննկատ թաղվել կոռուպցիայի նոր, հետհեղափոխական տեսակների մեջ,: Ու, հոպ, նոր կառավարությունը ժամանակ էլ չի ունենա նկատելու, թե ինչպես է նմանվում նախկիննեին: Նոր տարում հենց այդ նոր մոտեցումն ենք սպասում կառավարության հակակոռուպցիոն պայքարից, արդեն ստեղծված եւ ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմիններից` գործ անել առանց ցուցադրականության, հանգիստ եւ հիմնավորված, այդ գործին ինստիտուցիոնալություն հաղորդելով: Թե շուոն, բռնել-բաց թողնելը, քրեական հետապնդման սուբյեկտնեի անհետանալը երկրից վատ ազդեցություն է ունենում հենց պլեբսի վրա, որի մոտ ձեւավորվում է այն մտայնությունը, որ իր աղքատությունը ոչ թե կառավարման անարդյունավետության հետեւանք է, այլ ապահովված մարդկանց կոռուպացվածության, ու նրանց ունեցվածքին կարելի է ձեռք երկարել: Չի կարելի հասարակությանը կերակրել շոուներով, որոնց ազդեցության խորքային հետեւանքների ուսումնասիրությամբ ոչ ոք չի զբաղվում:

Վերը թվարկած ուղղություններով սպասումները եթե գոնե գալիք տարում առարկայական ընթացք ստանան, մնացյալը, այդ թվում բոլորիս ակնկալած տնտեսական աճի նոր տեմպն ու բոլորիս կյանքի բարելավումը հաջորդող բնական վիճակ են լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ