RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 6367, Տպվել է` 176, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՉԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐՆ ԱԹԵՇՅԱՆՆ ԷՐ, ԷՋՄԻԱԾՆԵՆ ԴԺԲԱԽՏԱԲԱՐ ՉԶՍՊԵՑԻՆ ԶԻՆՔ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա

2019-ի դեկտեմբերին, երբ արդեն Կ. Պոլսո պատրիարք էր ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը, Քյոլնում ծավալուն զրույցի հրավիրեցինք Գերմանահայության պաշտոնաթող առաջնորդ, 2017- ին տեղապահի պաշտոնում ընտրված, բայց Պոլսից դառնությամբ հեռացած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Տխուր էր այն հանգամանքը, որ ինչքան խոսում էինք Պոլսի պատրիարքական ընտրություններից, այնքան մեր զրույցը հեռանում էր հավատից:

- Սրբազան, Դուք 2017-ին գնացիք Պոլիսՙ վառ հույսերով:

- Գնացի, քանի որ փափագ մը կար տեղապահի ընտրության մասնակցելու, ընթացք տվի, քանի որ ժողովրդական փափագն ալ այդ էր:

- Դուք Պոլսի մթնոլորտը լա՞վ էիք ճանաչում:

- Ոչ: Կխորհեի, թե 30 տարվա ընթացքին կրնա ըլլալ, որ տակավին որոշ մարդիկՙ հոգեւորական թե աշխարհական, այնտեղ կշարունակեն իրենց գործունեությունը: Պարզվեցավ, որ այդ մարդիկ այլեւս չկան: Հուսահատվեցաՙ իրենց նկարագիրը փոխեր էին, այն անձինք,որ կարեւոր դեր կխաղային, որ կրնային պետության վրա որոշ ազդեցություն գործել, չկային: Վերադառնալն ավելի հարմար տեսա: Կհիշեմ 1945- 1950 թվականներու միջեւ դարձյալ տեղապահի ընտրություն մը տեղի ունեցավ, այդտեղ նստած հոգեւորականըՙ Գեւորգ արք. Ասլանյանը բավական դիմադրեց: Անշուշտ կուզեր պատրիարք ալ ընտրվիլ, գաղութի մեջ մարդոց մի մասը կքաջալերեին, բայց ավելի հաջողեցան չուզողները, տարօրինակ հարցեր մեջտեղ եկան, կռիվներ, եւ 1950 - ին Արժանթին (Արգենտինա) պաշտոնավարող, տարիքը 70- ի հասած տրապիզոնցի Գարեգին Խաչատուրյանին բերին պատրիարք ընտրեցին: Շատ լավ անձ էր, պատրաստված, Թուրքիայի տարբեր քաղաքներում պաշտոնավարած, երբ ընտրվեցավ, պայման ալ դրավՙ դպրոց կառուցել հոգեւորականներ հասցնելու, եւ մեր դպրեվանքը մեջտեղ եկավ 1953- ին, հակառակ որ այդ թվականներուն այլեւս Թուրքիո մեջ դպրոց շինել արգիլված էր: Բայց այն անձինք, որ կարեւոր հանգամանքներ ունեին, հաջողեցան դպրեվանք մը բանալ: Ես այդ դպրոցին մեջ իմ հոգեւորականի ուսումն առի:

- Այսպիսի նկարագրություն լսեցինք. Երբ հայտնի է դարձել, որ տեղապահի պաշտոնում Դուք եք ընտրվել, անմիջապես հայտնվել է Աթեշյանը, կուսակալության ուղարկած գրությունը ձեռքին, որով Ձեր ընտրությունն անվավեր էր նկատվում: Իսկ ոմանք նույնիսկ պնդում էին, թե Աթեշյանն ինքն էր գրել տվել տեքստը:

- Ինքը չէր գրած, ինքն ալ չկարդաց: Կառավարությունը ոստիկան տրամադրած էր իբրեւ թիկնապահ, անիկա՛ կարդաց: Բայց հայտնի էր, որ առաջվանե եկած նամակ մըն էր: Հայտնի էր նաեւ, որ եթե ինքն ընտրվեր, նամակը մեջտեղ չէր բերվելու, չընտրվեցավՙ բերին:

- Աշխարհիկներիս նման վարքագիծը թերեւս արտառոց չէ այնքան, որքան հոգեւոր դասի միջավայրում: Ագահությո՞ւն, իշխանատենչությո՞ւն:

- Ամեն բան, հասարակ, մակարդակը ցածր անձ է, կրթություն չունի, 3- 4 տարի Երուսաղեմ գացեր է, բայց խոսիլ չէ գիտերՙ ոչ հայերեն, ոչ թրքերեն: Եվ այդպիսի անձ մը հավակնի պատրիարք ըլլալո՞ւ:

- Ավելի զամանալի չէ՞, որ համայնքում էլ կային նրան սատարողներ:

- Այո, կային. իրարու հետ հարաբերություններ մշակած, իրարու հետ ճաշի նստած բարեկամներ: Բայց չհաջողեցան:

- Ինչո՞ւ Թուրքիայի իշխանությունները Աթեշյանին նախապատվություն չտվեցին, թեեւ շատ լավ գործակցեց նրանց հետ:

- Ես պիտի չըսեի, թե հաջող գործակցեցան: Ուրիշ անձ չկար: Պետության գործին ալ կուգա, որ այդպիսի տկար անձինք ունենա: Կառավարության համար ձեռնտու է:

Կարծիք կար, թե տեղի հայկական թերթերը Աթեշյանի մասին դրական վերաբերմունք էին ձեւավորում:

Ինծի նման հրապարակումներ ծանոթ չեն: «Ժամանակ» թերթը թիկունք եղած է նյութական պատճառներով, դրամ կստանար, քաջալերող հոդվածներ կգրեր: «Ժամանակի» մտահոգությունն այն է, որ գոյատեւե, իսկ «Մարմարան» կիսով չափ այդպիսի կեցվածք ունեցավ: Հոն եղած ատենը 1- 2 հաղորդագրություն տվինք թերթին: Երկու թերթերուն պահանջած գումարներու միջեւ ահռելի տարբերություն կա. օրինակ 1 հաղորդագրության համար մեկն ուզեց 6 հազար լիրա, մյուսըՙ 2,5: Պատրիարքարանը ոչ եկամուտ ունի, ոչ ալ մեծ գումարներ, իրավունք ալ չունի ուրիշ եկամուտ ունենալու: Ան կապրի նվիրատվություններով, կանչեցի երկու թերթերու ներկայացուցիչները, ըսիՙ ասկե ետք հաղորդագրություն չենք կրնար տալ, ով կուզե մեր որոշումներուն ծանոթանալ, ինտերնետեն կկարդա: Ադկե հետո «Ժամանակը» սկսավ իմ դեմ հոդվածներ գրել: Ոչ մեկուն չպատասխանեցի: «Ակօսն» ընդհակառակըՙ քաջալերող հրապարակումներ տպագրեց: Հրանտ Դինքը մոտիկ բարեկամս էր:

Փայլանը Քյոլնում հրապարակավ ներողություն խնդրեց Ձեզանից ( տե՛ս «Ազգ» 2019- 07- 05 ): Այս ընթացքում ուրիշ նման վարքագիծՙ ափսոսանքի կամ կարեկցանքի որեւէ գրություն ստացե՞լ եք:

Նամակ չեմ ստացած, ինտերնետի մեջ անշուշտ գրություններ կային, ինծի ծանոթ մտահոգ անձինք շատ հեռաձայնեցին, որ ետ վերադառնամ եւ վերջին ընտրություններուն մասնակցություն բերեմ: Պետությունն արգելք մը դրավ, որպեսզի դուրսեն հոգեւորականներ չմասնակցին պատրիարքական ընտրություններուն, նաեւ Սեպուհ սրբազանն իրավունք չունենա, եւ միայն Պոլսո պատրիարքության կապված հոգեւորականները կրնային ընտրության մասնակցիլ: Աշխարհի որեւէ երկրի մեջ այսպիսի սահմանափակում չկա. առաջնորդ ընտրելու որեւէ միջամտություն չեմ տեսած Եվրոպայի մեջ:

- Սա ո՞ւմ նախաձեռնությունն էր ըստ Ձեզ:

- Աթեշյանի: Ո՛վ գիտե ինչե՛ր պատմած է կառավարության մոտ:

Եւ փոփոխություն եղավՙ Պոլիս ծնածները կրնան թեկնածու ըլլալ: Պատրիարքական թեկնածու կրնան ըլլալ Թուրքիո օրենքներուն կամ ալ կարգադրության համաձայն, անոնք, որ Պոլիս կամ ալ հոր կողմե Թուրքիա ծնած են: Կ.Պոլսո աթոռը վերջին 20 տարվա ընթացքին 3 պատրիարք ունեցավՙ Խաչատուրյան, Գազանճյան եւ Շնորհք: Վերջինս թեեւ Թուրքիա ծնած էր, բայց հոն չէր ապրած, ուրիշ տեղ պաշտոնավարած էր:

Լոզանի պայմանագրից 96 տարի հետո կանոնադրության մեջ հետեւյալ փոփոխությունը մտավ. ովքեր բնակվում են հիմա Թուրքիայում, նրա՛նք միայն կարող էին մասնակցել պատրիարքական ընտրություններին:

Նման բան չիկա: Ինծի արգելք չեղան մարդիկը, ես երրորդ թեկնածուն էի, ես իրավունք ունեի: Բայց նամակ գրեցի, մերժեցի մասնակցիլ, քանի որ այդպիսով արտասահմանի մեջ մոտավորապես 8- 9 հոգեւորականներու առջեւ արգելք կդրվեր, թեեւ հոր կողմե Թուրքիա ծնած ըլլալու հանգամանքը կար: Անոնց իբրեւ զորակցությունՙ հրաժարեցա մասնակցություն բերել:

- Սրբազան հայր, մեր իմացությունը հետեւյալն է. Աթեշյանը եւ Մաշալյանը հասան նրան, որ կանոնադրության մեջ փոփոխություն մտավ. ընտրություններին կարող էին մասնակցել նրանք, որ հիմա բնակվում են Թուրքիայում, այսինքնՙ երկուսին ձեռնտու տարբերակ:

- Հոն բնակվելու արգելք մը չիկա: Այդպիսի ուղեցույց մը, հրահանգ մը, արգելք մը գոնե ես չեմ տեսած:

- Կա այսպիսի տեսակետ. Գերմանիայի քաղաքացի լինելով, ազատ մարդ էիք, այդ հզոր երկրի հենարանն ունեիք: Հայաստանում հոգեւոր առաջնորդություն ստանձնած Չուլջյանի գործունեությանն էլ ծանոթ են: Թուրքիան չուզեց գործակցել նշածս պետությունների հետ:

- Արգելքի հանգամանքը այնտեղ գտնված հոգեւորականներու կամ մաս մը աշխարհականներու կեցվածքեն առաջացավ: Պետությունը չեմ կարծեր, որ այդպիսի արգելք դնելու անհրաժեշտությունը տեսներ: Հոգեւորականները, որ կուզեին միայն իրենք ընտրվին, ի մասնավորի Աթեշյանը, նույնիսկ իմ գալես հետո, տեղապահ ընտրվելու հարցով մեջտեղ նետվեցավՙ հայտնելով, թե իբրեւ փոխանորդ կրնա նաեւ տեղապահի պաշտոնը կատարել: Կկարծեմ ասիկա է գլխավոր պատճառը, Աթեշյանը խանգարեց նաեւ գաղութի հանգիստը: Չարության գլխավոր աղբյուրն Աթեշյանն է:

- Սրբազան, ասացիք, որ Պոլսում եք ստացել հոգեւոր կրթությունը, բայց Էջմիածինն է ղեկավար մարմինը: Նամակ, սատարող գիր ստացա՞ք Մայր աթոռից, երբ դառնացած հեռացաք Պոլսից:

- Ոչ մեկ գրություն չեմ ստացած:

- Երբ գնում էիք պաշտոն ստանձնելու, Էջմիածնի նեցուկն ունեի՞ք:

- Անշուշտ:

- Բնակա՞ն եք համարում այդօրինակ լուռ կեցվածքը:

- Չեմ գիտերՙ բնական է, բնական չէ... Եթե նույնիսկ նամակ գրեին, ի՞նչ պիտի փոխվեր:

- Նամակը միայն Ձեզ չպիտի ուղղվեր, այլ նաեւՙ Աթեշյանին:

- Ընտրապայքարի շրջանին կրնային միջամտել եւ ըսելՙ շատ առաջ կերթաք, եկեղեցվո մթնոլորտը կխանգարեք, զուսպ պետք է ըլլալ եւ այլն:

- Այսինքն Էջմիածնի զսպող հորդորը չկար: Սա ճի՞շտ եք գտնում:

- Ոչ: Գիտեմՙ Վեհափառը զգույշ կվերաբերվի, չի միջամտեր, քանի որ պատրիարքությունն անկախ է, բայց դրանով հանդերձ հոգեւորականներ են ի վերջո, որ իբրեւ եպիսկոպոս կապված են Ս. Էջմիածնին, հոն ձեռնադրված են, պիտի զսպեին, բայց դժբախտաբար սա չեղավ:

- Այլեւս Կ. Պոլսո պատրիարք Մաշալյանն է ընտրվել: Մեր նախորդ զրույցում կարծես շատ ոգեւորված չէիք նրա ընտրությամբ:

- Մաշալյանն իբրեւ հոգեւորական շատ լավ է, վարչական կարողություններն անշուշտ այդքան մեծ չեն, լավ քարոզիչ է, լավ խոսող, ժողովուրդի կողմե բավական համակրանք գտած է, իր կողմնակիցները նաեւ Հայաստան ունի, հոն ալ քարոզներ կուտար:

- Ասում են, նույնքան համակրելի է Թուրքիայի իշխանության համար:

- Ադիկա չեմ գիտեր, բայց իր ժողովրդականությունը հուշում է, որ մարդիկ իր քարոզներով տպավորված են: Ադոր համար ալ իր շուրջը հավաքվածներու շնորհիվ 6-7000 քվեներու տարբերությամբ ընտրությունը հաջողեցավ: Արդեն իբրեւ տեղապահ հոն եղած ատենս անոր նշանակած էի իմ փոխանորդը: Որոշ չափով այդ փորձառությունն ուներ:

- Հայաստանում պաշտոնավարած ժամանակ ուշադիր հայացքն արձանագրել է, թե որեւէ անգամ ապրիլ 24- ին Ծիծեռնակաբերդ չի բարձրացել:

- Ադիկա շատ բնական երեւույթ է. Թուրքիայեն եկած, Թուրքիա այցելողի համար դյուրին չէ, չի կրնար արտահայտվիլ ապրիլ 24-ի թեմայով: Անմիջապես կձերբակալեն:

- Այն ժամանակ արտահայտվելն «անհրաժեշտ չէր», ծաղիկ խոնարհել, աղոթելն էր ենթադրելի մյուս հոգեւորականների հետ:

- Կարելի չէր: 2-3 տարի է, որ Թուրքիո հայկական եկեղեցիներուն մեջ ապրիլի 24- ին արտոնեցին որոշ արարողություն մը ընելՙ աղոթել աղետյալներու համար:

- Դուք էլ Թուրքիայում եք ծնվել, գերմանահայերից շատերը Ձեր խիստ ուղղագիծ կեցվածքը չեն հիշում ապրիլի 24- ի առիթով, բայց հիշատակում էիք: Թուրքիա վերադառնալու մտադրություն չունեի՞ք:

- Երբ կերթաք- կուգաք Թուրքիա, զգույշ պիտի ըլլաք:

Ուսանող եղած ատենս կերթայի- կուգայի, բայց 24- ին թուրքական դեսպանատան առջեւեն անգամ չէինք կրնար անցնիլ: Գաղտնի ոստիկաններ կան, կնշեն:

- 1997-ից ի վեր դիտարկումս հետեւյալն է. Աստիճանաբար հաղթահարում էիք տաբուն, հետզհետե ավելի հստակ էիք խոսում ապրիլ 24-ի մասին: Ձեզ էլ այստեղ էին հետեւում, ինչպես Մաշալյանինՙ Հայաստանում: Բայց գնացիք Պոլիս ընտրություններին մասնակցելու:

- 24 ապրիլը հարց մըն է Թուրքիո համար: Մի երկիր, որ կմերժե... Հիմա որ Ամերիկան ընդունեց, իրենք ավելի բորբոքվեցան: Ես մոտավորապես 15 հատ հուշարձան բացի, օծում կատարեցի, անշուշտ հոս խնդիրն ուրիշ էր: Ես 30 տարի Թուրքիա չեմ գացած:

- Բայց 2017- ին գնացիք:

- 2017- ին ընտրվելու համար գացի, բայց այստեղ եւ հոն եղած կացությունը տարբեր է: Վտանգ մը չիկա անձիս նկատմամբ:

- Հիշեցի, որ մի անգամ Բեռլինում Թուրքիայի դեսպանն էր Քյոլնի եկեղեցի եկել Ձեզ հանդիպելու: Դուք էլ հայկական կոնյակ էիք հյուրասիրել:

- Այո, մեկ անգամ: Պատճառը հետեւյալն էր. Թուրքիան որոշում առած էր դրացի երկրների հետ պրոբլեմ չունենալ: Հոս եկան ցույց տալու համար, թե իրենք պատրաստակամ են բոլորին հետ հաշտ ապրելու: Թեեւ իրենց երկրին մեջ չենք ապրիր, բայց մեր եկեղեցի այցով ցույց տալու, որ իրենց երկրին մեջ ապրած փոքրամասնություններու հանդեպ դրական մոտեցում մը ունին: Ես չհրավիրեցի, իրե՛նց փափագն էր: Եկեղեցի է, ով կուզե, կուգա: Անհավատն ալ ուզե եկեղեցի մտնել, կուգա: Հոս Քյոլնի մեջ ալ 100- ավոր անձինք կան տակավին, որ թրքական հպատակություն ունին: Չեմ կրնար մերժել:

- Ձեզ վրա Թուրքիայի իշխանությունների կողմից ճնշումներ զգացե՞լ եք: Ասենքՙ հուշարձան մի՛ տեղադրեք կամՙ ուրիշ առիթներով:

- Ընդհակառակը, այսպիսի այցելությունների ժամանակ անանկ նուրբ դիվանագիտություն ցույց կուտան, որ...Թուրքիա ըլլաք, տարբեր է: Ուրիշ երկրի մեջ չեն ըներ նման բաներ:

- Ըստ թուրքական «Սաբահ» թերթի, Մաշալյանը դատապարտել էր ԱՄՆ Սենատինՙ Հայոց ցեղասպանության բանաձեւի առնչությամբ: Պարտադի՞ր է, որ հոգեւորականն այս առիթով խոսի:

- Քանի որ կառավարությունը խիստ վերաբերմունք ունի այդպիսի որոշումի նկատմամբ, կմերժե, երկրի մեջ պաշտոնավարողը չի կրնար ուրիշ բան ըսել:

- Բայց այլ երկրի օրենսդիրի որոշումն է գնահատում:

- Հոգեւորական, որ պատրիարքի հանգամանք ունի այսօր, չի կրնար ուրիշ կերպ բանաձեւել, քան երկրի ղեկավարությունը:

- Չի՞ կարող հրաժարվել կարծիք արտահայտելու պարտադրանքից:

- Երբ Ձեզ նման ժուռնալիստներ կուգան, կարծիք կհարցնեն, ի՞նչ պիտի ըսե:

- Կըսեՙ ես հոգեւորական եմ, քաղաքական հարցեր չեմ մեկնաբանում:

- Հոգեւորական ես, հոգեւորականի նման պատասխանե, կըսեն: Եթե չխոսիս, ժողովուրդը կբողոքեՙ վայ ցեղասպանության մասին ինչո՞ւ չես արտահայտվում: Խոսի՞ս , թե՞ չխոսիս, հարվածը մեջեդ կուգա:

- Սրանից առաջ մեր պատրիարքների վիճակն ավելի ծանր չի՞ եղել: Ասում եք Գարեգին Խաչատուրյանն անհնարինն ըրավՙ դպրոց բացավ:

- Դպրոցն ուրիշ բան է: Կառավարության հետ աշխատող աշխարհականներ կային, անոնց ջանքերով հաջողեցավ դպրոցը բանալ: Բայց քաղաքական հարցով ուրիշ է: Հոն պաշտոնավարող բոլոր հոգեւորականները ցեղասպանության հարցով բնավ չեն արտահայտված:

- Սրբազան, ավելի լավ չէ՞ բնավ չարտահայտվել:

- Պատրիարքարանի մեջ շուրջ տարի մը կեցա: Այդտեղ որեւէ արտահայտություն ունենաս վերը, վարն արդեն ոստիկանները գիտեն:

- Ձայնագրիչներ կա՞ն:

- Անշուշտ: Ամեն կողմ: Բունդեսթագի բանաձեւի առիթով ինծի հետ հարցազրույց ըրին հոս, հարցուցինՙ ինչպե՞ս կգտնեք Էրդողանի քննադատական արտահայտությունները: Կհիշեքՙ պետական պաշտոնյային վայել խոսք չէր ըսածը: Բունդեսթագի որոշումը դրական, Էրդողանի խոսքն էլ անմակարդակ որակեցի: Երեւակայեցեքՙ հոն եղած ատենս այդ հարցազրույցը պատճենած կբաժնեին: Մերիննե՛րը սկսան. մեր համայնքին մեջ մարդիկ կան, որ կառավարության մոտ են կամ անոր ձեռքին տակը խաղալիք են: Կտարածեին, որ ինծի արգելք ըլլան:

- Այսինքնՙ մե՞նք ենք մեր թշնամին:

- Անշուշտ, առաջին օրեն:

- Ասում են, թե Մութաֆյան պատրիարքը այն օրվանից, երբ Թուրքիայի ԵՄ անդամակցության արշավին մաս կազմեց, հիվանդացավ:

- Անոր հիվանդության դրդապատճառը չեմ կրնար ըսել, ամեն տեսակ բան ըսին: Մի մասը կըսե իր անցուցած շոկի, ցնցումի հետեւանք է:

- Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, սահմանը փակ է: Շատերը կարծում են, թե պատրիարքը կարող է որոշակի դերակատարում ունենալ:

- Ոչ դրական, ոչ ալ որեւէ կեցվածք չի կրնար ցուցաբերել: Իրենք այնքան դիվանագետ ունին, որ քեզի պետք չունին: Պատրիարք մը շատ- շատ դրական բաներ պիտի ըսեՙ Թուրքիան ասանկ է, անանկ է: Մութաֆյան պատրիարքին Թուրքիայի ԵՄ անդամակցության համար տարբեր տեղեր, այդ թվումՙ ամերիկահայության հետ հանդիպման ստիպեցին, որ իրենց ի նպաստ պրոպագանդ ընե:

- Դուք ի՞նչ ակնկալիք ունեք Կ.Պոլսի հայոց նորընտիր պատրիարքից:

- Ակնկալիքն այն կրնա ըլլալ, որ իր եկեղեցիները բարօրության, ժողովուրդըՙ խաղաղ պայմաններուն մեջ պահե :

- Արդեն խաղաղ չենՙ Փայլանը, նաեւ ուրիշներ չեն ճանաչում ընտրությունը:

- Ամեն մարդու իրավունքն է բողոքել: Պատրիարքը շատ մեծ բան չի կրնար փոխել արդեն: ...Աթեշյանն ու Մաշալյանն իրարու հետ սերտ համագործակցություն չեն ունեցած: Մանավանդ եպիսկոպոս ձեռնադրվելեն հետո, երբ Պոլիս եկավ, պաշտոն ալ չունեցավ: Անտեսեցին: Բայց Մաշալյանը հիմա, իբրեւ հոգեւորական թշնամական վերաբերմունք չի կրնար դրսեւորել Աթեշյանի հանդեպ: Աթեշյանը կկարծեր, որ եթե պետական անձի մը ռեցեպցիոնի ժամանակ բարեւ ընե, նույնիսկ Թուրքիայի նախագահի համար «իմ եղբայրս է» ըսե, կհաջողի: Ավելի լավ է Աթեշյանը հոգեւորականի հանգամանքը մեկ կողմ ձգե եւ խանութ մը բանա, մեծ հաջողություն կունենա առեւտրական մարզին մեջ:

- Եկեղեցին եւ առեւտուրն իրարից հեռո՞ւ են: Պաշտոնի առեւտուրն այդքան եռուն թեմա դարձավ: Լավ օրինակ չփոխանցեցին մեր սերնդին:

- ...Աթեշյանը ինչպե՞ս սահմանափակեսՙ մարդն առեւտրական է: Ընտրությունը լավ անցավ: Քիչ մը զարմացեր էի. 30 տարի Պոլիս չէի եղած, հոգեւորականները չէին ճանչնար զիս անշուշտ, բայց տեղապահի ընտրությունների ժամանակ Աթեշյանեն այնքան զզվեր էին, որ ինծի տվին քվե: 89 պատգամավոր Մաշալյանին ընտրեց, Աթեշյանին 12 քվե հասավ, ուստի պիտի մտածե եկեղեցական ասպարեզը ձգել, լումայափոխության խանութ մը բանալ: Վստահ եղեք, որ հայտնի հարուստներեն մեկը կըլլա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ