RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 13:57:51Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
2020-08-05 13:02:00Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 հայ. ԱԳՆ
2020-08-05 13:01:32Կորոնավիրուսի 288 նոր դեպք, 478 առողջացած, 2 մահ
2020-08-05 11:23:08Բեյրութում տեղի ունեցած պայթյունից 3 հայ է զոհվել
2020-08-05 02:11:05Առնվազը 50 սպանված և մոտ 3 հազար վիրավոր(տեսանյութ-թարմացված-2)
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3290, Տպվել է` 362, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՒՏԻՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԴԵՂԱՏՈՄՍԸՙ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ ԵՎ ՆԵՐԳԱՂԹ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Կարելի էր «դասական» ոճով մեկնաբանել ռուսաց ղեկավար Վլադիմիր Պուտինի ամենամյա հերթական ասուլիսըՙ որերորդն էր, ինչքան լրագրողներ կային, ինչ թեմաներ շոշափվեցին, ինչ հարցուպատասխաններ հնչեցին եւ այլն: Սակայն այս անգամ այլ մոտեցման անհրաժեշտություն զգացվեց: Հրապարակային զրույցի ընթացքում Հայաստանի մասին ոչ մի խոսք չեղավ, հայաստանցի լրագրողներն էլ հնարավորություն չունեցան արտահայտվելու: Սովորաբար նման մասշտաբային միջոցառումների ժամանակ միշտ էլ հայտնվում է առնվազն մեկ հայ լրագրող, որի հարցը կամ հարցերը սովորաբար արձագանք չեն գտնում: Ցավոք այս անգամ նման էկզոտիկ անձ դարձավ ռուսաստանցի սպիտակամազ լրագրող, սեքսոլոգ, ծխախոտամերժիչ Վլադիմիր Շախիջանյանը: Պուտինը նույնիսկ արժան չհամարեց պատասխանել նրա բարբաջանքներին:

Ինչեւէ, այս անգամ հարկ եղավ ուշադրություն դարձնել մի հարց ու պատասխանի վրա, որն առաջին հայացքից թվում է ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Ռուս հայտի լրագրողը, խոսելով Ռուսաստանում ստեղծված ժողովրդագրական անմխիթար վիճակի մասին, հարցրեց պետության ղեկավարին, թե չի՞ կարելի արդյոք իրավիճակը շտկել ներգաղթիՙ միգրանտների միջոցով:Հարցատերը միաժամանակ «չմոռացավ» նշել, որ միգրանտները, ու հատկապես Հարավից եկողները, իրեց պահվածքով դժգոհություններ են առաջացնում տեղացիների շրջանում: Պուտինը ընդգծեց, որ իրոք համաշխարհային պրակտիկա էՙ խնդիրը երկու լուծում ունիՙ բնակչության աճ ու ներգաղթ: Ընդ որում, Ռուսաստանում, բնականաբար, իրենց լավ են զգում նախկին խորհրդային հանրապետությունների ներկայացուցիչները: Ռուսներն ու նրանք իրար լավ են ճանաչում ու վերջիններս այնուամենայնիվ գերադասելի են: Մնում է միայն, որ նրանք չմոռանան ռուսերենն ու ամեն ռուսականը եւ ճիշտ պահեն իրենց ռուսաց երկրում:

Արդարեւ, դեռ երկու տարի առաջ Ռուսաստանը միակն էր նախկին խորհրդային քրիստոնեական հանրապետությունների մեջ («Ազգը» գրել է այդ մասին), որի բնակչության աճի ցուցանիշը դրական էր: Բայց ահա հենց միայն այս տարվա 10 ամսում մահացածների թիվը ծնվածներին գերազանցել է 259,6 հազարով: Ռուսաստանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը կանխատեսում է «ցավալի տեղաշարժ» դեպի բնակչության քանակի նվազեցում: Եվ այդ այն դեպքում, երբ պետությունը հսկայական միջոցներ է տրամադրում ընտանիքի ամրապնդման ուղղությամբ: Ակնբախ են բնակչության ծերացման ու տարիքային կառուցվածքի վատթարացման միտումները:

Արդյունքում ինչ է ստացվում: Եթե բնակչության աճ չկա, հուշում է Պուտինը, ապա ուրեմն պետք է այս փուլում հույսը դնել ներգաղթյալների վրա: Ընդ որում, իրավիճակը չի փրկում նույնիսկ այն հանգամանքը, որ, ըստ Պուտինի, Ռուսաստանում երեք միլիոն ուկրաինացի է ապրում ու աշխատում, իսկ Ուկրաինայում վերջին տարիներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների բերումով եւս երեք միլիոն ուկրաինացիներ տեղափոխվել են Ռուսաստան: Բանը հասել է նրան, որ էկոնոմիկայի զարգացման նախարարությունը շատ ավելի կտրուկ է դարձել իր գնահատումներումՙ 2020-2023 թվականներին բնակչության աճը կապահովվի բացառապես ներգաղթյալների շնորհիվ:

Եվ ինչ կարելի է ակնկալել այս պարագայում: Ամենայն հավանականությամբ Պուտինը կդյուրացնի սեփական քաղաքացիության ընդունումը միգրանտների ու հատկապես, ինչպես ասվեց, նախկին խորհրդային քաղաքացիների համար: Եվ եթե նույնիսկ որոշ վերապահումներ արվեն մուսուլմանների համար, ապա առավել մատչելի պայմաններ կստեղծվեն (անշուշտ ոչ պաշտոնապես) քրիստոնյաների համար: Համենայն դեպս Պուտինն առանձնացրեց Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան:

Իսկ հիմա կոնկրետանանք Հայաստանի վրա: Մերժելով նախկին իշխանություններին, հայ մարդիկ հույսեր են կապում ջահել թիմի հետ: Արտագաղթը եթե նվազել էլ է, ապա կանգ չի առել: Սակայն հայոց երկրում հների ու նորերի միջեւ ծավալված անողոք պայքարը առայժմ միայն անորոշություն է ծնում, ինչը կարող է վերածվել նաեւ հուսախաբության : Այնժամ ո՞ր երկրի վրա կուղղորդվի մեր արտագաղթասեր ժողովրդի նոր հզոր արտահոսքը: Իհարկե դեպի բնակության առավել բարենպաստ պայմաններ առաջարկողՙ մեզ քաջ ծանոթ ու հասկանալի Ռուսաստան: Հավաստենք, որ նույնիսկ ամենածույլ հայաստանցին, հայտնվելով Ռուսաստանում, տքնում է գիշեր-ցերեկ:

Կարելի՞ է բացառել այս սցենարը:

Հ.Գ. Երբ Պուտինին հարցապնդեցին Ռուսաստանում ազգային գաղափարի բացակայության շուրջ, նա անվրդով պատասխանեց, որ երկրում կարող է գերիշխել միայն մեկ գաղափարախոսությունՙ հայրենասիրություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ