RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



ԹԵԺԱՑՈՒՄ

Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 968, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ը ԹՈՒՅԼ ՕՂԱԿ Է ՓՆՏՐՈՒՄ ՌԴ-ԹՈՒՐՔԻԱ-ԻՐԱՆ ԴԱՇԻՆՔՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկացի եւ ռուսաստանցի զինվորականների միջեւ տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ ստացված հաղորդումներից հետո (այնտեղ է գտնվում Ղամիշլի բնակավայրը), Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել պահպանել հակամարտությունների հաղթահարմանն ուղղված ԱՄՆ-Ռուսաստան համաձայնագրերը:

Հիշեցնենք, որ ամերիկացի զինվորականները քուրդ ապստամբների հետ համատեղ շարունակում են պարեկություն անել Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ պաշտպանել քրդերի վերահսկողության տակ գտնվող նավթի հանքավայրերը: Ջեֆրին նաեւ մտահոգություն է արտահայտել Իդլիբում տիրող իրադրության կապակցությամբ, որտեղ գործում է «Հայ՛աթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը: Ինչպես տեղեկացնում է The Wall Street Journal թերթը, սիրիացի եւ թուրք զինվորականների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո ռուսաստանցի եւ թուրք զինվորականները չեղյալ հայտարարեցին իրենց համատեղ պարեկությունը թուրք-սիրիական սահմանում: Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրադադարի վերաբերյալ կնքված ռուս-թուրքական համաձայնագիրը այլեւս չի գործում:

Եվ այստեղ Ջեֆրին հանդես է եկել Թուրքիայի պահանջների հետ շփման կետեր ունեցող առաջարկություններով, այն էՙ որպես առաջին քայլ կնքել Իդլիբում հրադադար հաստատելու համաձայնագիր, որպես երկրորդ քայլՙ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ լուծել «Հայ՛աթ Թահրիր աշ-Շամ»-ի, Իդլիբում կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող բնակչության հարցերը: Այնուհետեւ ամերիկացի հատուկ ներկայացուցիչը ձռնարկել է եւս մեկ տրամաբանական քայլ: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնում հրաժարվել են Սիրիայի կառավարությունը փոխելու եւ նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անելու մտադրությունից: Բայց Ասադի կառավարությունը ստիպված կլինի փոխել վարքագիծը, թեեւ Վաշինգտոնում չեն հրաժարվում նրա վրա ճնշում գործադրելու փորձերից:

Այդ դեպքում ո՞ւմ հետ պետք է բանակցություններ վարվեն: Հընթացս ԱՄՆ-ը նաեւ հայտարարել է, թե չի ուզում ճնշում գործադրել եւ պահանջել Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերում: Բայց ամերիկյան դիվանագիտության «իմաստնությունը» դրանով չի ավարտվում, նշում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Վաշինգտոնում կուզենային փոխել Մոսկվայի վերաբերմունքը Թեհրանի հանդեպ: Ջեֆրին Մոսկվային կոչ է արել Սիրիայի կառավարության եւ Իրանի վրա իր ամբողջ ազդեցությունն օգտագործել, որպեսզի իրանական բոլոր ուժերը Սիրիայից դուրս բերվեն այն որոշման համաձայն, որը ենթադրում է Սիրիայից օտարերկրյա բոլոր ուժերի դուրսբերում, բացի ռուսականից, եւ վերադարձ 2011 թ. իրադրությանը: ԱՄՆ-ը այդ որոշումը խելամիտ է համարում եւ այն քննարկել է Ռուսաստանի հետ: «Ինչ վերաբերում է Իսրայելին, մենք հասկանում ենք, թե ինչու Իսրայելը իր համար սպառնալիք է տեսնում իրանական հեռահար հրթիռների համակարգերի մեջ, եւ լիովին հավանություն ենք տալիս սեփական անվտանգությունն ապահովելու Իսրայելի ջանքերին»: Ի դեպ, Արեւմուտքում առաջ է քաշվել մի վարկած, ըստ որի Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է իրանական զորքերի դուրսբերման դիմաց մեղմացնել Թեհրանի դեմ ուղղված պատժամիջոցները:

Սիրիայի հարցում նկատելի է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Մոսկվայի հետ անմիջական երկխոսությանՙ երկրորդ պլան մղելով Թուրքիան եւ Իրանը: Նույնը նկատվում է նաեւ Իրանի առնչությամբ: Վերջերս այդ երկիր այցելեց Եվրոմիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նրա խնդիրների թվում էր Եվրոմիության միջնորդական դերի ուժեղացումը իրանական միջուկային ծրագրի առնչությամբ Թեհրանի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում: Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, թե իրեն իբր հաջողվել է ԱՄՆ-ին եւ Իրանին համոզել մասնակցելու միջուկային ծրագրին առնչվող քառակողմ բանակցությունների: Բայց Իրանում Բորելի առաքելությունը ձախողվեց: Նրան հայտարարեցին, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններ չեն լինի: Բանակցություն կարող է տեղի ունենալ 5+1 ձեւաչափով, ինչպիսին էր իրանական միջուկային ծրագրին վերաբերող բանակցությունը (ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները եւ Գերմանիան): Հընթացս իրանցիները հայտարարեցին, որ պատժամիջոցները պետք է վերացվեն նախքան նոր հանդիպումները, եւ նկատելի է, որ ԱՄՆ-ը փորձում է խարխլել Աստանայում կնքված Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը, այնտեղ գտնել թույլ օղակ, է՛լ ավելի երկարաձգել ճգնաժամային հանգույցը, որպեսզի հետագայում Մերձավոր Արեւելքում խաղը շարունակի սեփական շահերից ելնելով:

Վաշինգտոնին չհաջողվեց Դամասկոսում հասնել կառավարության փոփոխմանը: Իրանի դեպքում նույնպես ոչինչ չի ստացվում: ԱՄՆ-ը Թուրքիային կարող է իր կողմը գրավել միայն քրդերի նկատմամբ քաղաքականության փոփոխման դեպքում, ինչը կապված է մերձավորարեւելյան քաղաքականության ուղղվածության լուրջ փոփոխությունների հետ: «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում ԱՄՆ-ը գործընկերային հարաբերություններ է հաստատել գլխավորապես քրդական խմբավորումների հետ, որոնք հայտնի են որպես Սիրիայի Դեմոկրատական ուժեր: Քրդերը Սիրիայի կառավարության հետ վարել են բանակցություններ, բայց դրանք հաճախ եղել են անարդյունք: Թեեւ Դամասկոսը ունի անհրաժեշտության դեպքում քրդական պարտիան խաղարկելու հնարավորություն, ինչն անհանգստացնում է Թուրքիային: Սիրիայում խաղաքարտերի մեծ մասը մնում է Ռուսաստանի ձեռքին, եւ նրա հետ համաձայնության հասնելը այնքան էլ հեշտ չէ, նույնիսկ այն պայմաններում,երբ Ռուսաստանը Սիրիայում որոշակի խնդիրներ ունի Թուրքիայի եւ Իրանի հետ: Սակայն դաշնակիցների միջեւ լուրջ վեճեր դժվար թե ծագեն, թեեւ ընդհանուր առմամբ Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է անկայուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ