RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Երբ հույսդ դնում ես տուրիզմի վրա....

#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020



ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2020-01-24 11:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2170, Տպվել է` 162, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐՏԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ նույնիսկ Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է ասում, որ ատելության առկա չափը վտանգավոր է երկրի եւ ժողովրդի համար, այլ կերպՙ ազգային անվտանգությանը սպառնալիք է, ուրեմն մեր գործերն ամենեւին էլ լավ չեն: Ճիշտ է, Վանեցյանը հնարավոր է սա ասում էՙ ելնելով իր քաղաքական նպատակներից ու նկրտումներից, բայց մյուս կողմից, մի՞թե նկատելի չէ ատելության ահեղ դոզան եւ ո՞ւմ է ձեռնտու այսչափ ատելը: Չեմ պնդիՙ իշխանությանը, քանի որ ընդդիմությունը պակաս գործ չի անումՙ ատելության տարածման ուղղությամբ: Եւ ամենասարսափելին այն է, որ ատելությունը վաղուց արդեն զուտ քաղաքական կատեգորիա չէ, այն արդեն մեզ հետ գործի է գնում, մեզ հետ սրճարանում ընկերների հետ խաղաղ երեկոներ է փչացնում, մեզ հետ մեր տներում է բնակվում եւ պարզապես քնում է մեզ հետ: Ճիշտ է, ատելությունն անքուն է, եւ երբ մենք քնում ենք, նա հսկում է մեր քունը, որպեսզի նույնիսկ երազում չհամարձակվենք... սիրել:

Ենթադրում եմ, որ ամերիկացի Ջոնի կինը հենց ատելության հանդեպ խանդի պատճառով ամուսնուն տարավ բժշկի մոտ: Իսկ բժիշկը պատահական մեկը չէր: Բեռնարդ Լաունը, որ հիմա 98 տարեկան է, հռչակավոր սրտաբան է: Ջոնը սրտի խնդիրներ ուներ, պատահական չէ. մարդու այդ օրգանը ամենացանկալին ու ամենահարմարավետն է ատելության համար, ինչպես սիրո: Բժիշկ Լաունը զննեց Ջոնին. նա պարբերաբար հարցեր էր տալիս, որոնց Ջոնը պատասխանում էր բացահայտ տհաճությամբ: Այդ ընթացքում Ջոնի կինը հաճախ դուրս էր գալիսՙ ծխելու: Նկատելով սաՙ Լաունը նկատողություն արեց տիկնոջըՙ շեշտելով. «Ինչպե՞ս կարելի է այդքան ծխել, երբ Ձեր ամուսնու սիրտը լուրջ խնդիրներ ունի»: Թե ինչ ասաց Ջոնի կինը, չգիտեմ որքանով կփոխի աշխարհը, բայց գիտեմ, որ փոխեց Լաունին: Տիկինը հուզված պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի իմ ծխելը: Խնդիրն ամենեւին էլ դա չէ: Ջոնը Ձեզ ճշմարտությունը չի ասում, նա չի պատմում Ձեզ, որ հիվանդ է, քանի որ նրա մայրը, հարազատները, շատ մտերիմներ ու ընկերներ, պարբերաբար վիրավորում են իրեն, հայհոյում, անիծում: Զանգահարում են ու հեգնում: Իսկ իմ ամուսինը ոչինչ չի անում, որովհետեւ այդ բոլորը նրա հարազատներն են»:

Տիկնոջ այս խոսքերն ազդեցին բժշկին ու նա սկսեց այլ կողմից ուսումնասիրել իր հիվանդներին, որոնք, հիշեցնեմ, բոլորն էլ սրտի խնդիրներ ունեին: Պարզվեց, որ նրանցից մեկը, նախքան հիվանդանալը, կորցրել է իր բիզնեսը, ընդ որում բիզնեսը նրանից խլել էր դստեր ամուսինըՙ փեսան: Մյուսի մոտ սիրտը հիվանդացել էր, երբ հարազատ ծնողները զրկել էին իրեն ժառանգությունից... Լաունը հասկանում է, որ իր բոլոր սրտայինները իրենց հարզատների հետ էմոցիոնալ կոնֆլիկների զոհ են: Ընդ որում, այնպիսի կոնֆլիկների, որոնցից ելք գտնելը չափազանց բարդ է, եթե իհարկե հնարավոր է: Քեզ վիրավորում են, հայհոյում են, անիծում են, քեզնից խլում են նվիրական բաներ, բայց դու ստիպված ես շարունակում շփվել այդ մարդկանց հետ, հաճախ նույնիսկ ապրել նրանց հետ, որովհետեւ նրանք քո ընտանիքի անդամներն են ու չէ՞ որ դու պետք է լավ որդի, դուստր, ամուսին, կին, հարս, փեսա, հայր, մայր լինես: Այդպես է պետք: Այդպես է ընդունված:

Լաունը շատ արագ հասկացավ, որ որքան երախտապարտ ու հանգիստ է մարդը, այնքան ավելի բարդ է բժշկության համար հաղթահարել նրա սրտային խնդիրները: Քանի որ նման մարդիկ կոնֆլիկը լուծելու փոխարեն մշտապես գերադասում են ըմբռնել, հասկանալ, ներել, ուշադրություն չդարձնել, իսկ այսպես են անում, որովհետեւ այսպես են նրանց դաստիարակել, այսպես են նրանց խորհուրդ տալիս եւ այսպիսինն են իրենք, բոլորը:

Բժիշկ Լաունն արգելեց իր հիվանդներին խոսել հեռախոսով: Նա թույլատրեց միայն այն հարազատների տեսակցությունը, որոնց հետ իր հիվանդները լավ հարաբերություններ ունեին: Շատերին սա էլ չօգնեց, բայց շատերին հենց սա օգնեց: Օրինակ այս պատմությունը ես իմացա Ջոնի գրառումից, որն այսօր հանգիստ ու խաղաղ ապրում է իր կնոջ հետ, որը ամեն մայրամուտից եւ արեւածագից առաջ հայտնում է, որ սիրում է Ջոնինՙ ինչպես առաջին անգամ հայտնեց:

Իսկ բժիշկ Լաունը Նոբելյան մրցանակակիր է: 1985-ին, երբ Աշխարհի բժիշկներըՙ միջուկային պատերազմի կանխարգելման դեմ կազմակերպությունը Խաղաղության Նոբել ստացավ, Լաունն այդ բժիշկներից մեկն էր:

Առանձին Նոբել Բեռնարդ Լաունը չունի: Ափսոս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020

AZG Daily #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ