RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ

Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1811, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՎԻՆ ԳՈՎԱԲԱՆՈՂԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԻՐԵՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Այն, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն արդար եւ թափանցիկ չէին կարող անցնել, գիտե ոչ միայն այդ երկրում բնակվողը: Դիտորդներն էլ հաստատել են այդ փաստը, բայց երկրում գործող ԶԼՄ- ները, ինչպես նշում է գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD- ի «Օրվա համայնապատկեր» հաղորդման հեղինակներիցՙ Մոսկվայի թղթակից Զիլվիա Շթյոբերը , մեջբերել են այն գերմանացիների խոսքը, որ ընտրությունների ընթացքի մասին գովաբանություն են հնչեցրել: Գրոտեսկային դիպվածներ կարելի է նկատել տեսանյութերում, երբ ընտրաթերթիկներով լցոնում են քվեատուփը, տարիքն առած կանանց խումբը մի ընտրատեղամասից մյուսն է գնումՙ նորից իր քվեն տալու, ընտրողները մահացածների անուններ են հայտնաբերում ցուցակներում, թվարկում է Շթյոբերըՙ արձանագրելով, որ ԵԱՀԿ միջազգային դիտորդական կազմակերպությունն էլ ընտրությունների օրը բազմաթիվ խախտումներ է փաստագրել, կասկած հայտնել դրանց արդար արդյունքի վերաբերյալ, երբ հայտնի է դարձել, թե իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը շարունակում է բացարձակ մեծամասնություն ունենալ խորհրդարանում, եւ միայն մեկ անկախ թեկնածու է հաջողել մանդատ ստանալ:

Ընտրությունների արդյունքն օրինականացնելու նպատակով իշխանամերձ եւ ռուսական լրատվամիջոցները (հեղինակը միայն մեկ անվանական աղբյուր է նշումՙ Ինտերֆաքս- Ադրբեջանը) մեջբերում են Բավարիայի երկրամասային խորհրդարանի պատգամավորներից Ուլի Հենքելի եւ 4 ընտրատեղամասեր այցելած Ուլրիխ Զինգերի դրական խոսքը ընտրությունների թափանցիկ կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ, հաղորդում է ARD- ի մեկնաբանըՙ չմոռանալով հայտնել, որ նման ձեւակերպումներն արժանացել են ադրբեջանցիների դժգոհությանը: Երկու պատգամավորներն էլ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցական խմբակցությունն են ներկայացնում, նույն կերպՙ ծայրահեղ աջ է որակում Գերմանիայի հիշյալ կուսակցությանը Ադրբեջանի իշխանությունը, գրում է լրագրողը: Նա իրազեկում է, թե այդ նույն կուսակցության բազմաթիվ անդամներ, նրանց թվումՙ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կոյթերը , Բրանդենբուրգի Լանդթագի պատգամավոր Անդրեաս Կալբիցը , որ 2019-ին Լեռնային Ղարաբաղում հանդիպում են ունեցել տեղի կառավարության անդամների հետ, հայտնվել են Ադրբեջանի արտգործնախարարության սեւ ցուցակում: Նույն կուսակցության այլ անդամներ, ինչպես օրինակ Մանուել Օքսենրայթերը , ցուցակում է հայտնվել ԼՂ - ում 2017 թվականի հանրաքվեին դիտորդ լինելուց հետո: Մինչ նշյալ երկու կուսակցական գործիչները գովաբանել են Ադրբեջանում անցկացված ընտրությունները, նրանց կուսակից Բունդեսթագի պատգամավորներ Փաուլ Վիկտոր Փոդոլայը եւ Քրիստոֆ Նոյմաննը , որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամ են, մամլո հաղորդագրության մեջ հաստատել են երկրում տիրող մթնոլորտիՙ մենաշնորհի ազդեցության, կոռուպցիայի, ճնշված ընդդիմության մասին: Բազմաթիվ ընտրատեղամասեր այցից հետո Փոդոլայի գրավոր եզրակացությունը եղել է հետեւյալըՙ «Ընտրությունը ֆարս էր»:

ԵՄ խորհրդարանը դիտորդ չի ուղարկել եւ իր պատգամավորներին էլ զգուշացրել է, որ տեղում լինելու պարագայում իր անունից հանդես չգան: Ինչպես նկատել է տալիս գերմանացի լրագրողը, Ադրբեջանը թանկարժեք նվերներով կաշառում է ԱՄՆ-ի, Եվրոպայի քաղաքական գործիչներին, որ լծվում են այդ երկրի լոբբիիզմինՙ սատարելով իշխող ավտորիտարիզմին, թուլացնելով ժողովրդավար ընդդիմության դիրքերը: Երկու շաբաթ առաջ դատախազությունը խուզարկեց Բունդեսթագի ՔԴՄ պատգամավոր Կարին Շթրենցի գրասենյակներն ու բնակարանները Գերմանիայում եւ Բելգիայում: Եվրոխորհրդի կոռուպցիոն սկանդալի հայտնի հերոս Շթրենցը միակը չէ, որին մեղադրանք է ներկայացվել, Բունդեսթագի նախկին պատգամավոր ՔՍՄ անդամ Էդուարդ Լինթների եւ Բավարիայից մի փաստաբանի անուններն էլ շրջանառվում են: Սույն քաղաքական գործիչների ադրբեջանասիրության մասին վաղուց տեղյակ է հայկական մամուլը, մեր թերթում ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում բացահայտել այլ անուններ եւս, որ ակնհայտ քարոզչություն են իրականացնում Ադրբեջանի օգտին:

Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի մեկնաբանը արդեն հայտնի գործիչների ցուցակը հարստացնում է նոր անուններովՙ պաշտոնաթող պետքարտուղար, նախկին դիվանագետ Վոլֆ Ռութհարթ Բորն , որ կառավարության հրավերով է դիտորդական առաքելություն իրականացրել Ադրբեջանում, հետեւաբարՙ ընտրությունները որակել է ժողովրդավար: Տեղի մամուլը, գրում է Շթյոբերը, ընտրության մասին նույն գնահատականն է հնչեցրել նաեւ, երբ մեջբերել է Բունդեսթագի նախկին պատգամավորներից մեկի եւ մի լրագրողի կարծիքը: Երբ լրագրողին հարցրել են, թե վերջինիս խոսքը ճշգրի՞տ է մեջբերվել, նա խուսանավել է, հստակ պատասխանի փոխարեն հղում է արել ԵԱՀԿ դիտորդական առաքելության գնահատականին: Իսկ ԵԱՀԿ խոսնակը հետեւյալ պարզաբանումն է տվելՙ իրենց կառույցի հավատարմագրումը չեն ստացել ո՛չ տվյալ լրագրողը, ոչ էլ վերը հիշատակված որեւէ նախկին կամ ներկա պատգամավոր:

Ադրբեջանի իշխող վերնախավի մասին ամեն ինչ հայտնի է, եւ տխուր է, որ այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ չեն կիրառվում: Դե՛ռ չեն կիրառվում:

Ի դեպ, Ադրբեջանի արտգործնախարարությունը շաբաթներ առաջ իրազեկել էր, թե Զիլվիա Շթյոբերի խնդրագրին ընթացք է տվելՙ հանել նրա անունն իր կազմած սեւ ցուցակից, քանի որ վերջինս զղջացել է: Երեկ չհաջողվեց ստուգել հաղորդման իսկությունը, կփորձենք առաջիկայում հստակ պատասխան ստանալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ