RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-18 17:04:53Թրամփը «վերընտրվելու դեպքում արագորեն գործարք կկնքի Իրանի հետ»
2020-09-18 17:03:29Կրեմլը մեկնաբանեց շշի վրա «Նովիչոկի» հետքերի վարկածը
2020-09-18 17:02:22Փաստաբանը զգուշացրեց, որ Նավալնիի մերձավորները կարող են բանտարկվել
2020-09-18 12:11:14Կորոնավիրուսի 239 նոր դեպք, 138 առողջացած, 3 մահ
2020-09-18 12:10:17Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



ԹՈՒՐՔԻԱ

Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2207, Տպվել է` 168, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԿԱՌՈՒՑՎԻ՞ «ԿԱՆԱԼ ՍՏԱՄԲՈՒԼԸ» ԹԵ՞ ՈՉ, ՉԳԻՏԵՆՔ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Բայց որ կառուցման շուրջ Թուրքիայում ծավալվող իշխանություն-ընդդիմություն պայքարը առճակատման է վերածվել, ակնհայտ է

Վերջին շրջանում Թուրքիան սկսել է աչքի ընկնել օրակարգային խնդիրների առատությամբ: Որպես կանոն դրանք երկրում անընդհատ սրում են իշխանություն-ընդդիմություն պայքարը, որի ընթացքում անընդմեջ փոխվում է այդ խնդիրների առաջնահերթությունը: Հազիվ էր ավարտվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոյեմբերի 13-ին ԱՄՆ կատարած վիճահարույց այցը, որպես առաջնահերթ խնդիր Թուրքիայի օրակարգում հայտվեց Իդլիբից դեպի թուրքական սահման շարժվող հոծ բազմության խնդիրը: Էրդողանը նրանց ներկայացրել էր իբրեւ սիրիացի փախստականներ, նշելով, որ 50 հազար են: Այդ թիվը նախ բարձրացավ 80 հազարի, ապա հասավ 100-ի: Հետո պարզվեց, որ նրանք փախստական չեն, այլ Ան Նուսրայի վարձկան մարդասպաններ: Դրան հաջորդեց իշխանություններիՙ այսինքն Մուսուլման եղբայրների պահանջի դեպքում Տրիպոլի (Լիբիա) թուրքական զորք ուղարկելու հարցը: Դրա շուրջը բորբոքված կրքերը դեռեւս չհանդարտված, Էրդողանը երկրում վերստին օրակարգ մտցրեց «Կանալ Ստամբուլ» նախագիծը, թե Ալլահի օրհնությամբ մրցույթը շուտուվ կհայտարարվի:

Էրդողանի այս հայտարարությունը բուռն հակազդեցություն առաջ բերեց քաղաքական եւ հասարակական շրջանակներում, վերածելով երկրում իշխանություն-ընդդիմությու պայքարը կատարյալ առճակատման: Դա կատաղի բնույթ ստացավ, երբ պարզվեց, որ Քաթարի Էմիրի մայրըՙ Շեյխա Մոզան «Կանալ Ստամբուլին» հատկացված հատվածում մեկ մլն. քառ. մետր մակերեսով հողատարածք է գնել եւ նրա օինակին հետեւել են ուրիշներն ու արաբական ընկերությունները, որոնք Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի տվյալներովՙ առնվազն երեքն են: Շրջանառության մեջ դրվեց նաեւ այն վարկածը, թե «Կանալ Ստամբուլը» ամերիկյան նախագիծ է, այլ ոչ թե Էրդողանի, եւ Քաթարի Էմիրի մայրն ու արաբական ընկերությունները նախապես իրազեկված են եղել այդ մասին:

Ինչպես երեւում է, այս նախաիծը դեռ երկար է զբաղեցնելու Թուրքիայի օրակարգը, դրան անկասկած նպաստելու են նոր բացահայտումները: «Կանալ Ստամբուլի» մասին Էրդողանը, որը նա իր երզանքն է համարում, վարչապետի կարգավիճակով արտահայտվել էր դեռեւս 2011թ. ապրիլի 27-ին, անվանելով դա «խելագար նախագիծ», ընդ որում զուտ թուրքական: Ըստ նախագծի «Կանալ Ստամբուլը» անցնելու է Բոսֆորի նեղուցին զուգահեռ, երկու թերակղզիների վրա սփռված Ստամբուլի եվրոպական հատվածում Սեւ ծովը միացնելու է Մարմարա ծովին:

BBC News-ի տվյաներով Ստամբուլի ջրանցքը ունենալու է 40 կմ երկարություն, 150 մետր լայնություն եւ 25 մետր խորություն: Նախագծի իրագործման դեպքում, որը ենթադրվում է 2023-ին, Բոսֆորը փակվելու է լցանավերի նավարկությանը: Ջրանցքի հետ նախատեսվում է նաեւ կառուցել նոր բնակավայր «Ենի Շեհիր» անունով: Ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը պաշտոնական շրջանակներում բացատրվում է Բոսֆորի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու եւ նավթ տեղափոխող նավերի վթարները նվազեցնելու մտահոգությամբ: «Կանալ Ստամբուլի» նախնական արժեքը գնահատվել էր շուրջ 20 մլրդ դոլար, ենթակառույցներով դա թերեւս հասնում էր 50 միլիարդի: Սակայն քաղաքապետ Իմամօղլուն օրերս հայտարարեց, որ այդ գումարը կկազմի 75մլրդ. դոլար:

«Կանալ Ստամբուլի» պարագայում խնդիրը, ինչ խոսք, սոսկ գումարը չէ, այլ բնապահպանական, աշխարհագրական, ինչպես նաեւ քաղաքական խնդիրները: Ջրանցքի կառուցումով փաստորեն վերանում են Ստամբուլին խմելու ջուր մատակարարող Թերքոզ լիճն ու Սազլըդերե ջրամբարը, վարելահողերը մշակելու համար դառնում են ոչ պիտանի, վերացման սպառնալիքի տակ են կանգնում շրջակա արոտավայրերը, Սեւ ծովի աղտոտված ջրերի ներհոսքի պատճառով էլ ավելի է խախտվում Մարմարա ծովի առկա բնական հաշվեկշիռը: Ավելինՙ կղզու է վերածվում Ստամբուլի երկու թերակղզիներից մեկը: Դա ենթադրում է Մոնտրոյի կոնվեցիայի վերանայումը:

Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ այդ կոնվենցիան ստորագրվել է 1936-ի հուլիսի 20-ին, որին Թուրքիայի հետ մասնակցել են Բուլղարիան, Ռումինիան, Հունաստանը, Ֆրանսիան, Անգլիան, Ճապոնիան, ԽՍՀՄ-ը, Ավստրալիան, Հարավսլավիան: Կոնվենցիայով վերականգնվել է Թուրքիայի իրավասությունը ինչպես Բոսֆորի, այնպես էլ Դարդանելի վրա, միաժամանակ կանոնակարգվել պատերազմական եւ խաղաղ ժամանակ առեւտրանավերի եւ ռազմանավերի անցումը նեղուցներով, ընդ որում սահմանափակելով Սեւ ծովում ափ չունեցող երկրների նավերի մուտքը, ջրատարողությունն ու մնալու ժամկետն այնտեղ: Այլ կերպՙ դա ձեռնտու է այն երկրներին, որոնք Սեւ ծովի առափնյա երկրներ չեն, այլ ոչ թե Թուրքիային:

Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը դեկտեմբերի 19-ին «Haber Turk-ի» էկրանից անդրադարձավ հենց Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցին: Նա ասաց, որ միջազգային իրավունքի նորմերով վերանայվում են այն պայմանագրերը կամ կոնվենցիաները, եթե փոխվում է դրանց ստորագրման պահի պայմանները: «Կանալ Ստամբուլի» կառուցումով, պայմանները դեռ մի կողմ, Ստամբուլի աշխարհագրական կառուցվածքն է փոխվում, որովհետեւ քաղաքի եվրոպական հատվածում կղզի է առաջանում: Ուստիեւ «Կանալ Ստամբուլը», ըստ Աքարի, ստեղծում է կոնվենցիայի վերանայման բոլոր նախադրյալները, ինչը բոլորվին դուր չի գա Ռուսաստանին, նույնիսկ կարող է պատերազմի պատճառ դառնալ:

Իլքեր Բաշբուղի խոսքերը տրամաբանական հարց են առաջացնում. «Կկառուցվի՞ «Կանալ Ստամբուլը», թե՞ ոչ» , չգիտենք: Բայց որ կառուցման շուրջ Թուրքիայում ծավալվող իշխանություն-ընդդիմություն պայքարը առճակատման է վերածվել, ակնհայտ է: Այն առումով, որ մինչ Էրդողանը իր երազանքն է համարում ջրանցքի նախագիծը, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դա բնութագրում իբրեւ «սպանության» նախագիծ Ստամբուլի համար, ավելացնելով, որ չեն թույլ տալու Էրդողանին կառուցել դա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ