RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2020-01-16 22:43:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3635, Տպվել է` 194, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ «ՊԱՅՔԱՐԻ» ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Վերջերս «Պայքար» թերթը արժանացավ Հայաստանի PR(ՓիԱր) ընկերակցության եւ հաղորդակցության ամենամյա մրցանակաբաշխության դափնեկրի կոչմանը: Որպես այդ հաղթանակում փոքրիկ ներդրում ունեցող թերթի հոդվածագիր, այս պատմական հակիրճ ակնարկով հաճույքով միանում եմ մեծաքանակ շնորհավորանքներին եւ մաղթում հետագա հաղթանակներ:

***

Այն հանրահայտ ճշմարտությունը, թե մամուլը ժամանակի եւ կյանքի հայելին է, լիովին վերաբերում է նաեւ հայ իրականությանը: 1794 թ. սկսած` հայ ժողովրդի կյանքում աստիճանաբար կարեւոր դերակատարություն ստանձնող մամուլը հետագայում ոչ միայն դարձավ դրա անբաժանելի մասը, այլեւ շատ դեպքերում վերածվեց հասարակական-քաղաքական եւ գաղափարական վճռական գործոնի: Հատկապես ազգային-ազատագրական պայքարի եւ դրան հաջորդող տասնամյակներում մամուլը դարձել էր այն կարեւորագույն հարթակը, որտեղ բախվում, քննարկվում, բայց ի վերջո նաեւ բյուրեղանում էին տարբեր գաղափարախոսություններ:

Հայկական առաջին` «Ազդարար» պարբերականից հետո, աշխարհի տարբեր երկրներում լույս են տեսել շուրջ չորս հազար անուն հայերեն եւ տարբեր լեզուներով հայեցի դիմագիծ ունեցող պարբերականներ: Հայ ժողովրդի ճակատագիրն իր կնիքն է դրել լրագրության բնույթի վրա: Հայ մամուլի 225-ամյա պատմության ընթացքում լույս են տեսել ինչպես քիչ հայտնի, երբեմն թիթեռնիկի կյանք ունեցող, այնպես էլ երկարակյաց, ծանրակշիռ, ասելիքով տարողունակ եւ այդ գործընթացների վրա վճռական ազդեցություն ունեցող պարբերականներ: Դրանցից էին Մխիթարյանների, 1830 50-ական թթ. արեւմտահայ, XIX դարի երկրորդ տասնամյակին ծնված եւ հետագայում հրատարակված արեւելահայ մեծ թվով պարբերականները: Մասնավորապես 1860 80-ական թթ. լույս տեսած Ստ. Նազարյանցի, Հ. Սվաճյանի, Գր. Չիլինկիրյանի, Հ. Պարոնյանի, Ա. Հովհաննիսյանի եւ մյուսների հրատարակած պարբերականները: Անշուշտ, այս ոսկեբույլում հայ ժողովրդին դարավոր ընդարմացումից հանելու գործում իրենց անգնահատելի դերակատարությունն ունեցան Գր. Արծրունին իր «Մշակ»-ով` արեւելահայ եւ Մ. Փորթուգալյանն իր «Արմենիա»-ով` արեւմտահայ կյանքում: Պարբերականներ, որոնք, հիրավի, դարակազմիկ երեւույթ էին հայ պարբերական մամուլի ողջ գոյության ընթացքում:

Տարբեր ժամանակներում լույս տեսած հայ պարբերականների ամբողջությունը նաեւ մեր պատմության համար առատ կենսաղբյուր է, փաստերի շտեմարան: Իսկ յուրաքանչյուր պարբերական, լինելով այդ ամբողջի մասնիկը, նաեւ իր դեմքն ու գույնն ունի, ասելիքն ու դերակատարութունը: Անկասկած, դրանց թվում են նաեւ հայ հասարակությանն անփոխարինելի ծառայություն մատուցած կուսակցական պարբերականները, որոնք, հաղթանակի նկատմամբ անսասան հավատ ներշնչելով, նախ`ազատագրական պայքարի ոգեկոչեցին հայությանը, իսկ այնուհետեւ լծվեցին հայապահպանության սրբազան գործին:

***

Սփյուռքահայ մամուլի մասին մեծաքանակ ուսումնասիրություններ են հրապարակվել, սակայն դեռեւս կան զգալի թվով պարբերականներ, որոնց պատմությունը կարոտ է լուսաբանման: Ընդհանրապես մամուլի մասին խոսելիս մենք սովորաբար նշում ենք դրանց ստեղծման թվականը, վայրը, խմբագրերի անունները: Այնինչ զուտ մատենագիտական այդ տվյալներից ավելի կարեւոր է գաղափարախոսական ու թիրախային ասելիքը, որը սփյուռքահայ երկարակյաց թերթերի պարագայում կուսակցական, համայնքային կամ անհատական կենսագրությունից բացի նաեւ ազգի, հայրենիքի ու պետության կենսագրությունն է արձանագրում:

Դրանցից մեկը Ռամկավար Ազատական կուսակցության Ամերիկայի շրջանակի պաշտոնական օրգան, ազգային, քաղաքական եւ գրական «Պայքար» թերթն է, որի պատմությունը կարելի է բաժանել չորս փուլերի:

Առաջին կամ նախապայքարյան շրջան ` երբ թերթը լույս է տեսել «Ձայն հայրենեաց», ապա` «Ազգ» եւ «Պահակ» եւ սրանց միավորումից հետո` «Ազգ-Պահակ» անուններով: 1899 թ. Գարեգին Չիթճյանը եւ Մխո Շահենը Նյու Յորքում սկսում են հրատարակել «Ձայն Հայրենեաց» անունով թերթ, որը Հայկակ Էկինյանն էր փոխանցել իրենց: Կարճ ժամանակ անց թերթը Նյու Յորքից փոխադրվում է Ուստր, որտեղից էլ` Բոստոն, որն այդ օրերին աստիճանաբար սկսել էր դառնալ ամերիկահայության կարեւորագույն կենտրոնը:

Մխո Շահենի թերթից հեռանալուց հետո, Գ. Չիթճյանը թերթը դարձնում է Վերակազմյալ հնչակյան կուսակցության պաշտոնաթերթը: Հետագայում կուսակցության պառակտումների եւ եղբայրասպան ցավալի իրադարձությունների հետեւանքով «Ձայն Հայրենեացը» դադարում է լույս տեսնել: Այդ պատճառով վերակազմյալները Բոստոնում հիմնում են «Ազգ» շաբաթաթերթը, այն նկատելով իբրեւ «Ձայն Հայրենեացի» շարունակություն: Իսկ 1908 թ. սկսում է լույս տեսնել որպես Հայ Սահմանադրական Ռամկավար կուսակցության Ամերիկայի շրջանակի պաշտոնաթերթ:

1911 թ. նույն Բոստոնում սկսում է լույս տեսնել Վերակազմյալ հնչակյանների մեկ այլ` «Պահակ» շաբաթաթերթը, որն էլ 1921 թ. միանում է «Ազգին»: Որոշ ժամանակ թերթը լույս է տեսնում «Ազգ-Պահակ» միացյալ անունով, իսկ 1922 թ. արդեն` «Պայքար» անունով: 1922-1980 թթ. թերթը լույս է տեսել Բոստոնում, ապա Ուոթրթաունում եւ կրկին Բոստոնում: Տարբեր տարիներին թերթի գլխավոր խմբագիրներ են եղել Ա. Նազարը, Ե. Մեսիայանը, Հ. Երվանդը, Ա. Փոլատյանը, Ա. Անդրեասյանը, Ն. Պերպերյանը, Գր. Քյոսեյանը:

Երկրորդ` ամերիկյան կամ նոր շրջան: Թերթն այս ընթացքում ակտիվորեն լուսաբանել է ամերիկահայ, ինչպես նաեւ սփյուռքի այլ գաղթավայրերի ազգային, կրթական, մշակութային կյանքը, արձագանքել ընդհանրապես հայությանը հուզող խնդիրներին` փաստորեն դառնալով XIX դարի վերջին եւ XX դարի 8 տասնամյակների ամերիկահայ կյանքի հայելին ու յուրակերպ տարեգիրը: Շուրջ մեկ դար դրվատելի որակով եւ բարձրարժեք հրապարակումներով ծառայելով Ամերիկայի Արեւելյան ափի հայությանը` թերթը միաժամանակ իր աշխույժ գործունեությամբ ու հրատապ ասելիքով ներդաշնակ համագործակցում էր կուսակցության մյուս պաշտոնաթերթերի հետ: «Պայքարը» մշտապես ու անխաթար քարոզել է ՌԱԿ գաղափարախոսությունը, մերժելով կեղծիքն ու օտարամոլությունը` տեր կանգնել հայկական արժեքներին, հրատապ հարցերի նկատմամբ Սփյուռքում զգաստ է պահել հայության ժողովրդական զանգվածներին եւ դարձել կուսակցական մտավորականության կարեւորագույն հարթակներից մեկը: Վեր կանգնելով գաղափարախոսական տարբերություններից եւ մերժելով բոլշեւիկների իշխանության տարիներին տեղ գտած անհանդուրժող, կտրուկ եւ բռնի գործելաձեւերը, միաժամանակ ողջունել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը, հաճախ նյութեր տպագրել խորհրդահայ տնտեսության եւ մշակույթի ձեռքբերումների վերաբերյալ, քաջալերել նրա շինարարական աշխատանքներին օժանդակող կազմակերպությունների (ՀՕԿ, «Հայ կարմիր խաչ», ամերիկահայ հայրենակցական միություններ եւ այլն), ՀԲԸ Սիության հայրենանպաստ գործունեությունը:

«Պայքարն» անդրադարձել է նաեւ միջազգային քաղաքական բոլոր կարեւոր իրադարձություններին, քեմալական շարժմանը Թուրքիայում, Հայաստանի Առաջին հանրապետությանն ու դրանում ընթացող գործընթացներին, այնուհետեւ խորհրդային իշխանության հաստատմանը Հայաստանում: Բուռն արձագանքել եւ մեծ թվով հոդվածներ է հրապարակել 1920-1930 թթ. եւ 1946 թ. զանգվածային հայրենադարձության մասին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թերթը լուսաբանել է հակահիտլերյան խմբակցության ռազմական ձեռնարկները, խորհրդային բանակի հաղթանակները, հայ ռազմիկների եւ սպաների մասնակցությունը պատերազմին, «Ամերիկահայ ազգային խորհրդի» գործունեությունը: Ետպատերազմյան շրջանում «Պայքարը» նպաստել է Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացմանը, պարբերաբար նյութեր տպագրել Խորհրդային Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի ձեռքբերումների վերաբերյալ, արտատպումներ կատարել խորհրդահայ մամուլից: Թերթի գրական բաժնում տեղ են գտել արեւմտահայ, սփյուռքի, խորհրդահայ, ինչպես նաեւ օտար հեղինակների տարբեր ժանրերի գործեր:

Կարճ ասած` չկա այդ տարիների քիչ թե շատ նշանակալի որեւէ իրադաձություն, որին իր բովանդակալից ասելիքով, խորազնին դիտարկումներով եւ ժամանակի մեջ հիմնականում քննություն բռնող եզրահանգումներով ու իրատեսական կանխատեսումներով արձագանքած չլինի թերթը:

Որպես պատմաբան եւ հայ պարբերական մամուլի պատմությանը նվիրված մի քանի աշխատությունների հեղինակ, կարող եմ վստահաբար ընդգծել, որ թերթին թռուցիկ ծանոթությունն անգամ հուշում է, թե որքան ասելիք ու հետազոտության կարոտ հիմնախնդիրներ կան պարփակված դրա էջերում: Վստահ եմ նաեւ, որ մոտ ապագայում այն այլեւս դուրս չի մնա երիտասարդ ուսումնասիրողների տեսադաշտից:

1982 թ. «Պայքարը» վերածվում է շաբաթաթերթի, իսկ 1993 թ.` ամսագրի:

Երրորդ` հայաստանյան շրջան: 1995 թ. թերթը փոխադրվում է Երեւան եւ իբրեւ Ռամկավար Ազատական կուսակցության եռամսյա հանդես լույս է տեսնում մինչեւ 1998 թվականը, Հարություն Կարապետյանի խմբագրությամբ: Թերթի այս տեղափոխումն անմիջական եւ սերտ կապ ուներ Հայաստանի վերանկախացման, Ռամկավար Ազատական կուսակցության հայաստանյան կառույցի` Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադրման եւ դրան հաջորդող այլ կարեւոր իրադարձությունների հետ: Կարճ ժամանակում պարբերականը հասցրեց դառնալ հայ մտավորականներից շատերի գիտամշակութային խոսափողը: Դրա էջերում տեղ գտան հայրենի եւ սփյուռքյան շատ նշանավոր հեղինակների հրապարակումներ: Սակայն օրվա իշխանությունների ոչ այնքան բարեհաճ վերաբերմունքը, տպագրական ծախսերի թանկացումը, ավագ սերնդից շատերի ասպարեզից հեռանալը, հայալեզու ընթերցողների թվի պակասումը, ներկուսակցական որոշ տարաձայնություններն ու հատկապես նյութական միջոցների անբավարարությունը բացասաբար ազդեցին եւ հանդեսը դադարեց լույս տեսնել:

Չորրորդՙ ամերիկա-լիբանանյան կամ նորագույն շրջան: Տեւական ընդմիջումից հետո, ՌԱԿ մի խումբ երկարամյա անդամների եւ հատկապես հայ մամուլի երախտավորներ Երվանդ Ազատյանի եւ Հակոբ Վարդիվառյանի ու նրանց համախոհների ու քաջալերողների ջանքերով 2017 թ. հունվարի 1-ին, որպես Ռամկավար Ազատական կուսակցության պաշտոնաթերթ, «Պայքարը» վերստին սկսեց լույս տեսնել միաժամանակ Լոս Անջելեսում եւ Բեյրութում: Մինչ այդ նույն հարցերը նորից էին ծառացել նախաձեռնության հեղինակների առջեւ. արդյոք նույն դժվարությունները չե՞ն կաշկանդի «Պայքարի» վերածնունդին: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին Նյու Ջերսիի շրջանում Միջին ու Մերձավոր Արեւելքից եկածների հաշվին զգալիորեն ավելացել էր հայախոսների թվաքանակը, որ թերթի էլեկտրոնային տարածումը հնարավորություն էր ընձեռել բացառել առաքման ծախսերը, որ վճարովի ծանուցումներ հրատարակելու բարձր հավանականություն կա, որը եւս հույս էր ներշնչում, որ հնարավոր դառնա նորածին թերթի անսայթաք ընթացքը, անվարան ձեռնարկեցին թերթի հրապարակումը:

Անչափ կարեւոր էր նաեւ այն, որ հայկական որակյալ նոր թերթի հրատարակությունը իր ներդրումը պիտի կատարեր արեւմտահայերենի պահպանման կենսականորեն անհրաժեշտ եւ կարեւոր հարցում:

Նպատակի հստակ գիտակցումով եւ դեպի այն աներեր ու հավատով լեցուն ընթացք ապահովելով, ինչպես նաեւ ներդրած ջանքերի ու իրենց գործի արհեստավարժ խմբագրակազմի բեղուն աշխատանքի շնորհիվ շատ կարճ ժամանակում շաբաթաթերթը դարձավ սփյուռքահայ մտավորականության ամբիոնը, ռամկավար եւ ոչ ռամկավար մտավորականների, պատմաբանների, հասարակագետների, քաղաքագետների, մշակութային ու կրթական մշակների, գրողների եւ արվեստագետների հանդիպման վայրըՙ ապացուցելով, որ արդար ու տեղին էր 118 տարեկան «Պայքարին» երրորդ շնչառություն տալու նախաձեռնությունը: Հիրավի, զինվորագրյալների այն թիմը, որն իրականություն դարձրեց այդ ազգանվեր առաքելությունը, միանգամայն արժանի է գնահատանքի, իսկ յուրաքանչյուր գիտակից հայի պարտքն էՙ բոլոր միջոցներով սատարել թերթին, որպեսզի ակնթարթային չլինի այս վերածնունդը եւ հարատեւ լինի ընթացքը: Շտկվեց նաեւ այն սխալը, որ մինչ այդ, հատկապես հրապարակախոսական մեծ ավանդույթներ ունեցող լիբանանահայ գաղութում, չնայած մինչ այդ գործող ռամկավար «Զարթօնք», հնչակյան «Արարատ», դաշնակցական «Ազդակ» եւ այլ կուսակցական թերթերի առկայությանը, սակայն սփյուռքահայ բազմաթիվ մտավորականներ, զրկված էին ազատ ամբիոն ու խոսափող ունենալու հնարավորությունից, իսկ ՌԱԿ-ըՙ պատվարժան պարբերական ունենալուց:

Այնպես որ, շատ արագ «Պայքարը» գրավեց իր արժանի տեղը սփյուռքահայ մամուլի պատվարժան ընտանիքում: Մի բան, որը ուրախացրեց շատերին, սակայն շարժեց նաեւ ոմանց նախանձը: Արդյունքում Լիբանանի արաբական «Ալ Նաշրա» կայքում «Պայքար» շաբաթաթերթի դեմ տեղադրվեց մի զրպարտագիր, վերջինիս վերագրելով ներլիբանանյան համակեցությունը խաթարելու, մամուլի մասին լիբանանյան օրենքը խախտելու, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի նկատմամբ թշնամանք հրահրելու, նույնիսկ Հայաստանի Հանրապետության դեմ հակաքարոզչություն կատարելու եւ բարեկամ երկու երկրների միջեւ հարաբերությունները վատթարացնելու վերաբերյալ «մահացու» մեղքեր: Այնինչ, «Պայքարի» մինչ այդ լույս տեսած 42 համարների բովանդակությունը լիովին հակառակն էին ապացուցում: Ուստի միանգամայն բնական էր, որ չնայած որոշ փոքրոգիների թափած ջանքերին, խնդիրը շատ արագ հարթվեց եւ «Պայքարը» հանդարտ ու հաստատակամ շարունակեց իր ազգաշահ երթը:

Մերօրյա համաշխարհայնացման գործընթացների ու էլեկտրոնային լրատվամիջոցների բազմազանության մեջ «Պայքարն» ասպարեզ վերադարձավ իր առաքելությանը եւ ՌԱԿ-ի գաղափարախոսությունը համայն հայությանը հասցնելու հստակ գիտակցությամբ: Խիստ պատվավոր մի ընթացք, որը պետք է ապահովի գործին քաջատեղյակ, այդ ասպարեզում բեղմնավոր ճանապարհ անցած եւ ճիշտ ընտրված խմբագրակազմը` պատասխանատու խմբագիր` Երվանդ Ազատյանը, գործադիր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը, դոկտ. Հարություն Արզումանյանը, Հակոբ Ավետիքյանը, Պայծիկ Գալաճյանը, Զավեն Գրիգորյանը, Վաչե Սեմերճյանը:

Լավագույնս գիտակցելով, որ մեր օրերում տպագիր մամուլը որոշ նահանջ է ապրում, խմբագրակազմն իրավացիորեն որոշել է միաժամանակ հրապարակել նաեւ թերթի էլեկտրոնային տարբերակը, որով այն հասանելի է դարձել աշխարհասփյուռ հայությանը: Ինչպես նաեւ իր ձայնն է հնչեցնում հօգուտ հայանպաստ գործերի եւ որպես ՌԱԿ-ի գաղափարական պատգամախոս, անկասկած իր նպաստավոր ազդեցությունը կունենա կուսակցության վերակառուցման եւ հիմնովին առողջացման գործընթացներում: Գաղտնիք չէ, որ տեղեկատվության պակասի կամ միակողմանիության հետեւանքով, երբեմն կուսակցական շրջանակները հայտնվում են թյուր իրողության շրջապտույտներում: Հենց այդտեսակ թյուրիմացություններից խուսափելու, կուսակցության գաղափարախոսությունն ու գործելակերպը ճիշտ ներկայացնելու անհրաժեշտության ըմբռնումով է խմբագրակազմը ճանապարհ դուրս եկել:

Բոլորովին պատահական չէր, որ ՌԱԿ-ի տարբեր կառույցներ, մի շարք պարբերականներ եւ էլեկտրոնային կայքեր, կուսակցության երախտավորներ եւ մտավորականներ, ինչպես նաեւ տողերիս հեղինակը, ժամանակին ողջունեցին կուսակցության գաղափարական պատգամախոս «Պայքարի» սպասված վերադարձը, բարի երթ մաղթեցին եւ հույս հայտնեցին ու հավատացին, որ այն ազնիվ ու անզիջում կպայքարի ստի ու խաբեության, հոսոսական դրսեւորումների, ազգավնաս ու կուսակցադավ բոլոր դրսեւորումների դեմ, վեհանձնորեն կիրականացնի գաղափարական առաքյալի իր դերը` զգաստ կպահի զանգվածներին հայության հրատապ հարցերի նկատմամբ, ինչպես նախկինում է արել: Նախկին եղեռնվածի ու խեղճի փոխարեն` կներկայացնի սեփական ուժեղ պետության տիրոջ եւ պահանջատեր ժողովրդի դիմագիծը: Որպես ամենամոտ ապագայում հիմնովին առողջ ու միասնական կուսակցության պաշտոնաթերթ` կարեւոր դերակատարություն կունենա մեզ նետված մարտահրավերներին արժանիորեն պատասխանելու եւ նշագծելու այն ուղիները, որոնցով հայ ժողովուրդը կկերտի նորանոր հաղթանակներ:

«Պայքարը» պիտի պայքարի, որ Հայաստանը եւ համայն հայությունը դիմագրավեն մեզ առաջադրված բազմաբնույթ մարտահրավերներին, որոնք թեեւ «թավշյա հեղափոխությունը» եկավ լուծելու, սակայն Արցախի, սոցիալ-տնտեսական, արտագաղթի եւ բազմաթիվ այլ հիմնախնդիրներ օր առաջ դեռեւս լուծման կարիք ունեն: Այսպես` տակավին հայրենի իշխանությունները գործնականում լիովին չեն որդեգրել ժողովրդից, ժողովրդի հետ եւ ժողովրդի համար գործելաձեւը, ամբողջովին չի դադարել երկիրը հյուծող արտագաղթը, դժվարություններ կան Հայրենիք-Սփյուռք եւ Հայաստան-Արցախ հարաբերություններում եւ այլն: Իսկ Հայաստանում եւ Սփյուռքում գործող կազմակերպությունները, եկեղեցին, Բարեգործականը, կուսակցական եւ մշակութային միություններն այդ խնդիրներն ու իրենց հուզող զանազան հարցեր վերլուծող, լուծումներ առաջարկող, հավասարակշռված եւ վստահություն ներշնչող գաղափարախոսական առողջ եւ թարմ ասելիք ունեցող պարբերականի կարիք ունեին: Այդ դերակատարությունն ստանձնել եւ ՌԱԿ մամուլի հնաբնակների հետ փորձում է լուծել «Պայքար» թերթը, որն առողջ ու թարմ շունչ բերեց եւ իր բարերար ազդեցությունն ունեցավ հայության կյանքում: Ուստի միանգամայն օրինաչափ էր, որ կարճ ժամանակում «Պայքարի» այդ առողջ պայքարը եւ իր ազգանվեր առաքելության ճիշտ գիտակցումն ու կատարումը միանգամայն արժանիորեն արժանացավ հայկական PR(ՓիԱր) ընկերակցության եւ հաղորդակցության ամենամյա մրցանակաբաշխության դափնեկրի կոչման:

Մրցանակաբաշխություն, որի նպատակն է բարձրացնել ու կարեւորել հանրային կապերի մասնագետի դերը, խրախուսել հաղորդակցության կառավարման նոր մեթոդներն ու ճարտարագիտական նորարարական կիրառումները, ինչպես նաեւ արձանագրել ոլորտում առկա բացթողումները: Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած մրցանակի հանձնման արարողությանը ներկա էին Հայաստանի շատ մտավորականներ, հանրային կապերի մասնագետներ ու քաղաքական գործիչներ: Մրցանակը «Պայքար» շաբաթաթերթի Լիբանանից խմբագրակազմի անդամ Պայծիկ Գալաճյանին հանձնեց Հայկական PR(ՓիԱր) կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը: Նա իր շնորհավորական ելույթում նշեց, որ արդեն անընդմեջ չորրորդ տարին է Հայկական PR(ՓիԱր) ընկերակցությունը պարգեւատրում հանրային կապերի եւ հաղորդակցության լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակներին:

Սիրով միանում ենք բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում անխափան երթ մեդիա դաշտում, ավելի լուրջ ձեռքբերումներ եւ նորանոր հաղթանակներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 12:07:54
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ