RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1934, Տպվել է` 165, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՐԵՐ-Ի 20-ԱՄՅԱ ԲԵՂՈՒՆ ՀՈՒՆՁՔԸ

ՕՐԵՐ

Հոբելյանական երեկո Պրահայում

Դեկտեմբերի 14-ին Պրահայի քաղաքային գրադարանի փոքր դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 20-ամյակը: Բացելով երեկոն, ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը ողջունեցին ներկաներինՙ անդրադառնալով ամսագրի անցած ուղուն: «ՕՐԵՐ»ը քսան տարեկան է, սա նշանակում է արդեն, որ չափահաս է, ամուր կանգնած ոտքերի վրա, հավատարիմ իր նախանշած տեղեկատվական քաղաքականությանը: Քսան տարի եղել է անկախ, երբեք չի տրվել ո՛չ աջ, ո՛չ ձախ, ո՛չ կենտրոնամետ, ո՛չ կենտրոնախույս հոսանքներին, թեեւ հավատացնում եմ, դա շատ կթեթեւացներ ամսագրի ու մեր վիճակը»,- ասաց իր խոսքում Աննա Կարապետյանը :

«1999 թվականի ապրիլին, երբ լույս տեսավ մեր ամսագրի փորձնական օրինակը, մենք չէինք պատկերացնում, որ այն դժվարին ճանապարհը, որն ընտրել էինք, կշարունակվի եւս 20 տարի: Այս ընթացքում եղել են հուսահատության եւ հրճվանքի պահեր, բայց մեր հավատարիմ ընթերցողների աջակցությունը միշտ գոտեպնդել է մեզ: Շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներից, ովքեր թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես օգնել են մեզ»,- հավելեց իր խոսքը Հակոբ Ասատրյանը :

Վերջին հինգ տարիներին ՕՐԵՐ-ը ներկայանում է շատ կարեւոր մի ծրագրովՙ ներկայացնելով Եվրոպայի հայ համայնքներն իրենց պատմություններով, ներկայով ու ապագայի ներուժով: Հակոբ Ասատրյանի հեղինակային ծրագրի շրջանակներում արդեն լույս են տեսել եվրոպական 15 հայկական համայնքների մասին հատուկ հրապարակումներ, եւս 9 համայնքների մասին լույս կտեսնեն շուտով: Ծրագիրն իրականցվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության շնորհիվ: Այս իմաստով Չեխիայում հրատարակվող ամսագիրը կամուրջ է դարձել նաեւ եվրոպական հայկական համայնքների համարՙ տեղեկանալու ոչ միայն հարեւան երկրների հայերի եւ նրանց մշակութային ժառանգության մասին, այլեւ ծանոթանալու իրենց երկրում առկա մշակութային արժեքներին ու նշանավոր հայ անհատներին:

Այնուհետեւ հոբելյանական ձեռնարկի ընթացքում իրենց ողջույնի խոսքն ասացին Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը , Չեխիայում եւ Բալկանյան չորս երկրներում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը , Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանը :

Հայր Սուրբն իր օրհնության խոսքն սկսեց այն հսկայածավալ աշխատանքի բնութագրմամբ, որ կատարում է ՕՐԵՐ պարբերականը ոչ միայն չեխահայության, այլեւ ողջ եվրոպահայության կյանքում: «Վստահ եմ, 100, 200 տարի անց էլ ՕՐԵՐ-ը լինելու է եվրոպահայության մասին պատմող պատմական արձանագրություն: Եվ սա ամենակարեւոր հաղթանակն է եւ կատարված աշխատանքի ամենամեծ արդյունքը»,- ընդգծեց Հայր Բարսեղը:

Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը շնորհավորելով ամսագրի հոբելյանը, նշեց. «ՕՐԵՐ-ի յուրաքանչյուր համարի սպասում ես այն ակնկալիքով, որ այնտեղ կգտնես ոչ միայն հետաքրքրական տեղեկատվություն Եվրոպայի տարբեր հայկական համայնքների մասին, այլեւ հայությանը այսօր հուզող տարբեր հարցերի պատասխանները»: Դեսպանը վերհիշեց ՕՐԵՐ-ի հետ համագործակցության այն տարիները, որ սկսվել են դեռեւս 1999 թվականից, երբ ինքը Հայաստանի դեսպանն էր Լեհաստանում եւ ապա շարունակվել Ավստրիայում եւ այժմ ՙ Չեխիայում, ու նաեւ Բալկաններում:

«Իսկ Հակոբ Ասատրյանի հետ մեր ծանոթությունը սկսվել է դեռեւս Երեւանից: Նա առաջին լրագրողն է, որին ես հարցազրույց եմ տվել դեռեւս 1992 թվականին, երբ նոր էի աշխատանքի անցել Հայաստանի արտգործնախարարությունում եւ պատրաստվում էի մեկնել Հունաստանՙ Հայաստանի դեսպանություն բացելու նպատակով, իսկ ինքն այն ժամանակ աշխատում էր Երեւանի «Ազգ» օրաթերթում»:

Շնորհավորելով հանդեսի հոբելյանը, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանը վերհիշեց 20 տարի առաջ ՕՐԵՐ-ի տպագրության առաջին համարները, երբ մտավախություն ունեին, թե որքան կշարունակվի տպագրությունը: «Լրագրողի համար, բացի իրենց երեք զավակներից, թերեւս տպագրված 85 համարները նույնպես զավակներ են: Եվ այսօր ՕՐԵՐ-ը ներկայացնում է Չեխիան Եվրոպային, եւ Եվրոպանՙ Չեխիային, բայց նաեւ եվրոպական ողջ սփյուռքըՙ Հայաստանին, քանի որ ՕՐԵՐ-ը նաեւ Հայաստանում ունի իր ընթերցողը: ՕՐԵՐ-ը պատմել է մեր համայնքի առաջին ցույցերի, առաջին ձեռնարկների մասին, որոնց կազմակերպման ակունքներում կանգնած էր Տիգրան Աբրահամյանը: Կարող եմ ասել, որ ՕՐԵՐ-ը մենք ենք, եւ մենք էլՙ ՕՐԵՐն ենք, քանի որ այդ 20 տարիներին մենք անցել ենք շատ հետաքրքիր ժամանակներ, եւ մաղթում եմ իմ ընկերներին, որ այդ օրերը շատ երկար լինեն»,- իր խոսքն ավարտեց հայկական դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանը:

ՕՐԵՐ-ի հոբելյանական երեկոն լի էր բազմաթիվ անակնկալներով: Կազմակերպիչները իրենց հոբելյանը որոշել էին նվիրել հայ մեծերի հոբելյաններինՙ Կոմիտասի, Թումանյանի, Շանթի 150-ամյակներին, Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի եւ Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակներին:

Կոմիտասի 150-ամյակը նշանավորվեց ջութակահար Արմեն Սարգսյանի «Կռունկ»ի եւ սոպրանո Վարինե Մկրտչյանի «Շողեր վան» եւ «Ծիրանի ծառ» ստեղծագործությունների հիասքանչ կատարումներով: Ապա անցում կատարվեց Հովհաննես Թումանյանի հոբլյանական տարվա ձեռնարկներին, որը Գերմանիայից ուղարկված տեսաուղերձով պատմեց Մեծ լոռեցու թոռնուհինՙ Իրմա Սաֆրազբեկյանը , անդրադառանալով նաեւ Թումանյանի ժառանգների Հայաստան կատարած այցի մանրամասներին: Հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանն էլ ՕՐԵՐ-ին հղած բարեմաղթանքներից հետո արտասանեց Թումանյանի «Հայրենիքիս հետ» ազդեցիկ բանաստեղծությունը: «Կիլիկիա» երիտասարդական պարախումբը Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ վարպետորեն ներկայացրեց «Շորոր» ժողովրդական պարը:

Այնուհետեւ դահլիճը դիտեց Երեւանի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրենուհի Արմենուհի Դեմիրճյանի տեսաուղերձը, որում ներկայացվեց ոչ միայն հոբելյանական տարում հրատարակված կապուտիկյանական գրականությունը, այլեւ վերանորոգված թանգարանի եւ Ամենայն հայոց բանաստեղծուհու մասին հետաքրքրական տեղեկություններ:

«Կարդում ես «ՕՐԵՐ»ը եւ ուրախանում, որ եվրոպահայ գաղութի խայտաբղետ, երերուն եւ ըստ ամենայնի դժվարին պայմաններում ծնվել ու կայացել է բավականին ներկայանալի մի հանդես, որն իր բազմազան նյութերով, տեղեկատվության համապարփակությամբ, հրապարակումների լրջությամբ, եւ ամենագլխավորըՙ օրապահանջ լուսաբանումներով, այնքան անհարժեշտ է մեր այսօրվա սփյուռքի համար»,- գրել է իր նամակում Սիլվա Կապուտիկյանը 2000 թվականի մարտի 7ին, իր խոսքն ավարտելով մաղթանքով. «Մաղթենք, որ որքան կարելի է շուտ «բացվեն դռներն հուսո, եւ մեր երկրեն փախ տա ձմեռ» ու մեր նորատիպ մշակության գնացող պանդուխտները վերադառնան երկիր ոչ թե հանգչելու, այլ ապրելու, ստեղծելու, երջանականալու համար»:

Այնուհետեւ ներկաներին ողջունեց Բռնո քաղաքից ժամանած երիտասարդ երգչուհի Կարմեն Սարոյանը ՙ կատարելով «Մախմուր աղջիկ» երգը, որի բառերի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն էր: Հայկական դպրոցի փոքրիկների պարախումբն էլ ներկաներին զարմացրեց Ա. Խաչատրյանի «Սուսերով պարի» հետաքրքրական մատուցմամբ:

Գեւորգ Էմինի ժառանգությանը տեսաուղերձով անդրադարձավ մեծ բանաստեղծի որդինՙ Արտաշես Էմինը , ներկայացնելով հոբելյանական տարում կատարված ձեռնարկներն ու լույս տեսած գրքերը, որին հետեւեց հայկական դպրոցի սան Միլենա Բեյբությանի «Մենք» բանաստեղծության ասմունքը:

«ՕՐԵՐ»-ի 20 տարիների կենսապատումի լուսանկարային որոշ ակնթարթներ ներկայացվեցին տեսաշարով, որի ընթացքում առաջին անգամ ելույթ ունեցավ երգահան Մարատ Խաչատուրյանը : Նրա ռոմանտիկ ստեղծագործությունների դաշնամուրային կատարումները ընդունվեցին բուռն ծափահարություններով, որին հաջորդեց Կարմեն Սարոյանի «Հայաստան» երգի սքանչելի կատարումը:

Հաջորդիվ ՕՐԵՐ-ի խմբագիրն անդրադարձավ Հրաչյա Հովհաննիսյանի 100ամյակին, իսկ Վարինե Մկրտչյանը շարունակեց Պուչինիի արիաներից մեկի հիասքանչ կատարումով:

Խմբագիր Աննա Կարապետյանն էլ անդրադարձավ Լեւոն Շանթի ժառանգությանը, եւ իր խոսքը եզրափակեց Գեւորգ Էմինի «Սասունցիների պարի» մի հատվածով, որից հետո հայկական «Քոչարին» գրավեց բեմըՙ «Կիլիկիա» պարախմբի կատարմամբ:

Տոնական երեկոն ավարտվեց Ծովինար Բեյբությանի պատրաստած հոբելյանական տորթի եւ «Մառլենկա» ապրանքանիշի թխվածքների ու գինու համտեսումով, որը շարունակվեց մինչեւ ուշ երեկո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ