RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3049, Տպվել է` 359, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՏԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կառավարության նիստերն ուրախ են անցնում: Սա իհարկե չի նշանակում, թե երկրում կյանքն ուրախ է դարձել, բայց նշանակում է, որ երկրում գոնե կառավարության անդամները ուրախանալու վայր եւ ժամանակ ունեն: Վերջին նիստն այս առումով բացառություն չէր: Վարչապետ Փաշինյանը, այս անգամ ոչ Թումանյանի, ոչ Նար-Դոսի, ոչ էլ առավելեւս Հիսուսի, այլ հենց իր անունից մի ցնցող բացահայտում արեց. մարդկանց ուտելու կարողությունները սահմանափակ են,ասաց Փաշինյանը: Հետո վարչապետը խոսեց ամանորյա հյուրերին ընդունելու եւ ճանապարհելու կուլտուրայից, 5-օրյա հնության խոզի բդից ու առհասարակ մթերքից, որ ստիպում ենք մեր հյուրերն ուտենՙ սպառնալով, որ փչանալու է ու թափելու ենք, բայց սրանք կարեւոր չեն, կարեւորն այն է, որ մարդկանց ուտելու կարողությունները սահմանափակ են: Ես անկեղծ ասած չգիտեմՙ Փաշինյանը սա ասել է որպես գրո՞ղ, թե՞ որպես ՀՀ վարչապետ: Երկու դեպքում էլ բացահայտումը հրաշալի է, բայց ավելի հրաշալի կլիներ, եթե վարչապետի այս գրողական միտքը մեծ ցուցանակի վրա գրվեր ու փակցվեր կառավարության բոլոր անդամների առանձնասենյակներում, միջանցքներում, նույնիսկ պետական բոլոր հիմնարկների սենյակներում, բուֆետներում ու ողջ քաղաքում: Փաշինյանին մեջբերելն ընդ որում, ամենեւին էլ աննախադեպ չէ. այսօր էլ քաղաքում կարելի է տեսնել պաստառներ, որոնց վրա գրված էՙ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդնՙ իմ հայրենիքը»: Այնպես որ Փաշինյանի այսՙ անհամեմատ ավելի զիլ հայտնագործությունը կարող է եւս հայտնվել մեր քաղաքներում, սենյակներում, սրտերում եւ հոգիներում:

Գուցե նույնիսկ Սահմանադրության դրույթ դառնա: Համաձայնեքՙ ի՜նչ հրաշալի կլինի, եթե Հայաստանի բոլոր վարչապետները, ով էլ լինեն ու երբ էլ լինեն, պետությանը ծառայելու երդում տանՙ ձեռքը դրած այն Սահմանադրության վրա, որի դրույթներից մեկը սահմանում էՙ «Մարդկանց ուտելու կարողությունները սահմանափակ են»: Հետագայում, անշուշտ, կարելի է լրացում անել դրույթումՙ հստակեցնելովՙ «Մարդկանց, ինչպես նաեւ պետական բարձր պաշտոնյաների ուտելու կարողությունը սահմանափակ է», ավելի ճիշտՙ «Մարդկանցՙ այդ թվում պետական բարձր պաշտոնյաների»:

Ու մի՞թե Հայաստանի, որ մեր օջախն է, եւ մեր ժողովրդի, որը մեր ընտանիքն է, գլխավոր խնդիրը հենց այս գաղափարի չիմացությունը չէ՞: Թյուրիմացաբար իմանալով, թե մարդկանց ուտելու կարողությունը սահմանափակ չէ, մենք տարիներ շարունակ կերել ենքՙ մեր փողերը, ուրիշների փողերը, մեր սեղանից, կողքի սեղանից, մեր երկրում, օտար երկրներում, մեր կյանքը, ուրիշի կյանքը,... Հիմա, սակայն, երբ հնչեց սարսափելի ճշմարտությունը եւ պարզվեց, որ ուտելն ամենեւին էլ հավերժ չէ, ճիշտ այնպես, ինչպես ուտելիքը, իշխանությունը, փողը, փառքը, մարդը, պետք է անհապաղ դուրս գալ ճշմարտությունը լսելու անխուսափելի սթրեսից ու առաջ գնալՙ արդեն գիտակցելով, որպես սկզբունք ընդունելովՙ մարդու ուտելու կարողությունները սահմանափակ են: Գուցե այդ ժամանակ տեղ հասնենք: Տեղ ասելովՙ նկատի չունեմ Կապանից 88 կիլոմետր հեռու գտնվող, ժամանակին մելիքանիստ գյուղը եւ կամ ֆրանսուհի Աննի Էռնոյի չքնաղ վիպակը, այլ մեր տեղը, որը եթե անգամ սեղանի կողքին է, ապա ոչ թե անվերջ ուտելու, այլ հարազատներով հավաքվելու եւ նրանց թիվըՙ թեկուզ տարեց տարի, ավելացնելու նպատակով:

Մեզ հրաշալի տարի է սպասվում, այդպես չէ՞, իսկ այն, որ մարդկանց ուտելու կարողությունը սահմանափակ է, այդպե՞ս է...

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ