RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2020-01-16 22:43:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3884, Տպվել է` 202, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԱԽՈՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ, ԿԱՄ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ «ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու

Ֆրանսիական հեղափոխության առանձնահատուկ կարեւորություններից մեկն էլ այն էր, որ այն սկիզբ դրեց պետության կառուցման Եվրոպական մոդելին: Դրա հիմքում ժողովրդավարությունն էր, իր ազատություն, հավասարություն եւ եղբայրություն լոզունգով:

Թե ինչքան էր այն համապատասխանում իրականությանը, սա այլ հարց է, բայց փաստ է, որ հետագայում Նապոլեոնյան արշավանքների հետեւանքով, այսպես կոչված ֆրանսիական արժեքները, որոնք հետագայում կոչվեցին Եվրոպական, սկսեցին տարածվել ողջ Եվրոպայով մեկ, եւ մենք ականատեսը եղանք նոր տիպի պետությունների ստեղծմանը: Թեեւ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը ավարտվեց Բուրբոնների վերադարձով եւ պարզ դարձավ, որ, այսպես կոչված, հեղափոխությունը Ֆրանսիայի ժողովրդին արժեցել էր 2 միլիոն կյանք, իսկ, հիշեցնենք, որ դա այդ պետության բնակչության մոտ 40 % էր, ֆրանսիական հեղափոխական վարակը սկսեց տարածվել ամբողջ Եվրասիական մայրցամաքով:

Հետագայում շատ երկրներ էին փորձում այդ տիպի պետություն կառուցել, հատկապես այսպես կոչված Արեւմուտքի երկրները: Դրան հակադրվեց միայն Ռուսաստանը իր բոլշեվիկյան հեղափոխությունով, որի արդյունքում առաջադրվեց ֆրանսիական արժեաբանության ռուսական ընկալումը ընկեր Լենինի մեկնաբանությամբ:

Ստեղծվեց այսպես կոչված Սովետական համակարգՙ մեկ կուսակցության բացարձակ գերիշխանությամբ ու տոտալիտար համակարգի կառուցման իր փիլիսոփայութայմբ, որի հիմքում ոչ թե անձի կամ կլանի, այլ գաղափարախոսության բացարձականացումն էր: Սա մի երեւույթ է, որի կայացման «գաղտնիքը» դեռ մինչեւ օրս էլ պարզ չէ ու առավել եւսՙ գիտական առումով քիչ ուսումնասիրված, եւ համոզված եմ, որ մարդկությունը վաղ թե ուշ կգա այս ֆենոմենի կրկնման անհրաժեշտությանը:

Պետական կառավարման այս համակարգը, իր գործունեության առաջին շրջանում զարգացման, կարելի է ասելՙ զարմանահրաշ արդյունքներ ցույց տվեց մինչ այդ գրեթե ամբողջովին ագրարային Ռուսաստանին ու դրա հենքի վրա ստեղծված ԽՍՀՄ-ինՙ արդյունաբերական զարգացման թռիչքաձեւ աճով: Նույնիսկ 2-րդ Աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ը շատ արագ վեր հառնեց փլատակներիցՙ դառնալով դեպի տիեզերք հրթիռ ուղարկող առաջին գերտերություն:

Սակայն, զարգացման հետակա կորագիծը այնքան էլ տպավորիչ չէր եւ Արեւմուտքի հետ ընթացող Սառը պատերազմում ԽՍՀՄ-ը տանուլ տվեց, իր կառավարման համակարգում առկա թերությունների եւ այլ հարցերի, ու հատկապես ազգային խնդրի պատճառով: ԽՍՀՄ- փլուզումը նպաստեց, որ «աշխարհ» եկան 15 նոր պետություններ, որոնք պետական կառուցվածքի եւ տեսլականի հիմքում ընդունեցին, այսպես կոչված, Եվրոպական «վեկտորը»:

Քանդվեց նաեւ, այսպես կոչված, սոցիալիստական ճամբարը եւ բոլոր պետություններն էլ ընտրեցին պետության կառուցման եվրոպական մոդելը, իսկ այդ շրջանում դա համարվում էր միակ ընդունելի եւ ընկալելի տարբերակը: ՀՀ-ն եւս դարձավ «եվրոպամետ» եւ կառուցեց պետական համակարգը, ինչպես եւ «պահանջվում» էրՙ բաղկացած օրենսդիր, գործադիր եւ դատական մարմիններից:

Փոխաբերական իմաստով ասածՙ մենք սովետական «Ժիգուլին» փոխարինեցինք եվրոպական «Մերսեդեսով» եւ ուրախ ու գոհ էինք այս փոխանակումից, քանի որ «Մերսը» «Ժիգուլուց» լավն էր ու ավելի հարմարավետ: Առանձնապես ուշադրություն չէինք դարձնում այն փաստի վրա, որ «Մերսը» հին էր ու ոչ առաջին թարմության. կարեւորըՙ որ եվրոպական էր:

Եվ գոհ ու երջանիկ մեր վրա երկնքից ընկած բախտիցՙ սկսեցինք պետություն կառավարել Եվրոպական առաջատար «տեխնալոգիաների», տվյալ դեպքումՙ «Մերսի» կիրառմամբ: Ու քանի որ այդ կառավարման համար մեզ պետք են նաեւ գիտելիքներ ու ֆինանսներ, ապա իսկույն այստեղ հայտնվեցին Արեւմուտքը ներկայացնող միջազգային կառույցները, որոնք մեզ սկսեցին տրամադրել խորհրդատվություն եւ գումարներՙ «փայլուն» կառավարման համար:

Իսկ արդյո՞ւնքը. ինչպես եւ սպասելի էր, լիակատար ձախողումն էր: Եվ այստեղ որպես մխիթարանք կարող ենք ընդունել այն փաստը, որը ՀՀ-ն ոչ առաջին եւ ոչ էլ վերջին երկիրն է, որը հաջողություններ չի գրանցում պետության կառուցման իր գործընթացում: Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժույթին հիմնադրամի խորհրդակցությունների «արդյունքում» ձախողված պետությունների հիթ-շքերթում Հայաստանի Հանրապետությունը, փառք Աստծո, դեռ առաջին տասնյակում չէ:

Հին «Մերսեդեսը» վարելու համար ՀՀ-ին նորանոր «զապչաստներ»ՙ պահեստամասեր էին պետք, որն էլ, արեւմտյան արժեհամակարգի տեսքով մեծամասշտաբ մատակարարվում էր Հայաստանին: Ու ինչքան ժամանակը անցնում էր, այնքան մեքենան ավելի էր հնանում, ու որպես կանոն ավելի ու ավելի շատ էին պետք լինում նոր մասեր, այսինքն արժեքներՙ պետությունը կառավարելու համար:

Արդյունքում, իրեն ինքնիշխան հռչակած երկիրը ավելի ու ավելի շատ էր կախման մեջ հայտնվում Արեւմուտքից ու նրա արժեհամակարգից: Համաշխարհային ֆինանսական կենտրոնները մեզ հսկայական գումարներ էին վճարում ու ստիպում էին, որ այդ գումարներով արեւմտյան մասնագետներ հրավիրել, որոնք էլ մեզ պետք է սովորեցնեին ինչպես ծառ տնկել, տուն կառուցել եւ, որ ամենակարեւորն էՙ զավակ ունենալ:

Ու որպես կանոն մեզ սովորեցնում են, որ մեր պատմությունը ընդամենը անցյալ է, մեր հերոսները կեղծ են, մեր կրոնը ընդամենը աղանդ, մեր պատկերացումները ընտանիքի, կանացիության ու առավել եւս տղամարդկայնության մասինՙ հետամնացություն: Նման «արեւմտյան» արժեհամակարգ դավանող պետությունը վաղ թե ուշ վերածվում է ինչ-որ խառը հիբրիդի, որը ի վիճակի չէ այլեւս ինքնուրույն գոյատեւել եւ, որպես կանոն, այդ պետությունները սնանկանում են ու այնտեղ հաստատվում է արտաքին կառավարում:

Սա այն իրավիճակն է, որն այսօր ստեղծվել է ՀՀ-ում, երբ արտաքին կառավարման ներմուծման համար իրականացվեց այսպես կոչված հեղափոխություն, անունը էական չէ, եւ հաստատվեց ոմն ժողովրդական իշխանություն: Վերջին երեք տասնամյակների կառավարման արդյունքում, արտաքին արժեհամակարգի ներմուծմամբ եւ սեփական կրթական համակարգի ոչնչացման արդյունքում, մեծանում է բացառապես այլ արժեքներ դավանող «դեգենեռատների» սերունդ, որը սեփական պետության փաստացի կազմաքանդումը ընդունում է ողջյուններով եւ ուրախ գոռում-գոչյուններով:

Փաստացի արտաքին կառավարման ներքո գտնվող պետությունը կա՛մ պետք է լիովին ձախողվի եւ որպես կանոն դրա արժեքը նոր տարածքների զիջումն է, օրինակ Սերբիան կամ Վրաստանը, եւ կա՛մ, եթե ի հարկե կա դեռ առողջ, ազգային արժեքներ դավանող մարդկանց թեկուզ եւ մի փոքր խումբ, սկսվի նոր տիպի պետության համար պայքարի ժամանակաշրջանը:

Նոր պետության կառուցումը հնարավոր է միայն սեփական արժեհամակարգի հաստատմամբ, արտաքին կախվածությունից հրաժարման գնով, ինչը սակայն ոչ միայն հեշտ չէ, այլեւ վտանգավոր, քանի որ այս աշխարհում չեն սիրում տարբերվողներին, բացի այդ էլ Արեւմուտքը վաղուց արդեն հայտարարել է, որ իր արժեքները համամարդկային են ու բոլորի համար ընդունելի: Հետեւաբար համաշխարհային քարոզչամեքենան ամենօրյա ռեժիմով ձեզ բացատրելու է, որ պետք չէ հեծանիվ հայտնաբարել, երբ այն արդեն կա:

Աշխարհը կանգնած է արեւմտյան արժեքների ճգնաժամի շեմին, ծայրահեղ լիբերալիզմը, վաղուց արդեն վերածվել է նեոբոլշեվիզիմի մեկ այլ մեկնաբանության, որը չի ընդունում ոչ մի այլ գաղափարաբանություն բացի սեփականից ու դրա անփոխարինելիության ընդունումից: Մենքՙ հայերս, ի տարբերություն այլ ազգերի, քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդ ենք եւ առաջին անգամը չէ, որ հայտնվում ենք այս իրավիճակում եւ այս փոսից կարող ենք դուրս գալ ուժեղացածՙ եթե հասկանանք, որ հայկական պետությունը կարող է հզորանալ եւ զարգանալ եթե կարողանանք արժեւորել մեր իսկ ունեցած արժեքներն ու պատմական նվաճումները, կարողանանք գնահատել Արցախյան պատերազմի մեր հաղթանակի իրական պատճառները ու դրա հիման վրա կառուցել իսկապես Նոր Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 12:07:54
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ