RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3826, Տպվել է` 170, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏՔԱ՞ՅԼ, ԹԵ՞ ՇՈՒՆՉ ՔԱՇԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Միջազգային քաղաքական տարին սկսվեց վատ, շատ վատ: Հունվարի 3-ին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը եկավ հօդս ցնդեցնելու բոլոր լավատեսների հույսերը, թե ի վերջո նախագահ Թրամփին կհաջողվի իրականացնել Մեծ յոթյակի վերջին նիստին տված «խաղաղության գագաթաժողով» գումարելու իր խոստումը, որը կարող էր կարգավորման հեռանկարներ բացել հատկապես Միջին ու Մերձավոր Արեւելքի բռնկուն իրավիճակի առջեւ: Նախագահական հրահանգով կատարված այդ ոճիրը, մյուս կողմից, անակնկալի բերեց նույնիսկ ամենահոռետեսներին, որոնք արդեն իսկ լուրջ չէին ընդունում Թրամփի այդ, ինչպես նաեւ նմանօրինակ մյուս խոստումներն ու անծրագիր ծրագրերը: Արդարեւ, Մ. Նահանգների նախագահը թեեւ հայտնի է առեւտրա-տնտեսական հարցերի շուրջ որպես լավ բանակցող, սակայն քաղաքական հարցերում ծանոթ է իր չծրագրավորված կամ չհիմնավորված մտադրություններով, ինչպես օրերս սրամտորեն բնորոշել էր անգլիական «Դը Գարդիան» թերթի վերլուծաբաններից Սայմըն Թիսդալըՙ «Ոչ ոք չգիտի Թրամփի մտադրությունները, այդ թվում ինքըՙ Թրամփը»:

Իրանի ամենահեղինակավոր ռազմաքաղաքական ղեկավարի դեմ կատարված ոճիրը ցնցեց բոլորին, այդ թվումՙ նրա երդվյալ թշնամիներին: Դրանով տարածաշրջանում հատկապես վերջին տասնամյակում հետզհետե սաստկացող ռազմական մագլցումը (էսկալացիա) փաստորեն բարձրացավ նոր, առավելագույնս վտանգավոր աստիճանի: Մինչ այդ ոճիրը, տարածաշրջանում մոլեգնող «փոխանորդային պատերազմը» (proxy war), որն իր տեղը արդեն զիջել էր «ստվերային պատերազմին» (shadow war), սաստկանում էր օրըստօրեՙ ընդգրկելով Իրաքի գրեթե ողջ տարածքը եւ հարակից սիրիական շրջանները, լիբիական Տրիպոլին ու Բենգազին էլ վրադիր: Ստվերից արդեն դուրս էին եկել հակամարտ կողմերը, որոնք «բաց պատերազմի» դեպքում պատրաստ էին ու տակավին պատրաստ են զգետնելու միմյանց նավթի ու տարածքների, տարածքների ու նավթի համար, սպառնալով բախումները վերածվել համընդհանուր պատերազմի:

Այդպիսի հեռանկարը ձեռնտու չէր ոչ ոքի, եւ, տարօրինակ թող չթվա, առավել եւս Մ. Նահանգներին ու հատկապես նախագահ Թրամփին: Վերջինս ցանկանում էր առաջիկա նոյեմբերի նախագահական ընտրություններին ընդառաջ իրականացնել նախընտրական իր խոստումըՙ հանել ամերիկյան զորքը Իրաքից, սակայն փոխարենը չուներ տեւական կարգավորման որեւէ ծրագիր այնտեղ: Նրան չէր հաջողվել նաեւ իր կամքը պարտադրել Բաղդադի ժամանակավոր կառավարությանը, որ դադարի գազ եւ էլեկտրական հոսանք գնել Իրանից: Ընդհակառակն, ի նախապատրաստումն ամերիկյան զորքի հեռացմանը, ժամանակավոր կառավարության պետ Ադել Աբդուլ-Մահդիի հրավերով, ավելինՙ ըստ վերջինիս պնդմանըՙ նաեւ Թրամփի վարչության հետ համախորհուրդ, գեներալ Սոլեյմանին բանակցության էր գնացել Բաղդադ: Թե ի՞նչն էր այդ բանակցություններից Թրամփի դժգոհության պատճառըՙ անշուշտ կպարզվի հետո, սակայն պարզից էլ պարզը այն էր, որը պատահեցՙ հրահանգվեց սպանել գեներալին:

Օգտվելով Կոնգրեսի արձակուրդային դադարից, նույնիսկ առանց տեղյակ պահելու երկրի Անվտանգության խորհրդի լրիվ կազմինՙ նախագահ Թրամփը, այդպիսով առավ իր ամենահիմար քայլըՙ առանց մտածելու դրա հետեւանքների մասին:

Եվ մի քանի օրվա ընթացքում Մ. Նահանգները հայտնվեց մեկուսացվածի աթոռին, ավելի ճիշտՙ քաղաքական ինքնամեկուսացման մեջ: Ամերիկայի ամենամոտիկ դաշնակիցներն անգամ, որոնց հետ նույնպես չէր խորհրդակցել համընդհանուր պատերազմի առիթ տվող իր անխոհեմ քայլի շուրջ, դատապարտեցին կամ, առնվազն, անհամաձայնություն հայտնեցին Թրամփի արարքին: Նույնիսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, որը շարունակ, ինչպես մեր ժողովուրդն է ասում, երդվում է Թրամփի անունով, հայտարարեցՙ «Այս դեպքը մեր դեպքը չէ»:

Արդարեւ, ոչ ոք լայնածավալ պատերազմ չի ուզում: Անգամ եւ հատկապես նրանք, ովքեր վաղուց կռիվների մեջ են «արաբական գարնանը» զոհ դարձած երկրներում: Պատերազմ չի ուզում նաեւ, ինչպես ինքն է պնդում, նախագահ Թրամփը: Կնշանակիՙ նրանք բոլորը չեն ուզում բաց, ճակատային, համընդհանուր եւ անվերահսկելի պատերազմ:

Նույնը վերաբերում է նաեւ Իրանին, անգամՙ Սոլեյմանիի սպանությունից եւ միլիոնավոր իրանցիների «վրեժ, վրեժ» գոռալուց եւ «մա՛հ Ամերիկային» բացականչելուց հետո: Ու մինչ աշխարհը շունչը պահած հետեւում էր դեպքերի զարգացմանը, իրանյան բալիստիկ հրթիռներ չորեքշաբթի առավոտյան հարվածեցին Իրաքի հյուսիսում եւ արեւելքում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազաներ, սակայն, ըստ արեւմտյան տվյալների, առանց զոհ պատճառելու: Հետեւաբար կարելի է դրանք համարել նախազգուշական կրակոցներՙ նաեւ ներքին սպառման համար, վրեժխնդրական կրքերը հանգստացնելու նպատակով:

Իսկ երեկ նախագահ Թրամփն արդեն խոսում էր լարվածության թուլացման, իր բառովՙ de-escalation-ի մասին, բնականաբար առանց արտահայտելու որեւէ չքմեղանք իր հրահանգով կատարվածի մասին, ոչ էլ ընդունելու իր երկրի կրած քաղաքական պարտությունը:

Եկե՞լ է հետքայլ կատարելու պահը, թե՞ շունչ քաշելու ժամանակը: Բայց ինչի՞ց հետո, իսկ այս մասին ի՞նչ է մտածում նախագահական ընտրությունների պատրաստվող ամերիկացի ընտրողը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 04:59:55
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ