RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



ՀԻՇԵՆՔ

Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3193, Տպվել է` 406, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՐՈՍԻՆ ԾՆՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ

Դավիթ Սարապյանի հիշատակին

Օրերս Երեւանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի դահլիճում ոգեկոչության միջոցառում էր. հիշեցինք առայժմ մեր վերջին ազատամարտի լեգենդար հերոս Դավիթ Սարապյանին (Դեւ, 1966-1991) եւ խոնարհվեցինք նրա հիշատակի առաջ: Սա միակ բանն է, որ կարող ենք անել բոլորս միասին կամ առանձին-առանձին: Ոչ միայն կարող ենք, այլեւ պարտավոր ենք: Այո՛, պարտավոր ենք: Իսկ Դավիթը ոչ մեկի եւ ոչինչ պարտք չէ: Մե՛նք ենք նրան պարտք: Նրա եւ նրա նմանների հիշատակի առաջ խոնարհվելովՙ մենք մեզ ենք այդ կերպ ազնվացնում եւ իմաստավորում մեր կյանքի հետագա ուղին...

Արցախյան գոյամարտի հաղթանակը կերտած հերոս հայորդիների մասին դժվարանում եմ խոսել առանց հուզմունքի: Անցած տարիներն անզոր են եղել եւ այսուհետ էլ անզոր են լինելու մեղմելու նրանց կորստի ֆիզիկական ցավը: Ինչո՞ւ եմ ընդգծում ֆիզիկականը: Պատասխանը պարզ է. նրանք միշտ մեր ոգեղեն դաշտում են եւ սթափ հայացքով ուղեկցում են մեր երթին:

Իրենց իմացած հնարավոր ու անհնար միջոցներով նրանք արել են ամեն ինչՙազատագրելու համար մեր հայրենիքի բռնագրավված մի հատվածը: Վերջին 2 հազար տարվա ընթացքում սա երեւի միակ դեպքն է, որ հայրենի հող ենք ազատագրել ու վերատիրել նրան: Արցախյան շարժումը թերեւս այդ առումով ամենալուսավորն է հայոց ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ: Եվ սաՙ շնորհիվ խենթերի այն փաղանգի, որը կամովին մեկնեց ռազմի դաշտ: Ես սա չեմ համեմատում 1918-ի Մայիսյան գարնանային հերոսամարտերի հետ. երկու դեպքում էլ մղվել է հայրենական պատերազմ, բայց խնդիրներն էին տարբեր:

Սուրբ գործ է կատարում նա, ով գրիչ է վերցնում ու անմահացնում հայոց հաղթանակները կերտած քաջազունների սխրագործությունների պատմությունը: Դա չափազանց ծանր, բարդ ու պատասխանատու գործ է: Ի դեմս լրագրող Էվելինա Մելքումյանի ՙ խորին խոնարհումով եմ վերաբերվում բոլոր նրանց, ովքեր գրում են մեր հերոս ազատամարտիկների մասին:

Դեկտեմբերի 10-ինՙ հիշատակի այդ հանդիսության ժամանակ, ներկայացվեցին Արցախյան գոյամարտում 26 տարեկանում զոհված մի բավական ինքնատիպ եւ իրո՛ք անկրկնելի երիտասարդիՙ Դավիթ Սարապյանին նվիրվածՙ Էվելինա Մելքումյանի «Մեր օրերի Դավիթը» գիրքը եւ Դավիթի հեղինակային գործերիՙ «Երեք հարյուր վայրկյան» ժողովածուիՙ Մերի Կարապետյանի հայերեն թարգմանությունը: Վերջինիս դեռ ծանոթ չեմ, այդ գործերը նոր եմ կարդալու, իսկ Էվելինա Մելքումյանի գիրքը, ինչպես արդեն ասվեց, պատիվ եմ ունեցել խմբագրելու:

Դավիթ Սարապյանի մասին իմացել եմ 1990-ական թվականներին: Այն ժամանակ աշխատում էի Հանրային ռադիոյի արտասահմանի հայության համար հաղորդումների բաժնում եւ 14-15-րոպեանոց մի հաղորդում եմ պատրաստելՙ նվիրված նրա հիշատակին: Տարիներ անցՙ 2006-ին, երբ Էվելինա Մելքումյանը հրատարակեց Դավիթի մասին իր գրած առաջինՙ«Դեւ. կյանքը, պայքարը, ստեղծագործությունը» ռուսերեն գիրքը, ես ավելին իմացա այս անզուգական ազատամարտիկի մասին ու է՛լ ավելի սիրեցի: Դավիթը դարձավ իմ ընտրյալ հերոսներից մեկը, որոնց զգում եմ բոլոր բջիջներով:

Էվելինա Մելքումյանն այսօր կրկին ներկայացնում է իր հերոսինՙ այս անգամ հայերենՙ լավագույնս լրամշակված, հարստացված, այլոց կարծիքներով համեմված:

Ես չեմ խոսի գրքի բովանդակության, Դավիթի առանձին քաջագործությունների մասին. դուք դա կկարդաք: Կխոսեմ հեղինակի նվիրումի մասին, որ արժանի է առանձին դրվատանքի: Էվելինա Մելքումյանը ոչ մի բառ հենց այնպես չի գրել, ամեն ինչ անցկացրել է իր հոգու եւ սրտի պրիզմայով, մարսել, հետո միայն հանձնել թղթին: Նրան բոլորովին չի խանգարել իր ոչ հայեցի կրթությունը. Էվելինայի աշխատանքային լեզուն ռուսերենն է: Մեր համատեղ աշխատանքի ընթացքում միշտ եմ զգացել, թե որքան բծախնդրությամբ է նա վերաբերվում յուրաքանչյուր բառին ու արտահայտությանը: Նրան առաջնորդում էին Դավիթի նկատմամբ ոչ թե անպարագիծ, ես կասեիՙ մայրական սերն ու գորովը, այլ պատմական ճշմարտությունն առանց չափազանցությունների հանրությանը ներկայացնելու, դեպքերի իրական ընթացքը ճշգրիտ պատկերելու, իրերն իրենց անուններով անվանելու նրա սկզբունքային ելակետը: Նրա պատումի մեջ ոչ մի ավելորդ նկարագրություն կամ ուռճացված պատկեր չեք գտնի, սենտիմենտալ կամ հորինովի դեպք կամ պահ չեք նկատի, որովհետեւ հեղինակի նպատակը եղել է պատերազմի մասին ճշմարտությունը վերհանելը եւ Դավիթի տեղն այդ իրադարձությունների մեջ ճշգրիտ ներկայացնելը:

Սա է, թերեւս, նրա աշխատանքի առաջին գնահատականը, եւ վստահաբար կարող եմ ասել, որ Էվելինա Մելքումյանի «Մեր օրերի Դավիթը» գիրքը կարեւոր սկզբնաղբյուր կդառնա Արցախյան ազատամարտի պատմության ապագա ուսումնասիրողների համար: Իսկ երկրորդը դաստիարակչական այն անանց նշանակությունն է, որ ունենալու է գիրքը մատաղ սերնդի (եւ ոչ միայն նրա) համար:

Անհերոս մեր ժամանակներում, երբ բարոյական արժեքները գլխիվայր շուռ են եկել, ավելի ճիշտՙ շուռ են տվել, երբ փորձում ենք հստակեցնել մեր ժամանակների հերոսի կերպարը, հաճախ ենք փնտրտուքի մեջ ընկնում, որովհետեւ հայկական ԶԼՄ-ները չգիտես ում կառքին են լծված, իսկ Արեւմուտքից փչող հովերն այլ հուն են ուղղորդում աշխարհին, այդ թվումՙ նաեւ մեզ: Մինչդեռ ունենք այնպիսի զավակներ, որոնց կյանքն ու գործը ոչ միայն ուսումնասիրության անսպառ աղբյուր են, այլեւ մարդու, մարդկայինի, հայրենանվիրումի այնպիսի օրինակներ են պարունակում, որ վաղուց արդեն դրանք ազգայինից վերաճել են համամարդկային արժեքների:

Մասնավորեցնեմ խոսքս. հայրենիքի պաշտպանության տիրույթում մեր ազգային-ազատագրական պայքարն ավարտված չէ. Արցախյան պատերազմը փխրուն զինադադարի փուլում է, իսկ առաջնագծում դիպուկահարների գնդակներից այսօր էլ, դժբախտաբար, զինվորներ ենք կորցնում, երբեմն էլ հրադադարի խախտումներն ուղեկցվում են գրոհներով: 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր արծիվներն ապացուցեցին, որ իրենք Արցախյան գոյամարտի հերոսների ուղղակի ժառանգորդներն են: Նրանք իրենց աչքի առաջ ունեին Դեւի, Լեոնիդ Ազգալդյանի, Վիկտոր Բալայանի, Սիմոն Աչիկգյոզյանի, Դուշման Վարդանի, մեր բոլոր-բոլոր հայտնի հերոսների ու ոչ այնքան հայտնի քաջերի օրինակները, որոնք իրենց արյամբ մեկ անգամ եւս սրբացրին մեր սրբազնասուրբ հողը 1991-94-ին:

Շեղվելով իմ ասելիքիցՙ ուզում եմ հակիրճ խոսել այս առումով ինձ (գուցե նաեւ այլոց) անհանգստացնող մի երեւույթի մասին: Ոմանք, արժանիորեն խոնարհվելով ապրիլյան քառօրյա մարտերի հերոս նահատակների հիշատակի առջեւ արժանին մատուցելով ռազմագործողություններին մասնակցած ողջերին, մի տեսակ ստվերում կամ մոռանում են Արցախյան գոյամարտում զոհվածներին ու պատերազմի վետերաններին: Սա համարում եմ անթույլատրելի, որովհետեւ մարդիկ հայրենիքի ազատագրության համար զոհասեղանին են դրել ամենաթանկըՙ իրենց կյանքն ու առողջությունը, իսկ մենք այսօր մի տեսակ խտրական վերաբերմունք ենք դրսեւորում նրանց նկատմամբ: Նորություն չեմ ասում, բայց մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել, որ հերոսին ծնում է ժամանակը, իսկ հերոսը հերոս է բոլոր ժամանակների համար...

Մենք ազգովին պարտք ենք մեր հերոսներին: Եթե կարողանանք ճիշտ խնամել նրանց սերմանածը, մենք ապահովագրած կլինենք մեր ապագա պայքարը: Ես կռվի կոչ չեմ անում, բայց եւ չեմ մոռանում, թե պատմական ճակատագիրն ինչ արյունարբու հարեւան է բաժին հանել մեզ, որի հետ դատապարտված ենք ապրելու նույն տարածաշրջանում: Ուստի կարեւորում եմ Դավիթների, Լեոնիդների, մյուսների մասինՙ որպես ժամանակակից հերոսների, դպրոցական ու բուհական դասագրքերում ավելի հանգամանորեն գրելը, որովհետեւ նրանք հայրենանվիրումի ամենավառ օրինակներն են:

Ինքնաքննադատաբար ասեմ, որ ինքս ինձ չեմ կարողանում ներել կամ արդարացնել, որ, որպես լրագրող, բավական քիչ եմ անդրադարձել Արցախյան պատերազմի լեգենդ դարձած տղաների կյանքին ու գործին: Շատ սուբյեկտիվ մոտեցում ունեմ այս հարցին. ինձ խանգարում է մեղքի զգացումը: Ես այդ զոհված տղաների ժամանակակիցն եմՙ ոմանցՙ տարեկից, ոմանցից էլՙ տարիքով մեծ կամ փոքր: Այդ տարիներին տարբեր գործեր եմ արել, բայց զենք վերցնել չեմ կարողացել... Բայց դա էական չէ: Ես նրանց ժամանակակիցն եմ եւ արդեն քանի տարի ապրում եմ նրանցից հետո, իսկ նրանք չկան: Իսկ նրանց միշտ ներկա բացակայությունը ոչ ոք չի կարող լցնել: Ինձ համար չափազանց դժվար է եղել այս տարիների ընթացքում նրանց մասին ռադիոհաղորդումներ պատրաստելը: Դժվար է եղել հոգեբանորեն, որովհետեւ այդ ելույթները լսում են այդ տղաների մայրերը, զավակները, հարազատները, մտերիմներն ու ընկերները, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է որբացել նրանց կորստով, իսկ եսՙ նվաստս, շարունակում եմ ապրել: Ոչ միայն շարունակում եմ ապրել, այլեւ չեմ կարողանում ինչ-ինչ հարցերում սատարել նրանց որբացած հարազատներին, եւ սեփական անզորության գիտակցումից ոչնչանում եմ ինքս իմ աչքում: Ներեցեք, եթե խոսքս փոքր-ինչ զգացական էր, բայց ես ծայրահեղության մեջ չեմ ընկնում, ոչ էլ ծանրացնում եմ կացությունը, պարզապես չեմ կարողանում հաղթահարել իմ մեջ բույն դրած մեղքի այս բարդույթը...

Խոսքիս ավարտին ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել, որ Դավիթները ոչ մեկի եւ ոչինչ պարտք չեն: Մե՛նք ենք նրանց պարտք, որովհետեւ նրանց օրինակներով մենք սերունդ ենք դաստիարակում: Մեր հայրենիքի 9/10-ը բռնագրավված է, մեր պայքարը, մեր ուղին շարունակական է, իսկ այդ ճանապարհի փարոսները Դավիթներն են:

Հազար փա՛ռք նրանց ծնող մայրերին:

Փառք ու պատիվ նրանց մասին անաչառորեն գրող հեղինակներին:

Իսկ քեզ, սիրելի՛ Էվելինա, ուզում եմ ասելՙ վարձքդ կատար...

11.12.2019

https://www.facebook.com/DavitSarapyanDev/posts/3302927179780828

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ